Զրույցՙ Ռոմեն Կոզմոյանի հետ
– Պրն Կոզմոյան, Դուք երկար տարիներ եղել եք Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ, շուրջ մեկ տասնամյակ դիվանագիտական ծառայության մեջ եք եղել Լիբանանում Խ. Միության դեսպանությունում ամենադժվար տարիներինՙ այսպես կոչված քաղաքացիական պատերազմի ժամանակահատվածում, իսկ հետագայում, անկախության շրջանին եւ մինչեւ օրս, Ձեր գրասենյակը շարունակում է սերտագույն կապեր ունենալ Սփյուռքի հետ, մի երկու տարի եղել եք նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության խորհրդատվական ատյանի անդամ, հետեւաբար հսկայական փորձ ունեք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ոլորտում, ուստի կարող եք համեմատել եւ գնահատել այն ժամանակվա ու ներկայիս գործող այդ գերատեսչությունների գործունեությունը…
– Զանազան հանդիպումներում, ինչպես եւ այս պարագայում, զրուցակիցներս հետաքրքրվում են, թե ինչը փոխվեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում երկրի անկախությունից հետո:
Անկախության առաջին տարիներին Սփյուռքի հետ աշխատող մեկ միավոր կար, որը չգործեց եւ չէր էլ կարող գործել, քանի որ այն ՀՀ արտգործնախարարության կազմում էր, սակայն ոչ թե միջազգային դիվանագիտական, այլ զուտ ազգային սկզբունքով:
Բանն այն է, որ պետությունը, որեւէ պետություն, սփյուռք չի կարող ունենալ, սփյուռք (դիասպորա) ունենում են ժողովուրդները: Այսինքնՙ որեւէ պետության արտգործնախարարություն այլ պետությունների հետ հարաբերվելիս գործ է ունենում այդ երկրի կառավարությանՙ արտգործնախարարության հետ, առանց հաշվի առնելու տվյալ երկրի քաղաքացիների էթնիկ ծագումը:
Եվ հենց այդ սկզբունքը հաշվի առնելով Մոսկվան, որպեսզի խուսափի պաշտոնական ինչ-ինչ արգելքներից, ստեղծել էր հասարակական կազմակերպություններ (ինչպիսիք ամերիկացիներն ունեն տասնյակներով), այդ թվում նաեւ Մշակութային կապի մեր կոմիտեն (ուշադրություն, «մշակութային» հերթապահ բառով), որի ներքո հիմնականում ծավալում էր աշխատանքՙ վերջնակետում քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով:
– Ուզում եք ասել, որ ոչ թե նախարարություն, այլ հասարակական կազմակերպություն պետք է ստեղծվեր անկախ Հայաստանում սփյուռքի հետ աշխատելու համար:
– Այո, թերեւս ավելորդ անգամ եմ կրկնումՙ Սփյուռքի նախարարությունը պետք չէր, որ ունենար պետական մակնիշ: Իմ տպավորությամբ, մեր նախագահ Սերժ Սարգսյանը, լինելով կարգին մարդ, չկարողացավ դրժել իր իսկ նախընտրական խոստումը, որ կստեղծի նախարարություն, եւ ստեղծեց:
– Բայց չէ՞ որ սփյուռքահայերի հոգեբանական մի առանձնահատկություն էլ պետք է հաշվի առնելՙ նրանք սիրում են պետական-պաշտոնական անձնավորությունների հետ գործ ունենալ, թերեւս հատուկ նախարարական կարգավիճակը շոյում է նրանց ինքնասիրությունը:
– Մեղմ է ասված: Ավելի ճիշտ կլինի ասել իրականությունը, որը, գուցե եւ, գործին օգնի:
Փորձենք ասել իրականությունը:
Առանց բացառության, սփյուռքահայերի բարդույթն էՙ նախարարին քովը նստեցա, նախագահին հետ նկարվեցա, պետական հրավերով եկած եմ, չորրորդ պարգեւն է, որ կստանամ եւ այլն: Դար է փոխվել, բայց պարոնյանական հոգեբանությունը նույնն է, որը շատ է վնասում գործին, քանզի մեր պաշտոնյաները, որոնց սփյուռքահայերը ծափահարում են, իսկ հետո զավեշտի վերածում, դա չեն տեսնում, դա չեն հասկանում, արված սխալի մասին դրվատանք, հիացում լսելովՙ ավելի են սխալվում եւ դառնում ու ասումՙ «այսքան մեծ մարդ ըլլալս չէի գիտցած»…
Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մեկ օր ես ինձ թույլ տամ ասելու, հրապարակելու այն կարծիքները, որ հայտնում են ինձ եւ այլոց (նաեւ Ձեզ), թե ինչ ծաղր ու ծանակի են վերածվում Քաղաքապետարանում կայացած ամուսնություններըՙ համեմատվելով կոմսոմոլի ամուսնությունների հետ, ինչ վիրավորանք է ապրում Ստամբուլից ժամանած 80 հոգանոց երգչախումբը, երբ Բաբաջանյանի դահլիճում 14 ունկնդիր կա, որից 5-ըՙ նախագահությունում, ավարտին մնում է ընդամենը 7 մարդ:
Մի կարծեք, թե ես չեմ հասկանում, որ շեղումներ կլինեն, թերություններ կլինեն, ես այլ բան եմ ասում, իսկ այդ այլ բանն այն է, որ նույն պահին շնորհակալանքի ու երախտագիտության դիֆերամբ է հնչում ամբիոնից:
Հիշում եմ սառած, սքթած մանուկներին, որոնք արտասանում էինՙ «Այսքան պայծառ կյանքը մեզ Լենին պապիկն է տվել»: Կրցա՞ միտքս հասկացնել:
Ես թերության, սխալի դեմ չեմ, ես ֆարսի դեմ եմ, ձեւականության, ձեւամոլության դեմ եմ:
Ինչո՞ւ է «Արի տուն» երեխայի շապիկի վրա գրված «Սփյուռքի նախարարություն», ո՞րն է պատճառը, երբ երեխան եկել է իր գումարով, ապրում է իր հայրենակցի տանը, եթե ծախս է արվել, կազմակերպչական խնդիրներ են լուծվել, ապա թող գրվիՙ «Հայաստան», բայց ո՛չ, ինչո՞ւ կգրվի Ոստիկանություն կամ ԱԻՆ, մենք ո՞ւմից ենք պակաս:
Եթե սա արվեր «Դինամո» ընկերության կողմից կամ «Ազգային գոյություն» հասարակական շարժման, աղաղակող չէր լինի, բայց պետություն հասկացությունն այլ չափանիշներ ունի:
Եվ որպեսզի հասարակական կազմակերպության առավելությունն ավելի պարզ լինի, կարելի է բերել պատմական մի քանի օրինակ:
1980-ականներին, չնայած սառը պատերազմի բարձրակետն անցել էր, սակայն ինչպես շատ աշխարհամասերում, այնպես էլ Միջին Արեւելքում ազդեցության ոլորտի խնդիր կար սովետների եւ ԱՄՆ-ի միջեւ: Որքան էլ իր ծավալով փոքր լիներ հայկական ֆակտորը, այնուհանդերձ, Վաշինգտոնը հայկական կուսակցությունների կենտրոնները Բեյրութից հեռացնելու աշխատանք էր տանում: Ամենահավանական թիրախը ՌԱԿ-ն էր, քանի որ նրա ազդեցության տակ գտնվող ՀԲԸՄիության կենտրոնը Նյու Յորքում էր վաղուց: Ահա այդպիսի թնջուկ լուծելու խնդրով Բեյրութ ժամանեց կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանըՙ կուսակցությունների կենտրոնները Բեյրութում պահելու հրահանգով:
Ոչ ոք չգիտեր նրա այցելության բուն նպատակը: Համայնքին թվում էր, թե Համազասպյանը Դամասկոս այցելությունից հետո արագ Երեւան վերադառնալու նպատակով է Լիբանան ժամանել (Դամասկոս-Երեւան ուղերթ չկար), այնինչ իրականում նա Բեյրութ ժամանման կարեւորությունը չշեշտելու նպատակով էր Դամասկոսից Բեյրութ մեքենայով ժամանել:
Ծրագիրը հայտնի էր միայն մի քանի հոգու: Առաջին օրն իսկ Խ. Միության դեսպան Ալեքսանդր Սոլդատովի հետ հանդիպելուց հետո Համազասպյանը հանդիպում ունեցավ կուսակցապետերի հետ լիբանանահայ հայտնի գործիչներից մեկի տանը: Խնդիրը լուրջ էր, մասնակիցները ոչ պակաս լուրջ եւ ազգանվեր գործիչներ էին: Հանդիպումը տեւեց մոտ հինգ ժամ: Որոշումը միանշանակ էր, եւ հայկական կուսակցությունների կենտրոնները մինչեւ Հայաստանի անկախությունը, հիմնականում Բեյրութում մնացին, բայց թե հետո ինչ եղավ, երբ ՀՀ առաջին նախագահը հայտարարեց, որ հայկական կուսակցությունների գոյությունը սփյուռքում անախրոնիզմ է, ինձ հայտնի չէ…
– Առակս զի՞նչ ցուցանէ…
– Մեկնաբանենք: Եթե վերը նշված խնդրով որեւէ պետական պաշտոնյա, այն էլ նախարար, այցելեր Լիբանան, Մոսկվան պարտավոր էր Բեյրութին տեղյակ պահել ժամանողի թե՛ օրվա, թե՛ ծրագրի, թե՛ մեկնման մասին: Հատկապես ծրագրի մասին տեղեկություն տալը, մեղմ ասած, ցանկալի չէր լինի, թաքցնելըՙ հյուրընկալ երկրի ցանկության դեպքումՙ դիվանագիտական անախորժություն: Իսկ ո՞վ կարող էր հայկական հասարակական կազմակերպության ներկայացուցչինՙ Համազասպյանին ասելՙ «այսինչի» տուն ինչո՞ւ ես գնում, կուսակցապետերի հետ ինչո՞ւ ես հանդիպում:
– Հիշում եմ այդ օրերը. ամերիկյան կողմը նույնիսկ առաջարկել էր Մ. Նահանգներ տեղափոխել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Անթիլիասից: Ըստ երեւույթին այդ ժամանակվանից էր սկսվել միջինարեւելյան երկրներից քրիստոնյաներին, այդ թվում հայերին, Արեւմուտք տեղափոխելու ծրագիրը:
Վերադառնալով մեր բուն թեմայինՙ բացառո՞ւմ եք, որ անկախ Հայաստանը այժմ էլ Սփյուռքի նախարարության խողովակով կամ այլապես ի շահ հայությանը նման գործարքներ իրականացնի:
– Ոչինչ չեմ բացառում: Սակայն համոզված եմ, որ ավելի արդյունավետ եւ պակաս ռիսկային է արտաքին ճակատի վրա որոշակի հարցեր ոչ պետական կառույցների միջոցով լուծելը: Դա շատ ավելի արդունավետ է, հատկապես երբ հարցը վերաբերում է տարածաշրջանային նուրբ խնդիրներին:
Բերեմ եւս մեկ օրինակ, որը թեեւ անմիջականորեն Հայաստանին, թվում է, չէր վերաբերում, սակայն ապահովաբար հայկական գործոնին վերաբերում էր: 1979 թ., երբ Այաթոլլահ Խոմեյնին Փարիզիցՙ իր ժամանակավոր կեցավայրից վերադառնալու էր Թեհրան (այդ հարցում Մոսկվան իր դերն ուներ, եւ հայկական գործոնը եւս մեկ անգամ օգտագործվեց: (Տեսՙ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատությունըՙ «Իրան, Այաթոլլահ Խոմեյնիի դարաշրջանը», «Զանգակ», 1997թ.), Մոսկվայում անհանգստություն կար, որ նրա ինքնաթիռը Թեհրանում կարող էր չընդունվել, այդ պարագայում ո՞ւր էր իջնելու Իմամը, եւ Լիբանանում Իմամին ընդունելու առաջարկով Բեյրութ ժամանեց «Պրավդայի« արեւելագետ մի աշխատակից, սակայն նրա հանդիպումը լիբանանյան կողմի հետ արդյունք չտվեց:
Շտապ որոշվեց օգտագործել հայ համայնքի հնարավորությունները. շնորհիվ երկրի բարձրագույն ղեկավարության եւ լիբանանահայ երեւելի մի գործչի միջամտության, Բեյրութն իր համաձայնությունը տվեցՙ անհրաժեշտության դեպքում ընդունելու Խոմեյնիի ինքնաթիռը:
Ահա՛ հայկական տարրի դերը:
– Տպավորիչ է: Այնուամենայնիվ, մեր կառավարությունը կարծես որոշ պարագաներում, հատկապես նկատի ունեմ վերջին շրջանում Իրաքի հետ հարաբերությունները, սկսել է օգտվել նման մեթոդոլոգիայից:
Սակայն ես կուզենայի մեր զրույցը տեղափոխել մի փոքր այլ հարթություն: Սփյուռքի նախարարության ստեղծումից անցել է 8 տարի, եւ ես չեմ պատկերացնում, որ երկրի ներկա կամ հաջորդ նախագահը վերացնի այն: Ճիշտ է, սովետները հրաշալի ձեւը գտել էին սփյուռքահայության հետ այսպես կոչված հասարակական խողովակով խոսելու եղանակը: Ի դեպ, չմոռանանք ավելի վաղ ժամանակները, երբ Խ. Հայաստանի առաջին նախաձեռնություններից մեկը եղավ սփյուռքահայության օգնությունն ապահովելու համար Հայ օգնության կոմիտեի (ՀՕԿ) կազմությունը, որի նախագահ կարգվեց ոչ այլ ոք, եթե ոչ Հովհաննես Թումանյանը, որին սիրում եւ վստահում էին բոլորը: Եվ ՀՕԿ-ը քանդվեց միայն այն ժամանակ, երբ խորհրդահայ որոշ գործիչներ սկսեցին կոմունիստական գաղափարախոսություն թելադրել սփյուռքահայ հայրենասեր զանգվածներին: Նույն քանդիչ սխալը գործեցին հետագայումՙ անկախության առաջին տարիներին, ՀՀՇ-ական գործիչները, որոնք, այսպես ասածՙ «թարսվեցին» ռամկավարների հետ, երբ կուսակցությունը մերժեց նրանց տրամպլինը լինել Լոս Անջելեսում, որտեղ ՀՀՇ-ն ցանկանում էր որպես կուսակցություն հիմնավորվելՙ ռամկավարների օգնությամբ:
Տպավորությունն այն է, որ մեր այժմյան կառավարությունը նմանՙ կուսակցական մոտեցումներ հանդես չի բերում սփյուռքահայության հետ հարաբերվելիս: Ճի՞շտ է տպավորությունս:
– Ե՛վ տպավորությունն է ճիշտ, ե՛ւ կողմնորոշումը:
Սակայն թույլ է տրվում մի ուրիշ սխալ: Ինչպես վերեւում ասացիՙ պետական որոշ պաշտոնյաներ խառնում են պետությունը հայրենիքի հետ, ազգությունըՙ քաղաքացիության:
Այստեղ կրկնություն է լինելու իմՙ Ձեզ ներկայացրած նախորդ նյութի հետ, բայց ոչինչՙ «կրկնությունը գիտության մայրն է» (վերջին տարիներին էլ դարձավ ձանձրույթի հայրը, քանի որ այժմ հայրը կարող է մայր լինել եւ հակառակը):
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները գնում են այս ու այն երկիր, կոնկրետՙ Սիրիա կամ Լիբանան եւ շնորհակալություն են հայտնում իրենց գործընկերներինՙ տեղի հայ համայնքներին բարյացակամ վերաբերվելու համար:
Թվում է, թեՙ ի՞նչ կա որ, ի՞նչն է սխալ: Ասենք ինչը:
Հայերն այդ եւ այլ երկրներում ապրում են տասնամյակներ շարունակ, եւ նրանք այդ երկրների լիիրավ քաղաքացիներն են: Ինչո՞ւ է տարբերություն դրվում, ասենք, արաբի ու հայի միջեւ, երբ նրանք հավասար իրավունքներ ունեն տվյալ երկրում: Ինչո՞ւ է Հայաստանի նախագահը, կամ վարչապետը, կամ ԱԺ նախագահը շնորհակալ տվյալ երկրի իշխանություններից, որ նա իր հայ քաղաքացուն լավ է վերաբերվում, ի՞նչ կապ ունի ծագումը քաղաքացիության հետ: Մեկն իրավական հասկացություն է, մյուսըՙ էթնիկ, ծագումնաբանական:
Մանավանդ որ, հատկապես Սիրիայի ու Լիբանանի պարագայում, տեղի հայ համայնքներն այդ պետությունների հիմնադիրներից են եւ դրանց խորհրդարաններում կամ պետական ապարատում ներկայացուցիչ ունենալը նրանց սահմանադրական իրավունքն է եւ ոչ թե բարյացակամության արտահայտություն:
– Ազգություն-քաղաքացիություն շփոթը նույնիսկ մեր որոշ դիվանագետների մոտ է առկա. երկուսս էլ կարող ենք վառ օրինակներ հիշել…
– Ես մի արտառոց օրինակ հիշում եմ: Տարիներ առաջ, երբ ՀՀ արտգործնախարարը Վարդան Օսկանյանն էր, Լիբանան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայկական համայնքի հետ հանդիպեց հայաբնակ Այնճար գյուղավանում եւ ներկա լիբանանահայերին հրապարակավ թելադրեց մայր հայրենիքում ապրելու համար նախապատրաստվել, քանի որ, հայտարարեց նա, «դուք այս երկրում ժամանակավոր կեցության համար եք»…
Պատկերացնո՞ւմ եք, պաշտոնական հանգամանքով այլ երկիր գնացած պետական պաշտոնյան այդ երկրի քաղաքացիներին կոչ է անում գաղթել մեկ այլ երկիր:
– Ըստ Ձեզ, նման վարվեցողությունը անվտանգության կամ, ավելի մեղմ ասենք, դիվանագիտական բարդություն չի՞ առաջացնում:
– Անշո՛ւշտ: Սակայն նշյալ պարագաներում, նկատի ունենալով այդ երկրների ավելի քան բարեկամական վերաբերմունքը մեր նկատմամբ, արտաքնապես ամեն ինչ սահուն է անցնում, որեւէ նոտա չի ուղարկվում մեր երկիր, սակայն կասկածից վեր է, որ այդ երկրների հատուկ ծառայությունները արձանագրում են այդ բոլորը, եւ մեկ օր դա կօգտագործվի:
Անշուշտ, դա անթույլատրելի է: Մանավանդ որոշ երկրների քաղաքացիների համար դա նույնիսկ վտանգավո՛ր է:
– Իսկ ո՞րն է Ձեր վերաբերմունքը շքանշանների այս առատության նկատմամբ: Սփյուռքահայության կոմիտեն ունե՞ր նման սովորություն:
– Անշուշտ, ամեն մարդ էլ սիրում է շքանշան, պատիվ ու տիտղոս ստանալ: Մանավանդ սփյուռքահայերից շատ-շատերի համար դա կյանքում, թերեւս, միակ գնահատականն է, այն էլՙ հայրենի կառավարությունից: Նկատած կլինեք, սփյուռքահայերն իրենց տան ամենապատվավոր տեղում կախում կամ ցուցադրում են նման պարգեւներըՙ լինի կաթողիկոսական կոնդակ կամ պետական շքանշան ու դիպլոմ: Սակայն ստիպված եմ տրիվիալ խոսք ասելՙ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Սփյուռքի կոմիտեն եւս ուներ նման շքանշաններ, բայց խիստ արժանավորների, իրական վաստակ ունեցողների համար միջնորդում էր նաեւ տարբեր գերատեսչությունների, ստեղծագործական-հասարակական կազմակերպությունների մոտՙ համապետական նշանակության մրցանակների համար, եւ կամ կազմակերպում էր հանդիպումեր տվյալ անձի հետ, համերգներ էր կազմակերպում եւ կամ հրատարակում նրանց գրքերը: Իսկ ոչ ունեւոր իր հյուրերիՙ մտավորականների, ուսուցիչների կամ երեխաների կեցությունը, նույնիսկ երթեւեկի ծախսերը ինքն էր հոգում: Դա մեծագույն գնահատականն էր:
– Ախր, շքանշանների առատությունը նվազեցնում է այդ պարգեւների նշանակությունը, հասարակացնում դրանք: Մարդիկ են եղել, ովքեր զարմացել են նման պատվի արժանանալու համար: Օրինակ, մի քանի ամիս առաջ, Մոնրեալ (Կանադա) այցելելիս, Սփյուռքի նախարարը, բնականաբար, եղել է նաեւ ՀԲԸՄիության Ալեք Մանուկյան փառավոր վարժարանում, որը նորՙ երիտասարդներից բաղկացած հոգաբարձական կազմ ունի: Շքանշաններով պարգեւատրվել են նրանցից ոմանք, այնինչ այդ դպրոցի բուն հիմնադիրը եւ հոգաբարձության 40 տարվա նախագահն անտեսվել է…
– Այո, Սփյուռքի կոմիտեն շատ լավ գիտեր յուրաքանչյուրի արած գործը եւ վաստակը:
– Սակայն այդ ժամանակ էլ սփյուռքի կոմունիստներն էինՙ հայ համայնավարները, որ իրենց կամքն էին պարտադրում:
– Դա միայն առաջին շրջանում: Այնուհետեւ հայ կոմունիստներն էլ զգացին, որ Վարդգես Համազասպյանը եւ հետագայում Կարլեն Դալլաքյանը անտեղիտալի են սկզբունքային հարցերում, ազգային-պետական նշանակության խնդիրներում:
Այսուամենայնիվ, պահը չկորցնելով ասեմ, որ Սփյուռքի գծով ներկայիս նախարարը գրագետ է խոսում, ի տարբերություն շատ-շատերիՙ ժպտերես է, սրտացավ իր գործի հանդեպ…
– Նաեւՙ խիստ եռանդուն եւ արտակարգ ոգեւորության տեր…
– Մեր այս զրույցի թեման, այս բնագավառն ավելի մեծ ու ընդգրկուն են, քան որեւէ անհատի լավ կամ վատ լինելը:
Ժողովուրդն ասում է. «Ամեն ճաշ ունի իր եփելու ձեւը»: Որ տիկին Հակոբյանը հզոր մեկն է, ես դա, ավելի քան շատերը, տեսել ու համոզվել եմ, երբ իր պատգամավոր ընտրվելու ժամանակ եղել եմ նրա տարածաշրջանում:
Հպարտության եւ ուրախության պահեր եմ ապրել, երբ տեսել եմ, թե նա ինչպես գիտե ամեն ընտանիքի լավն ու վատը. ո՞ր երեխան բուժման կարիք ունի, ո՞ր տնտեսությունն ինչի պետք ունի, ո՞ր ճանապարհով կաթը տեղափոխեն, որ կարագ չդառնա, տվյալ տարում որքա՞ն է կարտոֆիլի գինը, եւ միայն պատիվ բերող իմացություն, նվիրում, անմնացորդ նվիրում, արդյունքումՙ գնահատանք, նույնիսկ սեր:
Արդ, իր տարածաշրջանից տիկին նախարարին բերենք իր աթոռին, որի տեղակալը տարբեր հեռուստաալիքներով պատմում էր, թե ինչպես հայ (ասենք) Վարդիշաղը Թուրքիայից (ուր հավանաբար Զեյնաբ էր կոչվում), մահմեդական ամուսին ունենալով հանդերձ, եկել է Հայաստան եւ Ս. Էջմիածնում նորից հայ քրիստոնյա դարձել: Իսկ Սփյուռքի նախարարության մեկ տարվա աշխատանքի ամփոփման ժամանակ նախարարից լսում ենք, թե ինչպիսի ծավալ են ստացել իսլամացած հայերին դարձի բերելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Մենք մեր ողջ պատմության ընթացքում քրիստոնյա-իսլամ խնդիրներ չենք ունեցել, մեր խնդիրը հայ-թուրք հարաբերություններն են: Իրանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, էլ ո՜ւր մնաց Լիբանանում, մեկ հայ եկեղեցի չի քանդվել: Այլ ընդհակառակը: Ինչ վերաբերում է Դեր Զորի եկեղեցուն եւ հուշարձանին, ապա հիշենք, թե այն երբ պայթեցվեց, այն օրն ի՛սկ, երբ Երեւանից ձայն լսվեց, մատ տնկվեց, լավ էՙ թափ չտրվեց…
Ո՞վ պետք է ուղղություն ցույց տա նախարարին: Արտգործնախարարը սա տեսնում է, նախագահը տեսնում է, եթե այո՛, ինչո՞ւ կտրուկ չի ասվումՙ հայ-իսլամ խնդիր չի եղել ու չկա: Ինչո՞ւ չի ասվում, որ վառոդի հետ գործ ունեցողը չի ծխում…
– Ի դեպ, իսլամությունից խորշելու, հայ-թուրք հարաբերությունները հայ-իսլամ հարաբերությունների հետ շփոթելու միտումը եւ սխալը շարունակ երեւում են նաեւ մեր որոշ լրատվամիջոցներում, նույնիսկ քաղաքական տեսաբանների մոտ: Եվ այդ վտանգավոր, պատմականորեն անճիշտ երեւույթին անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում համապատասխան կառույցները, նաեւ Սփյուռքի նախարարությունը: Օրինակՙ մեր լրատվամիջոցները շատ քիչ ուշադրություն են դարձնում այնպիսի փաստի վրա, որ մեր հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում ինչպիսի հոգատար վերաբերմունք կա հայկական եկեղեցիների ու վանքերի նկատմամբ: Եվ կամՙ ի՜նչ ասես չարժի այն փաստը, որ մեր Հաղարծինը վերանորոգվեց Շարժայի շեյխի նվիրած պատկառելի գումարներով:
Վերադառնալով Զեյնաբի պատմությանը…
– Ասելիքս այն էր, որ նախարարությունը լավ է անում իսլամացած կամ իսլամացված հայերով զբաղվելով: Բայց, ի սեր Աստծու, բնավ կարիք չկա դա շեշտելու: Ինչպես որ կարիք չկա որոշ աշխատանքներ ի ցույց ամենքի անելու, ինչպես, օրինակ, հայ լոբբիստների համաժողովը, որը կայացավ բաց դռների «հետեւում»:
– Ի՞նչ եք կարծում, դա ավելորդ ոգեւորության արդյո՞ւնք է:
– Ոչ միայն: Հանդիսանքային այդ մոտեցումը դրսեւորվում է նաեւ այլ պարագաներում: Իսկ երբեմն էլՙ այլ գերատեսչությունների ոլորտներում:
Սփյուռքահայի համար միեւնույն է, թե նա որ նախարարի քովը կնստի, որ փոխնախարարի հետ կնկարվի, եթե հյուր գա որեւէ նախարարության հրավերով, նորից պետության «հյուրը կըլլա»: Գործը կհեշտանա, նախարարության վրա ծախսվող գումարը, եթե ասեք որքան է (ես չգիտեմ), կխնայվի եւ, եթե կառուցվելիք երկու եկեղեցու (իշխանության խորհրդով) դրամն էլ խնայվի ու միանա նրան, Գյումրիի չորս հազար անտուն ընտանիքների թիվը կիջնի՜…
Շարունակենք: Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների 50 տարին ինչո՞ւ չկազմակերպեց Կրթության նախարարությունը (այն, գոնե, ժամանողների թիվը ճիշտ կգրեր, չէր տասնապատկի), լեզվի հարցերի քննարկումը ինչո՞ւ չի նախաձեռնում Ակադեմիան (գուցե, նրանց գործը շատ է), հայ իրավաբանների հավաքն ինչո՞ւ չկազմակերպեց Արդարադատության նախարարությունը: Կարելի է դեռ թվարկել, բայց որքան էլ թվարկես, պատասխան չկա: Ինչո՞ւ հարցին պատասխանեց միայն Գյուլբենկյան հիմնարկը, որն արեւմտահայերի պահպանությանը նվիրված իր հավաքներն ու քննարկումներն արեց «Թումո» կենտրոնումՙ մասնագետ անհատներ ընդգրկելով: Մեկնաբանությունը եղավՙ քննարկվող հարցը գիտական է: (Հասկացողին շատ բարեւ):
– Եթե հիշում եք, Սփյուռքի նախարարության կազմության օրերին հարց էր տրվում, թե նոր նախարարությունը խաչաձեւումներ չի անի արդյոք արտգործնախարարության հետ: Նման մտավախությունները արդարացի՞ էին:
– Որոշապեսՙ այո: Երբ տարբեր երկրներում գործող մեր դեսպանատներին զուգահեռ նշանակվում են Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, իմաստը ո՞րն է: Մյուս կողմից, հենց Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ Սփյուռքի նախարարությունը կա՛մ մրցակցության մեջ է մտնում Մշակույթի նախարարության հետ, կա՛մ ուղղակի իր վրա վերցնում տարբեր հիմնարկների, ասենքՙ Գիտությունների ազգային ակադեմիայի գործառույթներըՙ հայագետների համաժողովի կամ պատմաբանների գիտաժողովի կազմակերպումը: Դա ոչ միայն նսեմացնում է Ակադեմիայի եւ նրա ինստիտուտների դերը, այլեւ կասկածի տակ է դնում կազմակերպվող այդ եւ նման ձեռնարկների գիտական մակարդակն ու որակը:
– Մեր զրույցը ավարտին հասցնելու համար կուզենայի ամփոփիչ խոսք լսել Ձեզնից: Փաստորեն, նախարարությունը գոյություն ունի, եւ անցնող 8 տարիների ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, որի ընթացքում թույլ են տրվել որոշ սխալներ, որոնց մի մասին անդրադարձանք մեր զրույցում: Փորձառու գործչի Ձեր դիրքերից ի՞նչ թելադրություն կուզեիք անել:
– Նորից կրկնեմ. չի սխալվում նա, ով չի աշխատում: Այս պարագայում սխալի հարց չէ, կողմնորոշման հարց է, չափի զգացողության հարց է, նպատակահարմարության հարց է, խնայողության հարց է, անվտանգության հարց է, հոգեբանության հարց է, նույնիսկ, ադապտացիա կոչվող երեւույթի հարց է: Չի կարելի նույն թեման, հատկապես նույն անհատն ամեն օր երեւա հեռուստաէկրանին, դա էժանացնում է երեւույթը, անհատին, կորչում է կարեւորությունը, այստեղ չի գործում «որքան շատՙ այնքան լավ»-ը…
Այստեղ միախառնված է պետական խնդիր, ազգային խնդիր, քաղաքական խնդիր, տնտեսական խնդիր, դավանաբանական խնդիր, եւ պետք է մի փոքր մարմին, մի ուղեղ, որը կկոորդինացնի բոլոր նախարարությունների հնարավորություններն ամենքին իր բնագավառովՙ սփյուռքի հետ աշխատելու համար:
Խմբ. կողմից.- Սրանով, անշուշտ, չի սպառվում այս կարեւոր թեման. «Ազգ»ը շարունակելու է հարցի ու հարցերի հրապարակային քննարկումը եւ տեղ է տալու տարբեր կարծիքների ու տեսակետների, պայմանով, որ դրանք լինեն օբյեկտիվ եւ փաստացի: