ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
1978 թվականին ես երկարատեւ ճամփորդություն կատարեցի Հայկական ԽՍՀ-ով: Այցելեցի ճիշտ 1067 բնակավայր: Հենց այդքան էին դրանք Հայաստանում: Ամեն շաբաթ ռեպորտաժներ էի ուղարկում հայկական թերթերին: Գրեցի «Օջախ» գիրքը: Իմ անհամար հուշատետրերում հաճախ էր կրկնվում Խանզադյանի անունը: Բնականաբար, այն հաճախ հանդիպում է նաեւ «Օջախ» գրքում: Այսօր, պատմավեպերի ականավոր հեղինակի 100-ամյակի օրը, ցանկանում եմ ներկայիս ընթերցողին պատմել մի քանի կարեւոր սյուժեների մասին, որոնք կապված են արդեն անմահություն ոտք դրած այդ մեծ գրողի հետ:
***
Կեսգիշերին Ապարանի հյուրանոցի իմ համարում հնչեց հեռախոսի երկար զանգը: Իսկույն հասկացա, որ միջքաղաքայինն է: Վախեցա: Քնատ գլխումս ծագած առաջին միտքն էրՙ կինս է զանգում: Նշանակում էՙ բան է պատահել: Բայց տնից չէին զանգում: Դա սրտիս թանկ մի մարդ էրՙ Սերո Խանզադյանը: Նա ասաց, որ կարդում է իմ ռեպորտաժները «Ավանգարդ» երիտասարդական թերթում: Հետեւում է «Վերածնունդ» գիտարշավի առաջխաղացմանը: Խոսում էր ինձ հետ զանգեզուրա-ղարաբաղյան բարբառով: Իսկ հետո բառացիորեն հրամայեց. «Թո՛ղ բոլոր գործերդ եւ արի Երեւան, խոսելու բան կա: Առաջին անգամ ես մերժեցի այդ մարդու խնդրանքը: Հայաստանով ճամփորդելու երկար ամիսների ընթացքում, հետեւելով սեփական օրենքին, ես ոչ մի անգամ տուն չէի հանդիպել եւ ես պատասխանեցի. «Ոչ մի կերպ չեմ կարող խախտել ավանդույթը: Շատ քիչ բան է մնացել: Շուտով Երեւանում կլինեմ եւ տուն չմտած, կանցնեմ ձեզ մոտ»: Ես էլի ինչ-որ բան էի ցանկանում ավելացնել, բայց Խանզադյանն ընդհատեց ինձ. «Օրենքը լավ բան է: Այդ դեպքում ես վաղ առավոտյան ինքս կգամ: Սպասիր ինձ Ապարանում»:
Մինչեւ առավոտ ես արդեն չկարողացա քնել: Մտածում էի Խանզադյանի զանգի մասին: Մտածում էի հենց իր նկատմամբ առանձնակի ջերմությամբ: Հիշեցի, թե ինչպես Մոսկվայում միասին այցելեցինք Կոնստանտին Սիմոնովին, որի հետ ես ծանոթ էի դեռեւս Կամչատկայի ժամանակներից: Դա մի քանի տարի անց էր այն բանից հետո, երբ ավարտվեց իմ ճամփորդություններից մեկը նավակով, որն անվանել էինք «Սպասիր ինձ»ՙ ի պատիվ սիմոնովյան լեգենդար բանաստեղծության: Այդ մասին պատմել եմ իմ «Երկնագույն ճանապարհներ» գրքում: Այդ ժամանակից ի վեր ես հաճախ եմ եղել Կոնստանտին Միխայլովիչի մոտ, իսկ այցելություններից մեկի ժամանակ հյուրընկալվեցինք նրա տանը Սերո Խանզադյանի հետ: Սիմոնովը նախօրեին կարդացել էր Սերո Խանզադյանի «Երեք տարի եւ 291 օր» վերնագրով ռազմաճակատային օրագրերը եւ մեծ գովասանքով խոսեց դրանց անմիջականության ու հեղինակային դիտարկումների ճշգրտության մասին: «Ամենից շատ ինձ դուր եկավ այն, որ դուք գրել եք պատերազմի մասին, գրել եք անբեղումորուս պատանու անունից, իսկ իմ աչքերի առջեւ այդ պատանու արեւախանձ հայրենիքն էր: Հավանաբար դուք հիմա այդպիսի փարթամ բեղեր եք կրում նաեւ այն անբեղումորուս պատանու փոխարեն»:
Այդ հիշարժան հանդիպման ժամանակ շատ խոսեցինք պատերազմի, գրականության մեջ պատերազմական թեմայի մասին: Դրանից առաջ Սիմոնովը եղել էր վիետնամական ռազմաճակատում, գուցեեւ այդ իսկ պատճառով պատերազմի թեման, որ առանց այդ էլ սրտամոտ էր երկու գրողներին, շարունակվեց նրանց ողջ զրույցի ընթացքում:
…Ես սպասում էի Սերո Խանզադյանին, մտածելով այն մասին, որ ընդհանրապես կարոտել եմ ընկերներիս ու մտերիմներիս, որոնք բարեբախտաբար շատ-շատ են Երեւանում: Դեռեւս մի քանի տարի առաջ, կարող եմ ասել, նույնիսկ ծանոթներ չունեի Երեւանում: Իսկ հիմաՙ ընկերներ: Շատ ընկերներ: Մի ամբողջ հարստություն: Շուտով Սերոն ինձ մոտ կլինի: Նշանակում է, ինչ-որ շատ լուրջ բան կա, եթե որոշեց ինքը հանդիպել ինձ երթուղուս վրա:
Հարցն, իրոք, չափազանց լուրջ էր: Այդ օրերին մամուլում սկսել էին հայտնվել տագնապալի հաղորդումներ տարբեր սադրանքների մասին, որոնք կատարվում էին Լիբանանի հայկական համայնքում: Թվում էր, այդտեղ ոչ մի անսպասելի բան չկար. արդեն մի քանի տարի պատերազմ էր ընթանում: Բեյրութը համարվում է «մոլորակի թեժ կետերից» մեկը: Իսկ Լիբանանում գոյություն ունի հակական մեծ համայնք: Լիովին բնական է, որ այդ համայնքը նույնպես տուժելու է: Բայց Խանզադյանը խոսում էր այլ բանի մասին: Նա ասես կանխատեսում էր, թե այնտեղ ինչ կարող էր տեղի ունենալ: Իմանալով այն մասին, որ Թուրքիան նորից թույլ է տվել ԱՄՆ-ին իր տարածքում ռազմական բազաներ բացել, հայ գրողն ասաց. «Այստեղ հարցը միայն այն չէ, թե ԱՄՆ-ին թույլատրվել է իր ռազմական հենակետերն ունենալ ԽՍՀՄ-ի սահմանին: Թուրքիան ոչ մի բան չի անում, այսպես ասածՙ ձրի: Վստահ եմ, որ սակարկություն է տեղի ունեցել: Թուրքիան սակարկել է. ես քեզ տարածքներ եմ տալիս ռազմական հենակետերի համար, դու անում ես ամեն ինչ, որպեսզի պահն օգտագործելով, ոչնչացվի Լիբանանի հայկական համայնքը: Ամբողջ աշխարհը գիտի, որ առաջադեմ այդ համայնքը իր ողջ էությամբ հանդիսանում է ժամանակակից թուրքական գաղափարախոսների, ինչպես ասում ենՙ աչքի փուշը, որոնք կաշվից դուրս են գալիս, որպեսզի կեղծեն պատմությունը եւ գոնե ինչ-որ կերպ արդարանան համաշխարհային հանրության առջեւ հայերի ցեղասպանության համար: Իսկ լիբանանյան համայնքն իր դպրոցներով ու համալսարանով, իր թերթերով ու գրքերով ամեն օր, ամեն ժամ արդար դատ է վարում ընդդեմ մարդասպանների: Աշխարհին հիշեցնում է մի ողջ ժողովրդի ահավոր ողբերգության մասին, որը կործանման եզրին էր հայտնվել 19-րդ դարի 90 թվականից մինչեւ 20-րդ հարյուրամյակի 20-ական թվականները»:
Ես լսում էի Խանզադյանին, բայց միեւնույնն է, ոչ մի կերպ չէի կարողանում որսալ ամենագլխավորը: Նպատակը, այսպես ասածՙ գերխնդիրը, որ նա դրել էր իր առջեւ, վաղ առավոտյան ուղեւորվելով ինձ մոտ: Նա, ըստ երեւույթին, կարդաց դեմքիս գծագրվող շփոթմունքը, տարակուսանքը: Եվ չսպասելով հարցի, ասաց.
– Ես կարծում եմ, որ մեր գրողներից որեւէ մեկը պետք է նախապատրաստվի ուղեւորվելու Լիբանան: Սրտի ցավով կրկնում եմ, որ այնտեղ շատ շուտով հաշվեհարդար է սկսվելու հայ համայնքի հետ, որը չի ցանկանում ներքաշվել եղբայրասպան պատերազմի մեջ: Ես գտնում եմ, որ պետք է մեկնես դու… Վերջիվերջո թիկունքիդ «Լիտերատուրնայա գազետա»-ն է կանգնած:
Նույն օրն էլ հրաժեշտ տվեցինք միմյանց: Ես մնացի Ապարանում: Շարունակեցի գիտարշավի ծրագրային աշխատանքը, բայց գլխիցս դուրս չէր գալիս գրող-ռազմաճակատայինի այցելությունը: Առաջ անցնելովՙ ասեմ, որ, ցավոք, իրականացան Սերո Խանզադյանի կանխատեսումները: Իմ արշավի ավարտից մեկ ամիս անց աշխարհն իմացավ, որ Լիբանանի հայկական համայնքը հրեշավոր տեռորի զոհ է դարձել: Ես եղա Բեյրութում եւ այնտեղ ողբերգությունը տեսա սեփական աչքերով: Գրեցի գիրք, որը վերնագրեցի «Երկու կրակի միջեւ»: Ողջ ընթացքում ինձ չէր լքում միտքը իմ ավագ ընկերոջ եւ ուսուցչի, հայ ականավոր գրողի մասին, որն ասես աստվածաշնչյան մարգարե, կանխատեսեց դժբախտությունը: Բայց այդ ամենը հետո էր լինելու: Ճամփորդության ավարտից հետո: Իսկ մինչ այդ ես ճանապարհին էի, մտնելով հանրապետության վերջին շրջան: Այնպե՜ս էի սպասել այդ պահին: Վերջնագծին: Եվ առաջինը, ում կայցելեմ, լինելու է Սերո Խանզադյանը:
Եվ ես, իրոք, այցելեցի Սերոյին երկարատեւ ճամփորդությանս ավարտի առաջին օրը: Եվ, իրոք, «Լիտերատուրնայա գազետա»-ն որոշեց ինձ գործուղել ռազմաճակատային Բեյրութ: Ես շտապ թռա Մոսկվա, որտեղ փաստաթղթերի ձեւակերպման ժամանակ պարզեցին, որ անկուսակցական եմ, իսկ դա նշանակում էր, որ ինձ համար փակ էր ճանապարհը դեպի կապիտալիստական երկրներ: Ես զանգեցի Երեւանՙ Սերոյին, որն, ի դեպ, Գրողների միության կուսկազմակերպության քարտուղարն էր: Պետք էր լավ իմանալ Խանզադյանին: Նա մեկ օրվա ընթացքում կուսակցական ժողով հրավիրեց, որտեղ որոշում կայացրին ինձ ընդունել կուսակցության մեջ: Մի խոսքով, քսանչորս ժամ անց հեռագիր ուղարկվեց «Լիտգազետա», որտեղ պարզապես ապշեցին բուն փաստից: Այդպես ես դարձա կուսակցության անդամ, թռա Բեյրութ: Ճամփորդեցի Լիբանանով ու Սիրիայով: «Լիտերատուրնայա գազետա»-ի երկու համարներում հրապարակեցի Բեյրութից ուղարկված ռեպորտաժներ: Ավարտեցի «Երկու կրակի միջեւ» գիրքս: Հիշեցնեմ, որ պատերազմական այդ ամսվա ընթացքում հաջողացնում էի կանոնավորապես զանգել, կրկնում եմ, սրտիս թանկ Սերո Խանզադյանին:
Տարիներ անցան, եւ մենք արդեն հանդիպում էինք Արցախումՙ պատմական պայքարի եւ պատերազմի ժամանակ: Եվ ցանկանում եմ «Մխիթար սպարապետի» հեղինակի 100-ամյակի օրը ներկայացնել նրա գրառումները, որ կատարել էր արդեն Ղարաբաղի խրամատներում:
Այսօր Արցախից վերադարձա Երեւան: Տանն իմացա, որ զանգել է Սերո Խանզադյանը: Նա հիվանդանոցում է: Վիճակը ծանր է: Ցանկանում է ինձ տեսնել: Ես գնացի հիվանդանոց:
Հավանաբար մեկ տարի չէինք տեսնվել Սերոյի հետ: Ծերուկը շատ էր նահանջել: Աչքերն ասես խամրել էին, այտերըՙ փոս ընկել: Մազերը վաղուց կտրված չէին, մորուքն անխնամ էր, բեղերը ներքեւից դեղնել էին անընդհատ ծխելուց:
Նա ագահորեն լսեց իմ պատմածը Արցախի վերջին իրադարձությունների մասին: Հարցրեց. «Ինչի՞ վրա ես աշխատում»: Ես պատասխանեցի. «Չափազանց ձանձրալի մի ժանրի վրա, որը կանվանեի «իրավիճակային վերլուծություն»:
Իմացա, որ հազվադեպ են նրան այցելում: Ժամանակին Հայաստանի ամենաբազմատպաքանակ արձակագիրն այսօր չի կարող տպագրել իր գիրքը Շուշիի մասին:
Այդ գիշեր ես երկար չէի կարողանում քնել, թեեւ չափազանց հոգնած էի ճանապարհից:
Մտածում էի Սերո Խանզադյանի մասին: Ծերունին մոտենում է ութսուն տարվա սահմանագծին: Ես տեսնում եմ, թե ինչպես է նա տառապում: Դեռ երեկ բոլորի կողմից ընդունված, այսօր, ասես, բոլորի կողմից մոռացված: Իսկ ես լավ եմ հիշում, թե ինչպես սկսվեց 1978 թվականը: Ամանորի օրերին մեզ մոտ ընդունված է այցելել ամենամտերիմներին: Բայց Սերոյի Նորքի տունն այդ օրերին դարձել էր ուխտագնացության վայր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նա «Մխիթար սպարապետի» հեղինակն էր: Համենայն դեպս այդ տոնական օրերին Սերոյին իր տանն այցելող մարդիկ խոսում էին ոչ նրա գրական հերոսների մասին: Խոսում էին Ղարաբաղի մասին:
Եվ ես ուզում եմ ինչ-որ բան մտաբերել այն ժամանակներից:
Ղարաբաղի նորաթուխ կուսակցական առաջնորդ Կեւորկովը, որին արդարացիորեն կոչում էին քաղաքական խամաճիկ, 1975 թվականին կուսակցության ԼՂԻՄ մարզկոմի տխրահռչակ պլենումում ջախջախեց Արցախի մտավորականությանը: Եվ իսկույն էլ դարձավ Հեյդար Ալիեւի սիրելին: Այդ չարագուշակ կուսակցական համաժողովը կարող էր լուրջ հարված հասցնել մեր հայրենիքին: Սակայն մեր ակտիվ պայքարը ծավալվեց ամենուր ընդդեմ Ադրբեջանի ղեկավարների: Եվ պայքարողների մեջ այն ժամանակ ամենաակտիվ անհատներն էին Սերո Խանզադյանը եւ Սիլվա Կապուտիկյանը:
Պարզասիրտ, դյուրահավատ Սերոն, ճիշտ է, սկզբում տեղի էր տվել Լեռնային Ղարաբաղի մարզի առաջին քարտուղարի խորամանկ դյութանքների առջեւ, սակայն շուտով նա կտրուկ հանդես եկավ Կեւորկովի դեմ Ստեփանակերտի մարզային թատրոնում, որտեղ նշում էին «Մխիթար սպարապետի» եւ «Հողի», «Հայոց թագուհու» եւ «Մեր գնդի մարդկանց» հեղինակի վաթսունամյա հոբելյանը: Գրողը բարձրացրեց ղարաբաղցիների ոգին:
…1977 թվականին լույս տեսավ «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» ժուռնալի վեցերորդ գրքույկը: Դա մոլորակի կոմունիստական եւ բանվորական կուսակցությունների տեսական եւ տեղեկատվական հրատարակությունն էր: Այն տպագրվում էր 32 լեզուներով աշխարհի 145 երկրներում: Ահա թե ուր էին հոսում, բացի ամենայնից, ԽՄԿԿ-ի փողերը: Այդ համարում տպագրվել էր հարցազրույց Կեւորկովի հետ:
Զրույցը վարում էին Ս.Միտրան (Կիպրոս) եւ Ա.Խաբան (Հնդկաստան): Այն հարցին, թե ինչու է հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը գտնվում Ադրբեջանի կազմում, այլ ոչ թե Հայկական ԽՍՀ-ի, որից բաժանված է ընդամենը մի նեղ հողաշերտով, Կեւորկովը պատասխանեց, թե «մարզը Հայաստանից զատված է բարձր սարերով»: Միաժամանակ, առանց ամաչելու, փարիսեցիաբար հավաստիացրեց, թե Ղարաբաղը ծաղկունք ապրեց Ադրբեջանում, եւ միայն ազգայնամոլները կարող են ասել. «Թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանին»:
Ժուռնալը մեր ձեռքն ընկնելուց հետո իսկույն որոշվեց «արձագանքել» եւ անել դա չափազանց բարձրաձայն: Գտանք այն ժամանակ անվիճելի մարտական եւ գործուն ժանրըՙ բաց նամակ հասցեագրված Բրեժնեւին, որն արդեն երկնային աստիճանի էր հասցված: Պոդգոռնու փոխարեն զբաղեցրել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի աթոռը, պահպանելով, բնականաբար, նաեւ ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի իշխանությունը: Այն ժամանակ Բրեժնեւի անունը ասես մարմնավորում էր բուն ԽՍՀՄ տերությունը: Նամակը գրվեց ռուսերեն: Ես կազմեցի հատուկ կից մեկնաբանությունը:
Հիշում եմ, մինչեւ առավոտ Սերոյի հետ աշխատում էինք նրա տանը, տեքստը բերելով անհրաժեշտ վիճակի: Անսպասելիորեն Սերոն առաջարկեց.
– Արի դեմագոգներից առաջ անցնենք: Բայց դրա համար դու պետք է գտնես Բրեժնեւի խոսքը Հայաստանի մասին:
– Իսկ ես այս նամակի համար արդեն մի ողջ թղթապանակ մեջբերումներ եմ հավաքել:
Ստացվեց մի պարբերություն, որից ինքներս էլ զարմացանք: Մենք մեզ զգում էինք պարզապես դեմագոգիայի պրոֆեսորներ: Այն բանից հետո, երբ նորից հնչեց «Թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանին» նախադասությունը, մենք հընթացս նշեցինք. «Բայց չէ՞ որ այդ արտահայտությունը վերաբերում է ոչ թե պարզապես Հայաստանին, այլ Խորհրդային Հայաստանին: Դուրս է գալիս, թե հայի համար վատ կլինի Խորհրդային Հայաստանում»: Եվ այդժամ ծնվեց հետեւյալ պարբերությունը. «Եվ դա ասվում է այն բանից հետո, երբ Դուք, թանկագին Լեոնիդ Իլյիչ, նշելով Խորհրդային Հայաստանի հիրավի ծաղկունքն ու վերածնունդը, ասել եք. «Խորհրդային Հայաստանի ժողովուրդը, կոմունիստները եւ անկուսակցականները, բանվորները, գյուղացիները եւ մտավորականությունը հիանալիորեն համատեղում են հայրենասիրության ոգին խորհրդային մարդու համար ոչ պակաս կարեւոր հատկանիշիՙ ինտերնացիոնալիզմի հետ»:
Խիստ մի՛ դատեք: Հիշեք, որ նամակը գրվել է 1977 թվականին: Եկեք մտովի վերադառնանք այն ժամանակներ եւ բարձրաձայն արտասանենք Բրեժնեւին հասցեագրված բառերը. «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը երբեք ինքնակամ չի ընտրել իր այսօրվա «բախտը», որով փաստորեն պոկվել է հայրենիքից: Եվ իհարկե, նման «բախտն» ինքնին անարդարություն է, որը պետք է վերացվի»:
Սերո Խանզադյանի նամակը եւ կից վերլուծական մեկնաբանությունը(*) մենք արի ու բարի արեւմտահայ բանաստեղծ Վահե-Վահյանի միջոցով ուղարկեցինք Բեյրութ, «Զարթօնք»-ի գլխավոր խմբագիր Գերսամ Ահարոնյանին, որն անմիջապես այն հրապարակեց իր թերթում:(**)
Մի քանի ամիսների ընթացքում սփյուռքի թերթերը եւ այլ արտասահմանյան հրատարակություններ տարբեր լեզուներով վերատպեցին նամակը եւ մեկնաբանությունները, հավելելով ընթերցողների արձագանքները: Առանձնակի ակտիվություն հանդես բերեցին «Ամերիկայի ձայնը» եւ «Ազատություն» ռադիոկայանը: Խանզադյանի նամակը վայրկենապես տարածվեց ողջ սփյուռքում բոլոր հինգ մայրցամաքներով մեկ: Մենք լավ գիտեինք, որ խորհրդային մամուլի խստագույն արգելքների պատճառով սփյուռքի նոր սերունդը շատ քիչ բան գիտեր Ղարաբաղի ողբերգության մասին: Այնպես որՙ Սերոյի նամակը շատերի աչքերը բացեց: Այն դարձավ յուրօրինակ մեկնարկային կրակոց, որն ազդանշանեց Ղարաբաղյան շարժման սկիզբը:
…Չափից ավելի լրջորեն անհանգստացավ այն ժամանակ ԽՍՀՄ ՊԱԿ-ը: Խանզադյանին իր մոտ հրավիրեց Կարեն Դեմիրճյանը եւ գրողի հետ քննարկեց ոչ թե նամակում դրված խնդիրները, այլ այն հարցը, թե «ով է գրել այդ նյութերը»: Ինչպես արդեն ասացի, մենք աշխատել էինք ռուսերեն տեքստի վրա եւ նոր միայն տվել էի այն թարգմանելու: Եվ, բնականաբար, նույնիսկ ոչ մասնագետը հեշտությամբ կարող էր կռահել, որ այդ նյութը թարգմանական է: Խանզադյանը Դեմիրճյանի մոտից ուղիղ ինձ մոտ եկավ եւ պատմեց իրենց խոսակցության մասին:
Շուտով Դեմիրճյանը հրավիրեց նաեւ ինձ: Խոսակցությունը սկսեց հեռվից: Իսկ հետո, կտրուկ անցում կատարելով, հարցրեց.
– Է՞լ ում եք ուղարկել «նամակը»:
Ես պատասխանեցի.
– Ավելի լավ է հարցնեք, թե ում չենք ուղարկել:
– Դու գոնե հասկանո՞ւմ ես, որ խաղում ես կրակի հետ:
– Կարեն Սերոբովիչ, թռչնակն արդեն թռել է: Սերոյի նամակի մասին այսօր ողջ աշխարհն է խոսում: Անհրաժեշտ է, որ գրողներն ու գիտնականները ելույթ ունենան արձագանքներով: Հիմա ընթանում է ԽՍՀՄ Սահմանադրության նախագծի քննարկումը, գուցե ճիշտ ժամանակն է վերջապես բարձրացնելու այդ հարցը…
– Թռչնակը թռել է,- խոսքս կտրեց առանձնասենյակի տերը,- նշանակում էՙ պետք է վանդակ վերադարձնել թռչնակին:
– Ինչպե՞ս կարելի դա անել: Վերջերս եմ կարդացել Հուրունցի տողերըՙ «Կժից կարելի է խմել միայն այն, ինչ լցված է այնտեղ, եւ նետված քարն էլ չես վերադարձնի թռիչքից»:
Ես հասկանում էի Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարին: Լավ էի հասկանում, թե ով է նրան զանգել Մոսկվայից եւ ինչ է ասել: Մենք Սերոյի հետ հասկանում էինք եւ այն, որ, իհարկե, հանրապետության ղեկավարին անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել: Չէ՞ որ նրանից պահանջում էին «համարժեք արձագանք»: Պատկերացրեք միայն, որ համարյա ամեն օր Բրեժնեւի, Անդրոպովի եւ այլ ղեկավարների սեղաններին էին դրվում «ռադիոձայներից» որսված հատվածներ, մեջբերումներ արտասահմանյան թերթերից, դեսպանների նամակներՙ հատկապես այն երկրներից, որտեղ հայկական գաղութներ կային, եւ ամենուր ընդգծվում էին տողերը. «Պատմական հայկական մարզ Ղարաբաղը երբեք չի բաժանվել մայր-հայրենիքից: Ողջ հույսը նրա վրա է, որ դուք վերջապես կլուծեք այն հարցը, որն ահա արդեն կես դար անարդարության բուն մարմնացումն է: Գտնվելով մեր միասնական հզոր պետության սահմաններում, ի բնե հայկական մարզն իր ավելի քան ութսուն տոկոս կազմող հայ բնակչությամբ, հայկական դպրոցներով, պետական հայերեն լեզվով, պետք է գտնվի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի կազմում… Յուրաքանչյուրին է հայտնի, որ ժողովրդի մասը պետք է միշտ ապրի ողջ ժողովրդի հետ… Հայ ժողովուրդը միասնական, ամբողջական հասկացություն է, ինչպես ռուս ժողովուրդը, ինչպես ուկրաինական ժողովուրդը»:
Եվ իրոք, ես լավ էի հասկանում Դեմիրճյանին: Այն տարիներին նա առանձնահատուկ բուռն գործունեություն էր ծավալել. տասնվեց խոշոր ջրամբարների կառուցում, Արփա-Սեւան թունելի ավարտ, Երեւանի մետրոյի շինարարություն («ստորերկրյա տրամվայ» անվանումովՙ որպեսզի սագերին չզայրացնենք), գործարաններ, ֆաբրիկաներ, հազարամյա քարային եւ աղային գերությունից ազատված հողերի յուրացում:
Դժվար թե որեւէ մեկն այն ժամանակ տեղյակ էր, որ Դեմիրճյանը մեր խնդրանքով հրամայել էր հեռուստատեսային հին ալեհավաքը Երեւանից տեղափոխել Գորիս, որպեսզի հեշտ լիներ լուծել հայկական հեռուստատեսության հաղորդումների Ղարաբաղի տարածք հեռարձակելու հարցը: Եվ, վերջապես, ձեւացնելով, թե այդ նամակի տարածումից հետո Սերո Խանզադյանին բաժին է ընկնելու շնորհազրկված գրողի ճակատագիր, Դեմիրճյանը հետագայում հենց նրան ներկայացրեց Հերոսի կոչման:
Նշենք, որ Սերո Խանզադյանը միակ հայ գրողն էր, որն արժանացել էր Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Իսկ չէ՞ որ «Մխիթար սպարապետի» հեղինակը իրոք հերոս էր:
*) Հիշյալ` կից նամակը, որ «Զարթօնքում» հրատարակվել է անստորագիր, մենք կհրապարակենք առաջիկայում` որպես պատմական փաստաթուղթ, որը խմբագրության խնդրանքով «Զարթօնքի» 1977 թ.-ի հոկտեմբերի 15-ի համարից վերաշարել է տվել թերթի պատասխանատու խմբագիր Սեւակ Հակոբյանը, որին հայտնում ենք մեր շնորհակալությունը:- Խմբ.:
**)Այդքան էլ «անմիջապես» չէր. ի վերջո «Զարթօնքը» կենտրոնական պաշտոնաթերթն էր Ռամկավար Ազատական կուսակցության: Խմբագրապետ Գերսամ Ահարոնյանը նամակն ու դրան կից գրությունը (հետագայում պարզվեց, որ այն հեղինակել էր Զ. Բալայանը) մի ընդհանուր ծրարով հանձնեց իր օգնականինՙ ինձ, եւ հրահանգեց ցույց տալ Թեքեյան կենտրոնի (որտեղ գտնվում է թերթի խմբագրությունը) ներքեւի հարկում գտնվողՙ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ պրոֆ. Բարունակ Թովմասյանին, այսինքնՙ հրատարակության համար կարիք ուներ գլխավոր շեֆի «վիզայի», առանց տեղյակ լինելու, որ վերջինս, որ Վահե-Վահյանի հետ նույն ինքնաթիռով էր Երեւանից վերադարձել Բեյրութ, նախօրոք քաջ գիտեր այդ նամակի «մաքսանենգության» մասին: Պրոֆեսորը, առանց նայելու ծրարին, ինձ ասացՙ «հրատարակեցեք»: Հետագա օրերին պարզվեց, որ Պրոֆեսորի մոտ կար մի ուրիշ գրություն կամ աշխատություն, որի հեղինակը, որքան որ ինձ հայտնի է, անմոռանալի պատմաբան եւ հրաշալի մտավորական Բագրատ Ուլուբաբյանն էր: Այդ աշխատությունը չհրատարկվեց, քանի որ Բեյրութում ԽՍՀՄ դեսպանատան համապատասխան աշխատակիցները հենց Վ.-Վահյանից պարզել էին դրա մասին եւ մի օր, գիշերով, խմբով գնացել էին Պրոֆեսորի Ռաուշեյի (մեծահարուստների թաղամաս ծովեզերյա Բեյրութում) եւ սպառնալիքով վերցրել էին այն: Ավա՜ղ, այդ օրվանից պրոֆ. Թովմասյանի եւ բանաստեղծ Վահան-Վահյանի երկարատեւ բարեկամությունը խզվեց, Պրոֆեսորըՙ իրեն մատնելու, Վահյանըՙ իրեն «խաղի բերելու» համար: Ի դեպ, Պրոֆեսորը այնուհետեւ իրեն երբեք թույլ չտվեց որեւէ արտահայտություն Վահյանի դեմ, մինչդեռ վերջինս նույնիսկ ոտանավորներ գրեց նրա դեմ: Գժտվել էին…
Հ. Ա.