Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

04/12/2015
- 04 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Աշխարհում ամեն տեղ այլեւս անապահով է: Կարեկցանքի, գթասրտության պակասից սառչում է մեր տուն – մոլորակը, պատերազմներից ու զինամթերքի կուտակումներից ավելի քան երբեւէ շիկանում է. տարաբեւեռ ցնցումները սողսոկում են մեր ներսը, գուժում տագնապի ոռնոցներ… Թվում էՙ այլեւս ուշացած այս խոստովանությունը, քանի որ ամեն բան ավելի արագ է զարգանում, քան հնարավոր էր պատկերացնել:

…Անձրեւը սկզբում դանդաղ, բայց համառորեն մաղելով, աստիճանաբար սաստկանում էր: Մենք անձրեւանոց չունեինք, մոտակա խանութից գնեցինք մեկը, բայց մանր սալիկների վրայով սահելով, ջուրը անհնազանդորեն լցվում էր ամառային բաց կոշիկներից ներս: Մենք շտապում էինք «Յառաջ»-ի խմբագրատունՙ սփյուռքահայ մամուլի, ամենատեւական ու սկզբունքային օրաթերթի, որ հիմնադրման օրիցՙ 1925-ից մինչեւ 2009 թվականը, բացառությամբ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիների, անընդմեջ գործել է, ծառայելով մեկ նպատակիՙ ի նպաստ ազգային արժեքների ու հայ ինքնության պահպանման, հոգեւոր ապաստարան- ամրոց դառնալով մտավորականների, մշակութասեր հայերի համար:

Մի քանի օր անց քաղաքը նորից անձրեւում էր, այս անգամ չէինք շտապում, անձրեւը մաղում էր այնքան համաչափ ու նրբորեն, ասես բանաստեղծություն էր կետագծում մայթեզրերին: Մենք չէինք շտապում, բայց երբ տեղ հասանք, Պիկասոյի թանգարանը փակ էր, ոչ թե որովհետեւ անձրեւ էր, կամ որ ուշացել էինք, պարզապես օրը երկուշաբթի էր, եւ մենք մոռացել էինք: Պիկասոյի թանգարան այցելելու օր չմնաց: Լուվրում անցկացված մեկ օրը ակնթարթ է, ու եթե այդ ընթացքում որոշես թեկուզ հայացքի մեկ հպումով անցնել իմացած ու չիմացած, ծանոթ ու անծանոթ հազարավոր էջերի վրայով, կնշանակի, որ ուզում ես քեզ համոզել, թե Լուվրում եղել ես…Բայց Մոնա Լիզան միեւնույն էՙ կգայթակղեցնի այնպես, որ այդ մի քանի սուղ ժամերի մեծ մասն իր վրա պահի:

Քաղաքն աչքերիդ առաջ բացված համատարած գեղեցկություն էՙ ճերմակին տվող ասեղնագործ ճարտարապետությամբ: Բայց ամենից շատ ինձ հուզում է Սենը, նա միշտ հանդարտ է, մի տեսակ խոհուն են հոսում ջրերը, ասես մտածում են, երկար պահում են հայացքդ իրենց վրա, այնպես որ մտքերդ հասցնում են էքսկուրս կատարել հայտնի ու անհայտ պատմությունների հետքերով…հետո վերադառնում, ցրվում են օդի մեջ, ու եթե կարողացար որսալ մթնոլորտում թափառող գույները, բույրերն ու մեղեդիները, ուրեմն Փարիզը զգացել ես…զգացել ես նրա անցյալն ու պատմությունը, շոշափում ես ծավալը, օդը… Իզուր չէ, որ Վուդի Ալենի ֆիլմի հերոսըՙ ամերիկացի երիտասարդ գրողը, դեպի անցյալ կեսգիշերային ճամփորդության միստիկան ապրում է Փարիզում, որովետեւ այստեղ, այս քաղաքում է ծավալվում ամենահետաքրքրական երկխոսությունը գույնի ու գեղեցկության միջեւ, հյուսվում ամենաինտրիգային պատմություններ սիրո ու դավադրության մասին, որովհետեւ այստեղ բախվում են կրքեր ու գաղափարներ, փնտրվում նոր ելքեր, այստեղ է արվեստի բոհեմային կյանքն իր խրախճանքը անում, ուր եւ բացվում են նոր շնչառություններ, նոր հոսանքներ ու ուղղություններ ծնվում, կյանք են մտնում հավանական ու անհավանական ձեւեր ու գույներ: Այս քաղաքում է բնակվում արվեստի ոգին, համենայն դեպս օդը շատ բարենպաստ է, եւ ամեն արվեստագետի, ամեն նկարչի հմայում, ձգում է դեպի իրեն: Օդի մեջ կարծես դեռ թրթռում են գունացոլքերը այն զգացումների, որ նկարել, գծել են Մոնեն, Ռենուարը, Պիսսարոն, Դեգան, Մոդիլիանին, Մատիսը, Միրոն կամ Պիկասոն… Սակայն Փարիզը մի չբացահայտված գաղտնիք ունի, որ յուրաքանչյուր այցելու, ով հարազատ է զգում այս քաղաքին, չի կարող չապրել. սա ես զգացի Սենի մի դիրքից նայելիս, ոչ հեռուՙ Լեդի Դիանայի հուշակոթողից: Այն կարող է շատ սուբյեկտիվ թվալ, բայց ապրված մետաֆիզիկական զգացողություն է, այնկողմնային մի բան, որն այդ հարահոս, բազմամիլիոնանոց քաղաքը, որտեղ ամեն օր միլիոնավոր տուրիստ է մտնում ու դուրս գալիս, վերածում է մեծածավալ կտավի, պահի մեջ արձանացած պատկերիՙ ինքն իր նիրհի մեջ, իր երազի մեջ ննջող, անմատչելի, ինչպես երազն ինքը:

…Ամեն բան սակայն կարող է փոխվել մեկ- երկու վայրկյանում անգամ: Այսպես է: Փարիզի ողբերգությունը անցավ աշխարհի բոլոր միջօրեականներով, արցունք հոսեց, նոր վերք բացվեց: Մի գերմանացի խոսում է համամարդկային արժեքներից, Երկիրը բոլորիս տունն է, ասում է, նրա որեւէ անկյունում կատարվող ամեն ցավ յուրաքանչյուրինս է. կորեացի աղջիկը արցունքները չի հասցնում սրբել, Մոսկվայում ձյունը ծածկում է տաք ծաղիկները, իջնում թաց աչքերին, մարդիկ խոնարհում են գլուխները… Աշխարհի մեծ քաղաքների հայտնի կառույցները փոխակերպում են իրենց ֆրանսիական եռագույնով: Անհայտ երաժիշտը Փարիզի փողոցում նվագում է Ջոն Լենոնի Imagine-ը, – երազային աշխարհի տեսիլք, ուր չկան սահմաններ ու կրոններ չկան, չկա անարդարություն, ընչաքաղցություն, չկա քաղց, աշխարհը մեկ է ու խաղաղություն է…

Ու մի պահ, իրոք, աշխարհը փոխվում է: Այսպիսին է վիշտը, նա միավորել գիտի, հաշտեցնել գիտի, հանդուրժող է, բայց միայն մի պահՙ մարդկային հոգին արթնացնում է նախնական իր անհաշտ բնույթը. չէ՞ որ երկդիմի է ի սկզբանե, անողոք ու հիշաչար մանավանդ… անցյալը ներկա ու ներկան անցյալ է դառնում: Հիշեցինք ոչ միայն մեր, նաեւ այլոց ոչ վաղ անցյալը, նորից մեզ խաբված զգացինք, անարգված զգացինք, պատմության անցքերը սանրելով, մոռացանք լավն էլ հիշել, չնայած ծաղիկներն այստեղ էլ խոնարհեցին գլուխները, ֆրանսիական եռագույնը փոխառանք մենք էլ… Բայց սա օտարամոլության հետ որեւէ կապ ունի՞, ուրեմն ամենքը, ովքեր ցավ ապրեցին, օտարամո՞լ են: (… այս անտանելի մոլըՙ ազգամոլ, հայամոլ, կրոնամոլ, կնամոլ, գինեմոլ` սպանում է): Հայրենասիրությունը բառերի կույտ չէ, կամ սոսկ հայտարարություն, դա ապրելու կերպ է, պատասխանատվություն է ապրած ժամանակի, արածդ գործի, ինքդ քո ու միջավայրի հանդեպ: Ուրիշի վիշտը չզգալու, այլոց ցավը չնկատելու, միայն սեփական առանցքի ու պատմության շուրջ պտտվելն ու ինքնակենտրոնացումը վատ նշաններ են, որ նախ վտանգում են այն կրողին, իսկ անտարբերության մեղադրանքները Սիրիական ողբերգության, աշխարհում ամեն օր ու ժամ տեղի ունեցող աղետների ու պատահարների հանդեպ, փարիսեցիություն է: Գուցե անտեղի, բայց մի բան մտքիս եկավ ու անցավՙ եթե Սիրիայում հայեր չապրեին, մենք կհիշեի՞նք այս երկրի ողբերգությունը: Հիշեցի տարիներ առաջ Հայիթիում տեղի ունեցած սոսկալի երկրաշարժը, որին զոհ գնաց 50 000 մարդ, տուժեց բնակչության մեկ երրորդը, մնացին անտուն, անօթեւան, անոթի: Մեր թերթի խմբագիրը ցավով արձանագրեց այն անտարբերությունը, որ մենք ունեցանք այդ օրերին: Ինչու՞, որովհետեւ աղքատ երկի՞ր, խե՞ղճ ու կրակ ժողովու՞րդ են, թե՞ … որովհտեւ հայեր չեն ապրում այստեղ: Փարիզյան դեպքերի 130 զոհերի մեջ մեկ հայ կարՙ 17 – ամյա դեռատի աղջիկ… Ողբերգական յուրաքանչյուր դեպք, մարդկային ամեն կորուստ ցավալի է, ինչ հանգամանքներում եւ որտեղ էլ լինի: Սակայն ահաբեկչության դեմքը տարբեր էՙ դավադիր ու ծպտված, այսօր նա կերպափոխված է, ոչ կրոնական եւ ոչ որոշակի ուղղվածության է. -տեռորիստը հայրենիք չունի, ազգություն չունի, կրոն չունի, նա մոլագար է. սա չարիք է, չարիքՙ ընդդեմ համամարդկային արժեքների, բնության դեմ, կյանքի դեմ:

Աշխարհն այսօր խառնակ ու ալեկոծ է, քան երբեւէ: Այս ու այն կողմ հրահրված պատերազմներ, դեմոգրաֆիական տարօրինակ փոփոխություններ, պատերազմի, կյանքի վատագույն պայմանների պատճառով մարդկանց կամավոր տեղահանումներ իրենց երկրներից, տներից, այս անգամ հարավ- արեւելքից Բալկաններով դեպի հյուսիս-արեւմուտք են շարժվում մարդկային խմբերը. պատմությունն ասես կրկնում է իրեն հազարավոր տարիներ անց… էմիգրացիոն ճգնաժամը խորանում է. վտանգի տակ են հայտնվում արեւմուտքի մշակութային- հանրային կյանքի հիմնարար արժեքներ: Փախստականները վերադարձի ելքեր չեն տեսնում. բողոք ու աղաղակ է ամենուր: Արեւելյան Եվրոպայի երկրները փակում են սահմանները… Դժվար ու խառնակ ժամանակներ են, այս վիճակներում պատմությունը մեզ լավ բան չի հուշում: …Որտե՞ղ ենք մենք եւ ի՞նչ արժեքներ ենք դավանում:

Պատերազմի դեմքը դաժան է, թշնամին սակայն դեռ մոտ չէ նպատակին, քանի Միջնաբերդը գրավված չէ: Փարիզը խորհրդանիշն է համամարդկային առաջադիմության հավերժական արժեքների, քրիստոնեական քաղաքակրթության, այստեղ է ապրում սիրո, գեղեցկության, ազատության ու արվեստի ոգին: Նա Միջնաբերդ է: Ու այս ցավը համամարդկային է, հարվածըՙ վտանգավոր: Ահազանգը հնչեցվել, եւ վերքը դեռ շատ կարյունի…Սա տեսանելի է: Ահաբեկչության վտանգի առավելագույն աստիճան է հայտարարված հարեւան երկրում, կիրառվում են անվտանգության առավելագույն մեթոդներ, Բրյուսելում հանրային կյանքը կանգ առած է, փակ են հանրային վայրերը, մետրոն, մարդկանց հորդորում են հնարավորության դեպքում անցնել աշխատանքային օնլայն եղանակի: Ֆրանսիան հակաահաբեկչական պայքարի լայն կոալիցիա է ձեւավորում, ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հղի է տխուր հետեւանքներով, տեռորիստական ակտերը շարունակվում են, օրեր առաջ Թունիսում, ու նորից զոհեր. ո՞րն է լինելու հաջորդը: Համաճարակը դիմադրության միասնական գիտակցություն է պահանջում: Ո՞վ է կազմակերպում, որտեղի՞ց է հրահանգվում, հիմա, այս պահին, այնքան էլ կարեւոր չէ…

Քաղաքը անձրեւում է… Սենդ Էնիի, Բատակլանի անմեղ զոհերը խոնարհված ծաղիկներ են թարմ հիշողությունների, համերգասրահում հրաշքով փրկված ֆրանսուհու նամակըՙ համամարդկային ցավի ցնցող ճիչ, զոհված շունը Դիզել անունովՙ ծանր խորհրդանիշ անձնազոհության ու հավատարմության:

Մենք իզուր ենք առանձնացնում մեզ աշխարհից…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՐԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական