Հողի մարդը, նկատի առնելով աշխատանքով հագեցած ամառային ժամանակը, ասում է. «Օր կա` տարի է կերակրում»: Մեր նախորդ համարի լույս տեսնելուց հետո անցնող յոթ օրն այնքան խտացված էր իրադարձություններով, որ հանգիստ կարող ենք վերափոխել այդ խոսքը` շաբաթ կա, տարի է նախանշում: Եւ արտաքին աշխարհում էր այդպես, եւ Հայաստանի առումով:
Ադրբեջանը խոշոր հրետանային համակարգեր կիրառեց Հայաստանի սահմանին` մեզ համար ցավալի կորուստներով, ինչը հատուկ է սովորաբար պատերազմական գոտուն ու ժամանակին: Ճիշտ է` մենք տասնակի ուժգին պատասխան տվեցինք` նույնքան բազմապատիկ արդյունքով, ադրբեջանական կողմում երեք տասնյակի հասնող զոհ ու վաթսունից ավելի վիրավոր կա, սակայն սահմանային լարումների էսկալացիան, այնուամենայնիվ, բացառել չենք կարող, խոսք կա անգամ մեր կողմից կանխարգելիչ գործողությունների նոր թափի մասին, քանի որ մեր ռազմատենչ հարեւանը խելքը գլուխը չի հավաքում:
Ռուսաստանը Սիրիայում օդային ռմբահարման ենթարկեց այսպես կոչված «Իսլամական պետության» հենակետերը: Դա տեղի ունեցավ Վաշինգտոնի եւ, կարելի է ասել, միջազգային հակաիսլամիստական համաձայնությամբ, ինչը կարող է նշանակել բոլորովին նոր հանգրվան` եւ միջազգային լարվածության թուլացման, եւ Ռուսաստանի` մեկուսացվածությունից աստիճանաբար դուրս գալու տեսակետից: Իհարկե, ահաբեկչական կառույցներն առանց մեծ պետությունների աջակցության եւ հովանավորման չեն կարող գոյանալ, սակայն այս անգամ, երեւում է, ջինը շշից դուրս էր եկել, նախագիծը շուռ էր եկել ստեղծողների դեմ, այն է` սիրիացի փախստականները ողողել են Եվրոպան եւ ամբոջ ապահով աշխարհը` մեծ խնդիրներ դառնալով պետությունների համար եւ ընդհանրապես միջազգային կարգուկանոնի տեսակետից: Այնպես որ Ռուսաստանը փաստորեն քարտ-բլանշ ստացավ վերացնել ահաբեկիչների բույնը` միգուցե Մեծ յոթնյակի ինչ-որ զիջումների դիմաց:
Իսկ թե հետագայում ինչպես շուռ կգան իրադարձությունները, ով` ի՞նչ աստիճանի դրական կամ բացասական էներգիա կքաշի այս իրադարձությունից, ինչպես կպահի իրեն Թուրքիան, որ արտաքնապես իբր պայքարում էր իսլամիստների դեմ, բայց տակից սնում, եւ ինչ բացասական լիցքեր ունի այս բոլորը հայերիս համար, դա արդեն կարելի կլինի տեսնել եւ հաշվարկել: Կարող են հաջորդել ահաբեկչական գործողություններ Ռուսաստանում, այլ կարգի լոկալ հակահարվածներ իսլամիստների գաղտնի կառույցների կողմից: Այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, ու Հայաստանը հիմա շատ զգոն պիտի լինի` զանազան սադրանքներից խուսափելու համար խելքի առավելագույն չափաբաժին կիրառելու եւ նվազագույն վնասներով դուրս գալու այս նոր իրավիճակից: Մանավանդ Ադրբեջանը եւս իր հարցերը կուզենար լուծել` օգտվելով խառնաշփոթից, այս պահին Ռուսաստանի լոյալությունից ու զենքից թեւ առած:
Ադրբեջանի համար վաղուց արդեն հին ձեռագիր է` բանակցային այս կամ այն հանգրվանին ինչ- որ բան վիժեցնելու համար, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ որեւէ միջազգային հանդիպմանն ընդառաջ ռազմահունչ հռետորաբանություն կիրառելով, հաճախ էլ դա սահմանային գնդակոծություններով համեմելով, եւ սովորաբար էլ հայկական կողմից անհամարժեք ուժգին հակահարված ստանալով: Բայց Բաքուն, միեւնույն է, խելքի չի գալիս, անգամ իր զինվորների` անհամարժեք արյան գնով: Նյու Յորքում, ՄԱԿ-ի 70-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ լարվածությամբ Բաքուն հերթական անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է համաձայնություն ձեռք բերելու վերաբերյալ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության հորդորներից, երբեմն նաեւ իր սեփական ԱԳՆ-ի ամպագոռգոռ ու ճղճղ հայտարարություններից` թե Ադրբեջանը պատրաստ է լուծումների:
Թե ինչ է խոսվել արտգործնախարարների եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը` վերջին սահմանային աննախադեպ լարվածությունից հետո, ով` ինչ է առաջարկել, լայն առումով հայտնի չէ, համանախագահների հայտարարությունն էլ, կարելի է ասել, էլի արարողակարգային է` Ադրբեջանի ագրեսիվությունը ցույց տալու մի թույլ փորձով: Իսկ թե ի՞նչ լրացուցիչ քայլեր են առաջարկում ռուսները, որոնց մասին ակնարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սա եւս քողածածկույթի տակ է: Չգիտենք անգամ, թե ինչ է խոսվել Օբամա-Սարգսյան հանդիպմանը:
Առավել շատ եզրակացություններ կարելի է անել Հայաստանի նախագահի ելույթներից` ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովում եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում:
Նախագահը նշել է, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում ոչ միայն էական առաջընթաց չկա ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլեւ արձանագրվել է լարվածության աճի միտում: Տնտեսության սասանման պայմաններում Ադրբեջանի բռնակալ ռեԺիմին շփման գծից հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք, ասել է Սարգսյանը` նշելով խոշոր տրամաչափի հրետանի կիրառելու աննախադեպ փաստն այդ երկրի կողմից ԼՂՀ եւ Հայաստանի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ :
Եւ ասվել է ամենակարեւորը. «ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հինգ հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի` նման ագրեսիվ քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական ու ռազմաքաղաքական քայլերը` ապահովելու ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:
Շատերը Հայաստանում գնահատեցին այդ արտահատությունը որպես արժանի հակահարված տալու հրահանգի բացատրություն, քանի որ` եթե Ադրբեջանն իրականում հարցի լուծման միակ ճանապարհ է համարում ռազմականն ու համը հանում է մեր սահմաններում, միջազագային հանրույթն էլ լուռ է ագրեսորի դատապարտման առումով, ՀԱՊԿ-ն էլ Հայաստանում զորավարժություն անում է, բայց իրեն հեռու պահում թնջուկից: Ի՞նչ է մնում Հայաստանին, եթե ոչ մեխը մեխով հանելն ու Ադրբեջանին իր տեղը վերջնականապես ցույց տալը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այս կարգի գործողությունները, որոնք սովորաբար նաեւ զոհեր են ենթադրում, միշտ որոշում կայացնողի նկատմամբ պատասխանատվության պահանջ ունի: Ալիեւին երեւի իր զինվորների կյանքերը չեն հուզում, այլապես մեր անհամարժեք պատասխանի մասին ենթադրելով` նրանց ստույգ մահվան չէր ուղարկի: Իսկ մեզ համար մեր ամեն զինվորի մի կաթիլ արյունն անգամ թանկ է: Մի խոսքով` որոշումները պետք է կայացվեն խելքով ու պատասխանատվությամբ, սովորական աշխատաոճին տասն անգամ ավելի զգոնություն ու հաշվարկ գումարելով:
Իսկ նախագահի մյուս` ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի ելույթի այն հատվածը, թե` «Հայաստանն այսօր միջազգային խաղաղապահության եւ անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում», համեմված Հայաստանի մասնակցության օրինակներով միջազգային խաղաղապահ առաքելություններում, մի տեսակ ընդգծում էր անվտանգության բալանսավորման մեր ցանկությունը` մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու միաժամանակ միջազգային առաքելություններում: Հետաքրքրական է, որ Հայաստանի խաղապահ բրիգադը միջազգային սերտիֆիկատ է ստացել եւ կարող է խաղաղարար առաքելություններին միասնագիտացված գումարտակ տրամադրել: Այդպիսով` եթե դուրս գանք սեւ-սպիտակ սխեմաներից, որ անպայման ինչ-որ մեկի թեւի տակ պետք է գտնվենք, ու խնդիրներին նայենք աշխարհաքաղաքական ակնոցներով, ապա ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է հասկանան, որ Հայաստանը այս տարածքում քրիստոնյա աշխարհի պատվարն է թյուրք-մուսուլմանական աշխարհի մեծ ախորժակի ճանապարհին, ու ամենատարբեր շահերով պետությունների աջակցությունը հայերիս պետք է բխի այդ ելման կետից, ու ոչ թե այս կամ այն բեւեռին հարել-չհարելու կանխավարկածից: Համենայնդեպս` ԱՄՆ-ի, Եվրոպայի մեծ պետություններից մեկ-երկուսի բարի կամքը Հայաստանի տարբեր ձեռնարկումների հանդեպ մեր կարծիքով ելնում է այս ըմբռնումից, չնայած ենթատեքստ կա նաեւ թոււյլ չտալ Ռուսաստանի մեծ ազդեցությունն այս տարածաշրջանում նաեւ մեր ռեսուրսով: Եւ Հայաստանում ՀԱՊԿ ուսումնական կենտրոն բացելու նախագահ Սարգսյանի առաջարկին էլ կարելի է այս տեսանկյունից նայել: Եթե իհարկե նոր զարգացումները չեն մղել մեզ այդ առաջարկից ձեռնպահ մնալու: Մեզ մնում է գրագետ խաղալ:
Հետաքրքական է, որ երեկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե Ադրբեջանն իր քայլերով հասունացնում է ԼՂՀ ճանաչման հարցը: Երեւում է` այս անգամ ՀՀԿ-ն է օրինագիծ բերելու խորհրդարան` ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ, ինչն անընդհատ մերժվում էր «Ժառանգության» ներկայացմամբ` «Ժամանակը չէ» պատճառաբանմամբ: Երեւի նկատի էին ունենում այսպիսի իրավիճակ: Իսկ ՀԱՊԿ-ին դիմելու կարիք Հայաստանը չի զգում: Ըստ Շ. Քոչարյանի, պայմանագրային պարտավորությունների շրջանակ գոյություն ունի, իսկ ընդհանրապես` Հայաստանը պետք է հույսն իր վրա դնի, ըստ Քոչարյանի, բայց նաեւ` ըստ վաղուց հայտնի հայկական կարգախոսի: Ամենահետաքրքրականը սակայն այն միտքն է, որ երեկ հնչեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` «Սպուտնիկ» գործակալության ուղիղ կապի ժամանակ. Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան նա ասել է.«Երբեք մի ասա երբեք»: Ինչպես տեսնում եք` այս դեպքում Հայաստանի համար նոր հոգսերի դաշտ կբացվի:
Վերադառնալով ՄԱԿ-ի վեհաժողովին` հարկ ենք համարում նշել, որ այն կարծես դարձավ ԼՂՀ հիմնախնդրի լյուստրացման նոր փորձ. այնՙ ինչ մեծ հաշվով միայն կողմերը ու ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտեին, այն է` Ադրբեջանը լարում է իրավիճակը, հիմա գիտեն բոլորը, քանի որ նախագահ Սարգսյանի ասածից ինչ հասկացան-հասկացան, Մամեդյարովն էլ ոչինչ չծածկեց` նշելով, որ եթե հայկական ուժերը դուրս չբերենՙ իր խոսքով «օկուպացված» տարածքներից, Ադրբեջանը կօգտվի ՄԱԿ-ի կանոնադրական կետից` ինքնապաշտպսանության վերաբերյալ ու կվերականգնի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ամա՜ն, վախեցանք, քսան զոհն ու վաթսուն վիրավորն ո՞վ է տվել, 1994-ին զինադադարն ո՞վ է խնդրել, անհամարժեք հակահարվածն ո՞վ է ստացել ու ստանալու է այնքան, մինչեւ իր չափը ճանաչի:
Հետաքրքրական է նաեւ, որ այս օրերին Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ են` անդամ պետությունների 600 զինծառայողով, ավիացիոն միջոցներով, ռազմատեխնիկայով, նախատեսված են խաղաղապահական վարժանքներ: Իսկ ՀԱՊԿ ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ՀԱՊԿ-ի զինուժին դիմելու համար` տվյալ երկրի քաղաքական կամքն է պետք, այսինքն` համաձայնագրերի համապատասխան կետերը դեռ ոչինչ չեն նշանակում, դրանք կարող են բան նշանակել միայն լրացուցիչ քաղաքական կամքի առկայությամբ: Ի պատասխան տես` վերեւում Շավարշ Քոչարյանի ասածը:
Հիմա ի՞նչ է ստացվում` Մինսկի խմբի համանապագահ երկրների տարբեր շահերը թույլ չեն տալիս մատնացույց անել իրական ագրեսոր Ադրբեջանին ու նրան իր տեղը ցույց տալ, բայց նաեւ ՀԱՊԿ-ը (Ռուսաստանն, էլի) չի ուզում Ադրբեջանի երեսին ճշմարտությունն ասել: Մնացինք մեր հույսին, ինչն ի դեպ միշտ էլ այդպես է եղել, եւ` ռազմական հակահարվածով ագրեսորին իր բունը քշելու տարբերակին: