ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան
Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին
Մասն 7-րդ
Ներկայացնենք ԻԼԻՊ-ի կամ ԻՊ-ի ռազմաքաղաքական պատմութեան որոշ փաստեր, փորձելով հասկանալ այս աղետաբեր կազմակերպութեան էութիւնը եւ նրա ծագման ու ընդլայնման պատճառները:
Ըստ ԱՄՆ ՊՆ պաշտօնական տուեալների, «Իսլամական պետութեան» ապագայ խալիֆը` Աբու Բաքրը, որպէս հակաամերիկեան սուննիական դաւադրութեան կասկածեալ` ձերբակալուել էր եւ 2004-2009թթ. բանտարկուած էր Իրաքի խոշորագոյն ամերիկեան համակենտրոնացման ճամբարում` Բուկկայում: Ըստ ճամբարի պետ, ԱՄՆ-ի բանակի գնդապետ Քենեթ Քինգի (Kenneth King), ապագայ խալիֆը 2009թ. ամռան վերջին ԱՄՆ C-17 ինքնաթիռով փոխադրուել է մէկ այլ ճամբար` Բաղդադի մերձակայքում, ապա` ազատ արձակուել : Ընդ որում, 2005թ. Աբու Բաքրը նշուած էր ԱՄՆ-ի հետախուզութեան զեկոյցում որպէս «Ալ-Ղաիդայի» ներկայացուցիչ Իրաքի Էլ-Կայմ քաղաքում: ԱՄՆ համապատասխան ծառայութիւնները հաւանաբար գիտէին նաեւ, որ Աբու Բաքրը սերիական մարդասպան էր, որը հարիւրաւոր մարդկանց է պայթեցրել` հասարակական մարդաշատ վայրերում… Ոչ պակաս կարեւոր կարող է թուալ այն իրողութիւնը, որ նոյն տխրահռչակ Բուկկա ճամբարում համատեղ կալանաւորուած էին ԻԼԻՊ-ի ապագայ մի շարք ղեկավարներ: Թուարկենք թեկուզ մի քանիսին. ապագայ խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին, նրա տեղակալը եւ ԻՊ-ի փոխարքան Սիրիայում` Աբու Մուսլիմ ալ-Թուրքմանին, որը Սադդամի հանրապետական գուարդիայի յատուկ նշանակութեան զօրքերի փոխգնդապետ էր, Սադդամի օդուժի հետախուզութեան նախկին գնդապետ եւ «Իսլամական Խալիֆաթի» ապագա խոշորագոյն ռազմավար ալ-Հիլաւին, որն ընդունեց Հաջի Բաքր մարտական կեղծանունը…
Շատ աւելի տարօրինակ կարող է թուալ հետեւեալ իրողութիւնը
10.06.2014-ին ԻՊ-ի զօրաջոկատներըՙ վրաստանցի չեչէն Թարխան Բատիրաշվիլու (շիկամօրուք «ալ-Շիշանիի») հրամանատարութեամբՙ զաւթեցին նաւթառատ Մոսուլը: Այդ ժամանակ ԻԼԻՊ-ն ունէր ոչ աւելի, քան 6.000 գրոհային: Ընդ որում, Բաղդադից յետոյ Իրաքի 2-րդ խոշարագոյն քաղաքիՙ Մոսուլի եւ յարակից բնակավայրերի գրոհին մասնակցել են դրանց կէսից էլ պակասը, որոշ տուեալներով` 1.500 գրոհային: Եւ այնուամենայնիւ, ԻԼԻՊ-ին յաջողուեց զաւթել գրեթէ ամբողջ «սուննիական եռանկիւնին»:
Գրէթէ 2 մլն բնակչութեամբ Մոսուլը գտնւում էր Իրաքի 30.000-անոց բանակային կայազօրի պաշտպանութեան ներքոյ: Մոսուլում այդ ժամանակ կային նաեւ այլ ուժային կառոյցների զօրաջոկատներ: Ընդհանուր առմամբ Իրաքի կառավարական ուժերի թիւը Մոսուլում հասնում էր մօտ 50.000-ի: Եւ ԻԼԻՊ-ի մէկ ու կէս հազար գրոհայիններից բաղկացած խմբաւորումը գրեթէ առանց մարտի վերցրեց Մոսուլը… Այսինքն` ուժերի յարաբերակցութիւնը կազմում էր աւելի քան 1:33, Մոսուլի գրաւմանը ԻԼԻՊ-ի 3.000 գրոհայինների մասնակցութեան դէպքում` 1:16… Անգամ եթէ մարտին մասնակցէին ԻԼԻՊ-ի բոլոր 6.000 գրոհայինները, ապա դարձեալ յարաբերակցութիւնը յօգուտ Իրաքի կառավարական բանակի էր. վերջինիս հենց միայն մարդուժի գերազանցութիւնը կազմում էր 1:8,3, ինչը, նկատի ունենալով նաեւ 1. ԻԼԻՊ-ի զօրքերի օդուժից եւ ծանր զրահատեխնիկայից զուրկ լինելը, 2. կառավարական զօրքերի պաշտպանուողի կարգավիճակում լինելը, յաղթանակի որեւէ ողջամիտ հնարաւորութիւն չէր թողնում ԻԼԻՊ-ին: Սակայն տեղի ունեցաւ համաշխարհային ռազմական պատմութեան մէջ հազուադէպ կամ գրեթէ չհանդիպող ճակատամարտ, որի ընթացքում ԻԼԻՊ-ի 1.500 գրոհայինները գրաւեցին 2 մլն բնակչութեամբ քաղաքը` պարտութեան մատնելով այն պաշտպանող 50.000-անոց ուժեղ կայազօրը: Իրաքի կառավարական զօրքերի այդ խայտառակ պարտութիւնը բացատրում էին տարբեր կերպ: Այդ թւում` բարոյական ոգու պակասով, որը տիրում էր իրաքեան բանակում… Սակայն այդ հրաշքը, հաւանաբար, ունի նաեւ այլ բացատրութիւններ: Այդ բացատրութիւնները ըմբռնելու համար պէտք է ուշադրութիւն դարձնել, թէ ի՞նչ ռազմաւար ընկաւ ԻԼԻՊ-ի համեմատաբար փոքրաթիւ զօրքերի ձեռքը:
ԻԼԻՊ-ը Մոսուլում զաւթեց` ա. արդիական զէնքով զինապահեստները. բ.տեղական բանկերը, որտեղից ԻԼԻՊ-ի գանձարանը փոխադրուեց 430 մլն դոլար. իսկ թէ որքա՞նը յափշտակուեց մինչեւ ԻԼԻՊ-ի գանձարան հասցնելը, մնում է գուշակել. գ. դրանից զատ` հսկայական արժէք ներկայացնող հնագիտական պեղածօներ, որոնց վաճառքից ստացուեց մօտ 50 մլն դոլար. դ. հսկայական տուրքեր եւ ընծաներ, որոնք բաւական մեծ գումարներ էին կազմում, ե. բազմաթիւ պատանդներ, որոնց դիմաց եւս մեծ գումարներ էին ստացւում. զ. ամէնակարեւորը` նաւթառատ Մոսուլի նաւթահանքները, որոնք հսկայական եկամուտներ բերեցին ԻԼԻՊ-ին:
Արդիւնքում, ԻԼԻՊ-ը միանգամից դարձաւ աշխարհի ամենահարուստ ջիհադիստական կազմակերպութիւնը,- վկայում է The New York Times-ի համացանցային կայքը:
Հասկանալի է, որ ԻԼԻՊ-ը ինքնըստինքեան դարձաւ փաստացի գոյութիւն ունեցող, թէպէտ` պաշտօնապէս որեւէ մէկի կողմից չճանաչուած, պետութիւն, որը տիրապետում էր լուրջ ֆինանսատնտեսական կարողութիւնների եւ ռազմական պոտենցիալի… Այդ թւում` աւելի քան 260 մարտական զրահամեքենաներ, մեծ քանակութեամբ հրետանի, եւ նոյնիսկ` մի քանի ինքնաթիռ ու ուղղաթիռ… Ընդ որում սադդամեան բանակի նախկին հազարաւոր զինուորներ ու սպաներ դարձան այդ բանակի միջուկն ու հրահանգիչները…
Ահա այսպէս, 2014-ի ամռանը սկսուեց ԻԼԻՊ-ի կամ ԻՊ-ի վերելքը: Նրա գրոհայինները լիամասշտաբ յարձակում սկսեցին Իրաքի հիւսիսային եւ արեւմտեան շրջաններում, ինչպէս նաեւ Սիրիոյ հիւսիսում, այսպէս կոչուած Սիրիական Քրդստանում: Յատկանշական է, որ համաձայն բրիտանական հեղինակաւոր The Telegraph պարբերականիՙ Մեծին Բրիտանիոյ եւ ԱՄՆ-ի իշխանութիւնները գիտէին ԻՊ-իՙ Իրաքում նախատեսուող ռազմագործողութիւնների մասին: Այդ մասին նրանց հաղորդել էին քրդական յատուկ ծառայութիւնները: Գիտէին, բայց…
10.06.2014-ին ԻՊ-ի զօրաջոկատների կողմից Մոսուլը զաւթելու յաջորդ օրը` 11.06.2014թ. նրանք զաւթեցին միջնադարեան քուրդ սուլթան Սալադդինի (1137-1194թթ.) ծննդավայրը եւ 20-րդ դարի 2-րդ կէսի Իրաքի առաջնորդիՙ Սադդամ Հուսէյինի (1937-2006թթ.) հարազատ գաւառի կենտրոնըՙ Տիկրիտ քաղաքը , իսկ մի քանի օրից հասան Բաղդադի մատոյցներին:
2014թ. յունիսի 29-ին ԻԼԻՊ-ն իրեն հռչակեց համաշխարհային խալիֆայութիւն: 2014թ. օգոստոսի 3-ին Խալիֆաթը զաւթեց եւս երկու խոշոր նաւթահանք եւ պաշտօնապէս հենց այդ օրն է խալիֆ հռչակուել Աբու Բաքր ալ-Բաղդադին (ծնվ. 1971թ., ք. Սամարա), իրաքեան մզկիթներից մէկի նախկին հոգեւորականը, Իրաքում հակաամերիկեան պատերազմի կազմակերպիչներից մէկը: ԻԼԻՊ-ի անունից հենց այդ ժամանակ դուրս շպրտուեց աշխարհագրական բաղադրիչը եւ նա դարձաւ պարզապէս ԻՊ:
2013-ից ԻՊ-ն փաստացի վերահսկում էՙ
ա. Սիրիոյ հիւսիս-արեւելքը, որտեղ գտնւում է իսլամական քուազի-պետութեան «մայրաքաղաք» Ռաքքան, եւՙ
բ. Իրաքի հիւսիս-արեւմուտքըՙ այսպէս կոչուած «սուննիական եռանկիւնը»:
Այսպիսով, տարբեր տեղեկութիւնների համադրումով կարող ենք եզրակացնել, որ Իրաքում ԻՊ-ն վերահսկում է շուրջ 60.000 կմ քառ. տարածք, իսկ ՍԱՀ-ումՙ շուրջ 45.000 քառ. կմ: Ընդամէնըՙ մօտ 105.000 քառ. կմ: Ինքնահռչակ Իսլամական «քուազի-պետութեան» բնակչութեան թիւը կազմում է մօտ 8 մլն: Հաշուի առնելով տարածաշրջանի երկրներիՙ մասնաւորապէս Սիրիայի եւ Իրաքի համապատասխան տուեալները, կարող ենք մօտաւորապէս հաշուարկել ԻՊ-ի մարդկային զօրահաւաքային ռեսուրսները: Դրանք կազմում են զինծառայութեան համար պիտանի մօտ 3,5-4 մլն մեծ մասամբ արական սեռի զինապարտներ: Ընդ որում, նկատի ունենալով նաեւ իսլամիստ գրոհային կանանց զօրաջոկատների ներգրաւումը ԻՊ-ի ռազմական գործողութիւններում…
Բոլորովին անհաւանական չէ, որ ԻՊ-ն, իրօք, ունի աւելի քան 200.000 մարտիկ, այդ թւումՙ բանակում, ոստիկանական եւ ներքին անվտանգութեան կառոյցներում…
2013թ. մարտին ԻՊ-ի կողմից Սիրիայի ար-Ռաքքա նահանգի զաւթումից եւ Ռաքքա քաղաքը խալիֆաթի մայրաքաղաք հռչակելուց յետոյ ԻՊ-ի որոշ օտարերկրացի անդամներ յայտարարեցին, թէ քաղաքացիութեան կարիք չունեն եւ հրապարակայնօրէն այրեցին իրենց անձնագրերը:
Ի դէպ, հաւանական է, որ նաեւ բարոյահոգեբանական պատմական-գաղափարական կաեւորութիւնից ելնելով է, որ ԻՊ-ի հռչակած Խալիֆաթի սեւազգեստ զօրագնդերն ամէն գնով փորձում են զաւթել միջնադարեան արաբական խալիֆաթի հռչակաւոր մայրաքաղաքներից որեւէ մեկը. Բաղդադը ՙ Իրաքում, կամ Դամասկոսը ՙ Սիրիայում: Թէ՛ Բաղդադի մատոյցներումՙ 2014թ., թէ՛ Դամասկոսի մատոյցներումՙ 2015թ.ՙ նրանց կատաղի յարձակումը յետ մղուեց հիմնականում տեղական կառավարական զօրքերին օգնութեան հասած իրանական զօրքերի , իսկ վերջին դէպքումՙ նաեւ ռուսական օդուժի վճռական միջամտութեամբ:
Հաւանաբար հենց 2014թ. ամառուայ այդ վճռորոշ իրադարձութիւններից յետոյ պաշտօնական Մոսկուանՙ Թեհրանի օգնութեամբ առաւել ամբողջականօրէն ընկալեց ԻՊ-ի ամբողջ վտանգը թէ՛ իր դաշնակից Սիրիայի, նաեւ Իրաքի ու ամբողջ Մերձաւոր Արեւելքի, թէ՛ ամբողջ աշխարհի եւ առաջին հերթինՙ Ռուսաստանի համար: Ռուսական կողմը սկսեց սպառազինութիւն մատակարարել Իրաքի շիայական կառավարութեանը: Իրաքի բանակի եւ նրա փաստական դաշնակից իրանական զօրաջոկատների առաջին յաջողութիուններից յետոյ Իրաքին սպառազինութեան ու պահեստամասերի մատակարարումները վերսկսեց ԱՄՆ-ն, որը նաեւ սկսեց օդային հարուածներ հասցնել ԻՊ-ին: Սակայն ԱՄՆ-ի հարուածները չկարողացան կանգնեցնել ԻՊ-ին: 2014թ. հոկտեմբերին ԱՄՆ ստիպուած գործի դրեց իր ՌՕՈՒ-ի «Ապաչ» ուղղաթիռները, որոնք պաշտպանութեան տակ առան Բաղդադի օդանաւակայանը: Մարտի մտաւ ԻԻՀ-ն, մասնաւորապէսՙ ԻՀՊԿ-ի զօրագնդերը… 2014թ. աւարտուեց եւ 2015թ. սկսուեց Կոբանիի պաշտպանութեան մարտերով, որտեղ բախւում էին քրդաբնակ այդ քաղաքը պաշարած ԻՊ-ի ուժերը (մօտ 9.000 զինուոր եւ մօտ 50 տանկ) եւ քաղաքը պաշտպանող քրդական զօրաջոկատները (այսպէս կչուած «Կոբանիգրադի» 1-ին ճակատամարտՙ 16.09.2014-26.01.2015 եւ 2-րդ ճակատամարտՙ 25-29.06.2015):
Նկար 1. Ծաղրանկարում ԱՄՆ-ի ռազմական հրահանգիչը սովորեցնում է յորդանանցի, լիբիացի, թուրք եւ պակիստանցի ահաբեկիչներին.
Կրկնէք իմ հետեւից…
«Մենք սիրիացի ապստամբներ ենք»:
Նկարի ներքեւում պատկերուած են Իսրայէլի ՄՈՍԱԴ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչութեան, Մ.Բրիտանիայի Ռազմական հետախուզութեան ՄԻ-6 գաղտնի ծառայութեան եւ ԱՄՆ-ի «Բլեքուոթեր» (այժմ` «Ակադեմիա») մասնաւոր ռազմական (վարձկան զօրքեր հաւաքագրող) ընկերութեան խորհրդանշանները: