Հայաստանի անկախությունից հետո ունեցել ենք երեք հարնաքվե, հինգ խորհրդարանական, տեղական կառավարման մարմինների բազմաթիվ ընտրություններ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար` բոլոր այս պետական միջոցառումների ժամանակ ես լրագրող էի, ավելին` եղել եմ նաեւ խորհրդարանական ընտրություններում ընտրական հանձնաժողովի անդամ, առաջին հանրաքվեի` անկախության «այոյի» քարոզիչ, ու այն, ինչ ասելու եմ, բացառապես սեփական փորձառություն է: Այս բոլոր ընտրությունների ժամանակ երբեք կարգին չեն եղել մեր ընտրացուցակներն այնպես, որ կեղծիքների վերաբերյալ կասկածը բացառեին: Բազմաթվ այլ օբյեկտիվ-սուբյետիվ թերությունները, անգամ լավ մտածված մեքենայություններն աչք ի տես` հանգիստ կարելի է պնդել, որ երբեք առանց որոշակի ընտրակեղծիքների այս համապետական միջոցառումները չեն անցել: Անգամ Անկախության հանրաքվեն, որքան էլ ցավալի ու ամոթալի հնչի` մեծահասակների կողմից դիմադրության էր արժանանում ժամանակին (նրանք միշտ ասում էին, որ առանց Ռուսաստանի` Հայաստանը չի կարող գոյատեւել, այդ պատճառով վախ կար անկախացման հանդեպ): Եւ անկախության հանրաքվեի գործընթացի մասնակիցներն, անշուշտ, ընդհանուր ոգեվորությանը գումարել են տրցակներով քվեատուփ լվցած «այո» նշումով թերթիկներ` տպավորիչ մեծ «այոյի» համար, «այոյի» կողմնակիցներիս լուռ գոհունակությամբ նաեւ: Սա ես առաջին անգամ եմ բարձրաձայնում, գիտեմ ինչ եմ ասում, եւ շատ կխնդրեի այս առումով ինձ հայրենասիրության դասեր չտալ… Համ էլ` սովետի հոգեբանությունն էր դեռ ներկա էն ժամանակ` սովետական ընտրություններին անգամ ոչ ոք եթե չգնար, 99,9 կամ մի քիչ պակաս տոկոս կոմկուսի հաղթանակն ապահովվում էր տրցակներով տուփ լցոնված քվեաթերթիկներով նաեւ: Քսանհինգ տարին անցավ, հոգեբանությունը… մնաց:
Ասելս այն է, որ անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները չեն փայլել ընտրակեղծիքների սողանցքները օրենսդրորեն եւ դեֆակտո իսպառ փակելու վարվելակերպով, ընդհակառակը` ընտրակեղծիքների համար հուռթի դաշտի տեղ են թողել, օգտվել են ընտրողի վրա ազդելու տարբեր գործիքներից` ցանկալի քաղաքական դաշտ գծելու համար: Ընդհանրապես` բոլոր իշխանությունները միշտ, ամենուր եւ բոլոր ժամանակներում այնպիսի մանրուքի պատճառով, ինչպիսին ընտրողի կամքն է, աշխատում են երբեք իշխանություն չզիջել, եւ Հայաստանի բոլոր երեք հերթ իշխանությունները բացառություն չեն եղել` մշտապես աչք փակելով ընտրախախտումների հարուստ զինանոցից օգտվելու վրաՙ իշխանության եւ հանրաքվեի ցանկալի պատկեր ձեւավորելիս: Առաջին գումարման խորհրդարանի ձեւավորումից`1990 թվականից անցել է 26 տարի, ունեցել ենք երկրի երեք նախագահ, նրանց օրոք ձեւավորված խորհրդարանների պատկերին համաձայն չեն եղել միշտ ընդդիմությունները, որոնք միշտ բողոքել են ընտրակեղծիքներով ընտրողի կամքը աղաղվաղելու մասին: Որեւէ իշխանություն այդպես էլ չփորձեց քանդել Հայաստանում վաղուց մշակված եւ ընտրությունից ընտրություն ավելի կատարելագործվող ընտրակեղծիքների մեքենան ու այդպես մնալ պատմության մեջ, այլ հակառակը` ուրախ էր դա օգտագործել: Այլապես անկախությունից քսանհինգ տարի անց Հայաստանի որեւէ իշխանություն կկարողանար ներդնել ընտրական ինստիտուտի, ընտրողների ռեգիստրի այնպիսի համակարգ, որի առկայությամբ հնարավոր չէր լինի կեղծիքը ոչ հեծանիվով, ոչ կարուսելով, ոչ ժամանակավոր գրանցման տեղեկանքով, ոչ շենքի մուտքերը վերահսկող եւ ընտրողներին որոշակի շահագրգռությունների դիմաց կողմնորոշված ընտրության քշող թաղային-քրեական տարրերով ու այլուայլ հնարքներով: Հայաստանի ընտրողն էլ կլիներ մի փոքր ավելի գիտակից ու անկաշառ, ու կհամապատասխաներ այն երկրի իմիջին, որն օրերս գիշերն ապահով փողոցում քայլելու հնարավորությամբ երկրների տասնյակում է հայտնվել:
Մինչդեռ այսօր էլ հայոց խորհրդարանում, ինչպես անցնող բոլոր քսանհինգ տարիներին, դեռեւս զարմանում են, երբ ընտրությունների կամ հանրաքվեի քթի տակ հայտնաբերում են, որ հայ ընտրողը տեխնիկապես անգամ անպատրաստ է պետական միջոցառմանը: Իսկ անպատրաստությունը եթե պրոֆեսիոնալիզմի, փնթիության, ամենաթողությասն արգասիք չէ, ուրեմն… մտածված քաղաքականություն է, քանի որ խառնաշփոթը միշտ կարող է օգնել, երբ համոզված չես քո կողմնակիցների մեծամասնության մեջ:
Խոսքն այս քանի օրը խորհրդարանում քննարկված հարցի` օրենսդրական փոփոխությամբ նույնականացման քարտով (ինքնության քարտ, ID քարտ- խմբ.) ընտրողին քվեարկության հնարավորություն տալուն է վերաբերում, ինչը ներկա օրենսդրությամբ արգելված է, քանի որ քարտում ոչ բնակության հասցե կա, ոչ էլ նրա վրա կարելի է կնիք դնել, ինչպես անձնագրում է դրվում, երբ քվեարկում ես: Այսինքն` վերահսկողության հնարավորություն չկա այս տեսակի ընտրողի համար: Բայց իշխող մեծամասնությունը որոշել է, որ միայն նույնականացման քարտ ունեցող 182 391 քաղաքացու չի կարելի զրկել ընտրության, այս դեպքում` հանրաքվեին մասնակցելու սահմանադրական իրավունքից ու այժմ թույլատրում է դա:
Փաստորեն` այս օրինագծի քննարկման ժամանակ, Հայաստանի անկախությունից քսանհինգ տարի անց պարզ դարձավ, որ անգամ ՀՀ քաղաքացու միասնական փաստաթղթի` անձնագրի հարցը վերջնականապես լուծված չէ մեր երկրում, ու երեք տեսակի փաստաթուղթ ունեցող ՀՀ քաղաքացի ունենք էս պահին` հին անձնագրերով, նոր անձնագրերով` հետն էլ կենսաչափականը, եւ միայն նույնականացման քարտերով, որոնց տերերը հավանաբար մեր թոշակառուներն են, որ փող չեն ունեցել բավական թանկ անձնագիրը պետությունից առնելու, միայն ներքին օգտագործման քարտն են վերցրել:
Ու Աղվան Վարդանյանի պատգամավորական այն զարմանքն առ այն է, որ ժամանակին հսկայական միջոցներ են ծախսվել տեղեկատվական միասնական բազա ստեղծելու վրա, իսկ դրանք հիմա չեն գործում, ՀՀ քաղաքացին միասնական փաստաթուղթ չունի, ու այս համակարգային խառնաշփոթը շուտափույթ լուծում է պահանջում` անկախ հանրաքվեից:
Ճիշտ որ, գոնե սեփական անձնագիրը քաղաքացու վրա չծախեին, հազար զռթ ու զիբիլի վրա որ ծախսում են, թանկարժեք եկեղեցիներ, ապարտամենտներ ու այլ ճոխություններ են կառուցում, մի երկու օլիգարխ չգտնվե՞ց, որոնց հովանավորությամբ անձնագիրը, կենսաչափականով հանդերձ, մի սիմվոլիկ գումարով մեր բոլոր քաղաքացիները կստանային, եւ առհասարակ խնդիր չէր ծագի: Դիմացը նաեւ համապետական ընտրություններ են, որոնց ժամանակ արժեր, որ բացառվի Պողոսի ժամանակավոր գրանցումը մի քանի հասցեում միաժամանակ եւ հինգ-վեց անգամ քվե տալու հնարավորությունը, ինչի՞ դիմաց` ենթադրելի է: Ու էս մեծ խառնաշփոթը անձնագրային ռեֆորմը մինչեւ վերջ լավ չմտածված-չհաշվարկած լինելու հետեւանք է, բայց ո՞վ իմանա: Իսկ թե ինչու հանկարծ մինչեւ հիմա չէին նկատում, որ 182 հազար 391 քաղաքացի նույնականացման քարտ ունի միայն, ու խախտված է նրանց` երկրից ազատ ելումուտ անելու իրավունքը նախ, ուր մնաց` նաեւ ընտրական իրավունքը, նրանց անձնագրեր տալու մասին ոչ ոք չի մտահոգվել, ու միայն ընտրական իրավունքի վերականգնման առիթով հանրաքվեի դռանն են հիշել այս մասին, սա արդեն լիրիկայի ժանրից է, ինչպես Նաիրա Զոհրաբյանն է ասում, ով ընտրակեղծիքների համար լուֆթ է համարում այս փոփոխությունը: Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, բացի ՀՅԴ-ականներից, համոզված էին, որ այս քարտով ընտրության հնարավորության ընձեռումը դուռ է բացում ընտրակեղծիքների համար, ՀՅԴ-ն էլ, կողմ լինելով փոփոխությանը, պատրաստ էր բոլոր միջոցներին, այդ թվում` մատների թանաքոտման, որոնք կբացառեն ընտրակեղծիքները:
Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը նույնպես համոզված էին, որ այդ քարտերով քվեարկությունը ռիսկային է եւ կրկնական քվեարկության դուռ է բացում, նրանք առաջարկ էին անում` մատները թանաքոտել (անգամ Լեւոն Դոխոլյանն առաջարկեց` կնիք դնել ձեռքի վրա), կամ դակել քարտը, անգամ հնարավոր էին համարում անձնագիրը թղթի վրա տպած նույնականացման քարտ ունեցողի ձեռքը տալը` զուգահեռ ներկայացնելու համար քվեարկելիս: Թեւան Պողոսյանն առաջարկում էր առանձնացնել այդ մարդկանց ցուցակներն ու առանձին տպագրել:
Զարմանալի էր թվում նաեւ միայն նույնականացման քարտ ունեցող մարդկանց մեծ թիվը` ահագնացող արտագաղթի պայմաններում, երբ նրանց մեծ մասի հարազատները դրսում են, ոնց էլ լինի` նրանք գոնե մեկ անգամ կայցելեն իրենց հարազատին, բայց երկրից դուրս գալու անձնագիր չունեն: ՀՅԴ պատգամավորները նույնպես խնդիր էին տեսնում` վերահսկման մեխանիզմի չգոյության առումով` այս կատեգորիայի ընտրողի համար: ՀԱԿ-ն ակտիվորեն առաջարկներ էր անում` մատները թանաքոտելու բուռն կողմնակից էր նաեւ այս խորհրդարանական ուժը, ԲՀԿ-ն խնդիր չէր տեսնում` եթե հանրաքվեի հանդեպ վստահության բարձրացման համար որոշեն թանաքոտել: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վրդովվեց. «Հարցրե՞լ եք մարդկանց` նրանք ուզո՞ւմ են, որ իրենց մատները թանաքոտեն», հարցրեց նա` նշելով, որ դա մարդու իրավունքների խախտում է: Ու նրա կարծիքով ընտրական հանձնաժողովներում ընդդիմությունն ավելի շատ ներկայացուցիչներ ունի, քան իշխող ուժը` վերահսկողություն կազմակերպելու համար հանրաքվեի ժամանակ, սաՙ պետք է իրացվի, ու ոչ թե խոսվի մատ կամ մարմնի այլ մաս թանաքոտելուց:
Դա վրդովեցրեց Հեղինե Բիշարյանին , ով մի լավ տեղը դրեց Մարուքյանին` նշելով ֆինանսական եւ վարչական ռեսուրսի բացակայությունը, բռնությունների կիրառումը լիարժեք վերահսկողության իրականացնել չկարողանալու համար: Մի խոսքով` խորհրդարանը մի երկուսուկես օր եռում էր, բոլորն էին ուզում օգտվել ամբիոնից` նույնականացման քարտով ընտրողին թանաքոտել-չթանաքոտելու, նրան նախապես որպես ընտրակեծարար դիտարկելու, կամ նրան այդ «տիտղոսից» պաշտպանելու կիրքը ցուցադրելու համար, փոխանակ ժամանակին օրենսդրությունը դզրտեին, որ Հայաստանի քաղաքացին մի քանի սորտի չլիներ անձնագիր ունենալու տեսակետից. «Որեւէ մեկը ներողություն չի խնդրել անձնագրային խառնաշփոթի համար», իրավացիորեն նշեց Թեւան Պողոսյանը` նկատի ունենալով այս եւ ուրիշ սխալների վերաբերյալ պատասխանատվությունը:
Օրինագիծը ներկայացնող Հովհաննեես Սահակյանը ընտրակեղծիքներ չանելն ու նորմալ քվեարկությունը բխեցնում էր մեր ժողովրդի մոտ ընտրական մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից: Չնայած` նա էլ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ խնդիր տեսան ու խոստացան առաջին ընթերցումից հետո մտածել վերահսկողության մեխանիզմ գտնելու առումով: Չնայած մի լավ էլ տեղը դրեցին ընդդիմության` առանձնապես ակտիվ դեմ հատվածին: Բաղդասարյանը նշեց, թե հատկապես ՀԱԿ-ն է խոսում ընտրակեղծիքների տեսակներից, քանի որ լավ գիտե դրանք` ժամանակին լայնորեն կիրառել է, իսկ ընտրակեղծիքներից լայնորեն խոսելը ժողովրդին հանրաքվեի դեմ տրամադրելու հնարք է: Ամեն դեպքում ինչ-որ լուծում խոստացվեց` մեկ օր առաջ էլ Էդուարդ Շարմազանովն էր ակնարկել սողոմոնյան որոշում կայացնելու անհրաժեշտության մասին, չնայած դրա համար սողոմոններ պետք է փնտրել-գտնել:
Ինչ որոշում էլ կայացվի` նոյեմբերի 1-ին «ոչի» հանրահավաք է, որին հրավիրելու հնարավորություն որպես` Ազգային ժողովի ամբիոնն հաջողեց օգտագործել Զարուհի Փոստանջյանը : Խոստացվեց վերանայել նաեւ օրինագծի քսանչորսժամյա ընդունման ռեժիմը` մի քանի օր կտրամադրվի լուծումների որոնման համար, հետո երեւի արտահերթ նիստ լինի:
Մենք հարկ ենք համարում փոխանցել նաեւ Հովհաննես Մարգարյանի զարմանքը` հանրաքվեն դեկտեմբերի 6-ին նշանակելու վերաբերյալ, երբ Հայաստանի ողջ հյուսիս-արեւելյան հատվածում մարդիկ պետք է մտածեն հաջորդ օրն երկրաշարժի զոհերի հիշատակին տուրք մատուցելու մասին: Եւ դրանից մեկ օր առաջ հիշելով այդ օրվա մասին` մարդիկ հաստատ հանրագումարի կբերեն հետերկրաշարժյան իրենց կյանքը, ինչը հազիվ թե իշխանությունների ու հանրաքվեի օգտին լինի: Շատ որոշումներ է մեր իշխանությունը կայացրել եւ այդ մասին հայտարարել ուրբաթ երեկոյան, երեւի նկատի առնելով, որ հանգստյան օրերին մարդիկ կսովորեն դրանց անսովորությանը, թերթերն էլ չկան, որ հոգի պղտորեն:
Էս անգամ Հայաստանի նախագահի խորհրդականները ինտուիցիայով սխալվել են` դեկտեմբերի 6-ին հաջորդող մեռելոցն ամենեւին էլ թեման մոռացնելու օր չէ, եթե չասենք` ընդհակառակը: