Վաթսուներկուամյա Աստղիկ Հայրապետյանին օգոստոսի 14-ին ԴԱՀԿ-ն վտարեց Կոմիտասի 16 շենքի 112 բնակարանից: Դա իր բնակարանն էր, որը զանազան իրավական մեքենայությունների եւ իր դյուրահավատության հետեւանքով նա կորցրեց փաստորեն ու հայտնվեց փողոցում: Երկու ամիս նա գիշերեց իր իսկ շենքի մուտքում` մի կերպ անցկացնելով ամառային գիշերները եւ պայքարելով իր բնակարանում վերստին բնակվելու համար: Այժմ նրան ժամանակավորապես բնակության է վերցրել նույն շենքի բնակիչ, հայտնի արվեստաբան Վարսիկ Գրիգորյանը` նա եւս հույս ունի, որ ի վերջո արդարությունը հաղթող դուրս կգա, եւ Աստղիկը կվերադառնա իր բնակարան, որը խաբեությամբ խլել են նրա ձեռքից:
Այս տեսակ պատմությունները կարծես Հայաստանում շատանում են: Հատկապես մեքենայությունների զոհ են դառնում միայնակ կանայք, որոնք վատ գիտեն օրենսդրությունը, իրենց իրավունքները, հավատում են մարդկանց բանավոր խոստումներին եւ միամտորեն ընկնում լավ հյուսված թակարդը: Իսկ մեր դատական համակարգը, բնականաբար, իր որոշումները կայացնելիս չի նկատում հարցի հումանիստական կողմը` մարդուն, ով ուրիշների ագահության պատճառով մնում է փողոցում, չի նկատում կեղծիքները, կամ ներկայացվող ապացույցների անտրամաբանականությունը:
Կարճ պատմենք այն ոդիսականը, որի միջով անցել է միայնակ կինը` հավատալով սրան-նրան: Մարդն իր համար տուն ուներ, որ նրան էր մնացել մոր մահից հետո, դա այն հորական տան` երկուսենյականոց բնակարանի կեսն էր, որի մյուս կեսը` փոխանակման արդյունքում ստացել էին եղբոր երեխաները: Նրանք` քույր ու եղբայր Նաիրա եւ Արմեն Ջանջուղազյանները վաճառել էին իրենց կեսը, մեկնել Ռուսաստան, ու այնտեղից հաճախ ակնարկում էին նաեւ այս կեսը ստանալու մասին, որը մոր մահից հետո հասել էր Աստղիկ Հայրապետյանին: Վերջինս աշխատանք եւ որեւէ աջակից չունենալով` որոշում է կտակ գրել առ այն, որ տունն իր մահից հետո կտակում է եղբոր երեխաներին, չգիտենք` հավանաբար հուսալով, որ նրանք ի վերջո ինչ-որ բանով կօգնեն իրեն: Դա 2009 թվականն էր: Ու այդ պահից հետո սկսվում է ոդիսականը:
Նախ տեսնելով, որ կտակով տուն ստացած եղբորորդին ու նրա դուստրը ոչնչով չեն օգնում իրեն` Աստղիկը երեք ամիս հետո չեղյալ է անում իր կտակը: Ապա հայտնվում է այդ երեխաների մորաքույրը, ով համոզում է Աստղիկին` տունն իրեն կտակել, խոստանալով, որ ինքն իր մահից հետո երեխաներին կթողնի բնակարանը (նա ժամանակին եղել էր այդ երեխաների խնամակալը), իսկ Աստղիկն էլ մինչեւ կյանքի վերջը կապրի… իր բնակարանում: Էս բոլորի դրդապատճառի մասին մի կարգին բացատրություն Աստղիկից հնարավոր չեղավ լսել, հավանաբար` աղքատության պատճառով միշտ օգնություն է հուսացել իր բնակարանի դիմաց: Ու այդ անտրամաբանական քայլին նա գնում է: Սակայն Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի նոտար Կարինե Ադամյանը, հրաժարվում է նոր կտակ վավերացնել, քանի որ ընդամենը երեք ամիս առաջ էր առաջին կտակը վավերացրել, պատկերացրեք այդպիսի նոտարներ էլ կան, որոնք խիղճը չեն կորցնում. նա գլխի է գցում Աստղիկին, որ ընդամենը խաբեությամբ տունն են ուզում իրենից խլել: Եղբոր զավակների մորաքույր Լաուրա Ջանջուղազյանը Ավան-Նոր Նորք վարչական շրջանի նոտար Էդուարդ Մարգարյանի մոտ է տանում Աստղիկին` կտակն այստեղ ձեւակերպել-վավերացնելու, վերջինս նույնպես հրաժարվում է ակնհայտ կասկածելի այս կտակարարությունից:
Սակայն Ջանջուղազյանը համառորեն ուզում էր գլուխ բերել գործը, նա պայմանավորվում է Ավան-Նոր Նորք վարչական տարածքի մի այլ նոտարի` Գայանե Ենգիբարյանի հետ. կտակը կազմում են, նոտարը կտակի ձեռագիրն ընթերցում է Աստղիկի ու Լաուրայի համար, ընթերցման ընթացքում պարզվում է, որ դա ոչ թե կտակ է, այլ նվիրատվություն: Ու այդքանից հետո, չգիտես ինչ տրամաբանությամբ, վստահելով եղբոր երեխաների ազգականուհուն եւ նոտար Գայանե Ենգիբարյանին` Աստղիկը ստորագրում է այդ նվիրատվության թուղթը, քանի որ այստեղ եւս, համենայն դեպս` Աստղիկ Հայրապետյանի կարծիքով, ամրագրված է եղել, որ մինչեւ իր մահը որեւէ գործարք այդ բնակարանի հետ նվեր ստացողը չի կարող անել առանց իր թույլտվության, եւ կարեւորը` ինքը կարող է ապրել այնտեղ: Դրանից հետո Աստղիկը, հավատալով եղբոր աղջկա քաղցր-մեղցր հրավերներին, մեկնում է Ռուսաստան` նրան հյուր, որտեղից պետք է վերադառնար երկու ամիս անց: Սակայն եղբոր աղջիկը պատռում է նրա անձնագիրը, եւ նա, ոստիկանության միջամտությունց հետո Հայաստան է կարողանում վերադառնալ միայն վեց ամիս անց: Գալով` պարզում է, որ իր տունն արդեն վաճառվել է երկու անգամ, առաջին անգամ, եղբոր դստեր ամուսինն, իր Ռուսաստանում գտնվելու ժամանակ, նվիրատվությունը ստացողի լիազորագրով տունը նախ վաճառել է Ջնդի Խալիլին, վերջինս էլ այն վաճառել է Կարինե Մոմջյանին, իսկ թե ինչպես են վաճառողները շրջանցել Աստղիկ Հայրապետյանից վաճառքի թույլտվություն ստանալու պահը, սա իրավապահ մարմինները պետք է պարզեին:
Աստղիկ Հայրապետյանը 2012 թվականին դիմել է Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննությունը երկար` վեց-յոթ ամիս ձգձգվում էր, դատաքննության ընթացքում ամեն ինչից երեւում էր, որ դատավոր Սարիբեկ Արամյանը հակված է անօրինական ճանաչել Աստղիկի տան հետ կապված առքուվաճառքի գործարքները, բայց այդ պահին նա թոշակի է անցնում, վճիռն այլ դատավոր է կայացնում` Գյումրիից հրավիրված, Մկրտչյան ազգանունով: Վճռով Աստղիկը չի վտարվում այդ բնակարանից, եւ ոչ էլ նվիրատվությունն է չեղյալ համարվում: Հակադիր հայցով դատարան էր դիմել նաեւ նոր սեփականատեր Կարինե Մոմջյանը, որի օգտին էլ վճիռ է կայացնում դատավոր Սամվել Թադեւոսյանը, այդպես էլ «չնկատելով», որ բնակարանը վաճառվել է նվիրատուի նվիրատվության պայմանների ակնհայտ խախտումով, առանց նրա թույտվության:
Կարինե Մոմջյանը բարեխիղճ գնորդ է ճանաչվում, իսկ Աստղիկ Հայրապետյանը… վտարվում է այն բնակարանից, որտեղ ապրելու թույլտվություն ուներ իր իսկ նվիրատվության պայմաններով: Ա. Հայրապետյանն այս վճռը բողոքարկում է Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, սրանք նույնն են թողնում Ս Թադեւոսյանի վճիռը` առանց նկատելու, որ կինն իր բնակարանից, դե գոնե նվազագույնը` այդ բնակարանում ապրելու իրավունքից, զրկվում է եւ հայտնվում փողոցում: Սա է, հա՞, մեր դատական արդարադատությունը: Վերջին վճռի պատճենը դատավոր Ս. Թադեւոսյանը չի հանձնում Ա. Հայրապետյանին, այդ պատճենը նրան է բերում Կարինե Մոմջյանը: Այսինքն` եթե Թադեւոսյանը կանչեր Ա. Հայրապետյանին ու վճռի պատճենը տար, պետք է հետն էլ բացատրեր, որ ինքը տասն օր ժամանակ ունի` բնակության վայր որոնելու համար: Այս վճռի մասին Ա. Հայրապետյանն իմանում է օգոստոսի 11-ին կամ 12-ին, իսկ 14-ին նրա տանն է հայտնվում ԴԱՀԿ ծառայության բավական մի մեծ խումբ եւ Ա. Հայրապետյանին ու նրա ունեցվածքը կոպտորեն տեղափոխում փողոց` փոխելով բնակարանի կողպեքը:
Ի՞նչ կարելի է ասել. տեղի ունեցածին ակտիվ նպաստել է Ա. Հայրապետյանը` իր դյուրահավատությամբ, միգուցե ավելորդ հույսերով ու սպասումներով, որ արդյունքում միայնակ չի լինի եւ աջակցություն կստանա ազգականներից: Սա նրա ողբերգությունն է եւ դյուրահավատությունը, որպես հենք հետագա գործընթացների: Սակայն դա բոլորովին պատճառ չէ օրինակ նոտար Գայանե Ենգիբարյանի կողմից չնկատելու Աստղիկի ազգականների ազգականուհի Լաուրա Ջանջուղազյանի ակհայտ նկրտումները` Աստղիկից խլելու բնակարանը: Կամ դատավոր Սամվել Թադեւոսյանի համար` չնկատելու բնակարանի առքուվաճառքի ստվերոտ կողմերն ու արդար վճիռ կայացնելու: Բայց ինչի՞ մասին ենք խոսում` հումանիզմի՞, այն չկա եւ չի կարող լինել մեր իրավապահ ատյաններում: Սովորաբար այս ատյաններում նայում են հարմար փչող քամու ուղղությամբ:
Իսկ որ արդյունքում ունենք Եվրոդատարանի եւս մի գործ` ի վնաս Հայաստանի կառավարության, սա` հաստատ, քանի որ երկրի ներսում արդարության չհասնելով` Աստղիկ Հայրապետյանը գնալու է մինչեւ վերջ, նրան այլ բան չի մնում, նա մնացել է փողոցում:
Համենայնդեպս` նա դիմել է Գլխավոր դատախազին, հուսալով նրանից գործի արդար ընթացքի նպաստում:
Ա. Հայրապետյանը նաեւ նորից է դիմել Արաբկիր-Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան` այս անգամ քրեական գործ հարուցելու դիմումով, քանի որ քաղաքացիական հայցը քննելիս քրեական հանցանքը, այն է` զեղծարարությանբ Աստղիկի տան առքուվաճառքի հանցակազմը քաղաքացիական դատաքննությունը չի նկատում: