«ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը հինգշաբթի օրը ներկայացրել է խորհրդարանի 8-րդ նստաշրջանի իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Պարզվել է, որ Աժ 12 հանձնաժողովներից 7-ը ողջ նստաշրջանի ընթացքում որեւէ լսում չի հրավիրել: Բացի այդ, ԱԺ-ի 131 պատգամավորներից 70-ը նստաշրջանի ընթացքում պահպանել են լռություն: ՀՀԿ խմբակցությունը ճանաչվել է ամենակողմը, «ժառանգությունը»ՙ ամենադեմը, ՀՅԴ-նՙ ամենաձեռնպահը, ամենաշատ չքվեարկածը ԲՀԿ խմբակցությունն է, իսկ ամենաակտիվ պատգամավոր է ճանաչվել ՕԵԿ խմբակցությունը ներկայացնող Հովհաննես Մարգարյանը: Մոնիտորինգը պարզել է նաեւ նստաշրջանի ամենաշատ բացակաների անունները: Այսպես, 5 պատգամավոր բացակայել է քվեարկությունների կեսից ավելիի չափով, նրանք ենՙ Գագիկ Ծառուկյանը, Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Կարո Կարապետյանը եւ Աշոտ Աղաբաբյանը:
Ի դեպ, «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավարը չի ասել, թե 8-րդ նստաշրջանում քանի՞ անգամ է ակտիվ եղել բուն ԱԺ-նՙ պետության կարեւոր խնդիրները ինքնուրույնաբար լուծելու տեսանկյունից, մինչդեռ այս հարցի պատասխանն այս պատմության ամենակարեւորն է: Երեւիՙ հաջորդ անգամ կասեն: