ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ
Յուրաքանչյուր հայորդի, Հայաստանում ապրելիս լինի թե աշխարհի որեւէ այլ անկյունում, բնականաբար նույն տեսլականն ունի: Այլ հարց է, որ շատերն այդպես լոկ մտածում ու մտովի ցանկանում են, մինչդեռ քչերն են քայլեր անում եւ ջանքեր գործադրում այդ տեսլականն իրականություն դարձնելու եւ ի կատար ածելու ուղղությամբ:
Ամերիկաբնակ մեր հայրենակից Հրաչ (Հարրի) Թուֆայանն այդ քչերից է: Ավելինՙ նա ոչ միայն հեռվից հեռու է իր նպաստը բերում հայրենաշինության գործին, այլեւ պարբերաբար այցելում է հայրենիքՙ տեղում տեսնելու նոր իրագործումներն ու իր մայր երկրի առաջընթացը:
«Արյամբ է գալիս Հայաստանին օգնելու ցանկությունս»,- մի առիթով ասել է Հրաչ Թուֆայանըՙ նկատի ունենալով եղեռնից մազապուրծ ծնողներին եւ օտարության մեջ անցկացրած իր մանկությունը: Ծնվել է Եգիպտոսի Հելիոպոլիս քաղաքում եւ մեծացել Արարատի փեշերին գտնվող հայրենիքի տեսիլքով: Յոզգաթցի հայրն ու իզմիրցի մայրն իրենց 4 զավակներին փոքրուց են դաստիարակել հարազատ ժողովրդին նեցուկ կանգնելու եւ աջակից լինելու գիտակցությամբ: Ու երբ 1983-ին Հրաչ Թուֆայանն առաջին անգամ եկավ Հայաստան, անհագորեն ծանոթացավ իր հայրենակիցների կյանքին, նրանց ուրախություններին ու դժվարություններին:
1988-ի երկրաշարժն էլ ասես ազդակ հանդիսացավ գործի դնելու իր սերն ու նվիրումն առ հող հայրենին: Այն օրերին նա հանդիպեց երջանկահիշատակ Վազգեն Ա վեհափառ հայրապետի հետՙ նախանշելով սեփական անելիքները: Վերադարձին հաց թխելու սարքավորումներ ուղարկեց հայրենիք: Բանն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո Հրաչ Թուֆայանը շարունակելի էր դարձրել հոր գործըՙ հացաթխման արտադրություն հիմնելով Նյու Յորքում, Նյու Ջերսիում, ապա եւ Ֆլորիդայում: Նրա արտադրած հացն իր որակով ու հարուստ տեսականիով այսօր մեծ համբավ ունի ԱՄՆ շատ նահանգներում, ինչպես նաեւ կենտրոնական Ամերիկայում ու Կարիբյան ավազանի երկրներում:
«Լավաշի արքան» (այսպես են հաճախ նրան կոչում ամերիկացիներն ու ամերիկահայերը) իր միջոցներով որոշեց հիմնանորոգել Էջմիածնում գտնվող Հայորդվոց տունը, որի հյուրընկալ դռները բացվեցին 2003թ. հունիսի 1-ին: Այժմ այդտեղ 600-ից ավելի պարման-պարմանուհիներ են հաղորդակցվում արվեստի (երգարվեստ, պարարվեստ, երաժշտական տարբեր խմբեր, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ) եւ սպորտի գաղտնիքներին, ստանում հոգեւոր դաստիարակություն եւ մերձենում ազգային ավանդույթներին: Այդտեղ է տեղակայված այն բարեգործական ճաշարանը, որտեղ Թուֆայան ընտանիքի առատաձեռն օժանդակությամբ շուրջ 200 տարեցներ ամենօրյա անվճար սնունդ են ստանում:
Ամերիկահայ բարերարը, սակայն, փնտրում էր գործունեության նոր հորիզոններ եւ բարեգործության նոր հասցեներ: Այդ ժամանակ էր, որ ճակատագիրը նրան առնչեց հայրենիքում բարեգործական բազում ծրագրեր իրականացնելու հարուստ փորձ ունեցող կազմակերպությանՙ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի հետ: Վերջինս դեռ տարիներ առաջ էր ուրվագծել Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն (նախկին Չանախչի) գյուղի տնտեսական զարգացման ծրագիրը, որն այդպես էլ առկախ էր մնացել: ՀՕՖ-ի ներկայացուցիչների հետ այցելելով 1200 բնակիչ եւ Նախիջեւանի հետ մոտ 15կմ ընդհանուր սահման ունեցող հայկական այդ բնակավայրՙ Հրաչ Թուֆայանն անմիջապես իր ուշադրության տակ առավ գյուղի մանկապարտեզը, որ երկար տարիներ պարապուրդի էր մատնվել համայնքային միջոցների անբավարարության պատճառով:
Ստանձնելով նորոգության հովանավորությունըՙ սկզբում շենքի մի հատվածի վերակառուցումը ֆինանսավորեց: Հիշում եմ 2011-ի աշնանը տեղի ունեցած բացման հանդիսության այն պահը, երբ հուզված բարերարը բեկբեկուն ձայնով ասաց. «Ե՛ս եմ շնորհակալ բոլորիդ, որ անտեսելով բազում դժվարություններՙ շարունակում եք կառչած մնալ ձեր մայր հողին: Մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք, մի մեծ ընտանիքի անդամներ»: Հաջորդող տարիներին նույն բարերարի հատկացրած միջոցներով եւ ՀՕՖ-ի գործուն մասնակցությամբ ողջ կրթահամալիրը ենթարկվեց ամբողջական հիմնանորոգման. հիմնապատերը լիովին ջրամեկուսացվեցին, կատարվեցին ջրահեռացման աշխատանքներ, ամբողջապես փոխվեց տանիքը, կառուցվեց ընդարձակ խաղահրապարակ: Այսօր գյուղի ամենալուսավոր կետը հանդիսացող այդ շենքում են տեղակայված նախակրթարանը եւ մանկապարտեզը, որի շուրջ 4 տասնյակ սաներ ստանում են պատշաճ նախադպրոցական դաստիարակություն: Անկարեւոր չէ նշել, որ արվածի արդյունքում բացվեց վեց նոր աշխատատեղ, որն ըստ բարերարի շատ քիչ էր համայնքի ընդհանուր կարիքների համեմատ:
Հարկ էր մտածել գյուղացիների նախասիրած զբաղմունքիՙ այգեգործության ոլորտում անելիք քայլերի շուրջ: Բանն այն է, որ բացի հանճարեղ բանաստեղծ Պարույր Սեւակիՙ Զանգակատանը ծնված լինելու հանգամանքից, գյուղը վաղուց ի վեր հայտնի էր իր անմահական խնձորով: Այն իր մեջ կրում է լեռնային գոտու համն ու արեւի ջերմության բույրը: Պտուղը, սակայն, երկար պահել չէր լինում համապատասխան պահեստարաններ չլինելու պատճառով: Գյուղացին սովորաբար բերքը տեղավորում էր տան նկուղային հարկերում, որտեղ այն կորցնում էր թե՛ քաշը, թե՛ հյութեղությունն ու համային մյուս հատկանիշները: Որոշվեց հատուկ այդ նպատակով շուրջ 150տ տարողությամբ սառնարան կառուցել, որտեղ կարելի կլիներ տարին բոլոր առաջին թարմության միրգ-բանջարեղեն պահել: Եվրոպայից ներկրված սարքավորումներն էլ թույլ կտային ապահովել կայուն ջերմաստիճան եւ նպաստավոր այլ պայմաններ:
Հետաքրքրականն այն է, որ գործարկման առաջին տարումՙ 2012-ին, հատուկենտ այգեգործներ օգտվեցին սառնարանի ծառայություններից. ծրագիրն անսովոր էր, ուստի եւ հավատ չներշնչող: Երկու-երեք տարի պիտի անցներ մինչեւ գյուղացին համոզվեր նորամուծության արդյունավետության մեջ: Այժմ արդեն իրենց տանձն ու խնձորը պահ են տալիս ոչ միայն զանգակատունցիք, այլեւ շրջակա բնակավայրերի բնակիչները, իսկ դրանք ձեռք բերելու համար գալիս են նույնիսկ հարեւան երկրներից: Մեր բարերարի գործուն մասնակցությամբ հաջողվեց կարծրացած մտածելակերպը փոխել, կերտել ընկերային-սոցիալական նոր միջավայր: Պատահական չէ, որ Զանգակատնից վերջին տարիներին այլեւս արտագնա աշխատանքի չեն մեկնում. եկամտաբեր է դարձել տեղական աշխատանքը: Հայրենասեր հայորդուն սա մեծ գոհունակություն է պատճառում, քանի որ նրան շատ է մտահոգում արտագաղթը հայրենի երկրից: Գյուղական համայնքի ապագային միտված քայլ էր նաեւ կրթավճարի տրամադրումը Երեւանում սովորող 2 ուսանողների, ովքեր ուսման ավարտից հետո վերադառնալու են հարազատ բնակավայր:
Ոգեւորված գյուղացիներն ու գյուղապետ Էմին Սահակյանն իրենց հովանավորին նոր խնդրանք ներկայացրինՙ ընդարձակելու ոռոգելի հողատարածքները: Դրա համար հարկ պիտի լիներ ոռոգման նորՙ 1,8կմ երկարությամբ ջրագիծ անցկացնել, որի շնորհիվ ոչ միայն երեք անգամ կարագանա ջրաշրջանառությունը, այլեւ կհիմնվեն շուրջ 100հա մակերեսով նոր այգիներ: Հրաչ Թուֆայանը հանձնառու եղավ նաեւ այս ծախսատար ծրագրի իրագործմանըՙ ի շահ հայ գյուղացու բարօրության: ՀՕՖ-ն արդեն իրականացնում է նախագծային-նախահաշվային աշխատանքներՙ մեկ-մեկուկես ամսից գործին մեկնարկ հաղորդելու համար:
Այս ամենի մեջ հետաքրքրական եւ ուսանելի մի բան եւս կա, որին արժե հատուկ անդրադարձ կատարել: Բանն այն է, որ գերդաստանի նահապետը մենակ չէ իր բարեգործական առաքելության մեջ. նրան սատար են թե՛ կինըՙ Սյուզանը եւ թե՛ 3 զավակներըՙ Գրեգը, Քրիստինան եւ Կարինը: Տիկին Սյուզանը հայուհի չլինելով հանդերձՙ միակամ է ամուսնու հետ նրա բոլոր հայրենասիրական ձեռնարկումներում: Նա եւս ուզեց, որ իր երեխաները մանկուց հայկական կիրակնօրյա վարժարաններում սովորեն, հայոց եկեղեցի հաճախեն: Այժմ նրանց 7 թոռները Հովնանյան ազգային վարժարանի սաներ են եւ վարժ տիրապետում են հայերենին: Թուֆայան ընտանիքն օտար երկնքի տակ պահում-պահպանում է ազգային սովորույթներն ու կենցաղավարությունը. ապրում են միասին, աշխատում միասին, հանգստանում միասին եւ բարի գործեր անում միասին: Նրանց գործունեության առանցքն, իհարկե, Հայաստան աշխարհն է, շուտով քառորդ դարը բոլորող Հայաստանի Հանրապետությունը: Ուրախալին այն է, որ զավակները սիրով են շարունակում հոր գործը: Որդինՙ Գրեգ Թուֆայանը, որ արդեն մի քանի տարի ընդգրկվել է ՀՕՖ-ի Տնօրենների խորհրդի կազմում, հանդես է գալիս նորանոր նախաձեռնություններով: Հիշատակենք դրանցից վերջինը. նա որոշել է հացաթխման նորագույն սարքավորումներ նվիրել Հայաստանյայց առաքելական եկեղեցու Տավուշի թեմինՙ տեղում որակյալ հացի արտադրություն կազմակերպելու համար:
Ի գնահատումն Հրաչ Թուֆայանի ջանքերի ու նվիրումիՙ Գարեգին Բ Վեհափառ հայրապետը նրան պարգեւատրել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարությունը շնորհել «Պողոս Նուպար» մեդալ:
Լրացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարվա Ապրիլի 24-ին, այս տարի եւս Հրաչ Թուֆայանն իր ընտանիքով ժամանել էր Երեւան եւ բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` խոնարհվելու հավերժական կրակի առջեւ: Նրա խորին համոզմամբ, մեր պապերի վրեժը լուծելու ամենաճիշտ ձեւը Հայաստանի հզորացումն է:
Նկար 1. Թուֆայան ընտանիքը