Արդի աշխարհում ի հայտ է եկել պատերազմի մի նոր տեսակՙ հիբրիդային պատերազմ: Այն արդեն մղում են շատ պետություններՙ այլոց դեմ:
Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցերով խորհրդականըՙ Սերգեյ Գլազյեւը, 2016թ. մարտի 29-ին հայտարարել է, որ պատժամիջոցները այն հիբրիդային պատերազմի տարրերն են, որն Ամերիկան մղում է ընդդեմ Ռուսաստանի:
Ըստ ՌԴ նախագահի խորհրդականի, ««դա տեղի է ունենում ոչ այն պատճառով, որ նրանց դուր չի գալիս Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, այլՙ քանզի ԱՄՆ-ին պատժամիջոցներին դիմելու է դրդում ամերիկյան տիրող օլիգարխիայի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ շահերի համադրությունը»»:
Գլազյեւը նշել է, որ ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային գերիշխանությունը, արդեն զիջում է Չինաստանին բարձր տեխնոլոգիաների արտադրության եւ արտահաման ծավալներով: Չինաստանը սրընթաց հասնում է ԱՄՆ-ին գիտնականների եւ ճարտարագետների թվաքանակով, եւ բազում առաջատար չինական մշակումներ նվաճում են համաշխարհային շուկաները,- հաղորդում է ռուսաստանյան ««Լենտա.ռու»» համացանցային լրատվամիջոցը:
Ըստ Գլազյեւի ԱՄՆ-ում գերիշխող հաստատությունների համակարգը, որն ապահովում է ֆինանսական օլիգարխիայի իրավունքները, հանգեցրել է ամերիկյան արժեթղթա-ֆինանսական համակարգի ապակայունացմանը, որը գործնականում տարեկան երկու դեֆոլտի միջով է անցնում:
Նա նաեւ նշել է, թե սուբյեկտիվ այսինքն ենթակայական կողմից ԱՄՆ-ի քաղաքական իսթաբլիշմենթը դաստիարակված է XIX դարի աշխարհաքաղաքագետների հիվանդագին երեւակայության հրեշավոր կերպարներով:
«Մենք պետք է ելնենք իրական հակասություններից, որոնք դրդում են Միացյալ Նահանգներին ագրեսիայիՙ նախահարձակման, որը հղի է ամբողջ աշխարհի դեմ հիբրիդային պատերազմի ռիսկով: Որպես հարվածի գլխավոր ուղղություն նրանք ընտրում են Ռուսաստանը, իսկ որպես ավերման գլխավոր միջոցՙ Ուկրաինան, որը զինակալված է ԱՄՆ-ի կողմից»,- նկատել է Գլազյեւը:
Ըստ երեւույթին, հիբրիդային պատերազմն սկսել է տարածաշրջանային մասշտաբներից դուրս գալ եւ միտում ունի վերաճելու համաշխարհայինի: Համենայն դեպս, Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն սկսել են մեղադրել ԱՄՆ-ին Ռուսաստանի, իսկ ապագայում, հավանաբար, ամբողջ աշխարհի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար:



