ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՊՐԱՀԱ. – Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նախորդ օրը եւ երեկ հանդիպում անցկացրին Վիշեհրադյան քառյակի (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա) արտգործնախարարները: Խորհրդակցությունների ու բանակցությունների համար ժամանել էին նաեւ Եվրոմիության Արեւելյան գործընկերության վեց պետությունների` Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի արտգործնախարարները, ինչպես նաեւ Եվրոմիության Եվրոպական հարեւանության եւ ընդարձակման հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ արտաքին գործողության ծառայության, Շվեդիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի արտագործնախարությունների ներկայացուցիչները:
Նախորդ օրը Չեխիայի արտգործնախարարության Չերնինի պալատում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին վերը նշված պաշտոնյաները:
Անշուշտ եվրոպացի պաշտոնյաների եւ լրագրողների ուշադրության կենտրոնում Եվրոմիության անդամ պետությունների կողմից ընդունելիք փախստականների ֆիքսված քվոտաներն ու Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնության` առանց վիզայի ռեժիմի սահմանման հարցերն էին:
Բնականաբար «Օրեր» ամսագրի ուշադրության միակ խնդիրը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ու ղարաբաղյան շրջանում աճող լարվածությունն էր:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ( Orer.eu խմբագիր ) .- Ես ներկայացնում եմ Պրահայում տեղակայված եվրոպական «Օրեր» ամսագիրը: Եվ իմ հարցն ուղղում եմ Վիշեհրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարներին: Իրականում, այժմ Կովկասում շատ լարված իրադրություն է, ուստի ես քաղաքականապես կոռեկտ չեմ լինի, իմ հարցը կլինի ուղիղ: Ադրբեջանի զինված ուժերի մի զինվոր մեկ ամիս առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ ցուցադրաբար գլխատել է Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինվորի, այնուհետեւ այդ անդամահատված գլուխը ձեռքին նկարահանվել ֆոտո եւ տեսախցիկների առջեւ: Միայն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարձրագույն պարգեւի է արժանացրել պատերազմի այդ հանցագործին այնպես, ինչպես ժամանակին պարգեւատրել էր ադրբեջանցի մարդասպանին, ով, ինչպես գիտեք, Բաքու էր արտահանձնվել Հունգարիայից:
Ցանկանում եմ իմանալ, թե ինչո՞ւ քաղաքական գնահատական չեք տալիս այս ԴԱԻՇ-ԻԼԻՊ ոճի վարքագծին` ե՛ւ զինվորի, ե՛ւ նախագահի, հետեւաբար` հենց երկրի: Շնորհակալություն:
ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ.- (Ադրբեջանի արտգործնախարար).- Այս հարցին հավանաբար ես պիտի պատասխանեմ:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.- Ոչ, պարոն Մամեդյարով, ես գիտեմ, թե Դուք ինչ եք պատասխանելու: Ես ցանկանում եմ լսել Վիշեհրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարներին:
ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ.- Ես էլ Ադրբեջանի արտգործնախարարն եմ: Եթե հարց եք տալիս, ինչպե՞ս չեք կամենում պատասխան լսել…
Ադրբեջանի արտգործնախարարին բնականաբար դուր չեկավ հարցի մեր ձեւակերպումը, ու նա, բնականաբար, երկար սկսեց կրկնել ՄԱԿ-ի 4 բանաձեւերի, Ադրբեջանի գրավյալ տարածքների ու մեզ ու միջազգային հանրությանն արդեն վաղուց հայտնի բոլոր նման դրույթները: Ի մասնավորի նա նաեւ ասաց.
ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. …ՄԱԿ-ն իր բանաձեւերում պահանջում է, ոչ թե կոչ է անում, այլ պահանջում է, որպեսզի հայկական ուժերն անմիջապես ու լիովին դուրս բերվեն Ադրբեջանի հանրապետության բռնազավթված հատվածներից: Խնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ, խնդիրն ավելացված 7 տարածքներներն են, որտեղ երբեւէ հայ չի բնակվել… Հիմնական խնդիրն այն է, որ բանը բանից անցել է… Ժամանակը ճիշտ է, մենք պետք է ճեղքում ունենանք: Հայկական կողմն ի վերջո ընդունում է, որ այսօրվա ստատուս քվոն չի կարող ունենալ այլեւս: …Հայկական զորքերը պետք է վերադարձվեն զորամասեր…
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ (ՀՀ արտգործնախարար).- (Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո). Բավականին երկար դասախոսություն էր, սակայն չտրվեց շատ ուղիղ եւ հստակ ձեւակերպված հարցի պատասխանը: Որովհետեւ ես համաձայն եմ, որ արդեն բանը բանից անցել էՙ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել: Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում եւ հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, նրանց, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված եւ կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլՙ Բաքվի ոճով, որովհետեւ դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, եւ նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում եւ քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից:
Ես չեմ անդրադառնա այս հիմնահարցի ակունքներին, սակայն շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքովՙ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը: Ինչո՞ւ չորս: Որովհետեւ յուրաքանչյուր բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ չորս բանաձեւերը ընդունվել էին մեկ նպատակովՙ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօրՙ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որեւէ հղում ԱԽ այդ բանաձեւերին: Որովհետեւ ԱԽ բանաձեւերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսինՙ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին եւ հետոՙ 1995թ. փետրվարին:
Իմիջիայլոց, այս գործողության ընթացքումՙ վերջի՛ն գործողության, ադրբեջանցի դիվանագետները փորձում էին այնպես ներկայացնել իրավիճակը, թե իբր նշված համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Վերբալ նոտա է ուղարկվել Վիեննաՙ ԵԱՀԿ քարտուղարությունՙ նշելով, թե տվյալ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Իմ գործընկերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանը նման քայլ կատարելու ցուցում չուներ, դա իր միակողմանի, անձնական նախաձեռնությունն էր: Եվ քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, եռանախագահները ստիպված էին տարածել իրենց սեփական վերբալ նոտանՙ տեղեկացնելով, որ 1994 եւ 1995թթ. երեք համաձայնագրերը անժամկետ են, եւ նրանք պետք է հարգվեն եւ ամբողջովին կյանքի կոչվեն, իսկ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը նպատակ էր հետապնդում դադարեցնելու ռազմական գործողությունները, վերականգնելու 1994 եւ 1995թթ. զինադադարի համաձայնագրերը:
Այնուհետեւ Ադրբեջանի մեկ ուրիշ դիվանագետ մեկ այլ վերբալ նոտա տարածեց Նյու Յորքումՙ ՄԱԿ-ում: Կրկին իմ գործընկերը եռանախագահներին հայտնեց, թե դա եղել է առանց իր ցուցումների, դիվանագետը դա զուտ սեփական նախաձեռնությամբ էր իրականացրել եւ տարածել այդ նամակը: Բայց քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, երեք համանախագահները, հիշեցնեմ, որ նրանք ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներ ենՙ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, ստիպված էին նախորդ շաբաթ օրը տարածել նամակՙ հայտնելով, որ 1994 եւ 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը պետք է հարգվեն լիարժեքորեն:
Ի՞նչ ունենք այսօր: Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայիՙ ապրիլի սկզբի ագրեսիայի շատ բացասական հետեւանքներ: Եվ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը եւ ապահովենք, երաշխավորենք, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է կիրառել հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ստեղծելու մասին համանախագահների առաջարկը, որը մերժվել է Ադրբեջանի կողմից եւ ընդունվել Հայաստանի եւ Արցախի կողմից: Մեկ այլ առաջարկ եւսՙ տեղում մեծացնել, ընդլայնել, ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ թիմի կարողությունները, այլ ոչ թե սահմանափակել այդ թիմի կարողությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը:
Սա այն է, ինչ ունենք, եւ Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել եռանախագահ երկրների հետ միասինՙ գտնելու հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային լուծում:
ԼՅՈՒԲՈՄԻՐ ԶԱՈՐԱԼԵԿ (Չեխիայի արտգործնախարար).- Մենք անշուշտ մեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք բոլոր վիճահարույց խնդիրներին, Արեւելյան գործընկերության տարածքի բոլոր հակամարտություններին` Ուկրաինայի Դոնբասի շրջանին, Մերձդնեստրին, սառեցված հակամարտություններին եւ բնականաբարՙ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին: Կարող եմ այստեղ հստակ ու միանշանակ նշել Վիշեհրադի անդամ պետությունների դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները, նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամատրությունը, չեն կարող կարգավորվել սպառազինությունների միջոցով, այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի վրա: Դրա համար ձեւավորված է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու հարկավոր է ուղիներ որոնել լարվածությունը թուլացնելու համար: Մեր այս հանդիպումների նման հանդիպումները կարեւոր են, քանի որ հարթակ են ստեղծում երկխոսության ու բանակցությունների համար: Պետք է ասեմ, որ երկու կողմն էլ ըմբռնումով են մոտենում Վ4-ի այս մոտեցումներին, սրանում են տեսնում ապագայի հիմքերը:
***
Վերջում նշենք, որ Չեխիան այժմ Վիշեհրադյան քառյակի նախագահող պետությունն է ու հիշեցնենք, որ հենց Եվրոմիության Պրահայի 2009 թվականի գագաթաժողովի ժամանակ սկիզբ դրվեց ԵՄ Արեւելյան գործընկերությանը: Այսօր այս գործընկերության համատեղ հրապարակված հայտարարությունում եւս նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
Եվս մեկ կարեւոր կետ` Վ4ի նախարարները շեշտել են, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հարաբերությունները Եվրոմիության հետ պետք է ձեւավորվեն առանձնակի, յուրաքանչուր պետությանը համար իր տարբերակով:
Orer.eu, Պրահա