Երբ կողք-կողքի են անցյալն ու ներկան
Անցած հունիսին յոթերորդ այցս կատարեցի Ստամբուլ… «որը համառորեն տեղի հայերը Կոստանդնուպոլիս են անվանում», ոչ առանց վրդովմունքի ասում է հայ-թուրքական հարաբերություններին նվիրված մի նոր փաստագրական ֆիլմի թուրք հերոսը: Այո, հենց Պոլսում եմ, այսինքնՙ տեղի հայ միջավայրում, թեեւ անցած տարիներին քիչ ծանոթություններ չստեղծվեցին նաեւ այնպիսի թուրք մտավորականների եւ արվեստագետների հետ, որոնք ընդունում եւ դատապարտում են Ցեղասպանությունը: Նման անձանց հետ շփման ոչ մի խնդիր չկա:
Նախորդ բոլոր այցելություններս եղել են թուրքական կողմի հրավերով, որպես հայ-թուրքական երկխոսություններին նպաստող մշակութային նախաձեռնությունների անդամ: Այս անգամ այցս զուտ անձնական էր. ամերիկահայ մտերիմ ընկերս ամուսնանում է պոլսահայուհու հետ…
Ամենահայկական թաղը
Առաջին անգամ Ստամբուլ այցելել եմ 1999 թվականինՙ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, եւ այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել քաղաքի մթնոլորտում: Այդ թվականին մտքովս կանցնե՞ր, որ մոտ ապագայում Ստամբուլի փողոցներում կտեսնեմ Փարամազի եւ քսան կախաղանների լուսանկարները պատկերող վահանակներ (վերջերս լույս տեսած Քադիր Աքընի «Հայ հեղափոխական Փարամազը» գրքի գովազդը): Եվ կամ, Բեյօղլուի գլխավոր պողոտայի վրա կանգնած ոչ հայ երիտասարդն անցորդներին կբաժանի հայերեն ու թուրքերեն թռուցիկներՙ կոչ անելով մարդկանց գալ պայքարելՙ հայությանը վերադարձնելու համար նրա «Քամփ Արմեն» կալվածը…
Առաջին անգամ մնում եմ ոչ թե հյուրանոցում, այլ հայաշատ Քուրթուլուշ թաղամասում, ընկերների տանը: Փողոցում լսվում է հայերենը, ինչպես արեւմտա-ն, այնպես էլ արեւելա-ն: Ինչպես հայտնի է, Հայաստանի անկախությունից հետո հազարավոր հայաստանցիներ հաստատվեցին նաեւ Ստամբուլում: Նրանցից մեկն էլ տանտիրուհիս էՙ Վարսենիկ Մարկոսյանը: Ամուսնանալով պոլսահայ Հայկազ Չաքըրի հետ, ունենալով անուշիկ որդի, լավ աշխատանքՙ ջերմ, խոսքաշեն Վարսենիկը, միեւնույն է, ավելի շատ ապրում ու շնչում է Հայաստանով, իր անցյալով, կարոտը նրա մեջ ծնունդ է տալիս չափածո արտահայտությունների եւ վերադարձի ծրագրերի…
Քուրթուլուշի շենքերի պատերին տեսնում եմ հայերեն գրություններ («Շնորհաւոր Նոր տարի»): Տողերՙ ծանոթ երգերից («Բարի լոյս, տիկին Արուս» կամ «Սիլվա, ինչո՞ւ գացիր»): Եվ կամՙ «Սեւակ, քեզի պիտի չմոռանանք»ՙ մեր օրերում թուրքական բանակում սպանված հայ երիտասարդի լուսանկարով: Պոլսահայ նոր սերունդներն ավելի ինքնավստահ եւ ազատ են, զերծ նախորդներին հատուկ վախերից: Անշուշտ, այս գործում մեծ դեր ունեցավ Հրանտ Դինքը…
Պոլսում հայկական անցյալը եւ ներկան կողք-կողքի են: Վաղեմի բարեկամուհուս եւ գործընկերոջսՙ Թուրքիայում եւ միջազգային կինոփառատոներում քաջ հայտնի կինոգետ Ալին Թաշչյանի հետ նստած ենք Քուրթուլուշի մի սրճարանում, որին մեկ պատ է բաժանում Ֆերիգյուղի կաթոլիկ գերեզմանատնից: Այսօրվա կինոյի եւ կինոգիտության վերաբերյալ մեր զրույցներից հետո չեմ կարող քայլերս չուղղել այդ գերեզմանոցՙ հարգանքիս տուրքը մատուցելու մեր պատմության ամենաերեւելի եւ ինձ մշտապես ոգեւորած տիկնանցից մեկի վերջին հանգրվանին: Պահակը լավ գիտի Տյուսաբների գերեզմանի վայրը, եւ մեկ րոպե չանցած ես կանգնած եմ Սրբուհի Տյուսաբի շիրիմի առջեւ: Համատարած իտալացի եւ ֆրանսիացի ննջեցյալների մեջ է նաՙ ֆրանսիացու հետ ամուսնացած եւ նրա ազգանունը կրած հայ առաջին վիպասանուհին, ում վեպերը թեկուզ այսօր չեն ընթերցվում, սակայն նրա կերպարը մնում է միշտ հմայիչ եւ առինքնող…
Պատմական պսակադրություն
Հարսանիքների սիրահար չեմ, սակայն այս մի հարսանիքին անկարելի էր չմասնակցել: Պատմական ամուսնություն է: Ամուսնացողներին ճանաչում եմ արդեն ութ տարիՙ ամերիկահայ կինոբեմադրիչ Էրիկ Նազարյանը, սիրելի մի ընկեր, եւ Սերա Դինքը, Հրանտ Դինքի դուստրը, իսկ խաչեղբայրը եւ քավորկինըՙ Ատոմ Էգոյանը եւ Արսինե Խանջյանը, նույնպես վաղեմի բարեկամներ…
Հետաքրքրական էր ծանոթանալ տեղական հարսանեկան ավանդույթներին: Որպես նախահարսանեկան ավանդույթի մասՙ պառկել 16-րդ դարում Սինանի կառուցած համամի գմբեթի ներքո, մտածել, որ այն կառուցել է հայազգի մի ճարտարապետ եւ շուրջը լսել հայերեն խոսքուզրույց: Նավարկել Բոսֆորի նեղուցով, անցնել Պալյանների կառուցած շքեղ շինությունների մոտով եւ նավի վրա հայկական պար պարել: Այո, հայկական անցյալն ու ներկան այսպես հաճախ էին խառնվում…
Գում-Գաբուի Մայր եկեղեցու դիմաց հավաքվել ենք փեսայի ընկերներով: Բոլորը կոստյումով են, բացի ինձնից: Սկզբից մի քիչ նեղվում եմ «dress code»-ը պահպանած չլինելուս համար, սակայն հետո ասում եմՙ «Կոստյո՞ւմն է, որ պիտի ինձ զարդարի», եւ ամեն ինչ տեղն է ընկնում: Թուրքիո հայոց պատրիարքարանի շենքի դիմաց ենք, արմավենիների շուքի տակ: Արդեն լավ է: Մինչ հարսանքավորների գալը մի-մի բաժակ կոնյակ ենք խմումՙ պատրիարքարանի անվտանգության աշխատողների տնակի կողքին: Էլի լավ է: Աչքս ընկնում է կոնյակի շշին: Չեմ սխալվում, ռուսերեն տառեր ենՙ «Կիրգիզիստան»: Իրոք սյուրռեալիստական պատկեր է. Թուրքիայի ամենամեծ քաղաքում, 1461-ին հիմնված հայկական պատրիարքարանի պահապաններն քթի տակ, ԱՄՆ-ից, Կանադայից եւ Հայաստանից հավաքված մի խումբ հայ տղամարդիկ, նաեւ մեկ ամերիկացի, մեկ հույն եւ մեկ թուրք, Ռամազանին խմում են ղրղզական կոնյակ…
Անցնում են մարզիկներ, որոնց վրա աչքի է ընկնում «Armenia» գրությունը եւ Արմեն, Սերգեյ անունները: Հասկանում եմ, որ հայաստանցիներ են: «Բարե՛ւ, տղաներ», բացականչում եմ: Նրանք փոխադարձ ողջունում են: Սփյուռքահայերն ուրախանում են այս տեսարանի վրա…
Եկեղեցին սկսում է լցվել: Հայեր եւ թուրքեր: Ծանր է մտածել, որ հենց նույն այս եկեղեցուց հուղարկավորվեց Հրանտ Դինքը, իսկ այսօր նույն պատերի ներքո նրա դստեր պսակադրությունն է: Երբ երգեհոնով հնչեց «Ահա եկավ հարսնացուն», նորահարսին դեպի խորանն առաջնորդեց եղբայրը: Տխուր էր եւ հուզիչ, չէ՞ որ օրենքով հա՛յրը պիտի առաջնորդեր աղջկան…
Արարողությունից հետո եկեղեցուն կից սրահում ներկաները մոտենում են նորապսակներինՙ շնորհավորելու եւ մի փոքր հյուրասիրվելու: Մի շարք ծանոթներ են հանդիպում: Ողջագուրվելով Հրանտ Դինքի դատապաշտպան Ֆեթհիյե Չեթինի հետՙ չեմ կարողանում զսպել հուզմունքս: Մի կողմիցՙ իր իսլամացած հայ տատիկի մասին պատմող նրա «Մեծ մայրիկս» հատորն ինձ ամենից շատ հուզած գրքերից է, մյուս կողմիցՙ Դինքի պարագան… Ծանոթանում եմ ճանաչված մտավորական, հայոց Ցեղասպանության ճանաչման համար պայքարող Մուրադ Բելգեի եւ նրա հմայիչ կնոջՙ կինոդերասանուհի Հալե Սոյգազիի հետ, որը 65-ամյա տարիքում էլ պահպանել է գեղեցկությունը: Երկուսն էլ անակնկալի են գալիսՙ ուշացումով իմանալով երեւանյան իրենց մտերիմ բարեկամուհի Անահիտ Բայանդուրի մահվան մասին… Մեքենաները հարսանքավորներին տանում են ճաշկերույթի վայրը: Այնպես է ստացվում, որ Հրանտ Դինքի տիկնոջՙ Ռաքելի հարազատների հետ նույն միկրոավտոբուսում եմ: Հիրավի բացառիկ է այս ընտանիքի պատմությունը: 1915-ից նրանց նախապապը եղբոր հետ հաստատվել է մի գյուղում, տասնամյակներ շարունակ ապրել են ողջ աշխարհից կտրվածՙ չունենալով ո՛չ եկեղեցի, ո՛չ դպրոց, ամուսնացել միմյանց հետՙ չխառնվելու համար այլազգիների, իսկ 1970-ականների վերջին տեղափոխվել նախ Ստամբուլ, ապաՙ Բելգիա: Եվ այսօր նրանց նոր սերունդներն արդեն ֆրանսախոս են…
Պատկերացրեք վիճակս. թուրք վարորդը մեզ թռցրած տանում է Ստամբուլի փողոցներով, իսկ մեքենայում մի խումբ հայերով բարձրաձայն երգում ենք ազգային, հայրենասիրական երգեր…
Ոչ թե սոսկ հարսանիք
Հարսանեկան ճաշկերույթը Բոսֆորի ափին է: Կովկասյան-հայաստանյան հավաքույթներին սովոր երեւանցիս պիտի որ համեմատություններ կատարեր Պոլիսում իր տեսածի հետ եւ ափսոսար, որ մեզ մոտ դրվածքն այլ է:
Երեկոյին հնչեց ընդամենը մեկ բաժակաճառ, եւ այն ասաց նորափեսան (անգլերեն, որ տեղում թարգմանվեց թուրքերեն):
– Հարյուր տարի առաջ այս ջրերն ականատես եղան մի մեծ ողբերգությանՙ հայոց ցեղասպանության: Հարյուր տարի հետո նրանք ականատես են լինում մի նոր հայկական ընտանիքի ստեղծմանը…
Դա սոսկ հարսանիք չէր, այլ գեղարվեստական, մտավորական մի միջավայր, որ վեց օր շարունակ նստեց-ելավ, ուրախացավ, հուզվեց, պարեց միասինՙ առաջին անգամ եւ կամ նորովի բացահայտելով միմյանց: Սկսած նորափեսայից. հիշեցնեմ, որ Էրիկ Նազարյանի «Մթնշաղ» ֆիլմը չորս մրցանակի արժանացավ 2008-ի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Ապաՙ փեսայի շրջապատըՙ կինոարտադրության մեջ ներգրավված, բոլորին հասնող ամերիկահայ Հայկ Հայթայանը, ուսանողական ընկերըՙ կինոսցենարիստ Ջո Բալլարինին եւ իր գեղեցկուհի իռլանդացի կինը, հույն կինոռեժիսոր Սպիրոս Դիամանտիսը: Իրենց հայ ընկերոջ շնորհիվ թե՛ Ջոն, թե՛ Սպիրոսը եղել են Հայաստանում եւ սիրում են մեր ժողովրդին: Նաեւՙ ամերիկյան հայազգի գրող Քրիս Բոհջալյանը, որի «Ավազամրոցի աղջիկները» վեպը Ցեղասպանության մասին այսօր թարգմանվում է աշխարհի տարբեր լեզուներով: Նաեւՙ ֆրանսահայ հանրածանոթ դերասան Ժաքի Ներսեսյանը, որը թուրք սիրված դերասանուհի Սերրա Յըլմազի հետ նկարահանվել է Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմում (միակ թուրքական արտադրության ֆիլմը, որտեղ հնչում է «ցեղասպանություն» բառը): Նաեւՙ լիբանանահայ-ամերիկահայ լրագրող Խաչիկ Մուրադյանը: Նաեւՙ ամերիկահայ երգչուհի Փառիկ Նազարյանը: Նաեւՙ հայկական ծագումով հույն գրող Պետրոս Մարկարիսը եւ նրա դուստրըՙ ստամբուլաբնակ կինոբեմադրիչ Ժոզեֆինա Մարգարյանը: Այլեւս չասած Ատոմ Էգոյան-Արսինե Խանջյան արվեստագետ զույգի մասին, որոնց հետ զրուցելը գեղարվեստական մեծ հաճույք է:
Մեր զրույցները չեն սահմանափակվում սոսկ կինոյով: Նրանք ապրում են հայաստանյան ցավերով եւ հետեւում են առկա զարգացումներին: Ատոմ Էգոյանը (որին ճանաչում եմ 2000 թվականից ի վեր) վերջին տարիներին Հայաստան կատարած իր այցելություններով ուրախացնում էր մեզ, սակայն դրանք պակասել են (ցավոք, նա այլեւս «Ոսկե ծիրանի» պատվավոր նախագահը չէ): Ատոմն առաջին անգամ է Ստամբուլում, բազմիցս մերժել է ընդունել Թուրքիա այցելելու հրավերները, բայց ահա այս ոչ պաշտոնական այցը նրա կյանքում, ինչպես ինքը խոստովանեց, կարեւոր նշանակություն ունեցավՙ որպես անհատ եւ որպես հայ…
Ամենաօրինակելի հարսանիքը
Պոլսում իմ մասնակցած հարսանիքից իմ ստացած ամենադրական տպավորությունը միջոցները չվատնելու իրողությունն էր: Ոչ մի անկապ հրավառություն: Բայց հատկապեսՙ ոչ մի ավելորդ ուտելիք սեղանին: Յուրաքանչյուր հյուրի համար բերում էին առանձին ափսեով առաջինը, երկրորդը, երրորդը… եւ այն էլՙ համեստ չափաբաժնով: Նույնը եւ խմիչքը: Հարսանիքն ուրախանալու, պարելու, ոչ թե ուտել-խմելու միջոցառում է: Միշտ վրդովմունքով եմ վերաբերվել մեր ճաշկերույթներին առկա հոռի սովորությանը, երբ սեղանները խելքից դուրս լցնում են ուտելիքով, սեղանավորները ամեն ինչ խառնում են իրար (հաջորդ օրը վատ զգալով), սնունդի մի մասը թափում են, իսկ ռեստորաններումՙ գործածում ուրիշ ճաշկերույթների ժամանակ:
Այլեւս չասած հարսանիքներին անպակաս հարբեցողությունների ու դրանցից բխող անհամությունների մասին:
Իսկ պոլիսյան այս պատմական հարսանիքում գերիշխողը պարն էր: Հայկական, թուրքական, արեւմտյան երաժշտության ներքոՙ պարեր, շուրջպարեր, պարերգեր… Իսկ երբ ներս եկավ բալկանյան փողային նվագախումբըՙ բոլորս ասես հայտնվեցինք Էմիր Կուստուրիցայի կինոնկարում: Կյանքումս տեսած ամենից օրինակելի հարսանիքն էր դա…
Մտավորական շփումներ
Հարսանիքից հետո ժամանակն է շարունակել մտավորական շփումները: Պոլիսը դրա հնարավորությունը տալիս է: Դարձյալ հանդիպում եմ վաղեմի բարեկամիսՙ բանասեր Սեւան Տեյիրմենճյանին, որի հետ մեր զրույցը հայ բանասիրության եւ մշակույթի վերաբերյալ կարող է երկարել ու երկարել: Սեւանը, ուսուցչական եւ լրագրողական գործունեությանը զուգահեռ զբաղվում է հայ գրականության թուրքերեն թարգմանությամբ, արեւմտահայ հեղինակներիՙ մամուլում ցրված երկերի հավաքումով եւ հրատարակությամբ: Երանի՛ մի քանի Սեւաններ լինեին. պոլսահայ բանասերի համար դեռեւս այնքան շատ անելիք կա: Միասին այցելում ենք ողջ Թուրքիայում ճանաչված հին գրքերի գրքավաճառ Բյուզանդ Աքբաշին: Գրքի այս նվիրյալը հայերեն եւ տարբեր լեզուներով գրքային հազվագյուտ նմուշների կողքին ցույց է տալիս զանազան վկայագրեր, ձեռագրեր, պատմում իր հայտնաբերած օսմանյան մի վավերագրի մասին, որ վերաբերում է Գրիգոր Զոհրապին: Տեսնես մեր մեծերին վերաբերող քանի՛-քանի՛ անհայտ մասունքներ դեռ կգտնվեն հսկա Պոլսի ծալքերում…
Սեւանի հետ այցելում ենք մեր անչափ սիրելի գերապայծառ Լեւոն Զեքիյանին, որն այժմ թուրքիո հայ կաթոլիկների առաջնորդն է: Սովոր լինելով նրան հանդիպել Վենետիկում եւ Երեւանումՙ հաճելի է տեսնել նոր միջավայրում եւ կրկին ունկնդրել նրա իմաստալից խոսքուզրույցը, ջանալ ավելի լավ հասկանալ հայկական Պոլիսը եւ պոլսահայերին, հայ-թուրքական հարաբերությունները, մեր մշակույթի, պատմության, հայագիտության տարբեր խնդիրները…
Պոլսում վերջին երեկոյիս ուրիշ հին եւ սիրելի բարեկամներիՙ Միրօղլու ամուսինների հետ եմ: Պատմաբան, ուսուցչուհի Արմավենիի եւ բժիշկ Միրիճանի հետ Գում-Գաբուի մի ռեստորանում ենք: Տեղանքը նախկինում հայկական է եղել, մինչ այժմ տեսնում ենք «Ագոփ» (Հակոբ), «Մինաս» եւ այլ անուններով ցուցանակներ: Սրտալից, «պճեղ մը անուշ սիրտ» Արմավենին մի քանի տարի առաջ մեր Ակադեմիայի պատմության ինստիտուտում հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունՙ նվիրված պոլսահայության պատմության մի բարդ եւ չուսումնասիրված ժամանակահատվածիՙ 1920-1940-ական թվականներին: Այդ արժեքավոր հետազոտությունն այժմ սպասում է իր հրատարակչին: Ռեստորանատերը դոկտոր Միրիճանի խնամյալն է եղել, եւ իմանալով, որ հյուրը Հայաստանից է, հրաժարվում է վճարն ընդունել: Երբ շնորհակալություն եմ հայտնում այդ սիրալիր պարոնին եւ նրան եմ տալիս մոտս բարեբախտաբար մնացած հայաստանյան կոնֆետի տուփը, նա հարկ է համարում ասել, որ ինքը քուրդ էՙ ալեւի: Նորություն չէ, որ մերօրյա Թուրքիայում շատերն են շեշտում իրենց արմատները, իսկ հատկապես հայերի հանդիպելովՙ մշտապես ցանկանում են տեղյակ պահել, որ իրենք էլ «ուրիշ» են…
Եվ ինչպես շոյված չզգալ, երբ վերադառնալով կացարանսՙ տեսնում եմ, որ հատուկ ինձ տեսնելու եւ բարի վերադարձ մաղթելու են եկել երկու տարեց պատկառելի պոլսահայեր: Համայնքում հայտնի պատկառելի պարոն Վարդգեսի հետ նոր եմ ծանոթացել, իսկ ուսուցչուհի օրիորդ Ալիսին չէի էլ ճանաչում: Ահա այսպիսին են նրանքՙ պոլսահայերը, ջերմ, սիրալիր, հյուրամեծար… եւ այս երկու պոլսահայերի ուշ երեկոյան հարգանքի այցը մի անակնկալ ակորդով ավարտեց Պոլսում անցկացրածս վեց անմոռանալի օրերը…
Նկար 1. Էրիկ Նազարյանի եւ Սերա Դինքի Սուրբ պսակի արարողության պահին: Խաչեղբայր` Ատոմ Էգոյան, քավորկին` Արսինե Խանջյան: