Պատերազմը Սիրիայում արագորեն թեժանում է Թուրքիայի սխալ հաշվարկների եւ նաեւ խորամանկության հետեւանքով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անելանելի կացության մեջ է գտնվում իր ներքին քաղաքականության եւ քրդական խնդիրը «ժողովրդավարական ձեւով» լուծելու իր ծրագրերի պատճառով: Այդ նպատակին հասնելու համար նա ժամանակին բանակցությունների մեջ մտավ քրդական ընդդիմության զինվորական թեւի ղեկավարների եւ անձամբ PKK կազմակերպության բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ: Ոչ միայն քրդական փոքրամասնության հանդեպ կիրառված սահմանափակումները մեղմացան, այլեւ քուրդերին իրավունք տրվեց բացահայտորեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքում նրանք կարողացան վաստակել ձայների 13 տոկոսը: Դա նշանակում էր 80 պատգամավոր ունենալ խորհրդարանում: Քրդական ժողովրդա-դեմոկրատական ձախակողմյան կուսակցության (HDP) առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը դրական դեր էր ունեցել խաղաղ բանակցությունների գործընթացում, այդ պատճառով էլ նրա անձնական ժողովրդականությունը թռիչք էր ապրել Թուրքիայում: Երբ Օջալանը PKK մարտիկներին հրամայեց ցած դնել իրենց զենքերը, քրդերից շատերը, նաեւ արտասահմանյան դիտորդները, կասկածանքով վերաբերվեցին Էրդողանի կառավարության իրական մտադրություններին: Թուրքական Հանրապետության հռչակումից ի վեր երկիրը մի քանի անգամ անցել էր ազատության եւ լարվածության թուլացման ժամանակաշրջաններ, որոնց միշտ էլ հետեւել էին զինվորական հեղաշրջումներն ու արյունոտ հետապնդումները:
Թերահավատների մտավախությունները իրականություն դարձան, երբ Էրդողանը խուճապի մատնվեց եւ վերանայեց քրդերի հանդեպ որդեգրած իր քաղաքականությունը: Նա պատերազմ սանձազերծեց PKK-ի մարտիկների դեմ Իրաքում եւ Թուրքիայում: Թուրքիայի քրդերի հաստատակամությանը գումարվեց Կոբանիում (Սիրիա) Մ. Նահանգների եւ դաշնակից զորքերի աջակցությամբ ստեղծված քրդական կանտոնը:
Սիրիայում եւ Իրաքում ապրող քրդերը ապացուցեցին, որ իրենք իսլամական պետության դեմ պայքարող ամենաարդյունավետ զորամիավորումներն են, եւ նրանք արժանացան դաշնակիցների վստահությանը: Նման զարգացումները առաջ բերեցին Թուրքիայի սահմանում ինքնավար քրդական երկրամաս ստեղծելու հեռանկարը, ինչը զայրացրեց Էրդողանին:
«Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տալու Սիրիայում, մեր սահմանին մոտ, մի նոր պետության ստեղծումը», հայտարարեց նա, ակնարկելով դեռ սաղմնային վիճակում գտնվող այդ պետության մասին:
Էրդողանի սկզբունքայնությունը խոչընդոտեց Մ. Նահանգների քաղաքականությանը Սիրիայում: Թուրքիան արգելել էր Ինջիրլիքի ռազմակայանը օգտագործել ռմբակոծելու համար Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Նախագահ Օբաման հուսահատ ելքեր էր փնտրում Սիրիայում Մ. Նահանգների քաղաքականությունը փրկելու համար: Ի վերջո նա գտավ այն Էրդողանի արտասանած ստի կամ երկիմաստության մեջ: Մ. Նահանգներին թույլատրվելու էր օգտվել Ինջիրլիքի ռազմակայանից, եւ Թուրքիան էլ միանալու էր «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարին, եթե Անկարային թույլատրվեր իրականացնել Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու երկար սպասված ծրագիրը: Օբաման համաձայնվեց, եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դժգոհությամբ քվեարկեցին Թուրքիային նեցուկ կանգնելու օգտինՙ իմանալով Էրդողանի ծրագրի երկսայր լինելու հանգամանքը: Թուրքիան սկսեց իր հրթիռակոծումները Սիրիայում եւ Իրաքում, բայց գլխավոր թիրախները քուրդերն էին եւ PKK-ի մարտիկները, այսինքն այն ուժերը, որոնք կարողացել էին իսլամական պետության առաջխաղացումները կանգնեցնել Իրաքում եւ Սիրիայում: Արջի ծառայություն մատուցելով ISIS-ի դեմ արշավին, Թուրքիայի վերջնանպատակն էր ոչնչացնել իր սահմաններին գտնվող քրդական քաղաքները:
«Ինդիփենդենտ» թերթի բլոգում, Պատրիկ Քոկբըռնը գրում է, որ «Անկարայի նպատակը ճիշտ հակառակն է Վաշինգտոնի նպատակին եւ քիչ է տարբերվում ISIS-ի նպատակից, որը փորձում է հետ պահել քրդերին»:
Թուրքիան պատերազմի մեջ պատերազմ է սանձազերծել: Միակողմանի պատերազմ ընդդեմ Թուրքիայում եւ հարեւան երկրներում ապրող քրդերի: Գերմանական «Շպիգել» թերթին տված հարցազրույցում քուրդ առաջնորդ Դեմիրթաշը ասել է, որ «Էրդողանը ընդունակ է երկիրը կրակի տալու»:
Էրդողանը վտանգավոր քայլի է դիմում, քրդերի դեմ պատերազմ հայտարարելով եւ գրգռելով նրանց փոխվրեժի տրամադրությունները: Նա հավատացած է, որ երկրի միասնականության պահպանման փրկիչը կհռչակվի եւ դրանով իսկ ձայների մեծամասնությունը կստանա նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Բայց նա պետք է հասկանա, որ շշից դուրս եկած ջինին նույնիսկ իր ճարպիկ ձեռնածությունները չեն կարող դարձյալ շշի մեջ մտցնել: Պատերազմը շատ երկար կարող է տեւել եւ իր հաշվարկները կարող են սխալ դուրս գալ, ինչը երկիրը կկանգնեցնի խորտակման եզրին:
Կաթվածահար եղած ամերիկյան քաղաքականության հետեւանքով ISIS-ի զորքերը մնալու են Սիրիայում եւ Իրաքում եւ շարունակելու են գլխատումներն ու վայրագությունները ընդդեմ հատկապես եզդիներիՙ Իրաքում, եւ հայերիՙ Սիրիայում:
Թուրքիան իսլամական պետության զորքերին օգտագործեց վերջերս քարուքանդ անելու համար Դեր Զորի հուշարձանը, եկեղեցին եւ Քեսապից ու Հյուսիսային Սիրիայի քաղաքներից հայերին տեղահանելու համար, հիշեցնելով մեզ մեկ դար առաջ նրա կատարած նողկալի հանցագործությունները:
Ըստ հաշվարկների, 220 հազար քաղաքացիներ են սպանվել Սիրիայում, որոնց թվում 100 հայեր: Սիրիայի կառավարական ուժերն ու վարձկանների տարբեր խմբեր միմյանց դեմ են պայքարում, իսկ կառավարությունը փակուղու առաջ է կանգնածՙ ստեղծելով անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների հնարավորությունը:
Ներկայիս հավանաբար 25 հազար հայեր են մնացել «թակարդված» Հալեպում: Նրանք ապրում են սիրիական բանակի պաշտպանության ներքո: Տեղական լրատվամիջոցները հազվադեպ են անդրադառնում հայերի ծանր վիճակին: Բայց թուրքերը սառնասրտորեն հաշվարկել են «Իսլամական պետության» ուժերի միջոցով ոչնչացնել նրանց, որովհետեւ Սիրիայի հայերը միշտ էլ թուրքական կառավարության աչքի փուշն են եղել: Ոչ ոք չպետք է կասկածի, որ սիրիական կառավարական ուժերին հաղթելուց հետո, թուրքերը րոպե անգամ չեն վարանելու բնաջնջելու հայկական համայնքի վերապրողներին:
Ինչպես բազմաթիվ սիրիացիներ, հայերն էլ են փախստականներ դարձել հարեւան երկրներում եւ նույնիսկ իրենց հայրենիքումՙ Հայաստանում:
Ցեղասպանությունը վերապրողների ժառանգները հանդիսացող հալեպահայերը արաբական աշխարհում հայերի ներկայության վերջին ամրոցի պահապաններն էին համարվումՙ պատմական ավանդույթները անբասիր եւ ամենատարբեր ոլորտների հաստատությունների գործունեությունը վառ պահելու իրենց նվիրվածությամբ:
Սիրիայում հայերը վայելում էին կառավարության պաշտպանությունը, բայց նրանք չմասնակցեցին հակամարտությանը: Անցյալ տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սիրիահայերը պարտավոր են չեզոքություն պահպանել: Դա սկզբում անհեթեթ թվաց, հաշվի առնելով, որ այդ երկրի ասպնջականությունը երկար տարիներ վայելած հայերը պետք է իրենց երախտագիտությունը հայտնեին ճգնաժամային պահին: Բայց հետագայում պարզվեց, որ հայտարարությունը խիստ նշանակալի էր: Այնքան ժամանակ, որ հայերը չէին մասնակցում հակամարտությանը, նրանք «Իսլամական պետության» կամ ապստամբ այլ խմբավորումների թիրախից դուրս էին մնում: Բայց հենց կառավարությունը խրախուսեց եւ զինեց ինքնապաշտպանական ջոկատների կազմավորումը, հայկական հաստատությունները դարձան թիրախներՙ ապստամբական զորքերի համար եւ հետեւաբար դժվարին կացության մատնեցին համայնքի առաջնորդներին:
Մոտավոր հաշվարկներով տասնհինգ հազար սիրիահայեր ապաստան են գտել Հայաստանում: Կառավարությունն ու ժողովուրդը պատրաստ չէին ընդունելու նման հոսքը եւ ցարդ վերաբնակեցման խնդիրները պատշաճ մակարդակի վրա չեն, մանավանդ հաշվի առնելով նաեւ երկրի ներկա տնտեսական իրավիճակը: Կառավարության կողմից շռայլ խոստումներ են հնչում, բայց փախստականների շարքերից ձեռնարկատեր հանդիսացող տարրերը դժգոհում են հարկային մարմինների անբարեխիղճ վերաբերմունքից: Նրանցից շատերը երազում են վերադառնալ Սիրիա, երբ որ խաղաղությունը հաստատվի այնտեղ: Սիրիական անձնագիրը սիրալիր ընդունելության չի արժանանում շատ երկրներում, այդ պատճառով էլ շատերը դիմում են ձեռք բերելու հայկական անձնագրեր, որպեսզի կարողանան դուրս գալ Հայաստանից: Երեւի թե սփյուռքահայությունը առավել ըմբռնողական մոտեցում եւ նյութական օժանդակություն է ցուցաբերում սիրիահայ փախստականներին:
Այսօր, Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց, տարածաշրջանի հայերին բնաջնջելու թուրքական սպառնալիքը դամոկլյան սուրի նման կախված է Հալեպում պատերազմի որոգայթներում թակարդված հայերի գլխավերեւում: Այդ սպառնալիքը նրանց ցրել է աշխարհով մեկ, ինչը նշանակում է, որ ցեղասպանությունը վերապրածների վերապրումը հարցականի տակ է:
Որեւէ մեկը մտահոգվո՞ւմ է սիրիական պատերազմի արյունահեղություններում իրենց գոյությունը քարշ տվող հայերի ճակատագրով:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.
Նկար 1. Դեր Զորի ավերված ռմբահարված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին