Փետրվարի 27-ը պատմական օր էր Պրահայի հայության համար: Քաղաքային գրադարանի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի 20-ամյակը:
20 տարի առաջ ծնվել էր դպրոց բացելու գաղափարը, տարվել էին նախապատրաստական աշխատանքներ, եւ մեկ տարի անց դպրոցը սկսել է կանոնավոր գործել: Հայության համար արդեն հարազատ դարձած դահլիճում էին հավաքվել տարբեր տարիներին դպրոցում ուսանած հայորդիներ, ովքեր եկել էին նաեւ իրենց գեղարվեստական համարներով զարդարելու հոբելյանական ձեռնարկը:
Տպավորիչ էր դպրոցի ողջ աշակերտության եւ ուսուցիչների կողմից Հայաստանի օրհներգի կատարումը, որին հետեւեց օրվա հանդիսավար, «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի բացման խոսքը: Շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին իրենց նվիրական աշխատանքի համար, բանախոսը նաեւ չմոռացավ այն ծնողներին, ովքեր տարիներ շարունակ հայկական դպրոց են բերել իրենց զավակներին, կարողացել են նրանց մեջ լեզվի ու հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն սերմանել: Նրա խոսքով. «Որքան մեր ուսուցիչներն են անշահախնդիր դասավանդել այս տարիներին, նույնքան էլ մեր ծնողներն են գտնվել հաստատակամ, որ թեկուզ դժվարություններով, ժամանակի զոհողությամբ, կարողացել են երբեմն ստիպողաբար, երբեմն համոզելով ու սիրաշահելով, իրենց զավակներին բերել հայկական դպրոց: Այս տարիների մեր փորձառությունը ցույց է տվել, որ ընտանիքն է հայության պահպանության գլխավոր շարժիչ ուժը: Որքան ընտանիքը կապված է հայկական արմատներին, այնքան հզոր է համայնքը: Ցավոք, ոչ բոլորն են դա գիտակցում, բայց թերեւս դա էլ ունի իր պատճառները, որոնք գալիս են մեր ժողովրդի ընդհանուր բարոյահոգեբանական վիճակից ու մեր ժամանակների խիստ նյութականացված արժեքներից»:
Այնուհետեւ օրհնության խոսքով ներկաներին դիմեց Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Նա իր խոսքում բարձր գնահատեց դպրոցի դերը հայության կյանքում, շնորհավորեց դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանին եւ ուսուցիչներին, եւ հորդորեց ավելի զգոն լինել հայության նվիրական արժեքների պահպանության հարցում: «Մենք ոչ թե պետք է հայապահպանության մասին մտածենք, այլ հայազարգացման, որպեսզի ոչ թե միայն եղածը պահպանենք, այլ ավելի կատարելագործենք եւ նորանոր հաջողությունների հասնենք»,- ասաց Հայր Սուրբը:
Ներկաներին ողջունեց նաեւ Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ում խնդրանքով ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգաիթյան զոհերի հիշատակը: «28 տարի առաջ ճիշտ այս օրը ադրբեջանցի բարբարոսը ոչնչացրեց հարյուրավոր հայերի Սումգայիթում»,- ասաց նա:
Դպրոցի հոբելյանի առթիվ շնորհավորելով ուսուցիչներին, նա նշեց, որ պետությունը բարձր է գնահատում նրանց ներդրումը ազգային ինքնության պահպանության գործում եւ որ ապագա սերունդները մեծ հպարտությամբ կարեժեւորեն կատարված աշխատանքը»: Հայաստանի սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձից հետո, դեսպան Սեյրանյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներ հանձնեց Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանին եւ վաստակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանին: Նախարարության պատվոգրերի արժանացան Ծովինար Բեյբությանը, Գոհար Մելիքյանը, նախկին ուսուցչուհի Անժելա Դադայանը եւ դպրոցի հովանավորներից Արմեն Անանիկյանը:
Դպրոցի անցած ճանապարհին, ներկա վիճակին անդրադարձան եւ բոլոր աջակիցներին շնորհակալություն հայտնեցին տնօրեն Արմեն Քոլոյանը եւ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը: Վերջինս հիշեց, թե ինչպես 1999 թվականին առաջին անգամ եկավ Պրահայի հայկական դպրոց եւ արդեն 17 տարի դասավանդում է այս դպրոցում: Նա նաեւ նշեց, թե տնօրեն Արմեն Քոլոյանի ղեկավարությամբ ինչպիսի դժվարություններ են հաղթահարել: Դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանն էլ շնորհակալություն հայտնեց ոչ միայն հիմնադիրներին, այդ թվում վաղամեռիկ հայ գործարար Արարատ Նիկողոսյանին, այլեւ ներկա աջակիցներին, որոնց շնորհիվ դպրոցը գործել է: Նա հայերենով ու չեխերենով նաեւ շնորհակալություն հայտնեց Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետին, որ տարիներ շարունակ իր լսարանները տրամադրել է հայկական շաբաթօրյա դպրոցին:
Ձեռնարկի ողջ ընթացքում ներկաներին իրենց գեղարվեստական հիանալի կատարումներով գերեցին շաբաթօրյա դպրոցի շրջանավարտներ դաշնակահար Քրիստինե Այվազյանը, սոպրանո Վարինե Մկրտչյանը, պարուհի Մոնիկա Հարությունյանը, երաժիշտներ, կիթառահարներ Սոնա Քոլոյանը, Միհրան եւ Արման Ավետիսյանները, իսկ Ռոզա Վանյանը, Մարիամ Քոլոյանը, Նարե Գիչունցը, Մանե եւ Միքայել Սեյրանյանները հանդես եկան Հայաստանին նվիրված գրական կոմպոզիցիայով:
Ձեռնարկի ողջ ընթացքում քանիցս հրաշալի ելույթ ունեցավ հայկական դպրոցի պարային խումբըՙ պարուսույց Անժելա Մելքոնյանի ղեկավարությամբ:
Դպրոցի տնօրենը շնորհակալանքի խոսք ուղղեց նաեւ երբեւէ դպրոցում աշխատած ուսուցիչներինՙ Ալլա Եսայանին, Աննա Կարապետյանին, Հռիփսիմե Նալբանդյանին, Կարինե Ֆարյանին, Գնել Նալբանդյանին, Անժելա Դադայանին, Սիրանույշ Տոնյանին, Սիրանույշ Մկրտչյանին, Մարիամ Ղարիբյանին, Աշոտ Սողոմոնյանին եւ այլոց:
Ներկա ուսուցիչները, ինչպես նաեւ դպրոցին աջակցող ծնողները եւ շրջանավարտներից շատերն ստացան 20 ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալներ եւ պատվոգրեր, այդ թվում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան եւ հյուպատոս Աննա Ավետիսյանը, ով վերջին ամիսներին նաեւ հայ ժողովրդի պատմության եւ հայագիտության հետաքրքրական դասընթաց է վարում շաբաթօրյա դպրոցում:
Դահլիճը մեծ ոգեւորությամբ ընդունեց դպրոցի ուսուցիչների պատրաստած կատակ-ներկայացումըՙ Հովհաննես Թումանյանի «Բզեզի դպրոցը»: Ներկայացմանը մասնակցեցինՙ Արմեն Քոլոյանը, Լարիսա Գրիգորյանը, Ծովինար Բեյբությանը, Գոհար Մելիքյանը, Իրինա Սուլթանյանը, Աննա Ղազարյանը, Անժելա Մելքոնյանը, Լուսինե Զադոյանը: Վերջում նրանց տրվեցին «Օրեր» ամսագրի եւ «Մարլենկա» ընկերության կողմից պատրաստված նվերներ:
Ձեռնարկն ավարտվեց ավանդական «Քոչարի» պարով եւ հյուրասիրությամբ:
Լուսանկարներըՙ «ՕՐԵՐ»-ի