ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան
2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈւ-ի Ֆ-16 կործանիչները հրթիռային հարվածով վայր գցեցին հարեւան Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողութիւն իրականացնող ռուսական Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչը…
Աւելին, Անկարայի վերահսկողութեան ներքո գտնուող իսլամական գրոհայինների ջոկատը հենց երկնքում ոչնչացրեց փրկուած ռուս օդաչուներից մեկին, իսկ մյուսինՙ այնքան թանկ ականատեսին ու վկային, մի կերպ փրկեց վրայ հասած սիրիական հատուկ նշանակութեան ջոկատը…(*) Նոյն այդ փրկարար գործողության համար ժամանած 2 ռուսական ուղղաթիռներից մէկը պայթեցՙ վերոյիշեալ իսլամիստների դէմ մարտում, իսկ ռուսական որոնողա-փրկարարական խմբի ծովային հետեւակայիններից մէկը զոհուեց…
Ամբողջ Ռուսաստանըՙ երկրի նախագահից մինչեւ շարքային քաղաքացիՙ իրեն յարգող իւրաքանչիւր ռուս, լցուած էր արդարացի զայրոյթով ու վրէժխնդրութեան զգացումով Թուրքիայի նենգ ու ոճրագործ վարմունքի հանդէպ…
Սակայն, ինչպէս ասում ենՙ «Վրէժն այն կերակուրն է, որ մատուցւում է պաղ վիճակում»…
Փորձենք հասկանալ, թէ ինչ է կատարուել եւ ինչի կհանգեցնի այս ամէնը…
Անշուշտ, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը հասկանում է, որ չի կարողանայ ռազմական ուղղակի պատասխան հարուած հասցնել Թուրքիային, քանզի Թուրքիան ՆԱՏՕ-ի 28 անդամներից մէկն է, ուստիՙ նատօ-ական «միջուկային հովանոցի» պաշտպանութեան ներքոյ: Ռազմաքաղաքական դաշինքի «Կանոնադրութեան» յօդուած 5-ի համաձայնՙ ՆԱՏՕ-ն թոյլ չի տայ, որ Ռուսաստանը հաշուեյարդար տեսնի Թուրքիայի հետ…
Դրանով է բացատրւում 24.11.2015-ի օդային միջադէպի կապակցութեամբ ԱՄՆ-ի գրաւած, փաստօրէն, հովանաւորիչ դիրքը Թուրքիայի նկատմամբ, որով իսկ զսպուեց Մոսկուայի յարձակողական եռանդը… Եվ ի վերջո, Թուրքիան ինքն էլ աշխարհի ռազմապես հզորագույն 10 պետությունների շարքին է դասվում…
Մեզ համար ակնյայտ է, որ Մոսկուան ինքն էլ գիտէր, թէ հակասիրիական կամ հակաասադական դաշնախմբի անդամներից որեւէ մէկը, հնարաւոր էՙ հենց նոյն այդ թուրքերը, մի օր հարուածելու են իր ինքնաթիռներին… Եւ այնուամենայնիւ ամէն օր դէպի մահն էր ուղարկում իր քաջարի օդաչուներին…
Աւելին, Մոսկուան այդուհետեւ էլ շարունակում է նոյն գործելակերպը, այս անգամՙ Իսրայէլի նկատմամբ… Ինչը մտածելու տեղիք է տալիս…
Այսպէս, 29.11.2015թ. ռուսական ռազմական ինքնաթիռը մտել է Իսրայէլի կողմից վերահսկուող օդային տարածքՙ Գոլանի բարձունքներում… Սակայն իսրայէլական կողմը ողջախոհ կերպով թոյլ է տուել, որ ինքնաթիռը հանգիստ հեռանայ…
Վստահաբար Մոսկուան չի հանդուրժելու թուրքական կողմի վերոյիշեալ ոճրագործ արարքը եւ պատժելու է Անկարային ու նրա հետեւում կանգնած հովանաւորներին…
Հարցն այն է, թէ ի՞նչ պատասխան հարուածներ է տալիս եւ դեռ տալու ռուսական կողմը.
1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. նախՙ ռուսները սկսեցին տնտեսական հարուածներ հասցնել Թուրքիային… Սակայն ասենք, որ դա երկսայրի սուր է, որը կարող է վնասել նաեւ ռուսական կողմին… այն էլՙ Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դէմ պատժամիջոցների կիրառման եւ ամերիկա-սաուդեան նաւթագնային վտանգաւոր խաղերի իրականացման պայմաններում…
2. ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ. այնուհետեւՙ Մոսկուան սկսեց ուժեղացուած տեղեկատուական պատերազմն ընդդէմ Անկարայի եւ նրա հովանաւորների… Յատկապէս շեշտը դրւում էր ԻԼԻՊ-ի հետ Էրդողանի նաւթային գործարքների եւ ԻԼԻՊ-ին զինելու եւ ամէն կերպ աջակցելու փաստերի վրայ…
3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ռուսական քաղաքական վերնախաւը սկսում է դիտարկել քրդական գործօնի ակտիւացումը որպէս Թուրքիային պատժելու առաւել խիստ միջոց… Այդ թւում, թէ՛ Սիրիայի քրդերին ՀՕՊ զէնքերով զինելու, թէ՛ Արեւմտեան Հայաստանումՙ Թուրքիայի սահմանների ներսում քրդական շարժումը ակտիւացնելու տարբերակներով…
Այստեղ ասենք թէ, անշուշտ, մենք չէ, որ պէտք է 1945-1991թթ. համաշխարհային գերտերութիւն եղած ռուսական կողմին յուշենք, թէ ինչ քայլեր են պէտք, սակայն…
Ռուսական կողմը կարող է իրականում ծանր հասցնել Թուրքիայինՙ ակտիւացնելով Հայկական գործօնը… Ահա այդ հասկանալով, «Սպրաւեդլիվայա Ռոսիա» կուսակցութան միջոցով արդէն իսկ ՌԴ խորհրդարանի քննարկմանն է ներկայացուել Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծ, ինչը, ըստ իս, բաւական լրջացրեց ԱՄՆ-ի ու միւս արեւմտեան տէրութիւնների հովանաւորչութեամբ ոգեւորուած Էրդողանին…
Բայց սա դեռ վերջը չէ…
Եւ ռուսական կողմը, ըստ իս, կարող է եւ պէտք է գնայ մինչեւ վերջ… Այսինքնՙ
ա/ միակողմանիօրէն դենոնսացնի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամութեան եւ եղբայրութեան պայմանագիրը, որի զոհն է դարձել Հայաստանը եւ որը օգուտ է բերել աւելի շատ Թուրքիային, քան Ռուսաստանին…
Դրանով իսկ Թուրքիայի գոյութիւնը միջազգային իրաւական տեսակէտից, փաստօրէն, դրուելու է հարցականի տակ:
Այդ նաեւ նշանակում է, որ Ռուսաստանը եւ իր մերձաւոր դաշնակիցները կարող են անել միւս սպառնալի քայլը ընդդէմ Թուրքիայի, այսինքնՙ
բ/ Հայաստանը կարող է հանգիստ կերպով միակողմանիօրէն դենոնսացնել 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որը մեր ժողովրդի վզին փաթաթել էին Մոսկուայի բոլշեւիկյան ու Անկարայի քեմալական ապօրինի իշխանութիւնները… Ուստիՙ Թուրքիան զրկուելու է հայ-թուրքական այն «յարմար» սահմանից, որն իրեն 1921թ. նուիրեցին իր բոլշեւիկեան դաշնակիցները… Աւելինՙ Թուրքիան եւ նրա հովանաւորեալ Ադրբեջանը զրկուելու են վերոյիշեալ պայմանագրերով Հայաստանից խլուած Նախիջեւանի երկրամասից եւ Կարսի մարզից… Ի դէպ, 2005թ. Վրաստանը միակողմանիօրէն չեղարկել է Կարսի պայմանագիրը… Այդ մասին ես տեղեկացրել եմ տարիներ առաջ հրապարակուած յօդուածներիցս մէկում…
Ռուսաստանի քաղաքական վերնախաւը, ըստ իս, պէտք է որ լաւ յիշի, թե 1921թ. իրենց երկիրը փրկեց Թուրքիայի գոյութիւնն ու կեանքը, իսկ ի շնորհակալութիւն դրաՙ 1941թ. քեմալականների 26 դիվիզիաներից բաղկացած կէս միլիոնանոց բանակը կանգնել էր Ախուրեանի ու Արաքսի ափերինՙ սպասելով Ստալինգրադի անկմանը, որպէսզի «փակի» նաեւ Արեւելեան Հայաստանի «հաշիւները» եւ Կովկասը գրաւելով միանա իր գերմանա-նացիստական դաշնակիցներինՙ Վոլգայի ափերին… Սա նման է 1833 թ. դեպքերին, երբ Նիկոլայ 1-ին ցարի բանակը փրկեց Թուրքիային Եգիպտոսի ռազմարշաւից, որի արդիւնքում Օսմանեան կայսրութիւնը կոչնչանար: Որպես «շնորհակալութիւն», թուրքերը 1853-1855թթ. Ղրիմի պատերազմում միացան արեւմտաեւրոպական պետութիւններին եւ խայտառակ պարտութեան մատնեցին Ռուսաստանին…
Ուստիՙ Ռուսաստանը, ակնկալում ենք, որ պիտի աւելի խորը գնահատի իր եւ Թուրքիայի 400-ամեայ հակամարտութեան խորքային իմաստը, յիշի այն 12 արիւնահեղ պատերազմները, որոնք մղուել են 16-րդ դարից մինչեւ 20-րդ դարը… (**)
Կարծում են, որ այս ամէնից յետոյ Մոսկուան պէտք է որ աւելի լաւ հասկանա, թէ ինքը, չկարողանալով հանդերձ այժմ ուղղակի ռազմական հարուած հասցնել Թուրքիային, այսինքն սկսել նորՙ 13-րդ ռուս-թուրքական պատերազմը, այնուամենայնիւ կարող է աւելի սարսափելի մի պատերազմ պարտադրել Անկարային, զուտ «չինական ոճով»: Եւ այսպէս, Ռուսաստանըՙ
գ/ կարող է ռազմական ու քաղաքական լուրջ հարուած հասցնել Թուրքիային Հարաւային Կովկասումՙ թալիշների, աւարների, լեզգիների, թաթերի, ինգիլոյների, ծախուրների, ուտիների եւ այլոց ձեռքով ոչնչացնելով «Ադրբեջան» կոչեցեալ կովկասեան Թուրքիան… վերջինիս զաւթած հողերը վերադարձնելով իսկական տէրերինՙ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանին եւ վերոյիշեալ տեղաբնիկ ժողովուրդներին…
Պատմութիւնը ռուսներին հիանալի հնարաւորութիւն է մատուցել վայելելու ամբողջ աշխարհի առաջադէմ ուժերի համակրանքըՙ որպէս համաշխարհային չարիքիՙ ԻԼԻՊ-ի եւ նրա թիկունքին կանգնած ուժերի, մասնաւորապէսՙ Թուրքիայի դէմ իրապէս պայքարող հզօր եւ քաջարի ազգ… Կարելի է այդ պայքարի շրջանակներում Անկարային հասցնել այնպիսի հարուած, որին նա եւս չի կարողանայ ուղղակի ռազմական պատասխան տալ…
Դրանով իսկ Պուտինիՙ միջազգային յարաբերութիւնների միաբեւեռ համակարգից առաւել արդարացիՙ բազմաբեւեռ աշխարհակարգին անցնելու յայտնի քաղաքականութիւնը նոր հզօր լիցք կստանայ…
Աւելինՙ Ռուսաստանն իր սահմանակից տարածքներում կթուլացնի ԱՄՆ-ի եւ անգլոսաքսոնական կայսերապաշտութեան դաշնակցիՙ Անկարայի ազդեցութիւնը, «շարքից կհանի» Թուրքիայի կրտսեր դաշնակից «Ադրբեջանը» կամ Բաքվի թուրքական սուլթանութիւնը, որը 1918-ից ի վեր դարձել է Օսմանեան կայսրութեան կամ քեմալական Թուրքիայի ռազմական ցատկահարթակը Կովկասում… Իսկ թուրքական Գորշ գայլը կամենում է Հարաւային Կովկասից ներխուժել դէպի Վոլգա, Ուրալ, Ղազախստան, Կենտրոնական Ասիա, Ալթայ, Խաքասիա, Եակութիա, Սինձեան-Ջունգարիա…
Այնպէս որ, անյապաղ միակողմանիօրէն չեղարկելով Մոսկուայի պայմանագիրը, իսկ Հայաստանի ձեռքովՙ նաեւ Կարսինը, Ռուսաստանը լուրջ խոչընդոտ է ստեղծելու Անկարայի նէոօսմանական պլանների իրագործմանը եւ խիստ ցաւալի հարուած է հասցնելու թուրքական Գորշ գայլի ժանիքներին…
Առաւել հուժկու կդառնայ այդ հարուածը եւ կվերածուի խոցիչ հարուածների շարքի, եթէ Ռուսաստանը եւս մէկ քայլ անելովՙ Թուրքիային քաղաքականապէս եւ հոգեբանօրէն ոչնչացնելու իր բռնելիք ուղու վրայՙ բոլոր դաշնակից ու ռուսամէտ պետութիւնների միջոցովՙ
ա. առաջ մղի Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը եւ եղած գրեթէ երեք տասնեակ պետութիւններին աւելանան եւս երեք տասնեակը, որոնք կճանաչեն Հայոց ցեղասպանութեան փաստը եւ դրանով իսկ կարեվէր կխոցեն Անկարային,
բ. ՃԱՆԱՉԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ, դրանով իսկ հարցականի տակ դնելով թուրքերի կողմից զաւթուած հայկական հողերի յետագայ պատկանելիութիւնը Թուրքիային…
Ահա թէ ինչու Թուրքիան, 2015թ. նոյեմբերի 30-ին մասնակցելով Փարիզում համաշխարհային «Կլիմայական» գագաթնաժողովին, որտեղ, երեւի, նախ մոլորակի քաղաքական կլիման են քննարկելու, յոյս ունի վերջնարդիւնքում, տարիներ կամ, ինչու չէՙ ամիսներ անց հասնելու Եւրոմիութեան անդամի բաղձալի կարգավիճակին… Եվ այդպիսովՙ ՆԱՏՕ-ի միջուկային հովանոցի հետ միասին ապահովելով նաեւ Եւրոմիութեան տաք ու ապահով գիրկը, որտեղից քամահրանքով կնայի գոյատեւման պայքար մղող Ռուսական արջին…
Կհանդուրժի՞ արդեօք պուտինեան Ռուսաստանը այս ամէնը, թէ՞ այնուամենայնիւ կգնայ մեր ենթադրած տարբերակների գործադրման ուղիով, դրանով իսկ նաեւ ցոյց կտայ Ռուսաստանի քաղաքական վերնախաւի ե՛ւ վճռականութեան ե՛ւ համախմբուածութեան աստիճանը…
[1] Ահա ռուս-թուրքական 12 պատերազմների ցանկը. 1568-1570թթ., 1672-1681թթ., 1686-1700թթ., 1710-1713թթ., 1735-1739թթ., 1768-1774թթ., 1787-1791թթ., 1806-1812թթ., 1828-1829թթ., 1853-1856թթ., 1877-1878թթ., 1914-1918թթ.: Դրանցում յաղթանակը գրեթէ միշտ եղել է ռուսական կողմում, յաճախՙ հայկական կողմի օժանդակութեամբ…
(*) Շաբաթ օրը թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գործող իրանյան ուժերի հրամանատար-գեներալ Սոլեյմանին բացահայտեց, որ իր ենթակայության ուժերն են փրկել ռուս օդաչուին: Խմբ.:
(**) Ըստ ռուս ռազմական պատմաբանների 400 տարուայ ընթացքում Ռուսաստանը եւ Թուրքիան 245 տարի պատերազմել են: – Մ.Ռ.Խ.: