Թղթակից
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մոտ, Նուբար փաշայի հիմնադրած Հելիոպոլիս քաղաքում գտնվող «Կոկանյան» համալիրի սրահում ապրիլի 27-ին կայացավ Ռամկավար Ազատական կուսակցության «Արեւ» օրաթերթի (այժմ շաբաթաթերթ) 100-ամյակի եզրափակիչ հանդիսությունը, մասնակցությամբ թերթի պատասխանատու մարմինների, հին ու նոր աշխատակիցների եւ ընթերցողների, որոնց մեջ աչքի էր զարնում երիտասարդների խանդավառ ներկայությունը:
Ներկա էին Հայ եկեղեցու Եգիպտոսի, Սուդանի, Եթովպիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության հոգեւոր առաջնորդ Աշոտ եպս. Մնացականյանը, Եգիպտոսում, Սուդանում, Եթովպիայում եւ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում եւ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Հայ ազգային հիմնադրամի «Արեւ»ի վարչության ղեկավարները, ՌԱԿ-ի եւ ՀԲԸՄիության տարբեր վարչությունների պատասխանատուները, «Յուսաբեր» եւ «Ջահակիր» թերթերի խմբագիրները:
1915 թ.ին Վահան Թեքեյանի խմբագրապետությամբ սկիզբ առած թերթի 100-ամյակը իսկական տոն էրՙ այժմ խիստ նոսրացած եգիպտահայ գաղութի համար, որ, սակայն, իր եկեղեցիներով, կրթական հաստատություններով, մամուլով, ազգային-կուսակցական եւ ազգային-մշակութային-բարեգործական հաստատություններով հարուստ, ավանդույթներով լեցուն, իր կազմակերպվածությամբ օրինակելի համայնք է կազմում:
Օրվա հանդիսավարն էր Անի Պողոսյան-Թաշճյանը, որ ձեռնհասորեն ընթացք տվեց հանդիսությանը, որն սկսվեց Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի կոնդակի ընթերցմամբ, ապա շարունակվեց ՀՀ դեսպանի ողջույնի խոսքով, ՀՀ Սփյուռքի նախարարի, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի, «Արեւ»ի նախկին գլխավոր խմբագիրներից Երվանդ Ազատյանի եւ Ավետիս Եափուճյանի ողջույնի նամակների ընթերցմամբ: Հանդիսավարուհին մինչ այդ ներկայացրել էր 100-ամյա թերթի հարուստ պատմության գլխավոր դրվագները, անդրադարձել հաջորդական խմբագիրների, գլխավոր աշխատակիցների, խնամակալ մարմինների ներկայացուցիչներին, որոնք, միաժամանակ, ստեղծել են եգիպտահայ կարեւոր գաղութի վերջին 100 տարվա պատմությունը:
«Արեւ»ի պատմական դերի մասին խոսեց օրվա գլխավոր բանախոսըՙ Հայաստանից հրավիրված «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Վերջինս շեշտեց ազգային եւ կուսակցական կյանքում, հայապահպանության, հայրենասիրական ոգու դրսեւորման եւ, վերջապես, Եգիպտոսի ասպնջական պետության հավատարիմ քաղաքացիներ պատրաստելու գործում «Արեւ»ի կատարած դերը: Իր խոսքի ավարտին նա Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» շքանշանը հանձնեց «Արեւ»ի երկար տարիների անփոխարինելի աշխատակից տիկին Ալիս Տեփոյանին, ներկաների որոտընդոստ ծափահարությունների ներքո: Նույն խանդավառությամբ ընդունվեց տիկին Տեփոյանի նոր լույս տեսած ժողովածուի գինեձոնի արարողությունը:
Այնուհետեւ սկսվեց իսկական խոնախմբություն, որ անմոռանալի կմնա ներկաների հիշողության մեջ: