Հայաստանի Ազգային ժողովը երեկ ավարտեց գարնանային նստաշրջանը` վերջին պահին սկսելով մի ծանր օրինագծի` «Հարկային օրենսգրքի» առաջին ընթերցմամբ քննարկումը, որը կշարունակվի եկող շաբաթ, արդեն արտահերթ նիստում: Հարկային օրենսգիրքը փաստորեն տնտեսական կյանքի սահմանադրությունն է, այն շատ ծավալուն է, սկսել է մշակվել դեռ երկու տարի առաջվանից, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի վկայությամբ` մասնագետների բավական լայն շրջանակով: Պատգամավորների առաջին հարցերից, որ ուղղված էին նախագիծը ներկայացնող Վ. Միրումյանին, պարզ դարձավ, որ նրանց զգալի մասը լավ ծանոթ չէ ծավալուն փաստաթղթին: Վ. Միրումյանի ներկայացմամբ` նոր հարկային սահմանադրությունը մի շարք հարկային թեթեւ ռեժիմներ է սահմանում` շունչ քաշելու հնարավորություն տալով ներքին արտադրողին: Մինչդեռ պատգամավորներից եղան այնպիսիք, որ կասկած հայտնեցին, թե նոր Հարկային օրենսգրքով տեղի կունենա հակառակը: Հավանաբար քիչ ջուր չի հոսի, մինչեւ օրինագիծը խորհրդարանում կամբողջանա ու կընդունվի: