ԱՐՏՅՈՒՇ ԽԱՆՋՅԱՆ, Հայկական պանթեոններ ուսումնասիրող, Պանթեոնների մասին ՀՀ օրենքի նախագծի եւ «Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն» գրքերի ու սկավառակների հեղինակ, E-mail: artkhanj@yandex.ru
«Հայաստանի հեղինակների իրավունքները պաշտպանող օրենքները նման են անատամ վագրի»: Եվրոպացի փորձագետ
Մեծ ակնածանք տածելով հայ մեծերի եւ պանթեոնների հանդեպ, մշտապես կոչ եմ արել անտեղի չհոլովել նրանց անունները («Ազգ», 28 հունվարի, 2005 թ.):
Ցավոք, հանգամանքների բերումով ստիպված եմ լինում խախտել սկզբունքս, կտրվել ստեղծագործական աշխատանքից, նյարդերս լարել ու գրագողերի դեմ պայքարելու նպատակով հանդես գալ մամուլով կամ դիմել իրավապահներինՙ ոտնահարված իմ իրավունքները պաշտպանելու հույսով (Lragir.am, 2014 թ., 9 մայիսի, 1 հուլիսի, 18 նոյեմբերի եւ 6 դեկտեմբերի):
Հոդվածներից մեկում նշել էի, որ չնայած գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանն իր nakhshkaryan.blogspot.com կայքից ջնջեց ինձանից գողացած «Երեւանի արձանները» եւ «Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն» գրքերի էլեկտրոնային տարբերակների նյութերը, սակայն նրա գրագողության հետեւանքները դեռ շարունակվում են ի հայտ գալ: Գրագող Արա Նախշքարյանը Գյումրու իրավապահների եւ Շիրակի մարզային դատախազի «բարեսրտության» շնորհիվ դեռեւս անպատիժ է մնացել խոշոր գրագողության համար, իսկ նրա գողացած նյութերը «ավար» են դառնում իր «գրչակից-գրագող եղբայրներին»: Եթե 2014 թ. դեկտեմբերին Վիկիպեդիայի հայաստանյան գրասենյակին պարտադրեցի ջնջել գրագող Արա Նախշքարյանի կայքից վերցրած իմ «Երեւանի արձանները» գրքի նյութերի մի մասը: Սակայն այնուհետեւ նրա կայքից վերցրած իմ «Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն» գրքի էլեկտրոնային տարբերակի նյութերով Հրաչ Հովհաննիսյանը, «Նրանց վերջին հանգրվանը» վերնագրով գիրք է հրատարակել: Հավանաբար, եթե «Նոյյան տապան» գրախանութի աշխատակիցը չտեղեկացներ Հրաչ Հովհաննիսյանին, որ «Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն» գիրք գրախանութում վաղուց կա, վերջինս ցմահ «բեխաբար» կմնար. «դավինՙ անտեղյակ, ցավինՙանտարբեր»:
Հրաչ Հովհաննիսյանին «երկնքի մանանա» պարգեւողը իր գրչակից, գրագող Արա Նախշքարյանն է: Սակայն, վերջինիս նման նա նույնպես գործելով ապօրինի, ապերախտաբար ոչ մի տեղ չի նշել իր «ձեռք գցած» նյութերի աղբյուրը: Գոնե «Կազմողի կողմից» պարագրաֆում, որը չգիտես ինչու, հայտնվել է գրքի վերջում, Հրաչ Հովհաննիսյանն իրեն օգնողներին հղած շնորհակալագրում նշեր իրեն նվեր մատուցած Արա Նախշքարյանի անունն ու նրա կայքը… Նույն պարագրաֆում «Պանթեոնի բնակիչները» բառակապակցությունը երկու տեղ կրկնելով, նախՙ նա մատնում է իրեն, թե որտեղից է «թռցրել» նյութերը, ապաՙ հավանաբար Արա Նախշքարյանի հոգում խանդ առաջացնում, քանի որ պանթեոնում հուղարկավորվածներին այդպես անվանելըՙ վերջինիս «մտքի փայլատակումն է»…
Հրաչ Հովհաննիսյանը պետք է իմանար, որ հանրամատչելի թեմաներով գիրք գրողը «գործն սկսում է» գրադարաններ ու գրախանութներ այցելելով, որպեսզի պարզի, թե այդ թեմայով «ի՞նչ կա, չկա»: Մարդը ոչ գիրք ու թերթ է կարդում, ոչ լրատվամիջոցներին է հետեւում, ու հետո զարմանում, որ այդպիսի գիրք վաղուց կա:
Իմ գրքի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, ոմանք անդրադարձել են իրենց հաղորդումներում, մյուսներնՙ ազնվորեն նշել իրենց օգտված գրականության ցանկում: Իսկ այս մարդն իր գիրքը վաճառքի հանձնելու պահին է իմանում իմ գրքի մասին:
Հրաչ Հովհաննիսյանինըՙ ուղղակի Քաջ Նազարի բախտ է: Հիմնական նյութըՙ մուտքագրած, խմբագրած, սրբագրած, լուսանկարներըՙ մշակած նրան են «նվիրել»: Մնում էր իր ճաշակին համապատասխան նյութերը վերադասավորել, ավելացնել վերջին մի քանի տարիներին հուղարկավորվածների մասին հանրագիտարանային համառոտ տվյալներ եւ… գիրքը պատրաստ է: Այսինքնՙ մեկ օրվա գործ…
Շնչառական օրգան ունեցողն, այդ ամենը պատրաստի տեսնելով, ինքն իրեն հարց կտար, այդ ո՞վ է իր համար այդպես տքնաջան աշխատել: Այն ամենն ինչ Հրաչ Հովհաննիսյանը յուրացրել էՙ իմ հինգ-վեց տարվա աշխատանքով ու միջոցներով է ստեղծվել: Նշեմ, որ մինչեւ իմ գրքի հրատարակումը պանթեոնում հուղարկավորվածներից երկուսիՙ Ստ. Մանուկյանի եւ Սահակ Լիսիցյանի մասին նույնիսկ հանրագիտարաններում տեղեկություն չկար, իսկ 5-6-ի մասինՙ ընդամենը երկու նախադասություն: Զանազան աղբյուրներից օգտվելով վեր եմ հանել նրանց մասին տեղեկություններ, որոնել-գտել եմ նրանց հեռավոր ազգականներին ու հավաքած նյութերով հոդված եմ հրապարակել («Մոռացված անուն. Սահակ Լիսիցյան», «Ազգ», 24 սեպտեմբերի, 2003 թ.): Որակյալ դիմանկարներ հայթայթելու նպատակով մի քանի ամիս այցելել եմ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական գրադարանները, թանգարաններ, բազմաթիվ գրքեր եմ պատվիրել, իսկ որոշ լուսանկարներ ձեռք բերելու համար վճարել եմ, ապա մի քանի մասնագետների տվել եմ դրանք մշակելու, որպեսզի Պանթեոնին նվիրված առաջին գիրքը հնարավորինս լավագույն ձեւով ներկայացվի… Ինքնուրույն գրքեր ստեղծողներն այդ ամենը լավ գիտեն:
Գիրքն առաջին անգամ հրատարակվելուց հետո որոշ մարդիկ պարզապես «բլբուլ են կտրում»… Մի մասը լրատվամիջոցներով հաղորդումներ է տալիս առանց աղբյուրը նշելու, մի մասը, գոնե կես բերան ակնարկում է…, իսկ Հրաչ Հովհաննիսյանն «անցել է բուլդոզերով»ՙ արհամարելով օրենք ու կանոն: Նրա համար կարեւորըՙ վերջնակետին հասնելը եւ իր գրքի առաջին էջին C նշանը դնելն է, հոգ չտանելով, որ ինքն իր գրքի նյութերը «փախցրել է» մեկ ուրիշի գրքի հենց այդ նշանի տակից:
Ընդունենք, որ 1930-ականներին վախճանվածների կենսագրականներն ու դիմանկարները հայթայթելը դժվար էր, բա շիրմաքարերի լուսանկարների մի մասն ինչո՞ւ է իմ աշխատանքից վերցրեց: Այսօր լուսանկարելու հնարավորությունները չափազանց շատ են, հարմար: Ի՞նչն էր խանգարում նրանց, որ բոլոր շիրիմների լուսանկարներն իրենք անեին: Բոլորն այնտեղ են. լուռ, անշարժ… Դե՜ «յաբախտի»ՙ որ ժամին, որ կետից պատահեր «չխկացնեին»…
Հրաչ Հովհաննիսյանը «Կազմողի կողմից» պարագրաֆում նշում է, որ 1960-ականներից մասնակցել է պանթեոնի 23 հուղարկավորումների եւ նման գիրք ստեղծելը եղել է երազանքՙ իր պատանեկան տարիներից: Արդյոք երկար չի՞ երազել, եւ այդ երազանքի իրականացումն ուշացած չէ՞: Զարմանալ կարելի է նման համբերության վրա: Սպասել մինչեւ մեկն այդ գիրքը կհրատարակի, իսկ հետո՞… «բլբուլ կտրելը» հեշտ է: Թո՜ղ Հրաչ Հովհաննիսյանն իր գիրքը շուտ գրեր: Դրանով ինձ կօգներ եւ կազատեր այդ պանթեոնի մասին գիրք հրատարակելու հոգսից, իսկ ես իմ ժամանակն ու միջոցները կհատկացնեի մյուս պանթեոններին: Նույն թեմայով գիրք հրատարակելու իրավունքից որեւէ մեկին ոչ ոք չի զրկել: Թո՜ղ ինքնուրույն գրեն, գուցե ավելի հետաքրքրական ու նոր բան ստացվի, իսկ աղբյուրներից օգտվելիս էլ պահպանեն օրենքով սահմանված կարգը, որպեսզի ոչ իրենց խայտառակեն, ե՛ւ ոչ էլ այլոց գլուխը ցավեցնեն… Խելամիտ մարդիկ տեսան, իմացան, որ այդ գրքի պահանջարկը չկա, կողքի քաշվեցին, անցան մի այլ բանիՙ խնայելով իրենց ժամանակն ու միջոցները, իսկ ուրիշներիՙ նյարդերը …
5-6 տարի անց, երբ պանթեոնում նոր անուններ հայտնվեն, չի բացառված, որ մեկ ուրիշը կլրացնի այդ անունները եւ ինքն էլ կվերատպի Հրաչ Հովհաննիսյանի գիրքը …
Վերջապեսՙ ինչքա՞ն կարելի է հերկած տեղը նորից հերկել: Պանթեոններ եւ հայ մեծեր պաշտող Հրաչ Հովհաննիսյանը թո՜ղ գրքեր պատրաստեր մեր մյուս պանթեոնների, իսկ նրա «մատակարար», գրագողեր «բազմացնող» Արա Նախշքարյանըՙ իր Գյումրու արձանների մասին:
Այս գործից էլ է դատարանի «հոտ փչում»: Հույս ունեմ Հրաչ Հովհաննիսյանի հետ, որպես պատասխանող, դատարան կկանչվի նաեւ Գյումրեցի «վաստակաշատ գրագող», բլոգեր Արա Նախշքարյանը, եւ նրանք միասին պատասխան կտան, թե ո՞վ ումից ի՞նչ է «թռցրել»…
Հրաչ Հովհաննիսյանի կազմած գրքում իմ գրքից բառացի արտագրված մեկ տասնյակից ավելի պարբերություններ կան, բացի դրանցից իմ գրքից վերցրել է 22 դիմանկար, շիրմաքարերից 7-ի լուսանկարները: Դրանք մեկ առ մեկ կներկայացնեմ դատավարության ժամանակ:
Ինչպե՞ս եղավ, որ իմ գիրքը եւ սկավառակը չտեսած Հրաչ Հովհաննիսյանն իր գրքի կազմին նույնպես դրեց Կոմիտասի մահարձանի լուսանկարը եւ նյութը հերթակայեց նույն սկզբունքով, ինչպես իմ գրքերում են:
Հետաքրքրական է, Հրաչ Հովհաննիսյանը չնկատե՞ց, որ 2010 թվականից այդ պանթեոնի անունը «փոխել են»: Թո՜ղ իր գրքի վրա այդ փոխվածՙ անունը գրեր:
Գրագողների պատճառով, չեմ հրատարակելու Երեւանի մյուս պանթեոնների մասին իմ հավաքած նյութերը, «Երեւանի արձանների» 2-րդ եւ 3-րդ մասերը, «Գյումրու արձանները»: Քանի որ «գրագող-բլբուլների» անվերջ երամի դայլայլը սղոցում է ականջներս:
Վերջում ուզում եմ նշել իրավապահների անհետեւողականությունը, անպատժելիությունը, որը բերում է նոր իրավախախտումների: Մեր իրավապահները հիմնականում մասնագիտացած են շարժական ու անշարժ գույքի առ ու ծախի ոլորտում, բայց ոչ մտավոր սեփականության կամ հեղինակային իրավունքի հարցերում: Տարիներ առաջ մի փաստաբան ինձ կարճ պատասխանեց. «Հեղինակայինի մեջ փող չկա»:
Լավ կլիներ, որ իրավապահները, փաստաբաններն ու դատավորները նույնպես պարբերաբար վերապատրաստվեին, լավ տեղեկացվեին մտավոր սեփականության հարցերին, հեղինակային իրավունքի նոր, նուրբ եւ արագ զարգացող ոլորտին, որպեսզի նրանց որոշումներն ու պատասխանները լինեին անկողմնակալ ու հիմնավորված…