Լավ բան չեղավ բայց: Նկատի չունեմ այն, որ ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն ամենեւին էլ հայ չէ, այլ իտալական ծագումով շվեյցարացի է, այլ այն, որ Խոսրով Հարությունյանի գլխավորած ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովը կայացրել է խիստ նախադեպային մի որոշում: Այսպես, քննելով պատգամավոր Շուշան Պետրոսյանի գործըՙ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ Շուշանը ամենեւին էլ չի վիրավորել կամ սպառնացել Ֆեյսբուքի օգտատեր Գայանե Շահինյանին, այլ պարզապես խրատել է նրան, իսկ խրատելը ավանդապաշտ մեր ժողովրդի մեջ ոչ միայն դատապարտելի արարք չէ, այլեւ օդի եւ ջրի պես անհրաժեշտ է, ընդ որումՙ կապ չունի խրատո՞ղն է խրատվողից տարիքով մեծ եւ փորձառու, թե՞ հակառակը:
Հիշեցնեմ, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանը որոշ ժամանակ առաջ Ֆեյսբուքում տեղադրում է Ադրբեջանի հետ սահմանին զոհված մեր զինվորների վերաբերյալ տեղեկատվություն: Գայանե Շահինյանը, որի մասին հայտնի է միայն այն, որ անչափահաս է, կամ նոր է չափահաս դարձել, մեկնաբանում է, որով վիրավորում է երկրին, իշխանությանը, կոնկրետՙ ՊՆ գեներալներին եւ նախարար Սեյրան Օհանյանին: Շուշաննն էլ, թեՙ «Կգամ աչքերդ կհանեմ, այ լակոտ»: Ահա այս բառերի համար էլ ընդդեմ Շուշանի դիմում են էթիկայի հանձնաժողով, եւ Խոսրով Հարությունյանն ու տղաները քննում են Շուշանի գործը: Ինչպես արդեն նշեցի, որոշում են կայացնում, որ Շուշանը ոչ թե սպառնացել է կամ վիրավորել, այլ պարզապես խրատել է: Ընդ որում, պարզաբանելով հանձնաժողովի կայացրած որոշումըՙ Խոսրով Հարությունյանը, հիշելով, որ երբ ինքը պատանի էր, իրեն էլ էին ասումՙ «կգամ աչքերդ կհանեմ, այ լակոտ», եւ որ դրա մեջ սարսափելի բան չկա, ասել էՙ «Ի՞նչ է, կարծում եք Շուշան Պետրոսյանը պետք է գնար եւ նրա աչքերը հանե՞ր, իհարկե ոչ. հետեւաբար դա սպառնալիք չէ, այլ խրատ»: Գուցե եւ այդպես է, հավանաբար այդպես է, Շուշանին մի քիչ ճանաչելովՙ հաստատ այդպես է, ավելին, որպես պատգավոր մարդը պարտավոր է բարձր պահել երկրի հեղինակությունը, այդ թվում սոցիալական ցանցերում, իսկ ցանցացված մեր ժամանակներումՙ հատկապե՛ս սոցիալական ցանցերում: Այլ հարց է, որ Շուշանն իր պետականասիրությունը կարող էր այլ կերպ արտահայտել, բայց դա քննարկման այլ թեմա է եւ անօգուտ քննարկվող թեմա է:
Խնդիրն այստեղ բոլորովին այլ է: Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ի մեկ այլ, բայց կրկին հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով գրական աշխարհում հայտնի էՙ Շմայս գրչանունով, հայտարարել էր, թե բոլոր նրանց, ովքեր կհայհոյեն երկրի բարձագույն իշխանությանը, ինքը կգնա եւ կբռնաբարի: Մովսիսյանի գործը եւս մտավ էթիկայի հանձնաժողով եւ հանձնաժողովն այդ պարագայում գտավ, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Այսինքն, երբ Առաքել Մովսիսյանն ասում էՙ կգամ կբռնաբարեմ, բոլորս էլ, այդ թվում էթիկայի հանձնաժողովը, հասկանում ենք, որ նա իրոք գնացող եւ բռնաբարող է, իսկ երբ Շուշան Պետրոսյանն ասում է կգամ աչքերդ կհանեմ, ապա բոլորս էլ հասկանում ենք, որ դա ուղղակի խրատ է: Իսկ գուցե Մովսիսյանն է՞լ է խրատ տվել, թե հո չէ՞ր գնալու, հո չէ՞ր բռնաբարելու: Ի վերջո, ե՛ւ բռնաբարելը, ե՛ւ աչքերը հանելը ֆիզիկական վնաս հասցնել են, հետեւաբար «կգամ կբռնաբարեմ»-ը եւ «կգամ աչքերդ կհանեմ»-ը ֆիզիական վնաս հասցնելու սպառնալիքներ են, ընդ որում «լակոտը», եթե մենք շան ձագուկների մասին չենք խոսում, այլ մարդու, վիրավորանք է: Բայց արի եւ տես, որ ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովը հրաշալի ճանաչում է ե՛ւ պատգամավոր Շուշան Պետրոսյանին ու գտնում է, որ Շուշանն ուղղակի խրատել է, ե՛ւ պատգամավոր Առաքել Մովսիսյանին, քանի որ գտնում է, որ վերջինս սպառնացել է:
Բայց սա էլ այս պատմության ամենակարեւոր մասը չէ: Այն հետեւյալն է. բանն այն է, որ էթիկայի հանձնաժողովի այս որոշումից հետո մեր պատգամավորները, ովքեր շատ են սիրում խրատել, հատկապես լրագրողներին, եւ ավելի շատ, քան օրենք գրելն են սիրում, կսկսեն ավելի հաճախ խրատել: Ինչպե՞ս: Օրինակ այսպեսՙ հեսա կգամ, ականջներդ կձգեմ, այ հորթ, կամՙ որ եկա ըտեղ հասա, մեծ մասդ ականջդ կմնա, այ մոծակ, կամ նենց չանես գամ ըտեղՙ քացուս տակ քցեմ… Ի՞նչ է եղել որ, իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ մարդիկ հո չե՞ն գալու, հո մեր ականջները չե՞ն ձգելու, կամ հո մեր ամենամեծ մասը ականջները չե՞ն թողնելու, կամ քացու տակ հո չե՞ն քցելու, նրանք պարզապես խրատում են:
Պարզապես ամեն ինչի փոխադարձն է լավը. այսինքն կա՛մ մենք էլ ենք սկսում խրատել ձեզ, կա՛մ էլ դադարեք խրատել մեզ, դուք պետք է որ ավելի կարեւոր գործեր ունենաք, օրինակՙ կարո՞ղ եք ասել, թե «գնանք գրոհենք Բաղրամյան 26-ը, սրանց բոլորին վառենք, ու նորից վառենք, որ հաստատ վառվեն» հայտարարությունները ինչո՞ւ են համարվում պատժելի հանցագործություն. մարդիկ հո չե՞ն գրոհելու, Շմայսը հո չէ՞ր բռնաբարելու, Շուշանը հո աչքերը չէ՞ր հանելու, Թոխմախի Մհերը հո ծնոտը չէ՞ր կոտրելու, Լֆիկ Սամոն հո ամեն հարցազրույցի համար 500 եվրո քեշ փող չի՞ վերցնելու, գեներալ Սեյրանն ու իր ընկերՙ էլի գեներալ Մանվելը հո Էջմիածնում ով իրենց դուրը չեկավ չե՞ն ծեծելու…
Ի դեպ, գեներալ Սեյրանի մասին. մարդը վերջերս Հ3-իՙ «Շաբաթ երեկոՙ Կարմենի հետ» հաղորդման հյուրն էր: Կարմեն Դավթյանն էլ նրան հարցրեց, Դուք Էջմիածին սուրբ քաղաքում եք ապրում, գիտե՞ք, որ վաղը Անառակաց կիրակին է: Գենե