Վերջապես ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության պայմանագիրը, ՀՅԴ նախարարները եւ մարզպետներ նշանակվեցին, այլ մանր-մունր նշանակումների մասին էլ հընթացս կիմանանք: Ավելի հետաքրքրական է այն, որ ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե քաղաքական պատասխանատվություն են ստանձնում երկրի կառավարման բոլոր ոլորտների համար: Իսկ երկրի ոլորտների մի նշանակալի մասը, մեղմ ասած` ողբալի վիճակում է: Թե ոնց եւ ինչի համար ՀՅԴ-ականները պետք է պատասխանատվություն ստանձնեն այս տարիներինՙ ասենք մենաշնորհների պատճառով գետնաքարշ եղած տնտեսության կամ փոշիացված վարկերի համար` անհասկանալի է, մանավանդ որ տնտեսությունը գետնից բարձրացնելու համար օլիգարխիական կառավարումը փոխել կամ երկրի պարտքերը վճարելու կլորիկ գումարները հայթայթել կարծես թե մոտակայում հնարավոր չի լինելու: Բայց ՀՅԴ-ին բաժին քավարանը նրան թողնենք` միշտ մի 100 օր ժամանակ ամեն իշխանություն ստանձնող պետք է ունենա` գնահատվելուց առաջ: Մանավանդ` համագործակցությունը ղեկավարող խորհուրդ է ստեղծվելու, որն էլ հանրությանը հայտնի է դարձնելու, թե որ քայլն ինչպես ու ինչով է արվելու:
Հրապարակված համաձայնագրի տեքստում արտաքին եւ ներքին համարյա բոլոր մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր ձեւակերպումներ են, համագործակցության պատճառների վերաբերյալ եւս ավելի վաղ բազմիցս ասված մտքերն են, կոնկրետություն չկա: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մի հարցազրույցում նշել է իր կարծիքով այն պատճառները, թե ինչու է ՀՀԿ-ն, մեծամասնություն ունենալով խորհրդարանում, համագործակցում ՀՅԴ-ի հետ. այն է` ալեկոծ տարածաշրջանում քաղաքական կայունություն ունենալու, ազգային անվտանգությանը ներկայանալիք վտանգներին ավելի ուժեղ լինելու նկատառումներով: Իսկ թե ինչու է հատկապես ՀՅԴ-ին համագործակցության առաջարկ եղել, եւ ոչ թե, ասենք, խորհրդարանում ավելի մեծ թվով ներկայացված ԲՀԿ-ին, Մարգարյանը նշում է, թե ՀՀԿ-ն մեծացրել է այդպիսով իր հնարավորությունները, քանի որ դաշնակցության ուժը խորհրդարանում ներկայության թվով չի պայմանավորված, այլ համահայկական կառույց լինելու փաստով: Ինչեւէ` արդեն գործ ունենք կայացած փաստի հետ:
Ուղղակի նկատենք, որ փաստորեն ավարտին է մոտենում նոր խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտի վերաձեւումը, այդ համատեքստում եթե դիտենք տեղի ունեցողը` ամեն բան իր տեղը կընկնի:
Այժմ իշխող մեծամասնությունը երկու միավորներից է կազմված, լուծված է նաեւ այլ ուժի եւ այլ գործչի` ՀՅԴ-ի կողմից այլեւս չսատարելու հարցը, մանավանդ` խոսվում է երկարաժամկետ համագործակցության մասին, ըստ այդմ էլ լուծվում է նաեւ ընդդիմադիր դաշտից առայժմ գոնե երկար ժամանակով ՀՅԴ-ին բացառելու հարցը:
Եթե նոր քաղաքական քարտեզի վերաձեւման մեջ դիտարկենք նաեւ անցած շաբաթ հիմնադիր համագումարով կուսակցության վերածված «Հայկական վերածնունդ» միավորման առկայությունը (ՕԵԿ-ը դադարեց որպես կուսակցություն գործելուց, թեեւ ՕԵԿ խմբակցությունը խորհրդարանում դեռ կա), ապա կարող ենք փաստել, որ հայտնի են ապագա խորհրդարանի հիմնական հայտատուները` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ձգտելու են կազմել կայուն մեծամասնությունն ապագա խորհրդարանում, հընթացս պարզ կլինի, թե էլ ով է նրանց միանում: «Հայկական վերածնունդը», դատելով այս ուժի հիմնադիր համագումարի շեշտադրումներից եւ խորհրդարանում ՕԵԿ պատգամավորների ընդդիմադիր կեցվածքից, փորձնելու է վերցնել ընդդիմադիր դաշտի գոնե մի նշանակալի հատվածը: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ԲՀԿ-ին կա՛մ խաղից դուրս են թողել, կա՛մ ուժգին հրում են ինքնակազմակերպվելու որպես կոշտ ընդդիմություն: Իսկ ԲՀԿ-ում կոալիցիային միանալու տրամադրություններ ունեցող մարդկանց առկայությունն ասում է, որ այս կուսակցությունը, չնայած նրա ղեկավարի` խորհրդարանում հնչեցրած կոշտ ելույթների, դեռ իր ներսում պետք է կողմնորոշվի` ո՞ր նիշն է գրավելու քաղաքական դաշտում: «Հայկական վերածննդի» հայտը, փաստորեն, չափավոր ընդդիմադիր զանգվածին է ուղղվում, չնայած նրա հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքին:
Նշենք, որ անցած շաբաթ «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը մարդաշատ էր, ինչին այնքան էլ չէինք սպասում: Շատ էին երիտասարդները, որոնց խանդավառ ժպիտների մեջ մի այնպիսի բան կար, որ կարծես ասում էր` դրանց տերերը գիտեն մի բան, որ մենք չգիտենք: Թե ով է խաղադրույք անելու «Հայկական վերածննդի» վրա, կամ ո՞վ է միանալու ապագայում այս ուժին` մամուլում ենթադրությունների պակաս չկա, սակայն ամեն ինչից երեւում է, որ դրանք ապահովված մարդիկ են: Իսկ փողը, գիտեք, ամենեւին վերջին տեղում չէ Հայաստանի քաղաքական դաշտում հարցեր լուծելիս, եթե չասենք` ամենառաջին տեղում է:
Կա «Լուսավոր Հայաստանը», Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը, կարծես թե ոչինչ բաց չենք թողել, համենայնդեպս այս պահի դրությամբ` ահա այն հայտերը, որոնց տերերը ներկա դրությամբ հավակնում են ապագա խորհրդարանում տեղ ունենալ: Առայժմ:
Հանրային սեկտորի պարտությունը
Այս շաբաթ խորհրդարանը ՄԻՊ ընտրեց: Նոր պաշտպանը` Արման Թաթոյանը ո՛չ մասնագիտական գիտելիքների պակաս ունի, ո՛չ փորձի: Սակայն չի անցնում այն տպավորությունը, թե չինովնիկական մի պաշտոնից (արդարադատության փոխնախարարի) նա անցել է մի այլ չինովնիկական պաշտոնի, եւ, այսպես ասենք, անհասանալի է, թե ոնց կարող է իր ներսի չինովնիկական հոգեվիճակը Ա. Թաթոյանը արագ հաղթահարել` փոխարկելով այն մարդկանց անօրինություններից պաշտպանողի հոգեվիճակի: Դրա համար համենայնդեպս ժամանակ է պետք, իսկ նրա առաջին գործերից մեկը եղավ կալանքի տակ գտնվող Վարդգես Գասպարիին այցելելը, որից հետո Գասպարին դադարեցրեց հացադուլն ու ջրադուլը, ապա եւ այլ խուց տեղափոխվեց: Սակայն միայն Գասպարի` քննիչներին փոխանցված գրությունը հերիք պիտի լինի` հասկանալու համար, թե որքան կեղտ կա նախկինում իր իսկ ղեկավարած եւ ուրիշ շատ ոլորտներում` մարդկանց մարդկանցից պաշտպանելու համար:
Սակայն այստեղ այլ բանի մասին ենք ուզում խոսել: Մենք փաստորեն ականատես եղանք մի աբսուրդային վիճակի, երբ գրանտային գործունեության շրջանակում ՄԻ պաշտպանությամբ զբաղվող բավական առատ հանրային պաշտպաններն այդպես էլ անմասն մնացին հանրային սեկտորից պաշտպանի թեկնածու առաջ մղելու նախաձեռնությանը, այդ ուղղությամբ այնպիսի հասարակական կարծիք ստեղծելում, որն իշխանությանը կստիպեր ոչ թե չինովնիկի առաջադրել ՄԻՊ, այլ հենց հանրային սեկտորի առաջ մղած թեկնածուին: Հայտնի իրապաշտպաններն այդպես էլ կողք քաշված մնացին, հայկական գործելակերպն այս ոլորտում էլ դրսեւորվեց, նրանք եւս չկարողացան մի կողմ դնել ամբիցիաներն ու իրենց միջից մեկին գործուղելով` վերցնել Բաստիլը: Հետո էլ չբողոքեք. սա նշանակում է հանրային սեկտորի պարտություն, թե չէ ստից հարցերի շուրջ համաշխարհային աղմուկ եք բարձրացնում: Ողջ մի ոլորտ չարժե՞ր, որ դուք շարժում ստեղծեիք եւ մի հեղինակավոր, կրթության ու փաստաթղթերի առումով անխոցելի թեկնածուի պարտադրեիք իշխանությանը:
Մեր լրագրությունը վերածվել է ինտրիգագրության
«Միշտ էլ կգտնվեն գործիչն եր, որոնք իրենց հարցերը կփորձեն լուծել ձեր ձեռքերով: Ինքս եղել եմ նման լրատվական ուղղորդումների թիրախ, գիտեմ դա ինչ է:Նման դեպքերում հիշում եմ «Խաղալիք» ֆիլմի հայտնի դրվագն իր հարցով, թե ով է իրականում ավելի մեծ հրեշը` պատվիրատուն, թե՞ կատարողը»: Սա գրել է արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ` անդրադառնալով խորհրդարանում այս շաբաթ եփված Թոխմախի Մհեր-լրագրողներ «Ո՞վ է նախիրը» սուպին: Աշոտյանին չտեղեկացված մարդ չես համարի: Չնայած տեղեկությունների ֆիլտրման արդարացի մոտեցմանը նրան միշտ խանգարում է մինչեւ վերջին բջիջը կուսակցականացված լինելը:
Լրագրության հնաբնակներից մեկը` Վասակ Դարբինյանը եւս բազմանշանակ հարցադրում է արել ՖԲ-ում.«Եկեք բացահայտենք, թե մեր գործընկերներից առաջինն ով ծախվեց, ովքեր հետեւեցին սրա օրինակին, թքեցին իմացած ու չիմացած սրբություննեի վրա… Ովքեր ստորադասեցին ու ծառայեցրին լրագրությունը ստահակների, տականքների, պարզապես տգետների շահերին: Եկեք նախ հասկանանք ու հստակեցնենք, թե ինտելեկտուալից, հարգանք վայելողից, համեստ կենցաղավարությամբ ապրողից լրագրողը ինչպես դարձավ «Չէին սպասում» ցածրակարգ հաղորդաշարի բարձրաշխարհիկ հերոս… Հարցնենք ինքներս մեզ ու գտնենք պատասխանը, թե ինչպես եղավ, որ օրապակաս փողատերերը կամ բարդույթավորված քաղաքական գործիչները լրագրողներին համարում են իրենց սպասավորներն ու պատվեր կատարողները…»:
Մամուլի համերաշխության կարգախոսով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների` շաբաթասկզբին, լրագրողի խոսքով` լրագրողներին «նախիր» անվանած ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի կամ Թոխմախի Մհերի դեմ սկսված բողոքի գործողությունը շաբաթակեսին արդեն տգեղ երանգներ ընդունեց, վերածվեց միմյանց դեմ լրագրողների վիրավորանքների, գոտկատեղից ներքեւ հարվածների եւ դիմակազերծումների: Ես, իհարկե, պատրանքներ չունեմ մեր լրատվական դաշտի վերաբերյալ, սակայն, այնուամենայնիվ, լրագրողական համերաշխությունից ելնելով կուզեի այդքան ակնառու չդառնար, որ լրագրողական տարածքը մեր քաղաքական դաշտի ուղիղ մանրակերտն է եւ մեկը մեկին կրկնում է բոլոր այն այլակերպումները, որ կան քաղաքական դաշտում, ընդհուպ քավոր-սանիկական, «ես քեզ-դու` ինձ» սխեմաների գործարկում, միմյանց մեծ ու փոքր ծառայություններ մատուցելու մակարդակ: Թե ո՞վ է ում «նախիր» անվանել, ով է դրան ընդդիմացել` առանձին պատմություն է, դա շատ մանրամասն լուսաբանվեց ԶԼՄ-ներում, չկրկնվենք, ուղղակի մի բանում լրագրողներս միմյանց հետ համաձայն ենք` վաղուց ժամանակն է տեղը դնել իրենց պատգամավորական էթիկայի մեջ տեղավորել չկարողացող «պատգամավորներին»: Սակայն այս հերթական միջադեպը խորհրդարանում նաեւ առիթ դարձավ, որ շատ լրագրողների ու լրատվամիջոցների լավ թաքցվող աչառուությունը ջրի երես ելնի: Իմացողը գիտե, բայց լայն հանրությունը նոր առիթ ստացավ տեսնելու, թե որ լրատվամիջոցն ո՞ւմ հետ կապ ունի, կամ եթե մի շարք «խմբագիրների» եւ լրագրողների հասարակ շարադրություն հանձնարարվի գրելու` տառասխալների ու մտքի սխալների մի ստվար կույտի կհանդիպես, այնու` նրանք չեն խորշում բոլոր միջոցներով հայտնի դառնալու եւ վարկանիշ ապահովելու (ներկա եւ ապագա հացի երաշխիք) իրենց եւ իրենց լրատվամիջոցի համար: Ու էդ այլակերպված դաշտում դժվար է ասել, թե ինչ բան է լրագրողական համերաշխությունը, օրինակ` ոնց կարող է լրագրողը ակնհայտորեն այս կամ այն կողմի շահերը սպասարկող այս ու այն ակցիայի մասնակիցը դառնալ, իր գործառույթ-լուսաբանման սահմանից վերածվելով կողմի: Այնուամնայնիվ` անձամբ ես ստորագրում եմ Մհեր Սեդրակյանի հարցը էթիկայի հանձնաժողովում քննելու լրագրողական ձեւաթերթը էս հրապարակմամբ, եթե դրա համար բավարար ապացույցներ կան, քանի որ բազմիցս գրել եմ այն մասին, որ պետք է չէ հայոց խորհրդարանը համալրել այդ կարգի «պատգամավորներով»: Եւ դա հավասարապես պետք է վերաբերի խորհրդարանի մեկ երրորդից ավելիին, որի բաղադրատարրերը ոչ մի բանով չեն տարբերվում Մհեր Սեդրակյանից:
Իսկ լրագրողական դաշտին «կողմ» չտեսնելու ելքերի մասին արժե մտածել, քանի որ անկախ ֆինանսական աղբյուրներ փնտրելու ու ԶԼՄ-ներին զանազան «կողմնային» ինտրիգներից ազատ տեսնելու խնդիրը հենց հասարակությանը եւ, ինչու չէ` պետությանը պետք է վերաբերի, նրա՛նց պետք է հետաքրքրի, թե ինչու են լրագրողները իբր «ինտրիգային» հարցեր ուղղում իբր «ինտրիգային» պատգամավորների, եւ նրանց բարբաջանքները տեղադրելով սնկի նման բազմացած գրպանային կայքերում` վարկանիշ հավաքում: Կամ` ինչո՞ւ չեն լուսաբանում նույն այդ բողոքի ցույցին զուգահեռ ժամանակում ինչ- որ մենաշնորհյալ մեկի համար ԱԺ-ում քննարկվող եւ հարյուր անգամ զրոյացվող հարկով օբսիդիանի արդյունահանման հարցը, ինչու չեն գնում պարզելու` ում են նվիրում օբսիդիանի հանքերը, որոնք այստեղ միգուցե պահանջարկ չունեն, բայց օրինակ ԱՄՆ-ում օբսիադիանե առարկաները տասնյակ անգամ թանկ արժեն, մենաշնորհյալը վաղը զրոյական հարկ վճարելով մեր պետությանը` մեր ընդերքի հաշվին գերշահույթ է ստանալու: Թե՞ դրա համար ժամանակ, նյարդեր ու խելք է պետք, իսկ կիսագրագետ օլիգարխին մի թեթեւ սադրող հարց տալով, նրա բարբաջանքը կայքում տեղադրելով` ռեյթինգ ապահովելն ավելի հեշտ է: Մյուս կողմից` կարելի է գետինը մտնել տվյալ օլիգարխների հղումներից, թե լրագրողները ֆինանսական խնդիր են լուծում, եւ դրա մեջ անշուշտ ճշմարտության բաժին կա: Սա էլ պետության խնդիրն է: Նորմալ մամուլ ունենալու համար նախ նորմալ քաղաքական դաշտ պետք է ձեւավորել, մականունավորներին չտանել խորհրդարան, որոնք պարզ է, որ վճարելու են միմյանց դեմ ուղղվող տեղեկատվական պատերազմը, հետո նոր պահանջել լրագրողներից: Թե չէ` ազդեցություն-հակազդեցություն երեւույթը արդեն ֆիզիկա է, ճոճանակ, բուներանգ, ինչ ուզում եք: Պետք է սկսել գլխից առողջացնել քաղաքական դաշտը, մաքրել քրեական անցյալ եւ առօրյա ունեցողներից, փողով պաշտոններ եւ լրագորղներ առնողներից, իսկ լրագրողական դաշտը պարզապես այս բոլորից հետո կինքնամաքրվի: Թե չէ` լրագրողներն էլ արդարացում ունեն, ասում են` տգետներին եւ մականունավորներին որ բերել են խորհրդարան, մենք էլ նրանց տգիտությունն ի ցույց դնելով ենք ուզում մաքրել պետությունը աղբից: