Ըստ երեւույթին, Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ համակերպվել Մերձավոր Արեւելքում ռազմավարական նախաձեռնության կորստյանը: Ռուսաստանին եւ ՆԱՏՕ-ին առճակատման հրահրելովՙ պաշտոնական Անկարան շարժվում է փորձված (թեկուզեւ անարդյունք) ուղիով: Հունվարի 30-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե ռուսական «Սու-34» օդանավերից մեկը «խախտել է երկրի պետական սահմանը»: Դրանից ընդամենը երկու ամիս առաջ ռուսական «Սու-24»-ի ոչնչացման միջադեպը քիչ էր մնացել հանգեցներ ռուս-թուրքական բախման:
Երկու միջադեպերի տարբերությունն այն է, որ եթե նոյեմբերին Անկարան գործել էր գաղտագողի, ապա այս անգամ բացահայտորեն դրսեւորում է Ռուսաստանի հետ ուժային դիմակայության մեջ մտնելու պատրաստակամություն: Թուրքական ռազմաօդային ուժերում հայտարարված է տագնապի «նարնջագույն» մակարդակ: Սա նշանակում է «լիակատար պատրաստության» վիճակ, երբ օդաչուները կրակ բացելու որշում ընդունում են առանց հրամանատարության հետ համաձայնեցնելու: Թուրք ղեկավարության պնդման համաձայն, ռուսական ռազմօդանավերի կողմից երկրի օդային տարածքի «խախտումները» կարող են հանգեցնել «լուրջ հետեւանքների, որոնց պատասխանատվությունն ամբողջապես կընկնի Ռուսաստանի Դաշնության վրա»:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը մերժել է Անկարայի բողոքները, դրանք անվանելով «անհիմն քարոզչություն»: «Հակաօդային պատշպանության նույնիսկ թուրք մասնագետները գիտեն, որ օդային տարածքը վերահսկող ռադարներից ոչ մեկը չի կարող պարզել օդային օբյեկտի տիպը եւ պետական պատկանելությունը. ռուսակա՞ն է, թե՞ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայինը», ընդգծել է նա:
Ամերիկյան հրամանատարությունը կարծես թե բնավ հակված չէ պարզելու պատահարի իրական հանգամանքները: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մարկ Ռայթը , մանրամասնություններին խորամուխ չլինելով, հաստատել է թուրքական կողմի ամբաստանությունները: «Մենք ծանոթ ենք հաղորդումներին եւ կարող ենք հաստատել, որ երեկ եւս մեկ ռուսական ռազմօդանավ խախտել է Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի օդային սահմանը», հայտարարել է նա:
Շատ ավելի զուսպ դիրք բռնած արեւմտյան լրատվամիջոցները, սակայն, կոչ են անում քննադատաբար վերաբերվել անկանխատեսելի թուրքական վարչակարգի զրպարտություններին: Ինչպես գրում է բրիտանական «Ինդիփենդենտ» թերթը, իր ծրագրերի ձախողումից դժգոհ Անկարան կարող է դիմել ռազմական միջամտության: «Առաջիկա ամիսներին իրադարձությունների զարգացումը հավանաբար ցույց կտա, թե տարածաշրջանում ով է հաղթողը եւ ովՙ պարտվողը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը ռուսական օդուժի պաշտպանության ներքո առաջ են շարժվում մի քանի ռազմաճակատներում: Զինված ընդդիմության օգնությամբ Ասադին տապալելու թուրք նախագահ Էրդողանի հնգամյա արշավը թերեւս շուտով կավարտվի պարտությամբ», արձանագրում են նյութի հեղինակները: Նրանց կարծիքովՙ դժվար է կանխատեսել ջիհադի հովանավորներից մեկի հակազդեցությունն այն պայմաններում, երբ սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ջոկատներն արդյունավետ պայքար են ծավալել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: «Եթե Անկարան դա ընկալի որպես նվաստացում, ապա կարող է դիմել ռազմական գործողության», կարծում է «Ինդիփենտենդը»: Ի դեպ, փետրվարի 1-ին ռուսական եւ միջազգային որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ արձանագրվել են թուրքական տարածքից Սիրիայի սահմանամերձ շրջանների հրետակոծման փաստեր:
ՌԴ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումանասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի կարծիքովՙ վերջին զարգացումները հաստատում են իր այն կանխատեսումը, որ թուրք-ռուսական ռազմական հակամարտությունն անխուսափելի է: «Գլխավոր հարցն այն է, թե ով կվերահսկի Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող 98 կիլոմետրանոց բուֆերային գոտին: Մոտ երկու շաբաթ առաջ «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակով թուրքական զորքերը մտան Սիրիայի տարածք եւ վերահսկողության տակ առան Ջարաբլուսի շրջանի անցատեղերից մեկը: Միաժամանակ նրանք ամրացան Սիրիայի ազ Ջազ սահմանային կետում», ասել է նա Свободная пресса գործակալությանը տված հարցազրույցում:
«Ջաբհաթ ան-Նուսրա» իսլամիստական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլյանին բացեիբաց խոստովանել է, որ թուրքերն արդեն վաղուց Սիրիայի տարածքում են: Ի դեպ, պաշտոնական Մոսկվան առայժմ որեւէ ձեւով չի մեկնաբանել թուրքական ներխուժման փաստը, որի մասին Բաղդասարովն ահազանգել էր շաբաթներ առաջ: Իսկ այժմ այսպես կոչված «սիրիական ընդդիմության» երկրները ժնեւյան բանակցությունների առիթով ռմբակոծումները դադարեցնելու վերջնագրեր են ներկայացնում Ռուսաստանին: Սա պատահական չէ, քանի որ բանակցություններից առաջ «չափավորական» իսլամիստների ցանկը կազմվել է Էր-Ռիադում: Եթե ռուսական օդուժի օգնությամբ սիրիացի քրդերը եւ կառավարական զորքերը կարողանան փակել թուրք-սիրիական սահմանը, ապա «չափավոր» եւ ոչ այնքան չափավոր «ընդդիմության» ուժերը կհայտնվեն ծուղակում, իսկ նախագահ Էրդողանը իր հերթին խայտառակ պարտություն կկրի: Ահա թե ինչու Անկարան գործի է դնում բոլոր միջոցները: Ռուսական «Սու-34»-ի հետ կապված վերջին ամբաստանությունը, ըստ երեւույթին, հող է նախապատրաստում հիշյալ բուֆերային գոտի լայնածավալ ներխուժում կատարելու համար: Դա անհնար է իրականացնել առանց օդուժի մասնակցության: Այստեղից էլՙ թուրքական օդուժի «լիակատար մարտավիճակի» հայտարարումը: Թուրքերը մտադիր են հետագայում «ընդդիմադիր կառույցները» Սիրիայի հյուսիսում օգտագործել Հալեպ եւ Իդլիբ քաղաքների դեմ: Թուրք-սիրիական սահմանից մինչեւ Հալեպ ընդամենը 45 կմ է: Այդ քաղաքի զավթումը Էրդողանի վաղեմի երազանքն է: Հալեպը նույնպիսի ռազմավարական կետ է, ինչպիսին Մոսուլն է Իրաքում: Բաղդասարովը ՌԴ ղեկավարությանն առաջարկում է շուտափույթ համաձայնության հասնել քրդերի հետ եւ հակահարված տալ նախահարձակ թուրքերին: Նաեւ հարկավոր է զենք մատակարարել քրդական PKK-ին մերձավոր «Ժողովրդավարական միություն» կուսակցության կազմավորած ինքնապաշտպանության ջոկատներին: Համատեղ ուժերով հնարավոր է թուրքերին դուրս շպրտել Ջարաբլուս եւ ազ Ջազ սահմանային ռազմավարական կետերից:
«PKK-ն արդեն վաղուց Թուրքիայի հարավում պարտիզանական պատերազմ է մղում Էրդողանի վարչակարգի դեմ: Եթե Մոսկվան հանդես բերի անվճռականություն, մենք տանուլ կտանք այդ պատերազմը», ընդգծել է Բաղդասարովը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի արձագանքին, նա կարծում է, որ եթե թուրքական զորքերը ռմբակոծության ենթարկվեն սիրիական տարածքում, ապա ոչ ոք չի միջամտի: Արեւմուտքցի խոշոր քաղաքական գործիչներից մեկը մասնավոր զրույցի ժամանակ Թուրքիայում քրդական գործոնի կապակցությամբ ասել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի:
Հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ Թուրքիայի սեւծովյան ափին, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններՙ լազեր, ուրումներ, համշենցիներ: Նրանք եւս Ռուսաստանի կարիքն ունեն, որպեսզի Թուրքիան դառնա ժողովրդավարական համադաշնային երկիր:
Արեւելագետ Ստանիսլավ Տարասովը թուրքերի վերջին սադրանքի կապակցությամբ հիշեցնում է, որ «Սու-24»-ի ոչնչացումից հետո երկկողմ դիվանագիտական շփումները փաստորեն դադարեցվեցին: Անկարան զրկվեց նույնիսկ ժնեւյան բանակցությունների շրջանակներում արդյունավետ որոշումների ընդունման հնարավորությունից: Թուրքերը շրջափակեցին քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության մասնակցությունը Ժնեւի բանակցություններին: Նրանք փաստորեն առաջարկում են ընդդիմությունը մասնատել ըստ ազգային պատկանելության: Նման պայմաններում յուրաքանչյուր էթնիկական խումբ առաջ է քաշում Սիրիայի կազմում իր գտնվելու սեփական պայմանները: Թուրքիան հրահրում է Սիրիայի մասնատում ըստ էթնիկական սահմանազատումների: Նման փակուղային ձեւաչափի պայմաններում չի հաջողվի հասնել ընդհանուր համաձայնության: Նշանակում էՙ բանակցությունները կձախողվեն, մինչ ռուսական օդուժը եւ կառավարական բանակը հաջող գործողություններ են իրականացնում: Ամերիկացիները նույնպես գիտակցում են, որ գրոհայինները վաղ թե ուշ դուրս կմղվեն Սիրիայի տարածքից: Պատահական չէ, որ նրանք արդեն քննության են առնում ցամաքային գործողության սցենարը: Միանգամայն հնարավոր է, որ թուրքերը դիտավորյալ սրում են իրավիճակը, որպեսզի Մոսկվան դիմի պատասխան քայլերի: Պատահական չեն Էրդողանի մշտական պնդումները, թե անհրաժեշտ է կարգավորել շփումները, այդ թվումՙ ռազմական ոլորտում:
Թուրքերին դուր չեն գալիս Սիրիայի հարցում ռուս-ամերիկյան հարաբերությունների դրական տեղաշարժերը, Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի ամենօրյա հեռախոսազրույցները: Անկարան փաստորեն դուրս է մնում Սիրիայի խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրների խմբից: Անցյալում Մոսկվան Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային համարում էր համարժեք գործընկերներ: Պատահական չէ, որ երկուսն էլ ներառվեցին Սիրիայի խնդրի բանակցային «քառյակի» մեջ: Բայց այսօր Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնությունների են հասնում երկկողմանի կարգով եւ հետո արդեն հրապարակում են իրենց դիրքորոշումը: Թուրքիային «արտաքսել են» միջազգային դիվանագիտությունից: Միաժամանակ Արեւմուտքը սկսել է Էրդողանի վարչակարգին մեղադրել «Իսլամական պետությանն» աջակցելու համար: Այդ մասին գրում են Իսրայելի, Հունաստանի եւ նույնիսկ ԱՄՆ-ի լրատվամիջոցները: Իսկ Եվրոմիության անդամ երկրները պարզապես ցնցված են Թուրքիայի լկտիությունից եւ ֆինանսական ահաբեկումից. որոշված 3 մլրդ եվրոօգնությունից բացի թուրքերը եւս 5 միլիարդ են պահանջում, սպառնալով հակառակ դեպքում եվրոպացիներին խեղդել գաղթականների նորանոր հեղեղների մեջ:
Թուրքիայի ներքաղաքական իրադրությունը եւս աննպաստ է Էրդողանի համար: Տարասովի բնորոշմամբ, երկիրն այժմ քաղաքական ճգնաժամ է ապրում, քանի որ արեւելքում քաղաքացիական պատերազմ է մղվում քրդերի դեմ: Թուրքական հեռուստատեսության լուրերի թողարկումները լի են սարսափազդու տեսարաններով:
Թուրքիայի ղեկավարությունը ստիպված է կոպտորեն խախտել խաղի կանոնները: Նա չկարողացավ ՆԱՏՕ-ին ստիպել թուրք-սիրիական սահմանը ճանաչելու որպես ամբողջ դաշինքի ռազմական սահմանագիծ: Չհաջողվեց սեպ խրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Անցյալ նոյեմբերին Անկարան սադրանքի դիմեց եւ խզեց արգասավոր քաղաքական ու տնտեսական կապերը Մոսկվայի հետ: Ներկայումս նա փորձում է վերականգնել շփումները, բայց դարձյալ սադրիչ ձեւերով: Թուրքիան աստիճանաբար խորասուզվում է իր բարբարոսական անցյալի մեջ: Ակամա վերհիշում ենք «Եվրոպայի հիվանդ մարդու» մասին ասված հայտնի արտահայտությունը: Ամեն ինչից զգացվում է, որ թուրքական ղեկավարության ներսում կտրուկ սրվել է պայքարը հանուն իշխանության: Ուստի Էրդողանը փորձում է համախմբել հասարակությունը, շահարկելով «արտաքին թշնամու» կերպարը:
Ծանր իրավիճակում հայտնված Էրդողանի վարքագիծը անկանխատեսելի է: Նա ուզում է հանրաքվե անցկացնել սահմանադրությունը փոփոխելու նպատակով: Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից կվերածվի նախագահականի, եւ բոլոր լիազորությունները կանցնեն Էրդողանին: Նա կարող է հասարակության աջակցությունը ստանալ, եթե մի լավ «թափ տա» ընդդիմությանը, օրինակ, եթե արտակարգ դրություն հայտարարի «Հայրենիքը վտանգի մեջ է» կարգախոսով եւ այլն:
Օսմանյան կայսրության ժառանգության համար PKK-ի դեմ պայքարելը կարծես թե այնքան էլ տպավորիչ չէ, մինչդեռ մեծ տերություն Ռուսաստանի հետ առճակատման մեջ մտնելը միանգամայն ուրիշ բան է: Սակայն դա շատ վտանգավոր խաղ է: Հնարավոր է, որ Թուրքիայում որոշակի շրջանակներ արդեն մտածելիս լինեն Էրդողանին ասպարեզից հեռացնելու մասին: