Վերջին շրջանում ՀՀ-ում նկատվում են որոշ բանկերի միացման եւ միաձուլման գործընթացներ: Միացումներն ու միաձուլումները հաճախակի հանդիպող երեւույթ են բիզնես ոլորտում: Ընդհանրապես` ընկերությունների ամբողջական միացումը կամ միաձուլումը հետեւում է մաթեմատիկորեն աբսուրդ բանաձեւիՙ 1+1=1, այսինքնՙ երկու կազմակերպություն արդյունքում վեր են ածվում մեկի:
Միացումների նպատակները կարող են տարբեր լինել: Նախՙ դրանք բիզնեսի ընդլայնման արդյունավետ միջոց են: Մեկ կազմակերպության մոտ կենտրոնանում է հաճախորդների, գործընկերների եւ ռեսուրսների լայն բազա: Միացումը կարող է բխել նաեւ նույն ոլորտում տարբեր փուլերի գործառույթ իրականացնող կազմակերպությունների համագործակցությունից: Օրինակՙ արտադրության ոլորտում մի ապրանքի տարբեր մասեր պատրաստող ընկերությունները կարող են միանալ. նոր ընկերությունը կարտադրի մեկ ամբողջական ապրանք ավելի քիչ ծախսերով, ինչից կօգտվեն նաեւ սպառողները, քանի որ ապրանքն ավելի մատչելի կդառնա: Միացումները նաեւ կարող են աշխարհագրական առումով ավելի լայն հասանելիություն ապահովել կազմակերպության համար: Այլ նպատակ կարող է լինել տվյալ ընկերության ցանկությունըՙ ակտիվություն ապահովել մի նոր ոլորտում:
Ֆինանսական ոլորտն էլ զերծ չէ միացումների եւ միաձուլումների գործընթացից: Միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական կազմակերպությունները, այդ թվումՙ բանկերը, նաեւ միացումների եւ միաձուլումների միջոցով է, որ դարձել են խոշոր եւ ապահով, հասարակության վստահությունը վայելող կազմակերպություններ: Երբեմն կազմակերպության անունից երեւում է իր պատմության մեջ կայացած խոշոր կամ հիմնական միացումը, օրինակՙ JP Morgan Chase հանրահայտ բանկի անունը առաջացել է JP Morgan & Co, Inc եւ Chase Manhattan Corporation բանկերի միացումից:
Սովորական պայմաններում բանկերի միացումը երբեք չի ենթադրում բանկի հաճախորդի համար որեւէ կորուստ կամ դժվարություն: Ընդհակառակըՙ կազմակերպությունները ջանք են գործադրում, որպեսզի գործընթացը հնարավորինս աննկատ եւ հարմարավետ անցնի իրենց հաճախորդների համար: Այդ պատճառով նմանատիպ գործարքների նախապատրաստումը երկար ժամանակ է տեւում. բանակցվում է յուրաքանչյուր մանրուք:
Ընդհանրապես բանկերի հաճախորդների վրա դրական է անդրադառնում բանկերի միացումը: Միացման արդյունքում բանկերը կենտրոնացնում են ռեսուրսներ, ինչի արդյունքում առավել արդյունավետ են իրականացնում ծառայությունների մատուցումը: Քանի որ միացման ժամանակ պետք է մշակվի նորՙ ընդհանուր քաղաքականություն, ապա դրական կողմ է նաեւ այն, որ բանկերի եղած քաղաքականությունը վերանայվում է: Այսպիսովՙ սովորաբար միացումից հետո ստեղծվում են ծառայությունների նոր, հետաքրքրական փաթեթներ, բարելավվում է ծառայությունների մատուցման որակը, շտկվում է յուրաքանչյուր թերություն, որ քաղաքականության վերանայման ընթացքում գտնվել է: Բացի այդՙ միացող յուրաքանչյուր բանկի մասնաճյուղ հասանելի է դառնում նախկին երկու բանկերի հաճախորդների համար:
Միացման գործընթացում բանկերն իրենց հաճախորդներին տեղեկացնում են իրականացվող փոփոխությունների վերաբերյալ: Եթե հաճախորդից որեւէ գործողություն է պահանջվում, նա այդ մասին նույնպես տեղեկացվում է: Միացման դեպքում արդեն իսկ կնքված վարկերի պայմանները չեն փոփոխվում, այլ փոփոխվում է միայն պարտատերըՙ վերածվելով վերջնական մեկ կազմակերպության: Նոր վարկերի պայմանները կարող են փոխվելՙ համաձայնեցված նոր ծառայությունների փաթեթների շրջանակում:
Հնարավոր են որոշակի տեխնիկական փոփոխություններ: Կարող է հաշվեհամար փոխվել, անհրաժեշտ լինի բանկային քարտը փոխել եւ այլն: Նմանատիպ փոփոխությունների դեպքում բանկը եւս տեղեկացնում է իր հաճախորդներին:
Հաճախորդները պետք է ուշադիր լինեն իրենց գործող անժամկետ պայմանագրերի պայմանների փոփոխություններին (օրինակՙ ընթացիկ հաշիվների սպասարկում): Բանկերը տեղեկացնում են նմանատիպ փոփոխությունների մասին. կարող է փոխվել սպասարկման կարգը, միջնորդավճարները եւ այլ պայմաններ:
Ինչ վերաբերում է ավանդներին, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ բանկի ձախողման ժամանակ այդ բանկում ներդրած ավանդների երաշխավորությունը ապահովվում է հատուկ ֆոնդի կողմից: ՀՀ դրամով ավանդները ապահովված են առավելագույնը 10 մլն ՀՀ դրամի չափով, իսկ արտարժույթով ավանդներըՙ առավելագույնը 5 մլն ՀՀ դրամի չափով: Վերջերս օրենսդրությունում իրականացված փոփոխությունները միացումների ժամանակ հաճախորդներին բարենպաստ պայման են ստեղծում. եթե անձը միացող երկու բանկերում էլ ուներ ավանդներ, ապա միանալուց հետո իր երկու ավանդը ապահովվում է առանձին-առանձինՙ մինչեւ ավանդի ժամկետի ավարտը: Եթե ավանդները անժամկետ էին, ապա դրանք ապահովվում են առանձին-առանձին միացումից մեկ տարվա ընթացքում: Այսինքնՙ այդ ժամանակահատվածում միացված ՀՀ դրամային ավանդներն իրար հետ ապահովվում են առավելագույնը 20 մլն ՀՀ դրամի չափով, իսկ արտարժույթովըՙ 10 մլն ՀՀ դրամի չափով:
Այսպիսով, ընթերցողին խորհուրդ կտայինք ուշադրություն դարձնել բանկերի միացման գործընթացներին այդ տեսանկյունից եւ հաշվի առնել այն հանգամանքը, որ դա ոչ միայն չի խանգարում Հայաստանի բանկային համակարգի ապահովությունն ու կայունությունը, այլեւ որոշակի ասպեկտներով ուժեղացնում է այն:
Նկար 1. «Ջեյ Փի Մորգան Չեյս» ամերիկյան դրամագործական – ֆինանսային հոլդինգային ընկերությունը