Երբ պատգամավորը հարցնում է, թե 90 կմ ճանապարհ նորոգելու համար 101 մլն եվրո հերթական վարկ վերցնելը չի՞ նշանակում, որ ամեն կիլոմետրի վրա միջինում մեկ միլիոն եվրոյից ավելի պարտքով գումար ենք ծախսելու, եւ հնչում է պատասխան, թե դա պրոֆեսիոնալ հաշվարկ չէ, կարող ենք համաձայնել դրա հետ: Իհարկե պրոֆեսիոնալ չէ, քանի որ շատ մեծ պրոֆեսիոնալներ նստել-մանրամասն հաշվել են, թե այդ հսկա գումարից որը որտեղ այնպես տեղավորել, որ հետո խնդիր չծագի թղթարարության հետ, նկարագրել են, թե թունելների վրա որքա՞ն է ծախսվելու, մյուս ճանապարհների վրա` որքա՞ն եւ այլն: Այս դեպքում եթե պատգամավորի հարցը պրոֆեսիոնալ չէ, ապա չափազանց ոչ պրոֆեսիոնալ կլինի սովորական մարդու զարմանքը, որը պատկերավոր կչափազանցնի, թե մեկ միլիոն եվրոն եթե ասֆալտի փոխարեն թղթադրամներով փռես մեկ կմ ճանապարհի վրա` միգուցե ճանապարհը ծածկի: Եւ, իհարկե, կան ճանապարհ նորոգելու միջազգային միջին գներ: Ափսոս, որ մեր ժողովուրդն այլեւս վաղուց չի հավատում պրոֆեսիոնալ հաշվարկներին, քանի որ ինքն էլ այդ միջազգային գներով չի ապրում, քանի որ մեր տնտեսությունը ոչ մի կերպ որեւէ հետընկած երկրի տնտեսությանը գոնե չի նմանվում, ու ուրիշ շատ ափսոսներ: Թե չէ` ո՞վ է կասկածում մեր փոխնախարարների կամ կառավարող այլ պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմին, որ անպայման միջազգային ստանդարտներով ներդրած կլինեն ամեն եվրոն ծախսերում արտացոլելու ձեւը: Մեր հյուսիսային ճանապարհների նորոգմանն էլ, որ ռազմավարական նշանակության է` ոչ ոք չի կասկածում: Բայց համ էլ բազմաթիվ ստուգումներ ու ՎՊ հաշվետվություններ են արձանագրել ճանապարհային վարկերը լվանալու, փռելու եւ չորանալուց հետո ուտելու հազար պրոոֆեսիոնալ եղանակ:
Հասկանում ենք` փող չկա, բյուջեն ծակ է, ու Հայաստանում ամեն ինչ վարկերով պիտի արվի, որոնք դեռ հաճույքով տալիս են մեզ` միգուցե հեռանկարում իմանալով, որ մեր արտաքին պարտքը շուտով գերակշեռու է ՀՆԱ-ի կեսը, ու գալու է պահը, որ պարտքի դիմաց անվճարունակ Հայաստանից էլի «գույք պարտքի դիմաց» են ուզելու, կամ հենց երկիրն են ուզելու: Ու էսօրվա բոլոր պրոֆեսիոնալ փոխնախարարներին ու նախարարներին որ հավաքենք ու «բիրիքով» տանք պարտատերերին` պարտքի 0,01 տոկոսն էլ չենք կարողանալու փակել:
Իսկ այնպես` ո՞վ է դեմ Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ֆինանսական պայմանագրի` 51 մլն եվրոյով Վանաձոր-Ալավերդի եւ մինչեւ Վրաստան հատվածի ճանապարհների նորոգման բարի նպատակներին, որն ԱԺ-ն այս շաբաթ հաստատեց: Կամ ո՞վ է դեմ, որ քանդուքարափ Գյումրիի ճանապարհների գոնե տաս տոկոսը Վերակառուցման եւ զարգացման բանկից բերած 14,6 մլն դոլար վարկով նորոգվի (վերջապես): Կամ դեռեւս մնացած մեր պետական էներգետիկ ձեռնարկությունների առողջացմանը հո դեմ չենք, բայց` շահութաբեր այս ոլորտը, որ ինքն իր գլուխը պետք է հոգար, վարկո՞վ առողջացնել: Ու մենք ընդամենը, ինչես ՀՀ քաղաքացիների մեծ մասը, մտահոգված ենք, որ հետագայի առումով ազգի վրա ծանրացող վարկերը իսկապես ծառայեն իրենց նպատակին ու հերթական անարդյունավետ, մսխված վարկերը չդառնան, հետն էլ կասկածի տակ դնելով երկրի ապագան: Որ վարկերի վրա ախորժակ պահողներին, ազգուտակով տենդերները շահողներին վերջապես իրենց տեղը ցույց տան:
ԸՕ-ՀՕ զուգահեռ
Ընտրական օրենսգիրքը, որ մեծ քննադատության էր արժանացել ընդդիմախոսների կողմից, վերջերս է ընդունվել: Սակայն այն զարմանալիորեն ա՛յս երկու օրը իշանության նախաձեռնությամբ վերադարձավ քննարկումների սեղան, եւ ոչ թե սեպտեմբերին, ինչպես որ նախապես խոստացվել էր: Եւ ըստ քննարկումներին մասնակցող ընդդիմադիրների` որոշ զիջումներ կարծես վերահսկողության մեխանիզմներում այս պահին արվում է ընդդիմադիրներին: Վելուծաբանները գլուխ են կոտրում` արդյոք արտաքին հարթակում Հայաստանում այնպիսի որոշումնե՞ր են սպասվում, որ իշխանությունը որոշել է քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի նոր խորհրդարան տանելու խոստումով (ԸՕ -ի շուրջ կոնսենսուս անվամբ) սիրաշահել ընդդմադիրներին` միգուցե արտաքին ինչ -որ անբարենպաստ որոշումներից առաջ ընդդիմությանը լռեցնելով:
Նույն ոճը կարծես թե կրկնվում է նոր Հարկային օրենսգրքի շուրջը: Նախ` Հայաստանի Ազգային ժողովն այս շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգիրքը», չնայած ընդդիմադիրների` վաղուց չդրսեւորված միացյալ դիմակայությանը, չնայած գործարար հատվածի, այդ թվում` ՀՀԿ-ական շրջանակներից, դիմադրությանը: Հարկային օրենսգիրքը փաստորեն տնտեսական կյանքի սահմանադրությունն է, այն շատ ծավալուն է, սկսել է մշակվել դեռ երկու տարի առաջվանից, պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի վկայությամբ` մասնագետների բավական լայն շրջանակով: Պատգամավորների առաջին հարցերից, որ ուղղված էին նախագիծը ներկայացնող Վ. Միրումյանին, պարզ դարձավ, որ նրանց զգալի մասը լավ ծանոթ չէ ծավալուն փաստաթղթին: Վ. Միրումյանի ներկայացմամբ` նոր հարկային սահմանադրությունը մի շարք հարկային թեթեւ ռեժիմներ է սահմանում` շունչ քաշելու հնարավորություն տալով ներքին արտադրողին, երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու նպատակ դնելով եւ խրախուսելով տնտեսական գործունեությունը: Մինչդեռ պատգամավորներից շատերը կասկած հայտնեցին, թե նոր Հարկային օրենսգրքով տեղի կունենա հակառակը, բացի այդ` անհասկանալի էր այն հապշտապությունը, որով 2018 թվականից շրջանառության մեջ մտնելիք ՀՕ-ն արտահերթ նիստով ամեն գնով ընդունելու գործելակերպն էր դրսեւորվում, առանց շահագրգիռ շրջանակների հետ նախնական լայն քննարկման:
Ասենք, որ մի միտում տեսանք նոր ՀՕ-ում, հատկապես դրա չորս բաժիններից հարկայն վարչարարությանը վերաբերող հատվածում` շատ դրույթներ կարծես այն ենթատեքստն ունեն, որ հարկ հավաքող պետությունը մահակը ձեռքին պատրաստ է հնազանդեցնելու մի անհնազանդ շերտի, համարյա հկառակորդի` մեր գործարարներին, եւ դա իր ելույթում շատ պատկերավոր նկատել էր Գուրգեն Արսենյանը ` տնտեսավարող հատվածի դեմ ոտնձգություն, անգամ դիվերսիա անվանելով նոր ՀՕ-ն: Նույնիսկ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն էին մատնանշում գործարար մթնոլորտին չնպաստող դրույթները: Այսինքն` եթե նորմալ օրենդրություն լինի, հավասար մրցակցային պայմաններ գործեն, գործարարը միշտ պետության դաշնակիցն է, այլ ոչ թե հակառակորդը, ինչպիսի տպավորություն ՀՕ-ից ես ստանում: Իհարկե, յոթ հարյուր էջանոց օրենսգիրքը, որ տասնյակ մասնագետների կողմից երկու տարում է ստեղծվել, դժվար է մի արտահերթ նիստի ընթացքում ուսումնասիրել` պատկերացնելու համար նրանում թաքցված բոլոր ծուղակները, կարծեմ` միայն Հրանտ Բագրատյանն ասաց, որ երկու անգամ կարդացել է ՀՕ-ն: Սակայն այն գլխավոր դրույթները, որոնց մասին Վ.Միրումյանը հարկ համարեց տեղյակ պահել խորհրդարանականներին, գործարար հատվածի ուժգին հակազդեցությանն արժանացան: Պատգամավորներից շատերն անընդունելի համարեցին մի շարք դրույթներ, որոնք ավելի ճնշող կդարձնեն միջին ու մանր բիզնեսի շնչած գործարար օդը, կբերեն թանկացումների ու նոր լարվածության, անգամ մեծամասնության ներկայացուցչների մեջ կային պատգամավորներ, որոնք ընդունելով նոր ՀՕ-ի տրամաբանությունը, այդ թվում` նույնիսկ օրինագիծը պաշտպանող Հերմինե Նաղդալյանը կամ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը , մի շարք դրույթներ վերափոխելու առաջարկ էին անում: Իսկ թե ինչու էր կառավարությունն այդպես անպատեհ, սոցիալական լարվածության եւ իր համար ոչ բարենպաստ այս ժամանակի մեջ բերել այնպիսի մայր օրենք, որն ակնհայտորեն մոտակա ժամանակի մեջ կառավարության դեմ բողոքի նոր ալիքի պատճառ է դառնալու (ըստ Նիկոլ Փաշինյանի ` դա միջազգային կառույցների պարտադրանքն է), մնաց անհասկանալի: Ինքնասպանի սինդրոմի մասին կմտածեինք, եթե օրինագծի հեղինակ ադեկվատ մասնագետներին չճանաչեինք:
Այս փաթեթով եկամտահարկն ավելանում է, փոխանակ նվազի, սահմանվում է շրջանառության հարկի այժմ գործող շեմից զգալիորեն ցածր շեմ` 115 մլն դրամից իջնում է 40 մլն դրամի, որն անկասկած ճնշելու է փոքր ու միջին գործարարին: Միջին եկամուտ ունեցող աշխատողների եկամտահարկի տոկոսադրույքն է բարձրանում:
Ըստ պատգամավորների` այս փաթեթը տապանաքար է տնտեսության վրա` մինչեւ վերջ քամելով հարկերը ( Նաիրա Զոհրաբյան ): Պատգամավոր կար` Հրանտ Բագրատյանը, որ հաշվարկել էր, թե նոր օրենսգրքով 90 մլրդ դրամով հարկային բեռն ավելանում է: Պատգամավորները խոսում էին ՀՕ-ի ընդունման արդյունքում` ծխախոտի, օղու եւ այլ ապրանքների թանկացման անթույլատրելիությունից, գործարարների` բիզնեսը երկրից հանելուց, արտագաթի նոր ալիքից: Թեեւ ընդդիմությունը դեմ քվեարկեց, անգամ ՀՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ն խնդիրներ տեսավ ու ձեռնպահ մնաց քվեարկելուց, սակայն ՀՀԿ պատգամավորների մեջ գտնվեց 68 մարդ, որոնց քվեարկությամբ վիճահարույց ՀՕ-ն առաջին ընթերցմամբ ճանապարհ ընկավ` հետագա փոխզիջումները թողնելով գործարարներ-իշխանություն տարբեր ձեւաչափի բանակցություններին եւ միգուցե` բողոքի ալիքներին
Իհարկե, քաղաքական ուժերը հենց նրա համար են, որ իրենց նպատակների համար օգտգործեն ամեն առիթ, ու այդպիսի առիթն այս անգամ ՀՕ-ն էր, որի վերաբերյալ օրինակ «Լուսավոր Հայաստանը» ներկայացնող Էդմոն Մարուքյանը խոստացավ մարդկանց հանել փողոց եւ տապալել Հարկային օրենսգիրքը` տապալելով նաեւ նրա կողմնակիցներին, քանի որ, նրա կարծիքով, վերջին տարիների օրենսդրություններով ամեն ինչ արվել է, որ Հայաստանում ապրելը դառնա ծայրահեղ անհնարին, սուպերհայրենասեր պիտի լինես, որ ապրես Հայաստանում ու ինչ-որ բան փոխես, ըստ նրա, իսկ կառավարությունն էլ ընկել է այդ սուպերհայրենասերների հետեւից:
Այսպիսով, ստվերի եւ օլիգարխների դեմ պայքարել, իրական ստվերատերերին եւ հարկերը շրջանցողներին հարկման դաշտ բերել չկարողանալով` հայրենի կառավարությունն ընտրել է միջին եւ փոքր բիզնեսը բարձր հարկերով խեղդելու գաղափարը, ապահովագրելով մենաշնորհատերերի գերշահույթ ստանալու արտոնյալ վիճակը, ինչը ոչ միայն թանկացման կտանի, այլեւ կստիպի գործարարներին բոլոր ձեւերով թաքցնել եկամուտը, աշխատատեղերը թերհայտարարագրել, ավելի մեծացնելով ստվերը: Իսկ թե քաղաքական հեռանկարի առումով ի՞նչ կարող է արժենալ կառավարության ու ըստ այդմ` իշխող ուժի համար մի հարկային օրենսգիրք, որն իր դեմ է տրամադրում միջին ու մանր բիզնեսին, հանրությանը, քանի որ հետեւելու են թանկացումները միգուցե հենց հաջորդ ` ընտրական տարուց, դրանք սպասումային թանկացումներ կլինեն (ՀՕ-ն կգործի 2018 թվականից), ու շատ անհարմար բան կստացվի, սա արդեն կերեւա ընդամենը մի քանի ամիս հետո, երբ բողոքների ու լարման ֆոնին իշխող մեծամասնությունն ընտրությունների գնա:
Արտաքին հարթակի նոր վտանգը
Պուտինի, Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպում է սպասվում այս քանի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող տնտեսական ֆորումի համատեքստում` ղարաբաղյան հարցի ենթադրվող քննարկմամբ: Ի՞նչ է նախապատաստել մեզ համար Ռուսաստանը, որն այդ հանդիպման նախաձեռնողն է: Շփման գծում կատարվող միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին Վիեննայում խոսելուց հետո նկատելի չէ գործնականում դրանց ներդրման առարկայական ցանկություն ո՛չ Ադրբեջանի, ո՛չ միջազգային կառույցների կողմից, ԵԱՀԿ ներկայացուցիչն արդեն սահմանազատվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից` պարզաբանելով, որ այդ հանդիպման կազմակերպմանը ներգրավված չէ, դա Ռուսաստանի նախաձեռնությունն է:
Ի՞նչ են սպասում կողմերն այդ հանդիպումից. Մոսկվան Ադրբեջանից երեւի հավատարմության խոստումներ` ԵՏՄ անդամակցության առումով, Հայաստանը` հայկական շահերի չանտեսում, Ադրբեջանը` մեր շահերի հաշվին սեփական սակարկության գնի բարձրացում:
Իսկ թե ի՞նչ կապ կա թշնամուն մնացած հայկական դիրքերի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ու միգուցե առաջիկա այլ հանդիպումների միջեւ, արդյոք հայկական կողմին տարածքային զիջումնե՞ր են պարտադրվելու` այլ տարածարջանային շահերի գերադասման դիմաց, որը չի գեներացնելու հայկական շահը, սա մոտակա հանդիպման արդյունքով նույնիսկ հնարավոր կլինի դիտարկել: Հայաստանում նույնիսկ երեխան գիտի` այս մի խնդրում հայ հանրությունը չի կարող դառը հաբ կուլ տալ, ինչես որ կուլ է տալիս սոցիալական վատ վիճակի, անարդարության, բեւեռացման պատճառով:
Ամեն դեպքում` շփման գծում հատկապես մերոնք պիտի այս օրերին պատրաստ լինեն ամեն տեսակ սադրանքի: Եւ ապա` Ռուսաստանն ընդամենը համանախագահներից մեկն է, Մինսկի խումբը դեռ ոչ ոք չի լուծարել: