Սիրիայում սանձազերծված պատերազմի ընթացքում ահաբեկիչներին ուղղակիորեն օգնում են Թուրքիան եւ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը: Ինչ վերաբերում է Արեւմուտքի երկրներին, Սիրիայում կռվող գրոհայիններին աջակցում են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, իսկ մյուսները պարզապես դիտում են: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ գործակալության թղթակցին տված հարցազրույցում:
«Ահաբեկչությունՙ ահա՛ իսկական խնդիրը: Մենք պարտավոր ենք դրա դեմ մարտնչել միջազգային մակարդակով, քանի որ ահաբեկչությունը վերաբերում է ոչ միայն Սիրիային, այլեւ Իրաքին, մյուս երկրներին: Ահաբեկիչներին ուղղակիորեն օգնում են Թուրքիան, Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը, ինչպես նաեւ Արեւմուտքի պետությունների մի մասը, հատկապես Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան», ասել է Սիրիայի նախագահը:
«Ինչ վերաբերում է մնացյալ պետություններին, նրանք նայում են, դիտում: Այս հարցի առնչությամբ նրանք որեւէ լուրջ աշխատանք չեն կատարում», ընդգծել է Ասադը:
Թուրքիայի կողմից ահաբեկչության աջակցման մասին ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանը: ՌԴ ԱԳՆ-ում մասնավորապես նշել էին, որ Մոսկվան մտահոգված է Թուրքիայից սիրիական տարածքի գնդակոծումներից եւ դրանք գնահատում է որպես անսքող աջակցություն ահաբեկիչներին եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի խախտում:
Սիրիայում 2011 թ. մարտից շարունակվող զինված հակամարտությունը, ՄԱԿ-ի տվյալներով, առնվազն 220 հազար մարդու կյանք է խլել: Կառավարական զորքերի դեմ կռվում են տարբեր զինված կազմավորումների, մանավանդ «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայիններ:





