Պրոֆ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Գիտության վաստակավոր գործիչ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Մինչեւ 1965 թվականը Հայոց ցեղասպանությունը, թեմատիկ առումով, պատկանում էր այն հիմնախնդիրներին, որոնց ուսումնասիրության վրա Խորհրդային Միությունում տաբուՙ արգեք էր դրված: Նա գտնվում էր «արգելափակման փշալարերի հետեւում», ինչպես նշված է «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո» մեր աշխատությունում, որը թարգմանվել է արաբերեն եւ հրատարակվել Կահիրեում եւ Հալեբում: Հայոց ցեղասպանությունը չէր մտնում ակադեմիական ինստիտուտների եւ համալսարանների գիտահետազոտական ծրագրերում, չէր խրախուսվում եւ չէր ստանում համապատասխան ֆինանսավորում: Ուստի այդ հույժ կարեւոր թեման գիտական եւ հասարակական բացահայտ քննարկումների ոլորտից տեղափոխվել էր հայերի ընտանեկան զրույցների եւ մասնավոր զգուշավոր խոսակցությունների բնագավառը: Դա էլ քիչ բան չէր, թեկուզ այն առումով, որ այդ յուրօրինակ ուղիով ցեղասպանության թեման ապահովում էր իր ներկայությունը եւ կարեւորությունը հայ իրականության մեջ եւ փոխանցվում հայերի մի սերունդից հաջորդ սերունդին:
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա խորհրդային իշխանությունների դրած տաբուի ամենագլխավորը պատճառը թուրք-խորհրդային այսպես կոչված «բարեկամական հարաբերություններն էին», «Լենին-Քեմալ բարեկամության/եղբայրության» կեղծ հիմնադրույթը, որն ըստ էության տարօրինակ, անբնական, անսկզբունքային եւ անբարոյական երեւույթ էր:
Այդպիսի հեղձուցիչ քաղաքական մթնոլորտում խեղդամահ էր արվում այն ամենը, ինչ կարող էր «վնասել» թուրք-խորհրդային «բարեկամական» հարաբերություններին, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության հիշատակմանը: Հայոց ցեղասպանությունը, իսկ ավելի լայն առումով ՙ Հայկական հարցը, դարձավ «Լենին-Քեմալ բարեկամության» զոհը:
Սակայն իրադրությունն արմատականորեն փոխվեց 1965թ. , երբ լրացավ Հայոց ցեղասպանության 50-ամյակը: Ապրիլի 24-ին տեղի ունեցավ համահայկական համազգային պոռթկում, երբ մայրաքաղաքում եւ հանրապետության բոլոր շրջաններում միլիոնավոր մարդիկ դուրս հորդեցին հրապարակները, փողոցներըՙ «Հայոց ցեղասպանության ճանաչում», «Մեղավորների պատժում», « Հողերը, Հողերը», «Հատուցում» կարգախոսների ներքո: Դրանք երանելի պատմական օրեր էին եւ համահայկական երջանկության անմոռաց պահեր, որոնց քաղաքական ամենամեծ արդյունքը եղավ այն, որ Հայոց ցեղասպանության լռության սառույցը կոտրվեց եւ փշալարերը վերացան: Դրանից հետո Խորհրդային Միությունում այլեւս հնարավոր չէր կրկին արգելք դնել Հայոց ցեղասպանությունն անգամ հիշատակելու վրա:
1965թ. կայացած համահայկական բուռն ելույթներից հետո, երբ վերացվեց Հայոց ցեղասպանության վրա դրված արգելքը, Հայաստանում սկսվեց Հայոց ցեղասպանության համակողմանի ուսումնասիրությունը ակադեմիական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում, մասնավորապես նրա Թուրքիայի եւ Արաբական երկրների բաժինների գիտաշախատողների կողմից: Դրանց թվում էր նաեւ տողերիս հեղինակը:
2.ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀԻՏԼԵՐՅԱՆ ԲԱՆԱՁԵՎՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԻՄԱՍՏԱՅԻՆ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ
1965թ. այդ եւ նրան հաջորդած օրերին լուրեր սկսեցին պտտվել, թե Հիտլերը ժամանակին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Մարդիկ հետաքրքրվում էին. իրո՞ք այդպիսի բան կա, շատերը կասկածանքով էին վերաբերվում, մեծ էր թերահավատների թիվը, կային նաեւ այնպիսիները, որոնք չէին բացառում դրա հնարավորությունը: Դրությունը բարդանում էր նրանով, որ այդ լուրերի վերաբերյալ չէր նշվում որեւէ աղբյուր, եւ մարդիկ չգիտեին Հիտլերը դրական, թե՞ բացասական է արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին: Բայց քանի որ խոսքը ֆաշիստական առաջնորդի մասին էր, ապա մեծամասնությունը հակված էր ավելի շատ բացասականի կողմը: Շուտով հայտնվեցին առանձին հեղինակներ, որոնք հենվելով տարբեր օտար աղբյուների վրա, տալիս էին կցկտուր, երբեմն իրարամերժ տեղեկություններ: Դա խոսում էր այն մասին, որ նրանք իրենց ձեռքի տակ չեն ունեցել վստահելի աղբյուր, չէին կարդացել բնագիր փաստաթուղթը: Հետագա պրպտումները, այնուամենայնիվ, որոշակի պարզություն մտցրեցին այդ հարցում, ըստ որի, Հիտլերը իր գեներալիտետի հետ հանդիպման ժամանակ իբրեւ թե հայտարերլ է. «Ո՞վ է հիշում այսօր հայոց ցեղասպանության մասին» : Եվ հիտլերյան բանաձեւ -ասույթն այդկերպ կրկնվում է մինչեւ օրս:
Մենք ԱՄՆ մեր գիտական գործուղումների ընթացքում նույնպես փնտրում էինք գտնել գերմանական նացիստների ղեկավարի այդ հայտարարությունը հաստատող փաստաթուղթ- աղբյուրը, որը վերջ կտար տարընթերցումներին: Շահելով Ֆուլբրայթի մրցանակը, մենք 1993-1994թթ. աշխատում էինք Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, իսկ 1995թ. Մերիլենդի համալսարանում եւ հնարավորություն ունեցանք աշխատել ոչ միայն այդ համալսարանների գրադարաններում, այլեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում, ուսումնասիրելով արեւմտյան մեծ տերությունների քաղաքականությունն Արաբական Արեւելքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Ես սկսեցի տվյալ թեմայի վերաբերյալ սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից եւ գտա նաեւ այն , ինչ փնտրում էի, այսինքն, այն նյութերը, որոնք հաստատում էին Հիտլերի ասույթը կամ ձեւակերպումը հայերի ցեղասպանության վերաբերյալ:
Այդ աղբյուրը ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» թերթում տպագրված վերին աստիճանի հետաքրքրական, նույնիսկ կարելի է ասելՙ եզակի տեղեկատվությունն է, որը չի սահամափակվում լոկ հայերի ցեղասպանության խնդրով, այլեւ ընդգրկում է հարցերի մի լայն սպեկտր: Նշյալ խիստ կարեւոր նյութը տպագրվել է «Նյու Յորք Թայմսի» 1945թ. նոյեմբերի 24-ի համարում, որը նոյեմբերի 23-ին անթել հեռագրով հաղորդվել էր հատուկ «Նյու Յորրք Թայմսի» խմբագրությանը Գերմանիայի Նյուրեմբերգ քաղաքից, որտեղ ընթանում էր պատերազմի հանցագործ նացիստական ղեկավարների միջազգային դատավարությունը: Դատավարության ընթացքում ջրի երես դուրս եկան բազմաթիվ գաղտնի, մինչ այդ միջազգային հանրությանն անհայտ փաստաթղթեր, այդ թվում Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակման նախօրեինՙ 1939թ. օգոստոսի 22-ին, Օբերզալցբուրգում տեղի ունեցած խորհրդակցության արձանագրությունները: «Նյու Յորք Թայմսի» խմբագրության հակիրճ ծանուցումը հայտնում էր. «Ստորեւ տրվում են հատվածներ փաստաթղթերից, բարձրագույն հրամանատարության հետ Հիտլերի ունեցած զրույցից»: Դա երկրորդ զրույցն էր, որ տեղի էր ունեցել 1939թ. օգոստոսի 22-ին, Օբերզալցբուրգում, եւ վերաբերում էր Լեհաստանին, որին ներկա են եղել ռեյխսմարշալ Գյորինգը, որն այդ ժամանակ համարվում էր Հիտլերից հետո ֆաշիստական Գերմանիայի երկրորդ դեմքը, գերմանական բանակի գլխավոր շտաբի պետ, ֆելդմարշալ Կեյտելը, գեներալ գնդապետ Բրաուխիչը եւ գերմանական բանակի մյուս բարձրագույն հրամանատարները: Դիմելով նրանց, Հիտլերն ասում է. «Հաղթողին հետագայում չեն հարցնի, արդյոք մենք ճշմարտությունն ենք ասել, թե՛ ոչ: Պատերազմը սկսելիս եւ իրագործելիս խնդիրը ոչ թե իրավունքն է, այլ հաղթանակը: Խղճմտանք չունենաք: Եղեք դաժան: Իրավունքն ուժեղինն է: Ես Արեւելք եմ ուղարկել իմ «Մահվան գանգեր զորամիավորումները», հրամայելով սպանել առանց խղճմտանքի եւ գթության լեհական ռասային եւ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց , կանանց եւ երեխաներին: Միայն այս կերպ մենք կնվաճենք կենսատարածք, որի կարիքը մենք ունենք»: Եվ Հիտլերը բարձրագույն հրամանատարության հետ իր զրույց-հրահանգի այս հատվածն ավարտում էՙ «Ո՞վ է այժմ դեռեւս խոսում հայերի ոչնչացման մասին» («Who still talk nowadays of the extermination of the Armenians?») պաթետիկ հարցումով:
Հետագայում, բազմաթիվ հետազոտողներ, հավանաբար իրենց ձեռքի տակ չունենալով փաստաթղթի բնագիրը, աղավաղելով կամ անտեղի ուղղումներ մտցնելով Հիտլերի վերոնշյալ հարցման մեջ, այն ներկայացնում են «Ո՞վ է հիշում այսօր հայոց ցեղասպանության մասին» ձեւակերպմամբ: Խոսքը վերաբերում է ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա մասնագետներին: Բազմաթիվ օրինակներից, ընթերցողի համբերությունը չչարաշահելու համար, բերենք երկուսը:
2002 թ. համաշխարհային մամուլի էջերում տպագրվեց հաղորդում այն մասին, որ «Նյույորքցի պատմաբան եւ քաղաքական վելուծաբան , դոկտոր Ռոբերտ Ջոնը գտել է Ադոլֆ Հիտլերի «Ո՞վ է հիշում այսօր հայերի ցեղասպանության մասին » արտահայտության փաստաթղթային հաստատումը»: (Տեսՙ «Голос Армении», 24 января 2002): Նրանում կա հիշատակում այն մասին, որ Հիտլերն իր այդ հարցադրումն արել է 1939թ. օգոստոսի 22-ին Օբերզալցբուգում իր գեներալների հետ տեղի ունեցած համաժողովում:
2016 ապրիլի 23-ին Երեւանում կայացավ «Ընդդեմ Ցեղասպանության ոճրագործության. Ցեղասպանության կենդանի վկաները «Գլոբալ Ֆորումը», որին մասնակցում էին եւ ելույթ ունեցան հայտնի մասնագետներՙ ցեղասպանագետներ, պատմաբաններ, վերլուծաբաններ, դիվանագետներ, արվեստաբաններ, հասարականան գործիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Բելգիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից , Իրաքից, Լիբանանից, Եգիպտոսից, Դարֆուրից, Ռուանդայից, Կամբոջայից, Վիետնամից եւ այլ երկրներից: Այդ ֆորումին մասնակցում էինք նաեւ մենք: Վերոնշյալ երկրների բոլոր պատվիրակներն իրենց զեկուցումներում եւ ելույթներում անխտիր անդրադառնում էին նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ վկայակոչում ՙ Հիտլերի բանաձեւը, սակայն նրաՙ «Ո՞վ է հիշում այսօր հայերի ցեղասպանության մասին» աղավաղված տարբերակով:
Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ո՞րն է հարցի էությունը:
Առաջին, խնդիրն այն է, որ անկախ այն բանից , թե ինչ հարց է քննարկվում, առաջնայինը նրա ճշմարիտ լինելու պարագան է: Երբ այս տեսանկյունից ենք մոտենում, ապա Ադոլֆ Հիտլերը 1939թ. ոչ մի դեպքում չէր կարող ասել «Ո՞վ է հիշում այսօր հայերի ցեղասպանության մասին», քանի որ այդ ժամանակ «ցեղասպանություն»ՙ «գենոցիդ» տերմինը դեռ հայտնագործված չէր: Ռաֆայել Լեմկինն այդ տերմինը հայտնագործել է 1944 թվականին, որը Միավորված ազգերի կազմակերպության կողմից պաշտոնապես ընդունվել եւ շրջանառության մեջ է դրվել 1948թ. երբ արդեն Հիտլերը կենդանի չէր: Ճշմարտությունն այն է, որ Հիտլերն օգտագործել է «ոչնչացում», «լիկվիդացում»ՙ «extermination տերմինը, ինչպես արձանագրաված է Նյուրեմբերգյան դատավարության ժամանակ հայտնաբերված փաստաթղթումՙ «Ո՞վ է այժմ դեռեւս խոսում հայերի ոչնչացման մասին»: Հիտլերի արտահայտությունը, հանուն ճշմարտության, հենց այդպես էլ պետք է ընդունել որպես հիմք: Դա է հաստատում նաեւ գերմաներեն բնագիրըՙ «Wer redet heute noch von Vernichtung der Armenier?»:
Երկրորդ, սկզբունքային բնույթի շեղում է եղել, երբ «Ո՞վ է այժմ դեռեւս խոսում հայերի ոչնչացման մասին» հիտլերյան բանաձեւը փոխարինվել է «Ո՞վ է հիշում այսօր հայերի ցեղասպանության մասին» բառակապակցությամբ, որն իմաստային առումով կոպիտ սխալ է: Հարկ է նշել, որ «խոսելը» եւ «հիշելը» հոմանիշներ չեն եւ չեն կարող մեկը մյուսին փոխարինել որպես համարժեքներ: Նրանց փոխարինումը մեկը մյուսով անխուսափելիորեն, հատկապես տվյալ դեպքում, առաջ է բերում իմաստային փոփոխություն: Հիտլերը, անշուշտ, դա հասկացել է եւ մտածված կերպով օգտագործել է «Ո՞վ է խոսում» բառակապակցությունը: Նա, չէր կարող ասել, թե ոչ ոք չի հիշում հայերի ոչնչացումը, շատ լավ իմանալով, որ կան ոչ միայն մարդիկ, այլեւ ազգեր, որ հիշում են, եւ մենք լիուլի կիսում ենք այդ տեսակետը: Դա հիշում էին հայերի ոչնչացումն իրագործած թուրքական դահիճները, ոչնչացման գծով նրանց հանցագործ դաշնակից քրդերը եւ չերքեզները, Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական դաշնակիցներ Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի կայսրության բնակչությունը եւ այլք: Դա հիշում են զոհերը, նախ եւ առաջ հրաշքով փրկված հայերը, հայերի հետ ոչնչացման ենթարկված քրիստոնյա ասորիները, հույները, դժնդակ այդ օրերին հայերին օգնության ձեռք մեկնած արաբները եւ այդ ողբերգության ականատես վկաներՙ ռուսները, հրեաներն ու վրացիները, ամերիկյան միսիոներները եւ շատ ու շատ ուրիշներ: Ուստի ասել, թե «ո՞վ է հիշում», անտրամաբանական է, եթե ոչ անհեթեթ: Հիտլերը դա լավ է հասկացել, ուստի նա հեռու եղել հայերի ոչնչացումն չհիշելու մտքից եւ նախապատվությունը տվել է հայերի ոչնչացման մասին չխոսելուն : Ուստի պետք է հրաժարվել «Ո՞վ է հիշում այսօր հայերի ցեղասպանության մասին» Հիտլերին վերագրվող տարբերակից, որի հեղինակը հայտնի չէ, թե ով է , եւ ընդունել «Ո՞վ է այժմ դեռեւս խոսում հայերի ոչնչացման մասին» ձեւակերպումը, որի հեղինակը իրոք Ադոլֆ Հիտլերն է:
Երրորդ, դրա հետ կապված անհրաժեշտ է մեկ հարցում եւս ճշգրտում մտցնել: Երկար ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարածված է եղել եւ լայնորեն օգտագործվել է « Մի մոռացված ցեղասպանություն» արտահայտությունը, որը մեր օրերում եւս երբեմն-երբեմն հանդիպում է: Դա բխում էր «Ո՞վ է հիշում» արտահայտությունից եւ հնարավոր էր «հիշել-չհիշել» տարբերակի դեպքում, երբ հիշելու հակառակը մոռանալն է: Այժմ, մերժելով «հիշեցման» տարբերակը, հիմնազուրկ է դառնում նաեւ « Մի մոռացված ցեղասպանություն» արտահայտությունը, որի տեղը օրինականորեն պետք է գրավի «Լռության մատնված ցեղասպանություն» բառակապակցությունը: 1965թ. ապրիլին ոտքի ելած միլիոնավոր հայկազունների ճնշման տակ փշրվեց հենց լռության պատնեշը եւ դրանից հետո սկսեցին արդեն բարձրաձայն խոսել ցեղասպանության, այն կատարող դահիճների եւ հատուցման մասին, իսկ դրան հաջորդած 50 տարին, մինչեւ մեր օրերը, անկասելիորեն շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթարշավը:
Չորրորդ, երբ Հիտլերը Օբերզալցբուրգում ունեցած ելույթում, նախքան Լեհաստան ներխուժելը, կոչ էր անում « Խղճմտանք չունենաք: Եղեք դաժան: Իրավունքը պատկանում է ուժեղին» եւ տեղյակ պահում , որ ինքը «Հրամայել է սպանել առանց խղճի եւ գթության լեհական ռասային պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց եւ երեխաներին», ու ելույթն ավարտում է«Ո՞վ է այժմ դեռեւս խոսում հայերի ոչնչացման մասին» հարցադրումով, ապա դա ոչ միայն հրաման եւ կոչ էր լեհերին սպանելու եւ դրա մեթոդների վերաբերյալ, ապա հիշատակում առ այն, թե ինչպես են թուրքերը հայերին ոչնչացրել 1915թ.: Դրանով իսկ Հիտլերը, կամա, թե ակամա, տվել է երիտթուրքական դահիճների գնահատականը, եւ հաստատում, որ թուրքական իշխանությունները հայերի ոչնչացումը կամ արդի եզրաբանությամբՙ ցեղասպանությունը, իրականացրել են դաժանորեն, առանց խղճմտանքի ու գթության, չխնայելով ո՛չ տղամարդկանց, ո՛չ կանանց եւ ո՛չ էլ երեխաներին: Դա միաժամանակ մահացու հարված է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականությանը:
Հինգերորդ, վերոշարադրյալը գալիս է հաստատելու, որ Հիտլերը լավատեղյակ է եղել հայերին ոչնչացնելու երիտթուրքական ոճրագործության մանրամասներին ու մեթոդոլոգիային եւ ընդօրինակել է թուրք դահիճներին: Նյուրեմբերգյան փաստաթուղթը, Օբերզալցբուրգում Հիտլերի արտահայտած մտքերն ու տված ձեւակերպումները գալիս են անհերքելիորեն ապացուցելու այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունն իրագործած երիտթուրքական դահիճները իրոք եղել են գերմանական նացիստների ուսուցիչները, իսկ գերմանական նացիստներըՙ թուրքական դահիճների ընդունակ աշակերտները ազգերին ամբողջապես ոչնչացնելու հարցում:
Կարծում ենք , որ տեղին է վերոնշյալ հարցերին անդրադառնալը եւ համապատասխան ճշգրտումներ ու հստակություններ մտցնելը այժմ, երբ համայն հայությունը տարբեր երկրների մեր համակիրները, նշում են Հայոց ցեղասպանության հարյուրմեկամյակը:
Հանրահայտ ճշմարտություն է, որ ազգի ինքնությունը եւ գոյությունը, նրա պապենական հայրենիքն ու տարածքը զենքի ուժով են պահպանվում: Հայերն այդ հարցում արդեն անհրաժեշտ դասեր են քաղել, որի վկայությունը Ղարաբաղյան հակամարտությունն է, նրա թե՛ առաջին եւ թե՛ մերօրյա երկրորդ փուլը: Եվ այսօր, 1965թ., Հայոց ցեղասպանության լռության պատնեշը խորտակած հայկազունների խրամատներում գտնվող ժառանգորդ կորյունները, իրենց ձեռքն են վերցրել հայության գոյության ու անվտանգության պահպանման ու ապահովման պատմական առաքելությունը, ջախջախիչ հարվածներ տալով եւ մեր տարածքներից վռնդելով 1915-1920 թթ. թուրք-ազերիական մարդակեր բարբարոսների մերօրյա ժառանգորդ վանդալներին:
3. ՀԻՏԼԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ ՆՐԱ ՏՐՎԱԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Ինչպես նշվեց, Նյուրեմբերգյան դատավարության ընթացքում հայտնաբերված գերմանական գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Օբերզալցբուրգում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Հիտլերի ելույթին եւ նրա արտահայտած տեսակետներին, արժեքավոր տեղեկություններ են պարունակում ոչ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այլեւ ընդրգրկում են հարցերի ավելի լայն սպեկտր: Մասնավորապես, դրանք շոշափում են այնպիսի հիմնախնդիրներ, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած ժամանակաշրջանի միջազգային իրադրությունը, պետությունների փոխհարաբերությունները, պետական գործիչների բնութագրումը, նրանց դերակատարումը դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների բնագավառում, Հիտլերի ռազմաքաղաքակամ ապագա ծրագրերը եւ այլն: Դրանք շատ կարեւոր փաստաթղթեր են, որոնց զգալի մասը ծանոթ չէ ոչ միայն լայն հասարակությանը, այլեւ մասնագետներին: Նկատի ունենալով այդ պարագան, ստորեւ հակիրճ կանդրադառնանք այդ հարցերին, հիմք ընդունելով «Նյու Յորք Թայմս»-ում լույս ընծայված Նյուրեմբերգյան փաստաղթերը :
Դրանց անդրադառնալը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ փաստաթղթերն ուղղակիորեն առնչվում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, պատերազմ, որի ավարտման 71-ամյակը համաշխարհային մասշտաբով նշվեց օրերս, այդ թվում եւ Հայաստանում:
Հիտլերը 1939թ. օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում կայացած երկրորդ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Եվրոպայում ստեղծված իրադրությանը, իր գեներալներին տեղեկացնում է. «Ես որոշել եմ գնալ Ստալինի հետ: Ամբողջ աշխարհում կան երեք մեծ պետական գործիչներՙ Ստալինը, ես եւ Մուսոլինին (Իտալիայի առաջնորդը-Ն.Հ )»: Այնուհետեւ նա բացատրում է, թե ինչու է նա գնալու Ստալինի հետ: Ահա այդ բացատրությունը. «Ստալինը եւ ես միակն ենք , որ տեսնում ենք ապագան: Ուստի ես մի քանի շաբաթից Ստալինի հետ ձեռք կսեղմենք գերմանա-ռուսական սահմանի վրա եւ նրա հետ կձեռնարկենք աշխարհի նոր վերաբաժանումը»: Հիտլերի այդ միտքը շատ կարեւոր է Գերմանիա – Խորհրդային Միություն եւ միջազգային հարաբերությունների հետագա զարգացումներն ըմբռնելու տեսակետից: Եվ, իրոք, Գերմանիան ու Խորհրդային Միությունը արդեն 1939թ. սեպտեմբերին Եվրոպայից սկսեցին աշխարհի վերաբաժանումը: Հիտլերը իր գեներալներին բացատրում է, թե ինչումն է կայանում Գերմանիայի, գերմանական բանակի ուժը. «Մեր ուժը մեր արագության եւ դաժանության մեջ է»: Եվ որպեսզի հասկանալի լինի , թե ինչ նշանակություն ունի դա, Հիտլերը հիշատակում է Չինգիզ խանին, նշելով, որը «նա միլիոնավոր կանանց եւ երեխաների է սպանել իր սեփական կամքով եւ ուրախ սրտով: Պատմությունը միայն նրան է տեսնում որպես պետական մեծ շինանար»: Դժվար չէ նկատել Հիտլերի համակրանքը Չինգիզ խանի նկատմամբ եւ նրա այդ տեսակետի աղերսները «Ո՞վ է այժմ դեռեւս խոսում հայերի ոչնչացման մասին» նրա արտահայտության հետ: Ըստ էության Հիտլերը ազգակցական կապ է տեսնում օսմանյան կառավարողների եւ Չինգիզ խանի միջեւ: Նրանց միավորողը դաժանությունը եւ միլիոնավոր մարդկանց սպանելն է, ինչը նրանց համար եղել է մասնագիտություն:
Այդ նույն հանդիպման ժամանակ Հիտլերը հայտարարում է. « Իմ մասին թե ինչ է մտածում արեւմտյան եվրոպական թույլ քաղաքակրթությունը, դա ինձ չի հետաքրքրում»: Բացելով իր քարտերը, Հիտլերը հայտնում է հանդիպմանը ներկա գեներալներին, որ գեներալ- գնդապետ Բրաուխիչը խոստացել է իրեն պատերազմը Լեհաստանի հետ ավարտել երկու շաբաթում, եւ ֆյուրերը վստահեցնում է իր գեներալներին , որ Անգլիան ու Ֆրանսիան ռիսկ չեն անի հարձակվել Գերմանիայի վրա: Ըստ որում նա դա ասում է շատ վիրավորական ձեւով, ստորացնելով այդ երկու երկրների ղեկավարներին: Ահա նրա ելույթի այդ հատվածն ամբողջությամբ. «Ես տեսել եմ այդ թշվառ որդերին, Դալադիեին (Ֆրանսիայի վարչապետը-Ն.Հ.) եւ Չեմբերլենին (Մեծ Բրիտանիայի վարչապետը-Ն.Հ.) Մյունխենում եւ Լեհաստանում: Նրանք շատ վախկոտ են, որպեսզի հարձակվեն»: Այստեղ Հիտլերը հիշատակելով իրենց հանդիպումը Մյունխենում, նկատի ունի 1938թ, սեպտեմբերի 30-ի Մյումխենյան գործարքը, որի ժամանակ Անգլիան եւ Ֆրանսիան, տմարդիորեն եւ վախկոտաբար Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիայի Սուդեթական մարզը , իսկ վերջինսՙ Գերմանիան, շատ չանցած գրավեց ողջ Չեխոսլովակիան:
Ընդհանրապես Հիտլերն իր արտաքին քաղաքականության մեջ մեծ ուշադրություն էր դարձնում, թե ում հետ գործ ունի, սկզբունքային, թե՞ վախկոտ ու զիջող մեկի հետ:
Խոսելով Բրաուխիչի խոստման մասինՙ պատերազմը Լեհաստանի հետ երկու շաբաթվա ընթացքում ավարտելու վերաբերյալ, Հիտլերն զրույցում մի նոր հանգամանք է մտցնումՙ անդրադառնում է գերմանա-լեհական պակտին եւ նշում. «Իմ պակտը Լեհաստանի հետ միայն նշանակում էր մոլորեցնել, խաբել նրան տվյալ ժամանակ»: Դիվանագիտական պրակտիկայում հազվադեպ է նման խոստովանություն հանդիպում: Բայց հարցը միայն դա չէ: Հիտլերը դիմելով հանդիպման մասնակիցներին, ասում է. «Ջենտլմեններ, Ռուսաստանի հետ պատահելու է հենց նույնը, ինչ որ ես իրագործել եմ Լեհաստանի հետ: Ստալինի մահից հետո, նա լուրջ հիվանդ է, մենք կջախջախենք Խորհրդային Միությանը»: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Խորհրդային Միության վրա հարձակում Հիտլերը ծրագրել էր դեռեւս 1939թ., որի մասին նա իր մտերիմների շրջանում բացահայտորեն ասում է օգոստոսի 22-ի հանդիպման ժամանակ , իսկ հաջորդ օրըՙ օգոստոսի 23-ին, նրա արտաքին գործերի նախարար Ռիբենտրոպը Մոսկվայում Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար Մոլոտովի հետ ստորագրում են գերաման-խորհրդային չհարձակման պակտը: Հիտլերի այդ քայլերը նպատակաուղղված էին մոլորեցնել, կարելի է ասել խաբել Խորհրդային Միությանը, բթացնել նրա ղեկավարության զգոնությունը եւ հանկարածակիի բերել նրան, ինչը մասամբ հաջողվեց Հիտլերին: Այսպիսով, հակառակորդին խաբելը, մոլորեցնելը եւ շանտաժի ենթարկելը եղել է Հիտլերի եւ նրա թիմի արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչներից:
Օբերզալցբուրգյան հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ եվրոպական փոքր երկրների եւ նրանց նկատմամբ Գերմանիայի քաղաքականության հարցերը: Հիտլերը դրսեւորում է իրեն հատուկ արհամարհական վերաբերմունք այդ երկրների ու նրանց ղեկավարների նկատմամբ, այդ թվում եւ Թուրքիայի, եւ հայտնում իր զինվորական էլիտային. «Փոքր երկրները չեն վախեցնում ինձ : Քեմալի մահից հետո Թուրքիան կառավարելու են տկարամիտները եւ կիսաապուշները: Ռումինիայի թագավորն ամբողջապես կոռումպացված է եւ դարձել է իր սեքսուալ ցանկությունների ստրուկը: Բելգիայի թագավորը եւ հյուսիսային թագավորները (նկատի ունի հարեւան Շվեդիան, Նորվեգիան, Դանիան-Ն.Հ.) թույլ տիկնիկներ են: Ճապոնիայի կայսրը վերջին ռուսական ցարի կտորն էՙ թույլ, վախկոտ, անվճռական» եւ այլն: Դժվար չէ նկատել, որ Հիտլերն ըստ էության օտարերկրյա պետական գործիչների վերաբերյալ դոսյե կազմել եւ փորձել է օգտագործել նրանց թուլություններն իր քաղաքականության մեջ:
Հիտլերը Գերմանիայի հարեւան երկրներին, նրանց ղեկավարներին եւ ժողովուրդներին ոչնչացնող գնահատականներ տալուց հետո, դիմում է հանդիպման մասնակիցներին հետեւյալ առաջարկությամբ. «Եկեք մտածենք մեր մասինՙ որպես տերերի, եւ այս ժողովուրդներին համարենք լավագույն դեպքում լաքած կիսակապիկներ, որոնք մտրակի կարիք են զգում»:
Ամեեն ինչ ասված է այնպիսի ցինիկությամբ ու արհամարհանքով, որ այլեւս ավելորդ մեկնաբանության կարիք չկա:
Վերջում, Հիտլերը ներկաներին ասում է.«Ես միայն մի վախ ունեմ, դա այն է, որ Չեմբերլենը կամ նրա նման մեկ այլ կեղտոտ խոզ, կգա ինձ մոտ միտքս փոխելու առաջարկությամբ: Նա կշպրտվի ներքեւ, նույնիսկ եթե ես անձամբ ստիպված լինեմ ոտքով հարվածեմ նրա փորինՙ լուսանկարիչների աչքերի առջեւ: Ո՛չ, դրա համար (այսինքն մտափոխության- Ն.Հ.) արդեն ուշ է: Ներխուժումը եւ Լեհաստանի ոչնչացումը կսկսվի շաբաթ առավոտյան: Փառք ու պատիվ ձեզ, ջենտլմեններ: Վարշավայում մենք կրկին կտոնենք մեր հանդիպումը»:
Նյուրեմբերգյան փաստաթղթում արձանագրված է, որ Հիտլերի ելույթը լսվել է մեծ խանդավառությամբ, «իսկ Գյորինգը ցատկում է սեղանի վրա եւ պարում ինչպես վայրենի»: Միաժամանակ փաստաթղթում արձանագրված է, որ «Փոքրաքանակ կասկածողները լուռ մնացին»: Թեեւ դրանց անունները չեն նշված, այնուհանդերձ, գեներալական էլիտայյի մեջ եղել են այդպիսիները:
4. ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՍՈՒԼԻՍԸ
Պաշարված Բեռլինի իր բունկերում վերջին օրերը ապրող ֆյուրերըՙ Ադոլֆ Հիտլերը, հանկարծ ցանկություն է հայտնում հանդիպել եւ զրույց ունենալ որեւէ չեզոք երկրի լրագրողի հետ: Դա հաձնարարվում է կազմակերպել Մարտին Բորմանին, Հիտլերին նվիրված նրա զինակցին, որը երկար ժամանակ գլխավորել է նացիստական կուսակցությունը: Նրան հաջողվում է կազմակերպել Հիտլերի հանդիպումը շվեյցարացի լրագրող Կուրտ Շպեյդելի հետ, ֆյուրերի բունկերում, 1945թ. ապրիլի 29, Հիտլերի ինքնասպանությունից մեկ օր առաջ:
Այդ հարցազրույցը պարունակում է որոշ հետաքրքրական պահեր, որոնք համարյա հայտնի չեն հանրությանը: Այսպես, օրինակ, ի պատասխան լրագրողի հարցին ՙ «27 տարի առաջ քաղաքական պայքարի մեջ մտնելով, Դուք ենթադրու՞մ էիք, որ Ձեզ այսպիսի ավարտ է սպասում», Հիտլերը պատասխանում է. «Այո, արդեն այն ժամանակ մենք շատ լավ հասկանում էինք, թե ինչի ենք գնում»: Այնուամենայնիվ Հիտլերը գտնում է, որ «իրենք չեն պարտվել. Գերմանիանՙ այո, տանուլ է տվել պատերազմը, վերմախտը պարտություն է կրել: Բայց մենք խթանեցինք հզորագույն գաղափարը:Նացիոնալ-սոցիալիզմն ապացուցեց իր բացարձակ առավելությունը: Նացիոնալ-սոցիալիզմին է պատկանում ապագան, ես չեմ վախենում ասել, որ դա կլինի XXI դարը»: Շատ հետաքրքրական է Կուրտ Շպեյդելի Հիտլերին տրված վերջին հարցը. «Պե՞տք էր այդ պատերազմը»: Հիտլերը պատասխանում է.« Դուք այնպես եք խոսում, կարծես թե ամբողջ աշխարհում միայն ինձնից էր կախված սկսել, թե ոչ այս պատերազմը: Անգլիացիները, ամերիկացիները եւ աշխարհի բոլոր հրեաներն արեցին ամեն ինչ, որպեսզի սկսվի այս պատերազմը: Միայն ապուշը կարող է մտածել, որ այդ պատերազմը մեր ստրատեգների մտահղացումն է (http//www.meganovosti.net/news»):
Հիտլերը փաստորեն հաստատում է անգլիացիների, ամերիկացիների եւ հրեաների պատասխանատվությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման մեջ, եւ նա այդ հարցում իհարկէ , իրավացի է:
Ամփոփելով, կարելի է ասել, որ Նյուրեմբերգյան դատավարության ժամանակ ի հայտ եկած գերմանական արժեքավոր եւ եզակի փաստաթղթերը նոր լույս են սփռում Երկրորդ համաշխարհային պատերազմի նախապատրաստման եւ ընթացքի վրա , հարստացնում մեր գիտելիքները պատմական այդ կարեւոր շրջանի վերաբերյալ:
Այդ փաստաթղթերի շնորհիվ հնարավոր դարձավ ճշգրտումներ եւ հստակեցումներ մտցնել Հայոց ցեղասպանության որոշ հարցերի լուսաբանման եւ գնահատման մեջ: Հնարավոր եղավ նաեւ շրջանառության մեջ դնել Հիտլերի արտահայտած կարծիքը Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրքական դահիճների մեթոդոլոգիայի վերաբերյալ , ինչպես նաեւ հետքեմալական շրջանի թուրքական պետական գործիչներին տրված նրա ստորացուցիչ գնահատականները:
Վստահաբար կարելի է ասել, որ Նյուրեմբերգյան փաստաղթերում դեռեւս կան բազմաթիվ արժեքավոր նյութեր, որոնք սպասում են իրենց հետազոտողին: