ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Վերջերս մարմնիս թիկունքամասի վերեւում ուժեղ քոր սկսվեց: Քանի որ ձեռքերս, ոչ իմ մեղքով, բնականից կարճ են ստացվել եւ այդ քորն էլ բավականին անհասանելի տեղում էր առաջանում, դժվարություններ ծագեցինՙ քորը հանգստացնելու գործողությունը ի կատար ածելիս: Հո, անընդհատ չէի դիմելու որեւէ մեկին ու խնդրելու, որ մեջքամասս քորի: Ամոթ է, չէ՞, հարեւանները լսեն, կամ աստված չանիՙ տեսնեն, ի՞նչ կասեն:
Ելնելով վերոհիշյալից, որոշեցի առաջին հերթին դիմել բժշկի, որ հետո չասեն, թե այս մարդը մտավոր ունակություններից կաղում է: Իհարկե, առաջին հերթին խորհրդատվության (կոնսուլտացիա) համար դիմեցի մեր վարչաշրջանի պոլիկլինիկայի մաշկային բաժնի բժշկին: Դե, այնտեղ խորհրդատվությունը եւ բուժման կուրս նշանակելը գոնե ձրի է, ես էլ թոշակառու մարդ եմ, հիվանդանոցում միայն խորհրդատվությունը բավականին թանկ հաճույք է, էլ ուր մնաց բուժումը:
Հիմա կասեք, թե ձրի խորհրդատվությունը կամ բուժումը նման է նրան, որ ասում ենՙ «ձրի պանիրը մկան թակարդում է միայն լինում»:
Ճիշտն ասած, վերջերս ես այդ ասացվածքը խորը վերլուծության եմ ենթարկել եւ գտել դրա սխալ մեկնաբանման բնույթը: Նախ ասեմ, որ մկան թակարդում պանիր դնողը այն գնում է որեւէ խանութից, իսկ դուք լավ գիտեք, որ որեւէ վաճառատնից պանիր ձեզ ձրի չեն տա: Ուրեմն, այս պարագայում ասացվածքը ամենեւին էլ չի համապատասխանում բիզնեսի օրենքներին, այսինքնՙ այդ պանիրը ձրի չէ:
Ենթադրենք հյուր եք գնացել, ձեզ ճոխ հյուրասիրություն են մատուցել եւ թեժ պահին սեղանի վրայից մի փոքր պանրի կտոր եք «թռցրել», բերել եք տուն, իջել ձեր շենքի ներքնահարկ, որտեղ մկներ են ազատ վխտում ու դրանց պատժելու համար այդ պանիրը դրել եք մկան թակարդում: Իհարկե, այն ձեզ համար ձրի է ստացվել, բայց չէ՞ որ դրա համար վճարել է ձեզ հյուրընկալողը, այսինքնՙ նորից ապացուցում եմ, որ պանիրը ձրի չէ: Այստեղ առարկություն չի կարող լինել:
Դե, դուք հիմա էլ կասեք, որ դա ասված է ոչ թե թակարդում պանիր դնող մարդու համար, այլ այն ուտել փորձող մկան համար: Հարգելիս, իսկ դուք չեք կարծո՞ւմ, որ մուկը դրա համար շատ ավելի թանկ է վճարելու, այսինքնՙ ամենաթանկ բանը աշխարհումՙ կյանքը: Սա էլ աքսիոմայի պես մի բան է, անառարկելի, որովհետեւ այդ մասին շատ տեղերում է գրված, որ «նա նվիրաբերեց ամենաթանկ բանը աշխարհումՙ իր կյանքը», կամ «նա կյանքի գնով հաղթահարեց այդ պատնեշը» եւ այլն: Այսպիսով ապացուցում եմ, որ մկան թակարդի պանիրը երբեք էլ ձրի չի կարող լինելՙ ոչ մարդու եւ առավել եւս մկան համար:
Այս մտքերով տարված մտա պոլիկլինիկայի շենք ու ծեծեցի «Մաշկաբան» գրությունով սենյակի դուռը եւ թույլտվություն ստանալովՙ ներս մտա: Միջին տարիքի, ալեխառն մազերով մի տղամարդ, որը զրուցում էր իր կոլեգաներից մեկի հետ, լսելով իմ բողոքը, պահանջեց, որ մարմնիս այդ քոր եկող մասը ի ցույց դնեմ իրեն:
Անտարբեր հայացքով նայելով իմ ցույց տված մարմնիս քոր եկող մասին, մաշկաբան բժիշկը արագ ախտորոշեց.
– Սա մաշկային հիվանդություն չէ, հարգելիս, ավելի լավ է դիմեք ալերգոլոգին:
– Իսկ ո՞ր սենյակում է ալերգոլոգը նստում,- միամտորեն հարցրեցի ես:
– Մեր պոլիկլինիկայում ալերգոլոգ-բժիշկ չկա, դուք նրանց կարող եք դիմել որեւէ հիվանդանոցում:
Ես, իհարկե, ձրի խորհրդատվությունից գոհ մնացի, չէ՞ որ այն ստացա լիարժեք, այսինքնՙ դիմել ալերգոլոգին, բա դա քի՞չ է, մաշկաբանը կարող էր ավելի աննպաստ խորհուրդ տալ, ասենքՙ դիմել վիրաբույժին, որն էլ, բնականաբար, բավականին թանկարժեք վիրահատություն կարող էր նշանակել:
Դուրս եկա պոլիկլինիկայից եւ ուղեւորվեցի իմ ծանոթ ալերգոլոգի մոտ, որը, իհարկե, ձրի խորհրդատվություն չի տրամադրում:
Դիտելով իմ մեջքամասի քոր եկող մաշկի վիճակը, նա նշանակեց մեզի եւ արյան տարբեր տեսակի անալիզներ, որոնց արդյունքը ներկայացնելուց հետո միայն կարող էր եզրակացություն անել իմ հիվանդության մասին: Իսկ անալիզների ցանկը լրացրեց հատուկ, նախապես պատրաստված թերթիկի վրաՙ հատուկ ախտաբանական կենտրոնի հասցեով, այլ ոչ թե իրենց հիվանդանոցում գտնվող լաբորատորիայում: Երեւի այդ կենտրոնը մասնագիտական ավելի բարձր որակներ ուներ: Սակայն չար լեզուներն ասում են, որ նրանց միջեւ հատուկ շահադիտական կապ կարող է լինել:
Ինչեւէ, կատարված բոլոր համալիր անալիզների տվյալներով, որի համար վճարեցի բավականին կլորիկ գումար, մի քանի օր հետո ներկայացա ալերգոլոգին:
Ալերգոլոգ բժշկուհին նայեց անալիզի պատասխանները, ոչինչ չգտավ ալերգիա դրդող շարժառիթներում եւ ինձ խորհուրդ տվեց դիմել ուրոլոգ-վիրաբույժին, ասելով.
– Գուցե երիկամներումդ կամ լեղապարկումդ քարեր կամ բորբոքումներ կան:
– Լեղապարկս վաղուց հեռացրել են, բժիշկ ջան,- ասացի ես:
– Դե, ուրեմն, միայն երիկամներդ կնայեն, սոնոգրաֆիա կանեն, ուրոֆլոգրամա կանենՙ մեզի արագությունը կորոշեն, եթե ծանոթ բժիշկ չունեք, ես կարող եմ իմ իմացած լավագույն ուրոլոգ-բժշկի հեռախոսահամարը տալ:
Երեկոյան, ալերգոլոգ բժշկուհու տված հեռախոսահամարով զանգահարեցի ուրոլոգ-վիրաբույժին, պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպելու համապատասխան հիվանդանոցում:
Հանդիպման կարճատեւ զրույցի ավարտին, ուրոլոգ-վիրաբույժը նորից մեզի եւ արյան անալիզներ նշանակեց, քանի որ նախորդ անալիզները իրենց մասնագիտական ուղղությանը չէին համապատասխանում, ինչպես նաեւ ուղեգրեր տվեց սոնոգրաֆիայի եւ ուրոֆլոգրամայի հետազոտման վերաբերյալ:
Վերջին հետազոտությունների հիման վրա, որոնց համար նույնպես մի կլորիկ գումար վճարեցի, ուրոլոգ-վիրաբույժը եկավ այն եզրակացության, որ ինձ պետք է շտապ վիրահատության ենթարկել, քանի որ իմ կյանքին վտանգ է սպառնումՙ միզակապության առկայությամբ:
Բայց վիրահատության համար այնպիսի գումար պահանջեց, որ ես այլեւս այդ հիվանդանոցի հասցեն մոռացա:
Տուն վերադարձա, զանգահարեցի մի քանի բարեկամ-ծանոթների, խորհուրդներ հարցրեցի իմ հիվանդությունների վերաբերյալ, մի գիշեր էլ չքնեցի եւ ինձ համար ցածր գներով բուժման ռեժիմ մշակեցի: Առաջին հերթին պետք է լուծեի մարմնիս քոր եկող մասի հարցըՙ քորող փայտյա գործիք ձեռք բերելով, որով օրը մի քանի անգամ պետք է կատարեի այդ հաճելի գործողությունը, իսկ վիրահատության հարցը որոշեցի հետաձգել մի քանի տարով, գուցե այդ ընթացքում պետության կողմից որոշում կայացվի, որ այդպիսի հիվանդությունները, հատկապես թոշակառուների համար, կատարվեն պետպատվերով, իսկ եթե իրականում, աստված մի արասցե, կյանքիս վտանգ սպառնա, ապա թող մտածեն իմ հարազատները, որ հետո չասեն, թե ինչո՞ւ բժշկի չես դիմում, թող տեսնեն եւ իրենց մաշկի վրա զգան բժշկին դիմելու հետեւանքները: