Կառավարությունը երեկ հաստատեց Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական արտադրության միայն հետեւյալ տեսակներըՙ օճառի արտադրություն, որի մեջ բացակայում է վտանգավոր նյութերի եւ թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով եւ թափոններ չեն առաջանում: Երկրորդ թույլատրվող քիմիական արտադրությունը օծանելիքի եւ կոսմետիկական միջոցների արտադրությունն է: Այն դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս է, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, իսկ արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն անվտանգ է: