Կառավարությունը երեկ քննարկել եւ հավանություն է տվել Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի` Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը:
Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ խորհրդարանը անհապաղ ճանաչելու է ԼՂՀ անկախությունը, մանավանդ` այդ մասին հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ավելի վաղ ակնարկել էր: Սակայն իշխանությունների օրակարգում այս հարցի ներմուծումը նշանակում է, որ այն գործողության մեջ կարող է դրվել ամեն պահ, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եթե Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսի: Օրինագծի խորհրդարան ուղարկելն ուղերձ է` նախ ուղղված Ադրբեջանին, որ նա չշարունակի սահմանային նախահարձակ բռնությունները, այնուհետեւ` աշխարհին, հասկացնելով, որ Ադրբեջանի ռազմական պահվածքի եւ այն չդատապարտելու կամ գործուն մեխանիզմներով չչեզոքացնելու պարագայում` Հայաստանին այլ ելք չի մնում, քան ճանաչման հարցն օրակարգ բերելը: Նույն Շ. Քոչարյանը, օրինագծի վերաբերյալ ԱԳՆ դրական եզրակացության հիմնավորումն այսպես է ներկայացրել`«հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում` նաեւ արտաքին գործոնները», իսկ լրագրողներին էլ ասել է, թե Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի Արցախի հետ, եթե բանակցություններում ուզում է արդյունք տեսնել, ոչ թե ձեւացնի, որ այդպիսի սուբյեկտ գոյություն չունի:
Մեր երկրի առաջին դեմքն արդեն ոչ մեկ անգամ նշել է` Ադրբեջանի ռազմական գործողությունների շարունակման եւ սպառնալիքների պատասխանն այդ կլինի: Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն այս նախաձեռնությունը կարեւոր քայլ է համարել` տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ու գրեթե փակուղում գտնվող բանակցային գործընթացը վերակենդանացնելու համար, ըստ նրա` սա ընդամենը գործընթացի սկիզբ է, որը կարող է տարիներ տեւել:
Նախօրեին արտահայտվել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ` փաստորեն փորձելով կանխել այդպիսի նախաձեռնության դրական արձագանքը մեր կառավարութունում, նշելով, թե Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում:
Դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր հանդիպում էլ մոտակայում խոստացել էր, այսինքն թե` սպասեք, էլի: «Ռիա նովոստիին» նա ասել էր, թե ապրիլի սկզբին Երեւանը վերահաստատել է, որ խաղաղ կարգավորման կողմնակից է: Սակայն Ադրբեջանի շարունակվող ռազմական սպառնալիքները մեզ ստիպում են ապահովական նոր մեխանիզմների դիմել: Երեւում է` Լավրովի պատուհանից չեն երեւում ադրբեջանական զինուժի կուտակումները Արցախի սահմանին:
Բայց մերոնք սեփական շահերի հաշվարկներն ունեն, նախանշելով, որ մոտիկ ապագայում տարածաշրջանի մակարդակով Հայաստանն ու Արցախը հայտ են ներկայացնելու միասնական որոշումնեով հանդես գալու, որքան էլ որոշ խաղացողների դա դուր չգա: Արդեն իսկ արտահայտվել է նաեւ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ` նշելով, որ ԼՂՀ ճանաչման օրինագծի հարցը Մոսկվայի հետ Հայաստանը չի քննարկել, եւ հույս հայտնել, որ կողմերը նոր լարվածության չեն գնա ու հավատարիմ կմնան բանակցային գործընթացով հարցը լուծելուն:
Ադրբեջանի արձագանքը երեկ տեղի ունեցածին արդեն տրագիկոմեդիա էր հիշեցնում: Անգամ մինչեւ քառասուն տարեկան կամավորներին պայմանագրային ծառայության համար հավաքագրելու մասին հայտարարություն է երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել, պաշտոնապես էլ բարբաջել է Հայաստանի կողմից միջազգային նորմերի խախտումից ու բանակցությունները վտանգի տակ դնելուց: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը, հույսը կտրած սեփական երկրի անհամարժեք ռազմական արկածախնդրությունից, ռուսական ԶԼՄ-ներում հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանը ողջամիտ կգտնվի ու չի ընդունի այս նախագիծը:
Դատելով ռուսական ԶԼՄ-ների արձագանքից` Ռուսաստանում միանշանակ վերաբերմունք չկա ԼՂՀ ճանաչման օրինագիծը խորհրդարան ուղարկելու վերաբերյալ` հայամետ փորձագետները ողջունում են, որոշ շրջանակներ այս իրողությունից եւս օգուտ են քաղում ու այն դուրս են գրում տարածաշրջանի համաթուրանական ծրագրերում Էրդողանի պարտության վրա, մյուսները հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածոություն են կանխագուշակում:
Մինսկի խնբի համանախագահներՙ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները դեռ դիրքորոշում չեն հայտնել` ի տարբերություն համանախագահակից Ռուսաստանի պաշտոնյաների:
Սովորաբար, երբ հայ պաշտոնյաներին հարցնում ես, թե ինչ գործընթացներ կհաջորդեն ԼՂՀ ճանաչմանը` նրանք կամ չգիտեն, կամ էլ, եթե մի բան գիտեն, աշխատում են չասել, քանի որ ոչ ոք վստահ չէ, թե ինչ հերթականությամբ են քայլերն արվելու, կամ պահի տակ ինչպե՞ս են փոխելու այդ քայլերը, հավանաբար այդ մասին միայն մեկ մարդ հստակ գիտե, եւ ընդհանրապես` Հայաստանի նախագահի մամլո խոսնակն էր ակնարկել, որ ԼՂՀ ճանաչման պահի մասին հայ հանրությունը կիմանա հենց Սերժ Սարգսյանից :
Հայաստանը, ճանաչելով Արցախը, նրա հետ միջպետական ռազմատնտեսական պայմանագրեր կկնքի, ըստ այդմ պետք է վերանայվեն Հայաստանի պայմանագրերն այլ պետությունների, այդ թվում` Ռուսաստանի հետ, վերջինիս հետ հարաբերությունները կառուցելով նոր իրողությունների հիման վրա: Բացի այդ` այժմ ընդհանրապես անկանխատեսելի իրավիճակ է, աստված չանի ռուսներն ու թուրքերը պատերազմեն, Հայաստանը հանկարծ ինչ-որ առումով ներքաշվի ու ուշադրությունը կենտրոնացնի մեր սահմանների վրա, Ադրբեջանն այդ դեպքում կփորձի կուլ տալ Արցախը: Մինչդեռ նոր պայմանագրերով իրավականորեն միասնաբար հանդես գալու հարցերը հնարավոր է լուծել: Բոլոր դեպքերում, եթե գործը հասնի Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը, որից հետո Հայաստանի սահմաններին եւս կարող է ինչ-որ առումով վտանգ սպառնալ նախ ագրեսոր հարեւանից, ապա նաեւ նրա դաշնակից մեր մյուս հարեւանից, Ռուսաստանը ստիպված կլինի աջակցել հայկական` արդեն միասնաբար հանդես եկող զույգ պետություններին, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այդ կարծիքին է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը , այդպիսով վերջերս արտահայտելով նաեւ Կրեմլին մերձ շրջանակների մտայնությունը:
Իսկ ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության ճանաչելուց հետո այլ երկրներ եւս կգնան դրան, իվերջո` նաեւ Ռուսաստանը. դրա հավանականությունը մեծ է համենայնդեպս:
Եթե այդպիսի բան լինի` Ադրբեջանը զինադադարի համար արդեն պետք է դիմի ճանաչված հանրապետությանը: Իհարկե, Արցախի եւ Հայաստանի միջեւ կնքված նոր ռազմատնտեսական պայմանագրերով` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորի որոշակի պարտականություններ ունենալու է, բայց հիմնականում Արցախի հետ պետք է գործ ունենան ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ այլ պետություններ: Չնայած` հիմա էլ զինադադարի կամ ռազմական գործողությունների մասին հայտարարություններ անում է Արցախի կամ Արցախի ՊԲ ղեկավարությունը, այսինքն` ԼՂՀ-ն առանց այդ էլ իրեն ինքնիշխան պետության պես է պահում:
Մինչեւ հիմա շատերն էին ասում, թե ԼՂՀ ճանաչելը բանակցություններից դուրս գալ է նշանակում, իսկ դա Ադրբեջանի շահերից է բխում եւ այլն:
Օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե չի կարծում, որ ԼՂՀ ճանաչման գործընթացը շուտ տեղի կունենա: Պետք է նախորդի ռազմական համագործակցության պայմանագիրը, որը դեռ մշակվում է: Էդվարդ Նալբանդյանը վերջերս ասել էր, թե այդ պայմանագրի նախագիծը մշակվում է, երբ պատրաստ լինի` կհայտարարեն:
Բայց զուգահեռ`ՀԱՊԿ-ին, Եվրոպային, բոլորին պետք է անընդհատ հիշեցնել ու բացատրել, որ Ադրբեջանն ագրեսոր է, որ իրեն պահում է ԻԼԻՊ ահաբեկիչների նման, դիմել միջազգային ատյաններին` անընդհատ ապացույցներ ներկայացնելով Ադրբեջանի հանցավոր ձեռագրի մասին, նրա բանակում Թուրքիայի ուղարկած ահաբեկիչների առկայության մասին: Պետական կառույցներին զուգահեռ` ամենքս մեր տեղում սա պիտի անենք:
Այս իմաստով գովելի է եվրոպական «Օրեր» ամսագրի մեր գործընկեր Աննա Կարապետյանի պահվածքը, որն օրերս Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած Վիշեգրադյան քառյակի հանդիպումից հետո ասուլիսում քառյակի արտգործնախարարներին հարց էր ուղղել` ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի կողմից ԴԱԻՇ-ԻԼԻՊ ձեռագրով հայկական բանակի պատանդ զինվորներին գլխատելու փաստի եւ այդ հանցագործ ոճը դատապարտելու անհրաժեշտության մասին, որին ի պատասխան մեր արտգործնախարար Է. Նալբանդյանը եւս հնարավորություն էր ստացել բարձրաձայնելու հայկական տեսակետը: