Թափ հավաքող էսկալացիա
Հունիսի 2-ի վաղ առավոտյան, երբ քաղաքի թոքերը դեռ քաղաքական թթվածին չէին ստացել, այնպիսի հորդ անձրեւ տեղաց Բեռլինում, որ համոզված եմՙ ինձ նման շատերը տրտնջացին: Հետո հասկացաՙ Բեռլինը լվանում էր հունիսի 1 – ին թուրք ժխտողականների ցույցի հետքերը: Թվում էրՙ հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո, գերմանական մամուլը, լրատվամիջոցներն իրենցՙ 2015-ից գրեթե ամենօրյա աճեցրած ծառն էլ չեն խնամելու: Տունկը ամրացել է, ճյուղեր տվել, հասարակությունն այժմ ինքն է այդ ծառի խնամատարը, չի թողնի կտրեն: Մերթընդմերթ տեղական ժխտողականների «ինտելեկտուալ» կարկուտը վնասում է ծառի նոր ձեւավորվող սաղարթը, փորձելով կանխել դրա պարարտ հող գտած աճը, հիշեցնելով, որ դրա արմատները կարող են շատ խոր ջրեր հասնելՙ նյութական փոխհատուցումների նուբարը ի տես դարձնելով ծառի ճյուղերից:
Բայց տեղական կարկտաբեր ամպերն ամեն օր ցրում է հարավից փչող, ուժգնացող քամին: Հունիսի 2- ից սկսյալ ամեն օր ռադիոն, հեռուստատեսությունը, տպագիր, առցանց լրատվամիջոցները հենց սա են գուժումՙ Անկարայից ամեն օր հզորացող փոթորիկը բնապահպանական աղետի է վերածվում: Էսկալացիան թափ է հավաքում: Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունից հետո Անկարան ամեն օր սպառնում է պատժամիջոցներ կիրառել իր տարիների դաշնակից Գերմանիայի դեմ: Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին «PKK-ի երկար ձեռք» անվանած Էրդողանը սպառնում է, պահանջում էՙ ստուգե՛ք նրանց արյունը, տեսե՛ք որ իսկական թուրք չեն: Մինչդեռ պատմությունը Գերմանիային սովորեցրել էՙ արյունաբանական քննությամբ մարդկանց դասակարգելը դժոխք է տանում, ու երբ երկիրն իր քավարանն ամեն օր է անցնում, չի հանդուրժում ո՛չ այս շեշտը, ո՛չ էլ մանավանդ իր երկրում հասունացող ռասիզմը: «Բունդեսթագի պատգամավորների վրա ճնշումը Բունդեսթագի նկատմամբ ոտնձգություն ենք համարում», ձեւակերպեցին ԳԴՀ դեմոկրատիայի պալատից, «սա հարձակում է գերմանական ժողովրդավարության վրա», ասացին պատգամավորները, «անընդունելի է» ասաց կանցլերի խոսնակը, հունիսի 7- ին Մերկելը կրկնեցՙ «անընդունելի է»:
Հունիսի 9-ին Բունդեսթագի նախագահը մի շարք պատգամավորների ուղեկցությամբ Բեռլինի Շեհիդլիք մզկիթում մահմեդականների հետ մասնակցելու էր Ռամադանի տոնին, բայց Էրդողանի «երկար ձեռքը»ՙ Բեռլինի թուրքական համայնքի ղեկավար 51- ամյա գործարար Բեքիր Յիլմազը, չեղյալ է հայտարարել Լամմերտին հյուրընկալելու հրավերը: Լրագրողների համբերության բաժակը նաեւ հիշյալ փաստից է լցվել, պահանջում են կառավարության հստակ գնահատականըՙ քննադատում Մերկելին մեղմ գնահատականի համար:
Հինգշաբթիՙ հունիսի 9-ին Բունդեսթագը ահաբեկչության դեմ միջազգային պայքարն հզորացնելու մասին նիստում անդրադարձավ նաեւ Էրդողանի վերբալ պտտահողմերին: Կանցլեր Մերկելի լուռ ներկայությունը նիստին ընդգծում էր նրա սատարումը: Բունդեսթագի նախագահ Լամմերտը նիստի բացմանը իրեն հատուկ ազդու շեշտով, բոլոր խմբակցությունների անունից ասաց. «Մտքովս չէր անցնի, թե հնարավոր է, որ 21-րդ դարում ժողովրդավար ընտրված մի նախագահ Բունդեսթագի ժողովրդավար ճանապարհով ընտրված պատգամավորների թուրքական ծագման մասին կասկած հայտնի, նրանց արյունը փչացած համարի: Մեր խորհրդարանի անդամներինՙ որպես ահաբեկիչների խոսափող դիտարկելը մերժում եմ բոլոր ձեւերով: Մենք օրենքի շրջանակներում բոլոր հնարավոր միջոցներով կարձագանքենք դրան», ասաց Բունդեսթագի նախագահըՙ Գերմանիայում թուրքական մեծաթիվ կազմակերպություններից ակնկալելով արագ արձագանք, հստակ մերժող կեցվածք, ինչպես Գերմանիայում թուրքական համայնքը եւ Բեռլին- Բրանդենբուրգի թուրքական դաշինք կազմակերպություններն են արել:
Տաբու էլ չկաՙ Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ իր պաշտոնական գրավոր դժգոհությունը ուրբաթ կառաքի Անկարաՙ դատապարտելով ու պահանջելով դադարեցնել պատգամավորների վրա հարձակումները:
Թուրքիայի ինքնապաշտպանությունըՙ «Գերմանիա, ճանաչի՛ր գաղութարարի արյունոտ անցյալդ»
Հունիսի 2- ին, երբ բոլորս պատրաստվում էինք Բունդեսթագում հետեւել Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման ու քվեարկության ընթացքին, ԳԴՀ օրենսդիրի առջեւ ժամը 10-ին մի քանի հոգի պահանջում էր Բունդեսթագից, ԳԴՀ կառավարությունից անմիջապես ճանաչել, ներում հայցել, ինչպես նաեւ փոխհատուցել աֆրիկյան Հերերո եւ Նամա ցեղերի ցեղասպանության համար, որ 1904-08-ին Գերմանիայի գաղութային շրջանի պատմության տխուր էջն է հիշատակում: Այսօրվա Նամիբիայի տարածքն է, որ տարիներ առաջ գերմանացի մի շարք պաշտոնյաներ այցելել են, իսկ 2004-ին 100-ամյակի առիթով ԳԴՀ տնտեսական զարգացման նախարար Վիցորեք Ցոյլը ներում հայցել, բայց դա կառավարության պաշտոնական կեցվածքը չէր: Ժամանակին ծանուցել ենք, որ 2015-ի հուլիսի 8-ին Բունդեսթագի նախագահ Լամմերտն այն որակել էր ցեղասպանություն:
Նրանց հետ զրուցելու առիթ չունեցա, քանի որ Բունդեսթագի մամուլի բաժնից նախ պիտի ստանայի հավատարմագրման վկայականս: «Լրագրողների շատ մեծ հետաքրքրություն կա», ասաց բաժնի աշխատակցուհինՙ ամրապնդելով որոշումսՙ ավելի լավ է ոչ հայերի ցույցի ականատեսը դառնամ, ոչ էլ , ներում եմ հայցում, այս մոռացված ցեղախմբի պահանջը «Ազգի» ընթերցողին փոխանցեմ: Գնամ Բունդեսթագ, տեղս զբաղեցնեմ: Շենքի առջեւ հայերի «Քոչարին», Բունդեսթագի ներսում Հայոց եռագույնի ծածանումը, ավելի լավ, որ չեմ տեսել ( քանի որ գլխահակ սղագրում էի նիստի ընթացքը նոթատետրումս ): Այդ օրը, որքան էլ ուրախ, այդուհանդերձ մի բան ներսումս կուչ էր գալիս ու նիստի ավարտին լավագույն առաջարկը Գերմանահայոց փոխառաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանն արեցՙ նախ ցած իջնենք Բունդեսթագի մատուռում աղոթելու: Հոգեհանգստյան կարգը, «Տեր ողորմյան» միակ կապն էր, որ ուղիղ երկինք էր հասնելու, մեղավորներիս խոստովանությունն էր միաժամանակ, որ 101 տարի հետո դեռ չենք կառուցել ուժեղ մի երկիր, որ նախՙ ապահովի մեր անվտանգությունը, ապաՙ մեղավորների, մեղսակիցների առաջ իր պահանջը ձեւակերպի:
Եթե գերմանական օրենսդիրը շենքի ներսում մատուռ է կառուցել, ուրեմն պատմական մեղքերից աղոթքով «լվացվելու» մշակույթ ունի: Բառերի խորքն եմ գնում. «մեղսակցություն» բառը չհաշվեցի քանի անգամ, բայց «համապատասխանատվություն» եզրը ընդգծված շատ ասվեց Բունդեսթագի հունիսի 2-ի նիստում: Երկնքի ուղեգիր ո՞ր բառն ունի, վիճել չէի ուզենա, բայց հստակ գիտեմ, երբ այդ ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն այսօր անվտանգության խնդիր ունեն, ու դեռ օրենսդիրի կնիքը վճիռ չի դարձել դատարանում, ոճրագործը պատիժ չի կրել, դրսում շարունակելու ենք պահանջ ձեւակերպելՙ միաժամանակ զենք հայթայթել ու աղոթել մեր սահմանապահ զինվորների կյանքի համար:
Թուրքերը հուշում ենՙ հայերի միջազգային հզոր լոբբին
«Մեզ լուրջ չեն վերաբերվել, երկրորդ դասակարգ են համարել, nex.24.com – ի լրագրողներին ասել են Նամա, Հերերո ցեղի բեռլինաբնակ ժառանգները, որ իրենց շահերի պաշտպանության համար ԳԴՀ մայրաքաղաքում հասարակական կազմակերպություն են հիմնել: Մենք հայերի նման միջազգային հզոր լոբբի չունենք, ասել են ու նկատել տվել, թե դա է գերմանական մեդիայի, հասարակության հիշողության ստվերում մնալու պատճառը: Վերոնշյալ լրատվական աղբյուրը, որ ենթադրաբար թուրքական ծագում ունի, տարածում է, թե ՄԱԿ-ը 1948 – ին արդեն ճանաչել է Հերերո եւ Նամա ցեղերի ցեղասպանությունը, եւ պնդում նաեւ, թե ԱՄՆ կոնգրեսը 2015-ի հուլիսին արդեն բանաձեւ է ընդունել Սրեբրենիցայի ցեղասպանության վերաբերյալ, ինչը պահանջում է Բունդեսթագից Դյուսսելդորֆի իսլամական մշակութային կենտրոնը: Հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատումից հետո ուրբաթՙ հունիսի 3-ին այս կազմակերպությունը Բունդեսթագին է դիմել նույնանման պահանջովՙ ճանաչել Սրեբրենիցայի ցեղասպանությունը:
Կասկածելի է իհարկե, թե ՄԱԿ-ը, ԱՄՆ կոնգրեսը նման ընթացք են տվել պատմության հին ու նոր այդ դրվագներին, բայց թուրքական միտքը չի հանդարտում. դեսպանների ետկանչից հետո, Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձեւին սատարող, նրանց քվեով մեծամասնություն ապահոված թուրք պատգամավորների հանդեպ ատելություն, սպառնալիքներ տարածելու, գերմանացի լրագրողներին ահաբեկելու հետ մեկտեղ ելք է որոնում միակ ոճրագործը չերեւալու, կամ լռեցնելուՙ մերթ Գերմանիային հիշեցնելով, թե 1904 – 08- ին էլ ցեղասպանել ու չի հատուցել, մերթ արդեն շրջանառում մահմեդականների հանդեպ քրիստոնյաների կատարած վայրագությունների մասին: Մի կողմիցՙ Գերմանիա- Թուրքիա առճակատումը թեժանում է, ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաները անընդունելի են համարում Թուրքիայի նախագահի օրեցօր անկանխատեսելիի սահմանը հատող պահվածքը, մյուս կողմից չեն սաստում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող մտավորականներին:
Ուրացման նորոգվող մարտավարություն
Մեր նախորդ հրապարակումներում իրազեկել էինք, որ Գերմանիայում նշմարվում է ժխտողների նոր որակՙ պատմաբանների հանձնաժողով կազմելու գերնպատակով, որ պիտի հետազոտի 1915- ից առաջ մահմեդականների դեմ քրիստոնյաների կատարած բռնարարքները: Որքան էլ տարօրինակ է, այս տեսակետը օրերս հայտնեց նաեւ հրապարակախոս, մասնագիտությամբ իրավաբան, Բունդեսթագի նախկին պատգամավոր, իր վկայակոչմամբ ժամանակին նաեւ դատավոր աշխատած Յուրգեն Թոդենհյոֆերը: (Իսլամական պետության զինյալների մոտ հյուրընկալած Թոդենհյոֆերի գիրք դարձած վավերագրության մասին հպանցիկ հաղորդել ենք «Ազգ»-ում): «Պատերազմական յուրաքանչյուր հանցագործություն ցեղասպանություն չէ, գրում է հեղինակը, այն, որ 1915- ից սկսյալ հայերի տեղահանությունը, ինչպես բոլոր մյուս տեղահանությունները, ծանր հանցանք են, անվիճելի է: Պատմաբանների ու իրավաբանների համար վիճելին միայն այն է, թե հարյուրհազարավոր հայերի մահը տեղահանության գիտակցվա՞ծ նպատակն էր հետապնդում արդյոք:
Առաջատար իրավաբաններից մեկըՙ պրոֆեսոր Քայ Ամբոսը (Kai Ambos) համարում է, որ այդ բնաջնջման նպատակը հաստատող ապացույցներ չկան, մեկնաբանում է Թոդենհյոֆերը ու նշում է, թե իր լրատվությունը քաղել է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» 29.04.2016-ի համարից: Դժբախտաբար սաՙ գոնե իմ կարդացած միակ հոդվածը չէՙ Ամբոսը ժխտողական մի հոդված էլ տպագրել էր անցյալ տարիՙ հարուցելով հանրության ստվար հատվածի դժգոհությունը: Թոդենհյոֆերն իհարկե նշում է, թե կան ուրիշ կարծիքներ էլ, բերում իրավաբան Օտտո Լուխտերհանդի օրինակը: Բայց Բունդեսթագի որոշմանն ակնհայտ դեմ արտահայտվելով առաջարկում է ստեղծել պատմաբանների եւ իրավաբանների միջազգային չեզոք մի հանձնաժողով, որը իրադարձությունների մասին բոլոր փաստաթղթերը կկարողանա տեսնել: Թուրքիան բազմիցս առաջարկել է, թե պատրաստ է իր արխիվները տրամադրել, Արեւմուտքն ինչի՞ց է երկյուղում, հարցնում է Թոդենհյոֆերը:
Կարծես չանդրադարձանքՙ հունիսի 2- ին Բունդեսթագի պատգամավորները Հայաստանի եւ Թուրքիայի ապագա հարաբերություններում կարեւորում էին ցյուրիխյան արձանագրությունների վերաշնչավորումըՙ միաժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններին հորդորելով վավերացնել դրանք: Չհասցրեցինք ճշտելՙ պատմաբանների հանձնաժողով կազմելու անհրաժեշտությա՞մբ նաեւ: