Կամՙ «Հայ ժողովրդի միասնությունը նրա պատմական հաջողությունների եւ հաղթանակների աղբյուրն է ու գրավականը»
Ինչպես արդեն տեղեկացրել ենքՙ մեկնարկել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի, ինչպես նաեւ առանձին պետական գերատեսչությունների, ստեղծագործական միությունների համատեղ ամենամյա եւ արդեն ավանդական մրցանակաբաշխության նախապատրաստական փուլը: «Ազգ»-ի ընթերցողները գիտեն, որ ամեն տարի ՌՀՄ եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսական աջակցությամբ եւ նախաձեռնությամբ կազմակերպվում է մրցանակաբաշխությունՙ Գրողների միությունումՙ գրողների համար, Կոմպոզիտորների միությունումՙ կոմպոզիտորների համար, Նկարիչների միությունումՙ նկարիչների համար, Ժուռնալիստների միությունումՙ լրագրողների համար, եւ Գիտությունների ազգային ակադեմիայումՙ գիտնականների համար:
Մրցանակաբաշխության ժամկետներին եւ կարգին արդեն ծանոթացրել ենք, հիշեցնենք միայն, որ հայտերը կսկսեն ընդունել աշնան սկզբին եւ հենց աշնան էլ կամփոփվի այս տարվա մրցանակաբաշխությունն ու կպարգեւատրվեն հաղթողները:
Մարտի 4-ին, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի եւ Սփյուռքի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի , ինչպես նաեւ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մասնակցությամբ մրցանակաբաշխության իրենց մասի մեկնարկը տրվեց Գրողների միությունում, որի առաջին հարկում տեղադրված Պատվո գրքում տեղ գտած 4 անուններից մեկն էլՙ Արա Աբրահամյանինն է, որպես Գրողների միությանը տարիներ շարունակ օժանդակած բարերարի:
Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց այս տարվա մրցանակաբաշխության առանձնահատկությունները: Մասնավորաբար, եթե անցյալ տարիներին հիմնականում ուշադրության կենտրոնում է եղել արձակը, ապա այս տարի առանձին հաղթողներ կճանաչվեն ոչ միայն արձակի ժանրում, այլեւ պոեզիայում, մանկապատանեկան գրականության մեջ եւ դրամատուրգիայում: Այս տարվա մրցանակաբաշխության հիմնական խորագիրըՙ անկախության 25 ամյակն է, եւ տրամաբանում ենք, որ հենց այս թեման է լինելուՙ «Հայ ժողովրդի միասնությունը նրա պատմական հաջողությունների եւ հաղթանակների աղբյուրն է ու գրավականը» վերնագրված մրցանակաբաշխությանը մասնակից բոլոր ստեղծագործությունների կարմիր, բարակ գիծը: Մրցանակաբաշխությանը ներկայացված գործերը պետք է լինեն պարտադիր անտիպ, կոնկրետ արձակը պետք է կազմված լինի նվազագույնը 80 էջից: «Այս մրցանակաբաշխությունը գրողներիս շրջանում մեծ արձագանք է ստացել: Սա խթան է հանդիսացել, որպեսզի գրողները նոր գործեր գրեն», ասաց Գրողների միության նախագահըՙ ամփոփելով արդեն տասը տարվա պատմություն ունեցող մրցանակաբաշխությունը եւ շեշտելով, որ մրցանակաբաշխությանը ընդունվում են բացառապես անտիպ գործեր, քանի որ նպատակը նոր գրականության ստեղծումն է, նոր հեղինակներին կամ հեղինակների նոր գրքերի խրախուսումը:
Մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացող գրողները (Հայաստանից եւ երկրի սահմաններից դուրս ապրող) կարող են իրենց գործերը այս տարվա սեպտեմբերի մեկից մինչեւ երեսունը, պարտադիր կեղծանունով ներկայացնել Գրողների միություն, որտեղ կազմվելու է հատուկ հանձնաժողով, որն էլ որոշելու է հաղթողներին: Միլիտոնյանը նշում է, որ իհարկե կլինեն դեպքեր, երբ միեւնույն հեղինակը կարող է հաղթող ճանաչվելՙ ինչպես ենթադրենք արձակում, այնպես էլ պոեզիայում կամ դրամատուրգիայում, բայց հորդորում է հեղինակներին մասնակցել մրցույթին միայն մեկ ժանրում…
Ի դեպ, չի բացառվում, այն էլ մեր ժամանակներում, որ միեւնույն հեղինակը մասնակցի (գուցե նաեւ հաղթի) ոչ միայն գրողների համար նախատեսված բոլոր ժանրերում, այլեւ նկարիչների մրցույթում, կոմպոզիտորների մրցույթում, ժուռնալիստների մրցույթում. Չէ՞ որ հիմա շատերը ե՛ւ արձակագիր են, ե՛ւ պոետ, ե՛ւ դրամատուրգ, ե՛ւ կոմպոզիտոր, ե՛ւ նկարիչ: Այնպես որ, մենք եւս միանում ենք Միլիտոնյանի հորդորին:
Գրողների միության նախագահը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա հունիսին Երեւանում տեղի կունենա համահայկական գրողների խորհրդակցություն, որի կազմակերպման գործում եւս մասնակցում է Արա Աբրահամյանը: Վերջում Միլիտոնյանը շեշտեց, որ գրողներն, իհարկե շնորհակալություն են հայտնում նրան…
Մենք էլ շեշտենք, որ արձակ եւ պոեզիայի ժանրերում մրցանակային ֆոնդը կազմում է 1մլն 850 հազար դրամ, դրամատուրգիա եւ մանկապատանեկան գրականություն ժանրինըՙ 975 հազար դրամ, եւ մեկ մրցանակ է սահմանվելՙ երիտասարդ գրողների ստեղծագործությունների համարՙ 600 հազար դրամ մրցանակային հիմնադրամով: Այսինքն միայն գրական ոլորտում մրցանակաբաշխության ֆոնդը կազմում է 7մլն դրամ:
Շատերն ասում են, թե գրողներին փող պետք չէ, գուցե այդպես է, բայց հաստատ փողատերերին գրականություն պետք է, եւ ոչ միայն գրականություն: