Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՄ, ԱՊՐԻԼԻ 7-Դ ՇՆՈՐՀԱՎՈՐ

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Համերգի փորձի գնաց: Ջութակը հանեց պատյանից: Հեռախոսը պիտի անջատեր, նոր նստեր նոտակալի առջեւ. չանջատեց: Միգուցե հենց փորձի ժամանակ որդին զանգի: Քանի օր է լուր չունի: Վերջին անգամ ապրիլի 2-ի առավոտյան զանգեց. ձայնի մեջ տագնապ կար, հասցրեց մի նախադասություն ասելՙ մամ, ես լավ եմ, չմտածես: Ու կապն ընդհատվեց: Գույժն ալիքվեց. պատերազմ է: Հիմա մատներն են միայն նվագում. ալպինիստն ինչպե՞ս է մի ձեռքով կախվում ժայռի ծերպերից, այդպես էլ ինքն է մտքով կախվել կողքին դրված հեռախոսից, աղերսում էՙ զանգիր, դե, հոգիս բերանս տվիր, զանգիր էլի: Չի զանգում:

Դիրիժորի միտքն էլ էր ինչ-որ բանից կախված. հաստատ ոչ Բելլինիի երաժշտությունից: Օպերա է. համերգի օրը կնվագեն: Պատերազմ է, բայց չի կարելի պատերազմը սգի վերածել: Այս օրերին ժողովրդի գլխին կախված ճնշող լռությունը պետք է թեկուզ մեկ-երկու ժամով ցրել: Պիտի նվագեն. համերգը չի հանվել:

Նվագախումբը փորձը վերջացրեց. բեմի լույսերն անջատեցին, գնացին. որդին չզանգեց: Օպերայի պրեմիերան էլ նվագեցին. որդին էլի չզանգեց:

Տուն եկավ. դուստրը դեռ դպրոցական շորերով էր, դասագիրքըՙ ձեռքին: Ձայն չհանեց. ուրիշ ժամանակ կբարկանար, որ շորերը չի փոխել: Մի կերպ շուրթերը ձգեց-ժպտաց, համբուրեց դստեր ճակատը: Մտավ խոհանոց. աղջիկը չէր ճաշել:

– Մարի, էդպես չի լինի, ինչո՞ւ չես ճաշել:

– Փաստորեն, Նարեկը չի զանգել,- գլուխը գրքից չբարձրացնելովՙ ասաց աղջիկը:

– Կզանգի, Մարի, մերոնք Թալիշը հետ են վերցրել, գրավված դիրքերը, երկու ադրբեջանական գյուղ էլ հետը: Կզանգի, չի կարող չզանգել: Հենց լսում եմ, որ մերոնք տանկ կամ անօդաչու սարք են խփել, ինձ թվում է, որ Նարեկն է արել: Իմ տղան հերոսության ընդունակ քաջ է, մի զանգն ի՞նչ է, որ մեզ չուրախացնի: Արի, արի, գնանք ճաշենք,- ձայնին վստահ երանգ տալով ասաց մայրը:

Մարին շշնջաց. «Անօդաչու սարք կխփի, բայց որ չի զանգում…»:

Լուռ ճաշեցին: Մայրն աչքի պոչով տնտղեց դստեր դալուկ դեմքը: Մարիի այտոսկրերը ցցվել էին, աչքերըՙ խունացել, իսկ նա ընդամենը 13 տարեկան էր:

Երբ Նարեկը ծնվեց, ինքը հայր, եղբայր ու քեռի էր կորցրել Ղարաբաղում: Ցուրտ ու մութ տարիներն էին: Հարեւանները խավիծով ու ձկան կոտլետով եկան երեխատես: Լուսիկ տատը հետ քաշեց Նարեկի երեսի ծածկոցը, թու-թու-թո՜ւ արեց, խաչակնքեց ու ասաց. «Ցեղդ պիդի շարունակես, մանչս: Ադանկ է. Աստված վերցուածը տեղը կդնե: Մեծ պապիդ, մորեղբորդ չապրած տարիներն Աստված թող քըզի բաշխե: Ջարդերեն ետքը մայրս հինգ մանչ ծնավ: Կըսենՙ ցեղին գենն ադանկ կվերականգնվի. բնության օրենք է: Պատերազմեն ետքը շատ տղաք կծնվին. անոնք ալ զինվոր կդառնան իրենց ժամանակին: Ադանկ է»:

Լուսիկ տատի վերջին բառերից մարմնով սարսուռ անցավ. Արցախում հերոսացած հարազատների կորստի ցավը դեռ ոռնում էր իր որովայնում: Այս ի՞նչ է ասում Լուսիկ տատը. իր Նարեկը զինվո՞ր պիտի դառնա: Չէ, ինքը կփախցնի նրան, արտասահման կտանի:

Քույրն Ամերիկայում ամուսնացավ: Մի քանի տարի հետո գործերը դասավորեց, վիզա տվեց իրենց, որ Գլենդել գնան: Նարեկը հրաժարվեց ու դեռ Մարիին էլ իր ջրերը գցեց: «Ես Ամիրկա ցեմ գա, ապերս էլ ցի գա»,- ոտքը գետնին խփելով ասում էր աղջնակը: Իսկ Նարեկը քրոջն էր նայում ու քթի տակ խնդմնդում: Ամերիկա չգնացին: Նարեկը ինստիտուտն ավարտեց ու զորակոչվեց:

Միայն թե վիճակահանության ժամանակ Ղարաբաղ չքաշես, Նարեկ ջան:

Քաշեց. Ղարաբաղ, «Եղնիկներ»: Ոտքերը թուլացան, անթեղված ցավը որովայնը նորից սուր ծակեց:

Նարեկին քեֆ-ուրախությամբ ճանապարհեցին «Եղնիկներ»: 5 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտի, տուն գա, ու… պատերազմ:

Մոտեցավ պահարանին: Զինվորական համազգեստով, սերժանտի ուսադիրներով որդին հրամանատարի հետ լուսանկարվել էր. ձեռքին շնորհակալագիրն էրՙ բարեխիղճ ծառայության համար: Զինավարժությունների ժամանակ Նարեկն ուղղակի փայլել էր մարտական պատրաստականությամբ ու գիտելիքներով:

Լուսիկ տատի ձայնը հեռուներից եկավ, ճեղքեց սենյակի լռությունը. «Պատերազմեն ետքը շատ տղաք կծնվին. անոնք ալ զինվոր կդառնան իրենց ժամանակին: Ադանկ է»:

Հետ շրջվեց. ոչ ոք չկար. ականջները ձեռքի ափերով փակեց ու փլվեց որդու մահճակալին: Տե՜ր Աստված, այս ի՞նչ օրենքներ ես սահմանել. Մեծ եղեռնի ժամանակ ամենից շատ տղամարդիկ կոտորվեցին. ազգը վերածնվեց, ու ծնվողների մեծ մասը տղաներ էին, նրանք գնացին պատերազմՙ գերմանացիների դեմ կռվելու: Զոհվեցին, չեկան, նորից ծնվեցին ու նորից մեծ մասամբՙ տղաներ, նրանք էլ Արցախում զոհվեցին, նոր սերունդը վերականգնեց հայի գենը: Դարձյալ ավելի շատ տղաներ ծնվեցին, քան աղջիկներ: Վիճակագիրները նույնիսկ անհանգստանում էին, որ յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով նույն տարիքի 118 տղա կա Հայաստանում: Ի՞նչ է, անհավասար թիվը հավասարեցնելու ժամանակը եկե՞լ է, տե՛ր Աստված, եկել է, հա՞: Իր նման քանի՜-քանի մայր է հիմա սենյակի լռության մեջ որդու դիմագծերն ուրվագծում, նրա ձայնը ծրարում ականջների մեջ ու աղոթում, որ հայոց երկինքը խաղաղվի, ու առավոտը բարի լուրով բացվի: Եթե Նարեկն իմանա, որ ինքն այսքան նվնվում է, հաստատ խիստ կբարկանա: Ասում էր. «Մա՛մ, գիտե՞ս ոնց եմ հպարտանում պապիկով ու քեռիով, ուզում եմ գնամ նրանց կռված տեղերը, նրանց թափած արյանն արժանի լինեմ, մա՛մ»:

«Գնացիր, Նարեկ ջան, հենց պապիդ ու քեռուդ կռված տեղերը գնացիր: Հպարտ եմ, տղաս, հպարտ եմ, որ հերոսկան արյուն է հոսում երակներումդ, բայց զանգիր, խնդրում եմ, զանգիր»,- շշնջաց:

Լույսը ծիկրակեց վարագույրի արանքից: Արթնացավ. քնել էր որդու մահճակալինՙ հենց այդպես շորերով: Հեռախոսը զնգաց: Դեռ քունը գլխին էր. քանի գիշեր աչք չէր փակել. լուսաբացը համակարգչի առաջ էր դիմավորել, շունչը պահածՙ Արցախից եկող լուրերին հետեւելով: Գլուխը մի կերպ բարձից պոկեց, քունքերի հատվածում ուժեղ ցավ զգաց: Ձեռքը տարավ հեռախոսին: Անծանոթ համար էր. մեկ ուզեց չպատասխանել, բայց մեխանիկորեն սեղմեց կոճակըՙ ալո:

– Մամ, բարի լույս, մամ ջան, ո՞նց ես, ապրիլի 7-դ շնորհավոր…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ

Հաջորդ գրառումը

ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ՏՕՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ՏՕՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական