Լրացավ Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը: Այդ առթիվ տեղի ունեցող ամփոփիչ հանդիպում-հաշվետվությունների եզրափակիչ փուլն է Հայաստանում, երեկ էլ Հայֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հանդիսավոր միջոցառում եւ համերգ` նվիրված ՌՀՄ հիմնադրման հոբելյանին: Իսկ երկու օր առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանդես եկավ ՌՀՄ աշխատանքն անփոփող ասուլիսով, որը լրագրողների քաղաքական հետաքրքրասիրության շնորհիվ հարցուպատասխանի մասում վերածվեց Աբրահամյանի քաղաքական ծրագրերի բացահայտման: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա. Աբրահամյանին ՌՀՄ 15-ամյակի կապակցությամբ շնորհավորել էր ՌԴ նախագահը` նշելով այս կազմակերպության ավանդը ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում եւ տարբեր ոլորտներում կատարած դրվատելի աշխատանքը: Նույն առթիվ միությանն ու նրա անդամներին շնորհավորել էր Հայաստանի նախագահը` նշելով, թե ՌՀՄ-ի ստեղծումը նշանակալի քայլ է դարձել Ռուսաստանի հայ համայնքի համախմբման եւ այդ երկրում ապրող հայերի ազգային ինքնության պահպանման ճանապարհին, առանձնակի ընդգծելով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ջանքերը, ով, ըստ նախագահի, շատ բան է անում երկու եղբայրական պետությունների միջեւ բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար:
Նախորդել էր հոկտեմբերի 10-11-ին Մոսկվայում կայացած ՌՀՄ 5-րդ համագումարը, որը եւս 15-ամյակի միջոցառումների ամփոփում էր, եւ որտեղ վերստին ՌՀՄ նախագահ է ընտրվել Արա Աբրահամյանը: ՌՀՄ գործունեության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ ՌՀՄ կայքից, որը կարելի բացել նաեւ « Ազգի » կայքէջի հղումով, իսկ մենք վերադառնանք ԳԱԱ-ում կայացած ասուլիսի քաղաքական մասին, որն այս երկու օրը բավական բուռն քննարկումների արժանացավ ե՛ւ ԶԼՄ-ներում, ե՛ւ սոցիալական ցանցերի տիրույթում:
Ա. Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին նշել էր, որ կուզենար Հայաստանը տեսնել ժողովրդավար, զարգացած ու անկախ մի երկիր, այդ ուղղությամբ ծրագրեր ունի, որոնց հասնելու համար ճանապարհ է կողմնակիցներով կուսակցություն ստեղծելն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելը: Թե որն է նման մտադրության շարժառիթը` ըստ Աբրահամյանի ինքն ամեն ինչ ունի, հաջողակ է Ռուսաստանում, սակայն չի կարող հանգիստ քնել, երբ գիտի, որ Հայսատանում վիճակը լավ չէ, երբ գիտե այստեղի բազմաթիվ խնդիրները:Նրան Հայաստանում կարիերա պետք չէ, այլ` օգնել երկրին ոտքի կանգնելու, բարելավելու վիճակը:
Լրագրողների ուղիղ հարցերին, թե լուրեր կան, որ ուզում եք քաղաքական կուսակցություն ստեղծել եւ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածննդի» հետ համատեղ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Արա Աբրահամյանը Ա. Բադասարյանի մասով նշեց, թե նա լավ քաղաքական գործիչ է, բայց ինքն իր ճամփով է գնալու: Թե քաղաքականությանը մասնակցելու երկու ճանապարհից` կա՛մ կուսակցություն ստեղծել, կա՛մ այլ կուսակցության հետ համատեղ գնալ ընտրությունների, վերջնականապես ո՞րը կընտրի ինքը, դեռ ժամանակ ունի որոշելու, իր մասնագետներն ու իրավաբանները տնտղում են հնարավորությունները, եւ դրա վերջնական պատասխանը կլինի 2016 թվականի մարտին: Սակայն կոնկրետացրեց, թե մտադրություն ունի Հայաստանում տնտեսական ծրագիր ներկայացնել եւ իրագործել, այդ թվում` խորհրդարանական ընտրություններին մասնակցության միջոցով.«Եթե տեսնեմ, որ կա համապատասխան թիմ, համապատասխան քաղաքական ուժ, համապատասխան երկրների ղեկավարների կամ մեծ բիզնեսի աջակցություն եւ միմյանց հետ համագործակցելու մեխանիզմ` եկող մարտ ամսին ես վերջնական որոշում կկայացնեմ` գնա՞մ ընտրությունների, թե՞ ոչ», անկեղծացավ նա: Նաեւ նկատեց, թե կուսակցություն հիմնելուց առաջ գաղափարախոսությունն ու ծրագրերն են կարեւոր, որոնց վրա իր կողմնակիցներով աշխատում են: Ի դեպ` Հայաստանի վիճակը բարելավելու իր ծրագրերի մասին նա նաեւ խոսել է Հայաստանի նախագահի հետ:
Այս կարգի հայտարարությանն, անշուշտ, կարող են հետեւել արձագանքներ, որոնք եւս Ա. Աբրահամյանի համար հնարավորություն են մոնիտորինգ անելու եւ միգուցե նաեւ հետեւությունների հանգելու որոշում կայացնելուց առաջ: Բոլոր պարագաներում, հետեւելով ԶԼՄ-ների բուռն արձագանքին` մեծ քաղաքականություն մտնելու Ա. Աբրահամյանի դեռեւս չորոշակիացված ցանկությանը, կարելի է ասել, որ Ա. Աբրահամյանի հայտարարությունը առաջիկայում քաղաքական ինտրիգ պարունակող ծավալուն գործընթացի սկիզբ կարող է դառնալ, եթե, իհարկե, Ա. Աբրահամյանը չորոշի իր այդ մտադրությունից հետ կանգնել:
Լրագրողներին հետաքրքրող մյուս հարցը վերաբերում էր պատգամավոր դառնալու,ինչպես նաեւ երկրում առանցքային պաշտոններ վարելու համար` մշտական բնակության իմպերատիվ պահանջներին (վարչապետի պարագայում` 4 տարի սահմանադրական փոփոխություններով, պատգամավորի դեպքում` 5 տարի), որին ի պատասխան Ա. Աբրահամյանը նշեց, թե ինքը իրավական տիրույթից դուրս չի գործելու, գիտե, որ Հայաստանի օրենսդրությամբ ինքը չի կարող վարչապետ կամ նախագահ լինել, իսկ խորհրդարանական ընտրություններին իր ստեղծելիք կամ հիմնելիք կուսակցության մասնակցության բոլոր մեխանիզմները հիմա իրավաբանների հետ հստակեցնում են, մինչեւ որոշում կայացնելը բոլոր նրբությունները հաշվի կառնվեն: Նա խոսում էր այն մասին, որ ինքն իշխանափոխություն չի ուզում, այլ` մասնակցություն ընտրություններին եւ Հայաստանի զարգացման ծրագրերին, եւ եթե որոշում կայացնի ու կուսակցություն ստեղծի` այն բաց է լինելու թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտի այն ներկայացուցիչների առջեւ, ովքեր կկիսեն իր ծրագրերը:
Հարց հնչեց այն մասին, թե արդյո՞ք հաշվի է առնվում փորձը` ի՞նչ է պատահում այն քաղաքական գործիչների հետ, որոնք մեծ հավակություններ են դրսեւորում, բերվեց Գագիկ Ծառուկյանի օրինակը, Աբրահամյանը նշեց, որ ինքն իր ճանապարհով է գնալու, չնայած դաշտի ողջ փորձը հաշվի է առնվելու:
Ռուսաստանի նախագահի «դաբրոյի» կարիքը Հայաստանում նա չունի, դրա կարիքը ռուսական գործունեության դաշտում կա, իսկ Հայաստանի նախագահի վերաբերմունքի առումով էլ խնդիր չկա, քանի որ Հայաստանի նախագահին ինքը տեղեկացրել է, որ ծրագրեր ունի, վերջինս էլ ասել է.«Եթե ծրագրեր ունեք` ինչու չէ, մասնակցեք»: Ի դեպ` « Ազգի » հարցին ի պատասխան, թե Հայաստանում ազատ է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, եւ ընտրողներից մեծ քվե ստանալու համար պետք է ընդդիմախոսել իշխանություններին, պատրա՞ստ է Ա. Աբրահամյանը դրան, Ա. Աբրահամյանը պատասխանեց, թե հանուն իր ծրագրերի ինքն ամեն ինչի էլ պատրաստ է, մինչդեռ «Առավոտի» հարցին պատասխանելիս նա ասում էր, որ իրենք չեն գալիս ուրիշներին քննադատելու, ու որ` Հայաաստանի երեք նախագահների արածն էլ պետք է ըստ արժանվույն գնահատել: Իսկ ասուլիսի ժամանակ էլ ասել էր, թե ոչ մեկին չեն քննադատելու, ասելու են միայն այն, ինչ անելու են:
Չնայած լրագրողներին Ա. Աբրահամյանը խորհուրդ էր տալիս համբերել մինչեւ մարտ, քանի որ կուսակցություն հիմնել-չհիմնելու վերաբերյալ վերջնական որոշումն այդ ժամանակ է լինելու, սակայն հիմնելիք կուսակցության ֆինանսական միջոցների մասին խոսելիս նկատեց, թե մոտ ապագայում Երեւանում կուսակցական գրասենյակ է բացելու: Իսկ կուսակցության ֆինանսական միջոցները գոյանալու են իր անձնական միջոցներից:
« Ազգի » այն հարցին ի պատասխան, թե ամենեւին անկարեւոր չէ` ո՞ր մոդելով ես մասնակցում ընտրությունների, գործող սահմանադրությամբ, թե՞ փոփոխվածով, այսինքն կո՞ղմ է փոփոխություններին, թե՞ ոչ, Ա. Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը միշտ եղած օրենքներով է աշխատել, սահմանադրական դաշտում, ու պետք է սպասել –տեսնել, թե ի՞նչ կասի ժողովուրդը հանրաքվեին. «Եթե իմանանք, որ կատարվում է մի փոփոխություն, որ նպաստելու է երկրի զարգացմանը… Ես այդպես չեմ տեսնում», մի փոքր անորոշ ասաց նա:
«Իշխանափոխություն չեմ ուզում, ուզում եմ ընտրություններին մասնակցել», առավել հասկանալի ձեւակերպեց նա ասուլիսում: Հարցին, թե Հայաստանում ընտրությունները միշտ կեղծվում են, ինչպե՞ս է իր կուսակցության համար ճանապարհ հարթելու այդ պայմաններում, նա պատասխանեց, թե այդ մասին լսել են եւ հետաքրքրվում են այն հարցով, թե ինչ մեխանիզմներով կարելի է բացառել խախտումներն ընտրություններում, այդ հարցի շուրջ նաեւ Հայաստանի նախագահին են դիմելու:
Աբրահանյանը հիշեց, որ ժամանակին Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու գործուղում նրան տվել են հայրենի գյուղում` Մալիշկայում.«Հիմա էլի մեր գյուղացիների հետ պետք է խորհրդակցեմ` գործուղում կտա՞ն մեծ քաղաքականություն գնալու, թե ոչ»` պատկերավորեց նա այն միտքը, թե Հայաստանում իրեն պետք է ոչ թե ուրիշի, այլ ժողովրդի «դաբրոն»:
Ի՞նչ կարելի է եզրակացնել այս բոլորից` Ա. Աբրահամյանը հակված է կուսակցություն ստեղծել, նա ընդդիմադիր չէ, անձամբ ինքը չի կարող ցուցակ գլխավորել` կապված Հայաստանի սահմանադրական այն նորմի հետ, որը պատգամավոր դառնալու համար հինգ տարվա մշտական բնակության իմպերատիվ նորմ է պարունակում, բացի այդ` Ա. Աբրահամյանն ընկալվում է որպես ռուսական ազդեցության գործիչ` նա Ռուսաստանի նախագահին առընթեր ազգային քաղաքականության տեղեկատվական հարցերով հանձնաժողովի ղեկավարն է, այլ երկրի պաշտոնյա (թեկուզ որ դա հասարակական պաշտոն է): Ա. Աբրահամյանն ունի կուսակցություն հիմնելու համար բավարար միջոցներ, որոնք ուրիշ շատ կուսակցությունների պարագայում առկա չեն: Եզրակացության այս բոլոր բաղադրիչները Հայաստանում կարող են հակազդեցության հանդիպել, որը հաղթահարելու խնդիր կունենա Ա. Աբրահամյանը, եթե կուսակցություն ստեղծի եւ միջնորդավորված մասնակցի Հայաստանի քաղաքական կյանքին, ու, հավանաբար, ինքը այս ամենը մյուսներից ավելի լավ է հասկանում: