Ազգային ժողովը շարունակում է ավանդույթ դարձած գործելակերպով մի շարք լուրջ եւ հետեւանքների առումով հեռուն նայող օրինագծեր քննարկել ու արագ-արագ ընդունել արտահերթ նիստի ձեւաչափով, երեւի նկատի առնելով, որ տարեվերջ է, պատգամավորներն էլ հոգնած են, եւ հանձնաժողովների սովորական պտույտը չկատարած օրինագծերի թաքնված ենթատեքստերը չեն կարողանա բացահայտել սովորաբար աշխատող երկու տասնյակ այն պատգամավորները, որոնք չեն հասցնում ուղղակի մեկը մյուսին հերթագայող օրենքների մեջ խորանալ:
Այդ փոփոխությունների մի մասն այնքան կարեւոր են, որ գոնե հպանցիկ կուզեինք մեր ընթերցողին իրազեկել` ի՞նչն է փոխվում: Ջրային օրենսգրքի փոփոխություններով վերջապես սահմանափակվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործումը` այսուհետ այդ ջրերի օգտագործում պետք է տեղի ունենա միայն Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացությունից հետո, քանի որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների անխնա օգտագործումից հետո աղետալի վիճակ է ստեղծվել այս առումով: Մի խոսքով` օրենսդրությամբ կարգավորվում են ստորերկյա ջրային ռեսուրսների պահպանման եւ օգտագործման մի շարք առանձնահատկություններ: Իսկ թե այսպիսով դուրս կմղվեն մանր ձկնարտադրողները, եւ ավելի մենաշնորհացման կգնա՞ այս ոլորտը, այսինքն` միգուցե շահեր կան օրենքի հետեւում, թե՞ իսկապես միայն մեր ջրային ռեսուրսների պահպանման ցավով է տառապում մեր կառավարութունը, դա պարզ կլինի օրենքի գործողությունից հետո միայն: Բոլոր դեպքերում` Հայաստանի բնական ռեսուրսների` մի խումբ մարդկանց կողմից անղխճորեն շահագործելու, հատկապես մեր երկրի համար ռազամավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրերը պահպանելու հրամայականի ֆոնին` գոնե առաջին հայացքից բարի նպատակ կա դրված այս օրենքում:
«Շահումով խաղերի ու խաղատների մասին» եւ «Գովազդի մասին» օրենքների փոփոխությամբ, վերջապես, արգելվում է ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ գովազդային վահանակներով, ինչպես ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն է ասում` մարդկանց, հատկապես անչափահասներին շահումով եւ այլ խաղերով հրապուրվելուց հեռու պահելու նպատակադրումով:
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքով խրախուսվելու է գյուղացիական կոոպերատիվների ստեղծումը` գյուղացուն աջակցելու զանազան կառավաական ծրագրերում առաջնությունը տալով կոոպերատիվներին: Այսինքն` կոոպերատիվները, փաստորեն ավելի պաշտպանված են դառնում, ու գյուղացիներն այստեղ մտածելու բան կունենան` միավորվե՞ն դրանց մեջ, թե՞ շարունակեն միայնակ ճակատ տալ դժվարությունների դեմ: Սա կարծես թե ազատ մրցակցության սկզբունքի խախտում է, բացի այդ` ճանապարհ է բացում իրենց հողերը մշակել չկարողացող գյուղացիների համար հրաժարվելու իրենց հողերից: Չնայած` միտումը նոր չէ, եւ Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին աջակցում էր գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերատիվ հիմունքներով գործող միավորներին: Բոլոր դեպքերում` սա հայեցակարգային փոփոխություն է, անգամ կարելի է հեղափոխական անվանել, քանի որ ազատ շուկան որդեգրած մեր տնտեսության մեջ կամաց-կամաց գոնե գյուղատնտեսության ոլորտում ներմուծվում է կոլեկտիվ գործունեության տարատեսակը, ու այս կարգի փոփոխությունն, իսկապես, ինչպես պատգամավորներն էին նշում, պետք էր քննարկել ոչ թե արտահերթ, այլ մանրամասն ու սովորական ընթացակարգով:
Մի ուրիշ նախագծով մեծ տուգանքներ են սահմանվում ճանապարհներին երթեւեկող եւ 40 տոննա բեռը գերազանցող բեռնատար մեքենաների տերերի համար` 25-250 հազար դրամ տուգանքների միջակայքով, իսկ այն բեռները, որոնք հնարավոր չէ մասնատել ու թույլատրվող չափի բերել` պետք է հատուկ թույլտվություն ունենան: Այս փոփոխությանն ընդդիմախոս պատգամավորները շատ մտահոգություններ հայտնեցին, թե նախ` նոր հարկատեսակ է ավելանում փաստորեն, երկրորդ` մարդկային գործոնի պատճառով կոռուպցիոն ռիսկերի դուռն է բաց մնում: Իսկ կառավարության ներկայացուցիչ Արթուր Առաքելյանը խոսում էր ավտոմատացված համակարգ ներդնելով` կոռուպցիան բացառելուց, ճանապարհները շարքից հանելու դեմ միջոցառումներից, քաղաքակիրթ եվրոպաների փորձից: Սա արվում է, որ նորոգված ճանապարհները շուտ չքանդվեն, բայց փաստորեն նոր հարկատեսակ է մտնում: Տպավորություն կա, որ կառավարությունում նստած` անընդհատ նոր հարկեր ստեղծելու մասին են մտածում:
Հեղինե Բիշարյանը պատկերավորեց, թե բեռը մինչեւ Երեւան հասնի` ամեն համայնք պետք է տուգանի՞. «Լավ կլիներ կանգնեցնեինք այս քննարկումը եւ մեծ օրակարգով քննակեինք, մեզ համար անհասկանալի արագության գործընթացի մեջ է: Ամեն շարժող բան կանգնեցնենք ու տուգանենք` ամենաեկամտաբեր ու ամենաանշառ գործն է»: Զարմանալի բան` բեռները, որոնք տեղափոխվում են մեր ճանապարհներով, ավելի շատ ՀՀԿ օլիգարխներինն են, բայց նրանց շահերն ակամա պաշտպանում էին ՕԵԿ-ականները: Հ. Բիշարյանն առավել առաջ գնաց ու կասկած հայտնեց այսպիսի տուգանքներ մտցնելու շարժառիթի մասին, թե` միգուցե վաղը ինչ-որ մեկը պետք է ներկայացնի իր նոր ավտոպա՞րկը (քանի որ աշխարհում էլ չեն արտադրում փոքր բեռ տեղափոխող բեռնատարներ):
Սա հարկային լրացուցիչ բեռ է դառնալու արդյունաբերողների համար, երբ ամեն կամրջի վրա գրված է` որքան տոննա կարելի է անցկացնել տվյալ կամրջից, ասում ին ընդդիմախոսնեերը: Կամ` արագաչափերն արդեն իսկ ֆիքսում են ավել բեռն ու տուգանք ուղարկում, էլ ինչի՞ համար է այս նոր հարկը: Էլ չասած, որ թույտվություններ ստանալու քաշքշուկն էլ բարդացնելու է կյանքը:
Ասենք, որ արտահերթի քննարկումները կայանում են, քանի որ մի քանի` մշտապես աշխատող պատգամավորները փորձում են խորամուխ լինել հարցերում եւ ըստ էության ընդդիմախոսել: Արծվիկ Մինասյանը , Միքայել Մելքումյանը , Թեւան Պողոսյանը , խիստ ակտիվացած ՕԵԿ-ի` մշտապես բոլոր հարցերի քննարկմանը մասնակցող Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը (hավանաբար ՕԵԿ-ի ակտիվության մեջ պակաս դեր չունի այն, որ Հ 3-ով, այսինքն ՕԵԿ-ի հեռուստաալիքով հեռարձակվում է ԱԺ նիստը, որը դրական ենք գնահատում` յուրաքանչյուր ոք դիտելով կարող է համոզվել իր ընտրած պատգամավոորի արդյունավետության վերաբերյալ), մի քանի այլ` ընդհանուր թվով մոտ երկու տասնյակ պատգամավոր է սովորաբար նիստերի դահլիճում աշխատում: Է լավ, եթե այսքան պագամավորով կարելի է աշխատել, էն մյուսներն ինչի՞ համար են:
Կրքեր բորբոքեց նաեւ նոր` երեք տարվա ընթացքում Եվրասական զարգացման բանկի հակաճգնաժամային միջոցներից 300 մլն դոլարի վարկ ներգրավելու վարկային պայմանագիրը, որը պետբյուջեի պակասուրդն է ծածկելու: Պատգամավորները խոսում էին վարկերի ծախսման անարդյունավետությունից, մեր զավակներին մեծ պարտքերի տակ գցելուց, անգամ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ առաջարկելու է ստեղծել վարկերի արդյունավետությունը քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Ազգային ժողովն այսօր էլ դեռ մի նոր վարկային համաձայնագիր է քննարկելու: Այս տարի Ազգային ժողովը մեկուկես միլիարդ դոլարի հասնող վարկային միջոցների վերաբերյալ վարկային պայմանագրեր է հաստատել:
Հ.Գ. Ի դեպ` պատգամավորները դժգոհում էին, որ ԶԼՄ-ները գրում են ոչ թե քննարկումների էության, այլ միայն իրենց կարծիքով ԱԺ դահլիճում տեղի ունեցող շոուների մասին: Մենք էլ հարցնում ենք` դա նոր հայտնաբերեցի՞ք, արդեն տարիներ այդ տեսակ լրատվությունն է մեր ԶԼՄ-ներում գերիշխողը, եւ դրան նպաստում եք նաեւ դուք` պատգամավորներդ: