Օրերս Հայաստանում էր գտնվում կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը, որն արդեն հասցրել է արժանանալ հայ հանդիսականի համակրանքին:
2013 թվականինՙ «Նոր ալիք» մրցույթում Ռոբերտո Կել Տորեսն արժանացավ առաջին պատվավոր մրցանակին:
Բարձրահասակ, թուխ մաշկով կուբացի երգիչը դեռեւս 17 տարեկանումՙ որպես օպերային երգիչ սկսել է իր կարիերան Կուբայի ազգային օպերայում:
Ունենալով օպերային հիմք, այսօր Ռոբերտոն իր երգերը համեմում է դասական եւ ժամանակակից մոտիվներով, որն էլ հանդիսատեսին հնարավորություն են տալիս վայելելու յուրօրինակ կատարումներ:
Նրա հոբինՙ սպորտն է. բասկետբոլ եւ ֆիտնես, չսիրած առարկանՙ քիմիան, սիրելինՙ պատմությունը, որն ըստ նրա օգնում է կյանքն ու աշխարհն ընկալել ավելի լավ: 3 տարեկանից սկսելով երգել, երբեք չի սովորել ոչ մի մանկական երգ: Երգչի երազանքն է իր երաժշտությամբ երջանիկ դարձնել մարդկանց եւ օրերս «Յանսում» տեղի ունեցած համերգը ապացուցեց այն, որ Ռոբերտո Կել Տորեսի երազանքը ի կատար ածվեց: Շուրջ 2 ժամ տեւած համերգի ընթացքում երգիչը կարողացավ եւ՛ հուզել, եւ՛ պարեցենել հայ հանդիսականին, «դիպչել» նրա հոգուն եւ ժպիտ պարգեւել:
«Ազգը» զրուցելով երգչի հետ պարզեց, թե ո՞ւմ են նվիրված իր երգերը:
– Դուք մի առթիվ նշել եք, որ սկսել եք երգել մինչեւ խոսելը: Կբացե՞ք չակերտները, ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը:
– Երբ շատ փոքր էի եւ դեռ չէի խոսում, քնած ժամանակ բժիշկն ինձ փորձել է արթնացնել քնից, եւ ես արթնանալուն պես սկսել եմ երգել այսպես (Ռոբերտո Կել Տորեսը կատարեց օպերային կարճ արիա): Իհարկե, սա կատակ էր, բայց իրականում ես սկսել եմ երգել շատ վաղ հասակից, 2 տարեկանից: Երաժշտությունն իմ կյանքն է, առանց որի չեմ կարող ապրել, այն ինձ ուղեկցում է ամենուր:
– Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում «Նոր ալիք» մրցույթից հետո:
– Իրականում մրցույթն իմ առջեւ բացեց բազմաթիվ դռներ: Երբեք կյանքիս այդ հիանալի շրջանը չեմ կարող մոռանալ:
– Ո՞րն է Ձեր գաղտնի երազանքը:
– Չեմ կարող ասել, քանի որ ասելուն պես այն գաղտնիք չի լինի: Իսկ դա մեծ գաղտնիք է: Բայց խոսք եմ տալիս, հաջորդ հանդիպմանը կբացեմ չակերտները:
– Կա՞ որեւէ բեմ, որտեղ երազում եք երգել:
– Իմ երազանքն է ամբողջ աշխարհում համերգային ծրագրերով հանդես գալ: Կապ չունի մեծ, թե փոքր բեմ, ամենուր եմ ցանկանում լինել: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում ապրող մարդը կարիք ունի սիրո: Իմ երգերով ես փորձում եմ տարածել սեր:
– Տարբեր երկրներում եք հանդես եկել համերգներով: Ո՞ր ազգի հանդիսատեսին եք ամենաշատը սիրել:
– Ինձ համար կապ չունի ազգը, երբ մարդը գալիս է համերգասրահՙ լսելու քո կատարումները, դա բավական է: Սակայն կցանկանայի առանձնացնել հայ հանդիսականին, քանի որ հայերը շատ են սիրում ռոմանտիկ, հուզական երգեր: Այդ իսկ պատճառով ես մեծ հաճույքով եմ երգում Հայաստանում: Չգիտեմ ինչու, բայց Հայաստանում գտնվելն ինձ համար մեծ հաճույք է: Ըստ իս, հայերն ու կուբացիներն ունեն ընդհանուր ինչ-որ կապ, հավանաբար դա էմոցիոնալ, էներգիայով լեցուն լինելն է:
– Ո՞ր հայտնի երաժշտի հետ կցանկանայիք զուգերգ կատարել:
– Դժվար է ասել, ինձ համար երաժիշտները եղբայրներ են: Երբ ես երեխա էի, լսում էի Հոսե Հոսեին եւ Նինո Բրավոյին, որոնց շատ էի սիրում, կցանկանայի նրանց հետ զուգերգ կատարել, իսկ այժմՙ Թինա Թերների:
– Ո՞րն է Ձեր երգացանկից ամենասիրելի երգը:
– Հոսե Հոսեի «Լոկանո ֆուեռո սեռա» երգը, որը ես սվորել եմ 3 տարեկանում, եւ «Տեկիռո, տեկիռո» երգը: Շատ եմ սիրում ռոմանտիկ երաժշտություն, քանի որ կարող ես «դիպչել» մարդկանց սրտերին: Երբ մի անգամ թափանցում ես նրա հոգին, էլ երբեք չի մոռանում քեզ: Դրա համար ես ավելի շատ սիրում եմ ռոմանտիկ, քան պարային երաժշտություն:
– Դուք Ձեզ համարո՞ւմ եք ռոմանտիկ մարդ:
– Ոչ այդքան, եթե միայն ռոմանտիկ լինեի, շատ տխուր, անհետաքրքիր մարդ կլինեի: Ես տարբեր եմՙ ինչպես կյանքը:
– Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
– Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում աշխատանքիս, անընդհատ աշխատում եմ զարգանալ, ինչպես երգիչ, այնպես էլ որպեսՙ բանիմաց, զարգացած մարդ: Աշխատում եմ անընդհատ ու ամեն ժամ:
– Դուք երգելու շնորհքը Ձեր հորից եք ժառանգել, որը եւս երաժիշտ է եղել: Ի՞նչ խորհուրդ կամ պատգամ է տվել Ձեր հայրը:
– Հայրս իմ առաջին ուսուցիչն է եղել: Նա շատ երջանիկ էր, որ ես բեմում էի: Բոլոր բեմերում, որտեղ ելույթ եմ ունենում, հայրս եւ իր էներգիան ինձ հետ են: Կատարել երգն ամբողջ հոգով ու չխաբել հանդիսատեսին:
– «Նոր ալիք» մրցույթից մի քանի ամիս առաջ դուք կորցրեցիք Ձեր հայրիկին: Դժվար չէ՞ր նման հույզերով բեմ բարձրանալ:
– Հնարավոր է, բայց երբ բեմ եմ բարձրանում, երգիս առաջին նոտաները լսելուն պես աչքերս փակվում են ու ես այլ աշխարհում եմ հայտնվում: Հիշում եմ, երբ աչքերս բացեցի, ամեն ինչ ավարտվել էր եւ բոլորը բարձր ծափահարում էին, մի մասն էլՙ հոտնկայս:
– Դուք նաեւ ստեղծագործում եք, երգեր գրում: Առաջինը գրում եք երաժշտությո՞ւնը, թե՞ բառերը, եւ ունե՞ք հատուկ վայրեր, որտեղ ստեղծագործում եք:
– Ինձ համար ամենակարեւորը երաժշտությունն է, որից էլ սկսում եմ: Հարմոնիկ երաժշտությունն է ամենակարեւորը, հետո բառերն ու գործիքավորումը: Ինձ համար տեղը կապ չունի, ես երգեր գրում եմ եւ՛ տանը, եւ՛ ինքնաթիռի մեջ, ամենուր, կարեւորը հոգումս կատարվի այն, ինչն անհրաժեշտ է ստեղծագործելու համար:
– Ովքեր են խթանում Ձեզ ստեղծագործելու, երգելու համար:
– Իմ աղջիկն ու տղան են։ Ես երգերս գրում ու նվիրում եմ նրանց, բայց չեմ սիրում դրա մասին բարձրաձայնել, ասել որ այս կամ այն երգը Ձեզ է նվիրված: Այդ երգերը բոլորի համար են, բայց խորքում ընկած է սերը հանդեպ իմ երեխաների: