Բավական էր, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խոսեին թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելելու հավանականության մասին, երբ «հայրենի» թուրքական լոբբիինգն անմիջապես ակտիվացավ: Իշխանական հայտնի մեդիագրուպից մինչեւ սորոսյան եւ ամերիկա-եվրոպական այլ հիմնադրամներից սնվող կայքերն ու զանազան մեդիա ռեսուրսները սկսեցին թուրքական ներմուծման գովերգը: Միանգամից չորս տնտեսագետ իշխանական կայքում նույն կարծիքով հանդես եկանՙ թուրքական ապրանքներից հրաժարվելը միայն վնաս կբերի մեզ, դա էմոցիոնալ մոտեցում է, դրանից Թուրքիան չի տուժի, մեր տնտեսությունը կվնասվի, սոցիալական վիճակը կսրվի եւ այլն: Տպավորությունն այնպիսին էր, որ եթե հանկարծ թուրքական ապրանքները դադարեն Հայաստան ներմուծվել, ապա դա մեզ համար տնտեսական եւ քաղաքական ապոկալիպսիս կլինի: Ի պատասխան, հարկ ենք համարում հիշեցնել, որ 2014-ին Հայաստան ներմուծվել է 232 մլն դոլարի թուրքական ապրանքներ, 2015-ինՙ մոտ 40 տոկոսով պակասՙ 137 մլն դոլարի, իսկ 2016-ի առաջին երեք ամիսներին թուրքական ներմուծումը նվազել է եւս 10 տոկոսով, եւ ինչպես տեսնում ենք, դրանից Հայաստանը ոչ միայն չփլուզվեց, այլ անգամ այդ նվազումը աննկատ մնաց թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով: Այժմ ավելի մանրամասնորեն խնդրի թե բարոյահոգեբանական, թե տնտեսական կողմերի մասին, թեեւ մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք դրանց:
Ոչ թե «էմոցիոնալ», այլ ազգային արժանապատվության եւ անվտանգության հարց
Թուրքական ապրանքներից հրաժարվելը ոչ թե հայրենասիրական կամ զգացմունքային քայլ է, ինչպես նշում են վերոնշյալ տնտեսագետները, այլ նախեւառաջՙ ազգային արժանապատվության: Եթե իրենք եւ իրենց նմանները չգիտեն, թե դա ի՞նչ է, այլ հարց է: Հարյուրամյակներ մեզ հալածած, ստորացրած եւ ի վերջո բնաջնջած, մեր պատմական հայրենիքի զգալի մասին տիրած երկրի եւ նրա ապրանքների նկատմամբ «էմոցիոնալ չվերաբերվելու» խորհուրդ տալու համար առնվազն ողորմելի պետք է լինել: Ռուսաստանի օրինակով «չվարակվելու» նրանց մյուս խորհուրդը նույնպես անընդունելի է: Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում թուրքերը մշտապես պարտվել են, բայց բավական էր ռուսական օդանավ խոցվեր, երբ թե՛ պետությունը, թե՛ ժողովուրդը միասնաբար պատասխան ծանր սոցիալ-տնտեսական հարված հասցրեցին Թուրքիային, անկախ նրանից, որ սոցիալական եւ տնտեսական առումներով տուժեցին նաեւ իրենք: Այս առումով, ընդհակառակը, արժեր որ օրինակ վերցնեինք Ռուսաստանից:
Երկրորդը, թուրքական ապրանքներից հրաժարվելը ոչ միայն ազգային եւ ընդհանրապես մարդկային արժանապատվության հարց է, այլեւ անվտանգության: Թուրքիան ոչ միայն ցեղասպանության է ենթարկել մեզ 101 տարի առաջ, այլ հիմա էլ շարունակում է նույն թշնամական քաղաքականությունըՙ միտված վերացնելու Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից եւ հնարավորության դեպքում մեզ վերջնականապես բնաջնջելու: Ի՞նչ ենք անում մենք: Մենք օգնում ենք նրան, նպաստում այդ երկրի տնտեսության զարգացմանը, ներմուծելով եւ գնելով նրանց արտադրանքը: Մինչ ուրիշ երկրներից նախագահի մակարդակով նեղանալը մեր թշնամիներին զենք վաճառելու համար, գուցե ինքնե՞րս հրաժարվենք օգնել մեր թշնամիներին: Գաղտնիք չէ թուրքական զենքի մատակարարումները, ռազմական եւ ամեն տեսակ այլ աջակցությունը Ադրբեջանին:
Սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքների մասին պնդումներըՙ օդում պայթող պղպջակներ
Ասում են, թե Թուրքիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 720 մլրդ դոլար է, իսկ արտահանումըՙ 160 մլրդ դոլար, եւ 137 մլն դոլար ավել կամ պակասը ոչինչ չի փոխի նրա համար: Երբ տնտեսագետները խոսում են 137 մլն դոլարի արտահանումը էական չհամարելու մասին, դա, մեղմ ասած, տնտեսագիտական մոտեցում չէ: Եթե Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի պես երկրները, որոնց ՀՆԱ-ն մի քանի տրիլիոնավոր դոլարներ է կազմում, ձգտում են իրենց ապրանքն արտահանել Հայաստանի կամ ավելի փոքր շուկա ունեցող երկրներՙ թեկուզ չնչին ծավալներով, ինչպե՞ս կարող է 137 մլն դոլար արտահանումը էական չլինել: Եթե նկատի ունենանք, որ Թուրքիան արդեն իսկ էապեսՙ ավելի քան 40 մլրդ դոլարի, տուժում է ռուսական շուկայից զրկվելու հետեւանքով, ապա անգամ փոքր ծավալի արտահանման նվազումը կարող է նշանակություն ունենալ: Այլ բան է, երբ խոսքը ներմուծման մասին է:
Ներմուծողը տվյալ դեպքում Հայաստանն է: Մեր արտաքին առեւտրի ընդհանուր ծավալներում 2015-ին Թուրքիայի բաժինը ընդամենը 2,9 տոկոս է եղել, որը գրեթե ամբողջությամբ ներմուծումն է: Ներմուծման ծավալներում դա 4,2 տոկոս է կազմել, իսկ 2016-ի առաջին եռամսյակում դարձել է 3,9 տոկոս: Այսինքն, արդեն իսկ թուրքական ապրանքների ներմուծումը նվազում է առանց ցավ առաջացնելու, քանի որ դրան փոխարինում են կա՛մ տեղական արտադրանքը, կա՛մ այլ երկրներից ներմուծումը: Հետեւաբար, մերՙ ներմուծող երկրի համար իսկապես էական չէ 3,9 տոկոսը կամ 24 մլն դոլար թուրքական ներմուծումը 621 մլն դոլար ընդհանուր ներմուծման մեջ (2016-ի հունվար-մարտ ցուցանիշներով):
Հարկային մուտքերի նվազման սպառնալիքի մասին: Ծիծաղելի պնդում: Չի ներմուծվի Թուրքիայից, կներմուծվի այլ երկրներիցՙ շուկայում դատարկ տեղ չի մնում, եւ հարկային մուտքերն էլ կլինեն այդ ներմուծումից:
Սոցիալական հանգամանք է նշվում թուրքական ապրանքների իբր էժան լինելը: Նման բան պարզապես չկա, թուրքական ապրանքները ոչ միայն էժան չեն, այլեւ շատ դեպքերում որակական առումով չեն համապատասխանում իրենց բարձր արժեքին: Այսինքն, ինչ-ինչ, բայց սպառողները չեն տուժի հաստատապես:
Մեկ այլ սպառնալիք, թե Թուրքիան էլ կարող է պատասխան քայլն անել եւ արգելել հայկական ապրանքների արտահանումը իր երկիր, որի մասին հայտարարեց անտեղյակ տնտեսագետներից մեկը, դարձյալ ծիծաղելի է: Թուրքիան վաղուց է այդպես վարվումՙ արգելելով հայկական ապրանքներն իր երկիր ներմուծելըՙ դրանց վրա ապրանքի արժեքը 10 անգամ գերազանցող մաքսավճար սահմանելով: Ժամանակին, երբ այս կացության մասին հարց ուղղեցինք էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին, թե ինչո՞ւ Հայաստանը նույնպես մաքսավճարներ չի կիրառում թուրքական ապրանքների նկատմամբ, վերջինս պատասխանեց, որ դա սոցիալական խնդիր է եւ մենք ցանկանում ենք, որ Հայաստան մտնի էժան ապրանք: Իսկապես, որ մեր երկրում մոդա է դարձել ամեն ինչ սոցիալական պատճառներով արդարացնելը:
Ի դեպ, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը արդեն շտապել է հայտարարել, որ թուրքական ապրանքների ներմուծումը հիմա արգելելու մասին խոսք չկա, որ դա պետք է ուսումասիրվի, հաշվի առնվի տարբեր հանգամանքներ, որպեսզի սոցիալական խնդիր չառաջանա: Իսկ, այնուամենայնիվ, կառաջանա՞ այդպիսի խնդիր:
Թուրքիայից ապրանք ներկրողների խավ կա: Ընդ որում, թե՛ խոշոր ներկրողներ, թե՛ փոքր: Դա սոցիալապես ապահով խավ է, քանի որ Հայաստանում թուրքական ապրանքները վաճառվում են դրա ձեռք բերման գնից առնվազն 2-3 անգամ ավելի թանկ: Այսինքն, նրանք բավականին բարձր շահութաբերությամբ աշխատում եւ աշխատել են անցած 20-25 տարիների ընթացքում: Եթե տեսականորեն ընդունենք, որ միանգամից արգելվում է թուրքական ապրանքների ներմուծումը, ապա այդ խավի համար խնդիրներ կառաջանան անշուշտ: Նրանք կունենան որոշակի դժվարություններ եւ կորուստներ, բայց ոչ անշրջելի կամ կործանարար, որոնք նրանց բարեկեցության վրա էական ազդեցություն չեն թողնի: Չեն թողնի, քանի որ այդ նույն մարդիկ եւ ընկերությունները կվերակողմնորոշեն իրենց ներմուծումը եւ կսկսեն ապրանք ներկրել այլ երկրներիցՙ Չինաստանից եւ Ռուսաստանից սկսած մինչեւ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իրան: Այլ բան է, որ գուցե իսկապե՞ս պետք չէ անմիջապես եւ կտրուկ արգելել թուրքական ներմուծումը: Այստեղ կիրառելի կլինի տարբերակված մոտեցումը:
Ըստ ապրանքների տարբերակված մոտեցում
Սննդամթերթի, հիգիենայի պարագաների, բուսական եւ կենդանական արտադրանքի, գյուղատնտեսության մեջ կիրառվող թունաքիմիկատների վրա հարկ է անմիջապես արգելք սահմանել: Նման քայլ, մեկ անգամ, մոտ 10 տարի առաջ, Հայաստանի կառավարությունը արել էր, եւ դա ոչ մի անցանկալի երեւույթ, այդ թվում սոցիալական, չառաջացրեց: Դարձյալ հակադարձենք տնտեսագիտական փայլատակումներին, թե թուրքական արտադրողը չի կարող իմանալ, թե իր ո՞ր ապրանքն է գնում Հայաստան, որ թունավորի այն: Բնականաբար, արտադրողը չի կարող, իսկ թուրքական պետությո՞ւնը: Նա՞ էլ չի կարող: Իհարկե կարող է: Միակ սոցիալական հետեւանքը այս դեպքում կարող է լինել գարնան առաջին ամիսներին բանջարեղենիՙ մասնավորապես վարունգի եւ լոլիկի բարձր գները: Կարծում ենք, որ դա ողբերգություն չէ: Առկա է դրական կողմը եւսՙ դա հնարավորություն կտա ավելի մեծ տեմպով զարգացնել տեղական ջերմոցային տնտեսությունները:
Զանգվածային սպառման մնացած ապրանքների համարՙ սկսած հագուստից, կենցաղային զանազան իրերից մինչեւ տարբեր տեսակի շինանյութեր, պետք է կիրառել այն մեթոդը, ինչ կիրառում է Թուրքիան մեր ապրանքների նկատմամբ: Սահմանել մաքսավճարներ, ճիշտ էՙ ոչ նույն չափով, այլ ապրանքի արժեքի 15 տոկոսի չափով: Նման հնարավորություն մեզ տալիս է Առեւտրի համաշխարհային կազմակեպությունը (ԱՀԿ), չնայած Թուրքիան մեզ հետ առեւտրային հարաբերությունների ժամանակ ԱՀԿ-ի կանոնները չի կիրառում: Այդ քայլը կթանկացնի թուրքական ապրանքը մեր երկրում կամ կնվազեցնի այն ներկրողների շահութաբերությունը, որի հետեւանքով թուրքական ապրանքները աստիճանաբար դուրս կմղվեն մեր շուկայիցՙ իրենց տեղը զիջելով կա՛մ տեղական ապրանքներին, կա՛մ այլ երկրներից ներմուծվողներին: Ի դեպ, հատկապես մեր թեթեւ արդյունաբերության ներկայացուցիչները մշտապես պնդում են, որ թուրքական ապրանքները անհավասար մրցակցություն են ստեղծում իրենց համար: Դրանք ներմուծվելիս հարկվում են կիլոգրամներով, իսկ տեղական հագուստի յուրաքանչյուր հատն է հարկվում: Միանշանակ է, որ լրացուցիչ մաքսատուրքի սահմանման դեպքում ներկայումս զարգացում ապրող տեղական տեքստիլ արտադրությունը հնարավորություն կունենա արդար մրցակություն ծավալել թե՛ թուրքական, թե՛ այլ ներմուծվող ապրանքների հետ:
Թուրքական ապրանքների երրորդ խումբը, որի հանդեպ, թերեւս, առայժմ հարկ է ձեռնպահ մնալ որեւէ սահմանափակող քայլերից, քանի դեռ չկա այլընտրանքը, հումքային ապրանքներն են: Կան տեղական արտադրություններ, որոնք որպես հումք օգտագործում են թուրքականը:
Այսպիսով, թուրքական ապրանքներից հրաժարվելու դեպքում նկարագրվող աղետալի սցենարները ոչ մի հիմք չունեն: Անկախ կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, հարկ է շարունակել բացատրական աշխատանքը բնակչության մեջՙ թուրքական ապրանքներ ձեռք բերելուց հրաժարվելու մասին: Ի դեպ, տարեց տարի նվազող ներմուծումն այդ երկրից հենց այդ քարոզչության արդյունք է: Եթե դա դառնա պետություն-հասարակության համատեղ պայքար, ապա մենք վերջապես կդադարենք տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում կատարել մեր թշնամի երկրի տնտեսության մեջՙ գործելով ինքներս մեր դեմ: