Միջազգային խորհրդատուն եւս Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր համարեց
Այն, որ օբյեկտիվ իրականությունը եւ տնտեսական իրողությունները չի կարելի անտեսել, քաղաքականացնել եւ օգտագործել սեփական հավակնությունների, ամբոխի կողմից հերոսի կերպարի մեջ մտնելու, դյուրահավատներին անիրական հույսեր տալու համար, հերթական անգամ հաստատվեց: «Դելոյթ ընդ տուշ» միջազգային խորհրդատվական ընկերությունը հիմնավոր համարեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Այդ մասին նշվել է ընկերության պատրաստած Հայաստանի էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվության մեջ, որն օրերս հրապարակվեց:
Ընկերության հրապարակած հաշվետվության մեջ նշում է նաեւ հետեւյալը. «Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի Կպերատորի կանխատեսումների եւ հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում սպառնալիք կառաջացներ երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար (ընդգծումը մերն է Ա. Մ.): Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումըՙ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը եւ սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»:
Հաշվետվության մեջ արձանագրվում է նաեւ, որ վերջին 15 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի վերջնական սպառողների համար բարձրացվել է չորս անգամ. 2009թ.ՙ 24 տոկոսով եւ երեք անգամ 2013-2015թթ.: Ընդ որում վերջին երեք տարիներին սակագնի գումարային աճը (70 տոկոս) չորս անգամ գերազանցել է սղաճը: «Կարճաժամկետ հեռանկարով նման դինամիկան կարող է թվալ դրամատիկ, սակայն բնակչության համար գործող սակագնի վերջին 15 տարիներին սղաճի դինամիկայի հետ համադրումը վկայում է համամասնության առկայության մասին»:
Միաժամանակ, «Դելոյթ ընդ տուշ»-ը տեղեկացնում է, որ Հայաստանում հաստատված նոր սակագինն ԱՊՀ երկրներում ամենաբարձրներից է. 1 կՎտժ էլեկտրաէներգիան բնակչության համար գրեթե երկու անգամ ավելի թանկ է, քան հարեւան Վրաստանում, եւ գրեթե եռակի թանկ, քան Ռուսաստանում: Հայաստանի բնակչության տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքում էլ էլեկտրաէներգիայի ծախսերն ունեն աննախադեպ բարձրՙ ավելի քան 5 տոկոս մասնաբաժին, ԱՊՀ երկրների միջինում 2 տոկոս մասնաբաժնի համեմատ:
Այդուհանդերձ, խորհրդատվական ընկերությունը փաստում է, որ ՀԱԷԿ-ի վերանորոգման ծրագրի բաշխումը երկու սակագնային տարիների միջեւ, «Հրազդան -5»-ի նոր բլոկի բեռնավորման հետ մեկտեղ, թույլ կտա պահպանել վերջնական սակագինը ընթացիկ մակարդակում: Միաժամանակ նշելով, որ ներկայացված պայմանական հաշվարկը հաշվի չի առնում հնարավոր այլ ռիսկերը, որոնք ի վիճակի են ազդել սակագնի դինամիկայի վրա թե աճման եւ թե նվազման ուղղությամբ:
Ի՞նչ կարելի է ավելացնել «Դելոյթ ընդ տուշ»-ի եզրակացության եւ դրան առնչվող իրավիճակի առնչությամբ:
Ի սկզբանե պարզ էր, որ էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը պարտադրված եւ անխուսափելի քայլ էր, որքան էլ որ դա հաճելի չլինի բնակչության սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվողների համար: Ընդ որում խոսքը ամենաաղքատների` նպաստառուների համակարգում ընդգրկվածների մասին չէ, քանի որ նրանց համար կառավարությունը փոխհատուցելու էր սակագնի բարձրացման վճարի չափով: Հոսանքի սակագնի բարձրացումը ծանր էր ազդելու հանապազօրյա աշխատանքով ապրող եւ դժվարությամբ ընտանեկան ծախսերը հոգացողների համար, որոնք պետական աջակցության ոչ մի ծրագրից չեն օգտվում:
Այնուամենայնիվ, շուկայական տնտեսության մեջ անհնար է զսպել գների փոփոխությունները կամ դրանք անփոփոխ ամրագրել: Երբ չորս բոլորը շուկայական գործընթացներ են, դրանք չեն կարող չազդել առանձին վերցրած մեկ ոլորտի վրա: Նաեւ առանց գնաճի որոշակի թույլատրելի մակարդակի (3-8 տոկոսի սահմաններում` ըստ տարբեր պետությունների կենտրոնական բանկերի որոշման), նույն շուկայական տնտեսության մեջ հնարավոր չէ տնտեսական զարգացում ունենալ: Տնտեսագիտական այս ճշմարտության մեջ համոզվելու համար բավական է դիտարկել զարգացած երկրների անցած ճանապարհը: Այս ամենի մասին բազմիցս ենք գրել, բայց մեր բնակչության գերակշիռ մասի մոտ խորհրդային տարիներից եկած կարծրատիպերը պլանային սոցիալիստական տնտեսության սկզբունքների մասին ենթագիտակցորեն շարունակում են պահպանվել: Ինչն էլ օգտագործում են «քաղաքացիական հասարակություն» կոչվող ակտիվիստները, հիմնվելով գնային փոփոխությունների հանդեպ բնակչության զգայունության վրա:
Ի դեպ, հետաքրքրական է, թե ի՞նչ են անելու հիմա` «Դելոյթ ընդ տուշ»-ի եզրակացությունից հետո տնտեսական եւ էներգետիկայի հարցերը հանրահավաքներում լուծող ակտիվիստները, հիմա ո՞ւմ են մեղադրելուՙ Հայաստանի կառավարությա՞նը, Ռուսաստանի՞ն եւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի՞ն, «ՀԷՑ»-ի՞ն ու Բիբինի՞ն, թե՞ … միջազգային խորհդրատվական ընկերությանը: Քիչ հավանական է, որ վերջինիս: Սակայն նրանց համար իրենց պահանջների հիմնավորման անհրաժեշտություն թերեւս չկա էլ: «Մենք այսպես ենք ուզում եւ վերջ»` սա է «ակտիվիստական» հիմնավորումը բոլոր դեպքերի համար: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, որ սակագնի անփոփոխ թողնելը «կարճաժամկետ հեռանկարում սպառնալիք կառաջացներ երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար»:
Հետարքրական է նաեւ, թե ինչպես են վարվելու հիմնականում դրսից ֆինանսավորվող «քաղաքացիական հասարակության» «հերոսների» կապրիզներին մշտապես ընդառաջող իշխանությունները, ո՞վ է պատասխանատու լինելու բարձրացման վճարի փոխհատուցման անիմաստ սուբսդիավորման գումարների նույնքան էլ անիմաստ փոշիացման համար:
Սակայն ամենամտահոգիչն այնուամենայնիվ այն է, թե ի՞նչ է լինելու մեր երկրի էներգետիկ համակարգի եւ էներգետիկ անվտանգության հետ: Նոր էներգետիկ ճգնաժամը, որի հավականությունը փաստվել է նաեւ միջազգային խորհրդատվական ընկերության եզրակացության մեջ, շատ ավելի ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության, բնակչության սոցիալ-կենցաղային վիճակի վրա եւ լրջորեն կվտանգի երկրի պաշպանունակությունը: Սրա կարեւորությունը, ի վերջո, պետք է գիտակցենք մենք բոլորս` իշխանությունը, ընդդիմությունը, լրատվամիջոցները, գործարար աշխարհը, հասարակական ու քաղաքական, մշակույթի եւ գիտության գործիչները, տաքսու վարորդներն ու վարսավիրները, ՀՀ բոլոր քաղաքացիները: