Բժիշկ Վահրամ Անդրեասյանին աշխատանքից ազատել են։ Կան բազմաթիվ բժիշկներ, որոնց կարելի է եւ պետք է աշխատանքից ազատել, բայց ազատել են Վահրամ Անդրեասյանին։ Բանն այն է, որ մարտի 4-ին (այդ մասին հայտնի դարձավ անցնող շաբաթ) մայրաքաղաքի սիրահարների այգում հանգստացող քաղաքացիները զանգահարել են շտապօգնություն եւ տեղեկացրել, որ այգում մի ծերունի իրեն լավ չի զգում, պառկել է գետնին։ Այն, որ գետնին պառկելը լավ չզգալու նշան է, փաստորեն, չգիտեինք, փաստորեն այդպես է, բայց քանի որ դա այլ խոսակցություն է, դառնանք մեր թեմային։ Շտապօգնության մեքենան ժամանել է դեպքի վայր, զննել են ծերունուն, ով հրաժարվել է գետնից բարձրանալ եւ գոնե նստարանին նստել, ապա, քանի որ մարդը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց, թողել են նրան եւ հեռացել։ Որոշ ժամանակ անց, նույն այգում նույն ծերունու հետ կապված, բայց այլ քաղաքացիներ են ահազանգել շտապօգնություն, որը կրկին անձնակազմ է ուղարկել այգի։ Այս անգամ բժիշկը եղել է Վահրամ Անդրեասյանը։ Նա, ինչպես հարկն է զննել է ծերունուն, գիտակցությունըՙ տեղն է եղել, ճնշումըՙ նորմայի մեջ, այսինքն այդ պահին եւ այդ տեղում ինչ հնարավոր եղել է բժիշկ Անդրեասյանն արել է։ Համացանցում տարածված տեսանյութում պարզ լսվում է, որ Անդրեասյանը նաեւ հորդորել է ծերունուն բարձրանալ եւ նստել, եւ ծերունին մերժել է բժշկի հորդորը, ինքն իր հերթին հորդորելով բժշկին, որ վերջինս հանգիստ մնա, ինչին բժիշկ Անդրեասյանը շատ հանգիստ տոնով ասել էՙ ես հանգիստ եմ։ Ապա ծերունին կրկին անգամ հրաժարվել է հիվանդանոց գնալուցՙ լրացնելով հիվանդանոց տեղափոխվելուց հրաժարվելու իր ստորագրությամբ փաստաթղթերը։ Բժիշկ Անդրեասյանը եւս մեկ անգամ նրան է դիմելՙ ասելովՙ հիմա գալի՞ս ես հիվանդանոց, ծերունին ասել էՙ ոչ, բժիշկն էլ ասել էՙ ջհանդամը գաս, ասել է եւ հեռացել։
Շտապօգնության հեռանալուց հետո հավաքված քաղաքացիներին այդուհանդերձ հաջողվել է նստեցնել ծերունուն, վերջինս նաեւ հայտնել է, որ ինքը հիվանդանոց չի գնում, քանի որ բժիշկներին չի վստահում եւ բժիշկները շատ էլ իզուր էին արել, որ եկել էին։
Այս համատեքստում Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտարարել է, որ բժիշկ Անդրեասյանը կրելու է իր պատիժը, քանի որ բժիշկն իրավունք չունի նման խոսելաոճ դրսեւորել հիվանդի հետ զրույցում։ Թե որտեղի՞ց է համոզված տիկին Ստեփանյանը, որ սիրահարների այգում պառկած ծերունին հիվանդ է, մենք չգիտենք, համենայն դեպս գետնին, անգամ դատարանի գետնին պառկելը հիվանդության նշան չէ։ Բացի այդ, բժիշկ Անդրեասյանը նրան նախնական զննության է ենթարկել եւ պարզել, որ հիվանդ չէ։ Գուցե տիկին Ստեփանյանն իր բժիշկների՞ն չի հավատում կամ չի վստահում, այդ պարագայում գուցե ի՞նքը ամեն օր գնա ամեն շտապ կանչի հետքերով, համ էլ կպարզվի, թե որքանո՞վ են ամուր տիկնոջ նյարդերըՙ զանազան հիվանդների եւ հիվանդ ձեւացողների հետ զրույցներում։
Իրականում, գոնե տեսանյութից չի երեւում, թե ինչի՞ համար է պատժվել բժիշկ Անդրեասյանը. քաղաքացու ճնշումը չափելո՞ւ, թե՞ նրա գիտակցությունը ստուգելու համար, գուցե հիվանդանոց տեղափոխվելու հորդորի՞, կամ նրան ամեն կերպ նստեցնելու փորձի՞։ Գուցե բժիշկը մեղավոր է, որ ծերունուն ասել է, թե ամոթ է, այ մարդ, ինչո՞ւ ես պառկել, բա էս երեխաները քեզանից ի՞նչ են սովորելու… Ավելի շատ հնարավոր է, որ բժիշկ Անդրեասյանն ազատվել է աշխատանքիցՙ ջհանդամը բառն օգտագործելու համար, ընդ որում, ոչ թե որովհետեւ այս բառը հայերեն չէ, այլ որովհետեւ բժիշկն իրավունք չունի նման բառ օգտագործելՙ հիվանդի կամ իր այցելուի հասցեին։ Բայց, եթե ջհանդամ բառն օգտագործած ամեն բժիշկ ազատվեր աշխատանքից, ապա մենք այսօր բժիշկ չէինք ունենա, Թագուհի Ստեփանյանն էլ կլիներ ոչ մեկի տնօրենը, եւ քանի որ ոչ մեկին ֆիզիկապես չէր կարող միայնակ շտապօգնություն ցուցաբերել, ամեն երրորդ ահազանգին կպատասխաներՙ ջհանդա՛մը։
Հիմա ծերունին իրեն լավ է զգում, չնայած կնոջից բաժանված է, երկու երեխաներից մեկն էլ Ամերիկայում է, մյուսըՙ Անգլիայում։ Հայտնի չէ, թե գիտի՞ արդյոք ինքը, որ իրեն առաջին բուժօգնություն ցուցաբերած բժշկին ազատել են աշխատանքից, բայց, կարծում եմ, դժվար չէ ասել, թե ի՞նչ կասի ծերունին, երբ իմանա այդ մասին։ Դժվար չէ ասել, քանի որ մենք, եթե հիվանդ ենք, ապաՙ ջհանդա՛մը որ հիվանդ ենք, որովհետեւ փող չունենք եւ քանի որ բժիշկներին չենք վստահում։ Եթե բժիշկ ենք, ապաՙ ջհանդա՛մը, որ հիվանդ են, քանի որ փող չունեն եւ առողջության մասին հոգ տանելու պատրաստակամությունը սահմանափակվում է կենացային մակարդակով սոսկ։ Մենք հիվանդացել ենք շատ լուրջ հիվանդությամբ, լուրջ, բայց բուժելի, բուժելի, բայց անտանելի, անտանելի եւ սուր վարակիչ։ Այդ հիվանդությունը հենց այդպես էլ կոչվում էՙ ջհանդա՛մը։ Ջհանդամը, որ հիվանդ ենք, ջհանդամը, որ հիվանդ են, որ մեզ փող են տալիս, որ ընտրվեն, որ փող ենք տալիս, որ ընտրվենք, ջհանդամը, որ բարեկամների կենացը այլեւս վերանվանվել էՙ հեռավոր բարեկամների, քանի որ նրանք հեռու են ապրում մեզանից, ջհանդամը, որ երկրում ավելի շատ տուն կա, քան տնավոր, ավելի շատ գազանություն կա, քան գազան, ավելի հաճախ դանակահարում են, քան սիրում, որ ծնողներն իրենց փոքրիկ աղջիկներին սովորեցնում ենՙ ով քեզ հարվածի, քարով գլխին տուր, բայց պատժում են, երբ սիրահարվում է։ Ջհանդամը, որ Երեւանն այս տարի 2800 տարեկան կդառնա, բայց արտաքին տեսքից 28 տարեկան էլ չես տա… Ջհանդամը, որ այս բառը հայերեն էլ չէ, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որ Հայաստանի Հանրապետություն կա, որը շահեր ունի եւ որտեղ մարդիկ են ապրում, այդ թվում այս իշխանությունը, որին չենք վստահում, այս ընդդիմությունը, որին չենք վստահում, այս բանկիրներն ու դատավորները, որոնց չենք վստահում, վաճառականներն ու քահանաները, որոնց չենք վստահում, բժիշկներն ու լրագրողները, որոնց չենք վստահում…
Մեզ իհարկե բժիշկներ են պետք, այդ թվումՙ բժիշկներին, մանավանդՙ բժիշկներին, քանի որ մեզ իհարկե առողջություն է պետք, բոլո՛ր առումներով։