Բոլորովին վերջերս, սեպտեմբերի 28-ին, աշխարհում նշվում էր «Կատաղության դեմ պայքարի օրը»: Դե, քանի որ օրացույցի մեջ գրված չէ` «Կատաղության դեմ միջազգային պայքարի օր», նշանակում է յուրաքանչյուր երկիր ինքն իրենով պետք է պայքարի իր սահմանների ներսում նկատվող կատաղության կամա, թե ակամա բռնկումների դեմ: Բայց ինչպե՞ս: Լավ, ենթադրենք Սյունիքի մարզի Սղդի գյոլ կոչվող վայրում կատաղության հերթական նոպան է գրանցվում, ինչպե՞ս եւ ի՞նչ հրատապությամբ կարող է Երեւանում բացված (ենթադրաբար) «Կատաղության դեմ պայքարի հանրապետական հանձնաժողովը» կամ «նախարարությունը» հասնի եւ տեղում լուծի հարցը, կամ կա՞ արդյոք մեր քրեական օրենսգրքում «Կատաղություն» հոդված, այսինքն կատաղածներին դատ հասնո՞ւմ է: Հասկանալի է, որ կատաղության դեմ նման` գերատեսչական մակարդակով պայքարը արդյունավետ լինել չի կարող, հասկանալի է նաեւ, որ կատաղության դեմ պայքարի կարիք մենք ունենք: Ուրեմն ինչպե՞ս:
Լրիվ պատահաբար, կատաղության դեմ պայքարի օրից ճիշտ մեկ շաբաթ անց` հոկտեմբերի 5-ին, տոնում ենք Ուսուցչի օրը: Հենց այստեղ էլ, կարծում եմ, լուծումն է: Մեր ուսուցիչներին պետք է հանձնել պարտավորություն, ոչ այնքան, որ գրագետ սերունդ տան, ենթադրենք` գերազանցությամբ դպրոցն ավարտած, ոչ այնքան բուհերին ուսանող ապահողով սերունդ տան, այլՙ որ չկատաղած, հանգիստ սերունդ տան: Այս համատեքստում շատ կարեւոր է մի քիչ էլ բարձրացնել ուսուցիչների աշխտավարձերը, առանց բարձրացնելու ապրանքների գները, որպեսզի հանկարծ ուսուցիչները եւս կատաղության նոպաներ չունենան, քանի որ կատաղության դեմ պայքարելիս անչափ կարեւոր է, երբ այդ պայքարը տանում են ոչ կատաղածները: Ընդ որում, կատաղության դեմ պայքարի շրջանակներում պարտադիր չէ (անգամ հոգեբանորեն ցանկալի չէ) դասագրքեր հրատարակել «Կատաղության դեմ» անունով, կամ շարադրությունների մրցույթ հայտարարել` «Ինչպես ես հաղթահարեցի իմ կատաղությունը» վերնագրով: Դրա համար ուղղակի պահանջվում է նախ ճանաչել բոլոր աշակերտներին (ոչ թե անուններով եւ ծնողների աշխատատեղերով, այլ բնավորությամբ), ապա եւ հաճախ զրուցել նրանց հետ` ընդ որում վերջինը ոչ թե դասերից հետո, այլ որպես առանձին դասաժամ:
Իհարկե կլինեն աննահանջ կատաղածներ, ովքեր չեն փոխվի, բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ յուրաքանչյուր հասարակության ներսում էլ նման դեպքեր լինում են: Այլ հարց է, որ մեզանում կատաղածները բոլոր ոլորտներում են, անկախ սեռից եւ տարիքից, եւ հիմնականում ոչ թե էությամբ, այլ սովորույթի ուժով են դարձել կատաղած, ինչը հաղթահարելի է:
Այնպես որ այսուհետ Ուսուցչի տոնը նշելու մեր խանդավառությունը ուղիղ համեմատական կատաղության դեմ պայքարի արդյունավետության հետ: