Եթե Թուրքիան երբեւէ ստիպված լինի ընդունել Հայոց ցեղասպանությունըՙ դարձյալ երախտագիտության ցույցե՞ր ենք անելու
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, անշուշտ, առանձնահատուկ էր: Ի տաբերություն ցեղասպանությունը ճանաչած շուրջ 3 տասնյակ երկրների, Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր եւ անմիջական մասնակիցն ու մեղսակիցը հայերի տեղահանության եւ զանգվածային բնաջնջման: Այս առումով հանցանքի մեղսակից Գերմանիայի ընդունած բանաձեւը Թուրքիային ավելի խոցելի վիճակում դրեց, քան եթե ցեղասպանությունը ճանաչեր ԱՄՆ-ն, որտեղ հայկական լոբբիինգի պայքարն այս հարցում դեմ է առնում ոչինչ չհանդուրժող ամերիկյան պետական շահերի պատին: Այդուհանդերձ, որքանո՞վ էին Գերմանիայի ընդունած բանաձեը եւ մեր հրճվանքն ու շնորհակալությունների արձագանքը համարժեք միմյանց: Եթե շատ մեղմ, ապա դրանք անհամարժեք են, նաեւՙ ինքնաստորացուցիչ:
Իհարկե, մենք որպես ազգ եւ որպես պետություն, պարտավոր ենք շնորհակալ լինել մեր ցավը կիսող յուրաքանչյուր պետության եւ ժողովրդիՙ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ, քաղաքական եւ պետական գործիչների, պատմաբանների եւ քաղաքագետների գնահատականերով եւ այլն: Սակայն ոչ շնորհակալությունների եւ երախտագիտության ցույցերով այն դեպքում, երբ դրանց կարիքը ընդհակառակըՙ չկա: Հիշողության փոքր թարմացում:
Առաջին անգամ, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանության մերժումը քրեականացնող բանաձեւը, մենք, ջուր չտեսածի պես բոբիկացանքՙ Merci la France լոզունգներով խումբ-խումբ գնացինք դեպի Հայաստանում Ֆրանսիական դեսպանատուն: Հիասթափությունը մեծ էր, երբ բանաձեւը հակասահմանադրական ճանաչվեց Ֆրանսիայի Սահամանադրական դատարանի կողմից: Սակայն անհարկի երախտագիտության ցույց անելը կարծես թե մտավ մեր միտինգասեր վարքի մեջ:
Հիմա էլ danke լոզունգներով գնում ենք Գերմանիայի դեսպանատան մոտ, ամբոխային գրառումներով եւ մեկնաբանություններով լեցուն ֆեյսբուքում Գերմանիայի պատվին ձոներ գրում եւ այլն: Դրա հիմնական պատճառներն ենՙ ոմանց մոտ ազգային արժանապատվության բացակայությունը, մյուսների մոտՙ գիտելիքների եւ տեղեկացվածության բացակայությունը, երրորդների մոտ էլՙ ամեն ինչ առանց հասկանալու կրկնօրինակելու հոտային բնազդը :
Նախՙ Գերմանիայի բունդեսթագի բանաձեը ցեղասպանությունը ճանաչած երկրների ընդունած բանաձեւերից ամենաթույլն է, հակառակ իր երկար տեքստին:
Առաջինը վերնագիրն է, որտեղ նշված է ոչ թե հայերի ցեասպանության ճանաչում կամ դատապարտում, ինչպես օրինակ Ֆրանսիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների բանաձեւերում, այլ «հայերի եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին » (ընդգծումները մերն են-Ա. Մ.): Այսինքն, հստակ չի նշվում զուտ հայերի ցեղասպանության մասին եւ անուղղակի է նշվում ցեղասպանություն տերմինըՙ խոսելով միայն հիշատակի մասին: Տեքստի մյուս տեղերում նույնպես ցեղասպանության տերմինը հիշատակվում է անուղղակի: «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանությունների (Volkermord) օրինակ է», «2015-ի ապրիլի 24-ին հիշատակման 100-ամյակի կապակցությամբ բոլոր բանախոսները դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը», «2015-ի ապրիլի 24-ի նախօրեին Գերմանիայի նախագահը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը»: Երբ հարկ է կոնկրետություն, նշվում են «1915-1916 թթ-երի իրադարձություններ», «զանգվածային տեղահանություն եւ բնաջնջում», «էթնիկ զտումներ» եւ այլ բնորոշումներ:
Եթե համեմատենք, օրինակ, Ֆրանսիայի ընդունած որոշման հետ, ապա այնտեղ արդեն վերնագրում հստակ նշվում է Օսմանյան կայսրությունում 1915-1917 թթ ցեղասպանության դատապարտման մասին: Նույնն է նաեւ Ռուսաստանի ընդունած որոշման վերնագիրըՙ «1915-1922 թթ-երին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»: Ավելին, Ռուսաստանի որոշման տեքստի մի տեղում նշվում է, որ «հայերը ոչնչացվել են Արեւմտյան Հայաստանում», մեկ այլ տեղում, որ «եղբայրական հայ ժողովրդի ոչնչացում տեղի է ունեցել նրա պատմական հայրենիքում»: (Կարելի է ենթադրել, թե ինչ ներբողներ կհյուսեին հայրենի պնակալեզները, եթե նման բառեր լինեին նրանց կերակրող եվրոպական որեւէ երկրի բանաձեւում):
Հասկանալի է, որ գերմանական կառավարությունը այս քայլով ցանկանում էր թեթեւակի ապտակ հասցնել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի ոչ խելամիտ քաղաքականությունը տվյալ դեպքում դրական արդյուքն ունեցավ մեզ համար եւ ոչ միայն այս հարցում: Այլապես, նույն ցեղասպանություն տերմինը ընդգրկված կլիներ Գերմանիայի բունդեսթագի կա՛մ 2005-ի որոշման մեջ, կա՛մ էլ այս որոշումը կընդունվեր 2015-ի ապրիլինՙ ցեղասպանության 100 ամյա տարելիցի ժամանակ: Եթե Գերմանիան ցանկանար ոչ թե ապտակել Թուրքիային, այլ «քացու տակ գցեր», ապա բանաձեւը շատ ավելի կոնկրետ եւ հստակ կլիներ: Բնական է, որ մեծ եւ ոչ միայն մեծ պետությունները ղեկավարվում են իրենց պետական շահերով, ինչպես տվյալ դեպքում Գերմանիան: Եթե այս երկիրը իսկապես անկեղծորեն ցանկանար ընդունել իր մեղսակցությունը հայերի ցեղասպանությանը, նախ դա պետք է աներ առաջինը, առնվազն 50 տարի առաջՙ հրեաների ցեղասպանությանը ընդունելու ժամանակ եւ նույն ձեւով: Այլ ոչ թե 101 տարի հետո, նման բանաձեւով, անգամ այդ բանաձեւում նշելով, թե «մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում», իսկ հայերի պարագայում ընդունելով միայն «պատմական պատասխանատվությունը»:
Հիմա հարց dankeմոլներին. եթե հանցագործության մեղսակիցն ընդունում է իր մեղքը, այն էլ ճարահատյալ կամ ինչ-ինչ հաշվարկներից դրդված, դրա համար նրան շնորհակալություն են ասո՞ւմ: Երբ խոսում ենք ազգային արժանապատվության մասին, լավ կլիներ տեղյակ լինեիք, երբ 50-ականներին Գերմանիայի կանցլերը ծնկաչոք ներողություն խնդրեց հրեաներից հոլոքոստի համար, հրեաներից ոչ ոք երախտագիտության ցույցեր չարեց եւ ոչ էլ danke ասաց: Մինչ այժմ էլ նրանք գտնում են, որ Գերմանիան դեռ ամբողջությամբ չի քավել իր մեղքը ֆաշիստների հանցանքների դիմաց: Իսկ մե՞նք: Եթե հանկարծ կամ երբեւէ, գլխավոր հանցագործըՙ Թուրքիան, ստիպված լինի ընդունել Հայոց ցեղասպանությունըՙ այս կամ այն ձեւով կամ չափով, հիմա էլ tes,ekkurler (թուրքերեն շնորհակալություն) գոռալով, նույն հորթային հրճվանքով նրան ուղղված երախտագիտության ցույցե՞ր ենք անելու …