Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՇԵԼ, ՀԻՇԵՑՆԵԼ, ՊԱՀԱՆՋԵԼ, ԲԱՅՑ ՆԱԵՎ` ՀԱՂԹԱՀԱՐԵԼ 1915-Ը

24/07/2015
- 24 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն, Հատուկ` «Ազգ»-ի համար

Բազմության մեջ լսվեցին հառաչանքի եւ լացի ձայներ, երբ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` շրջապատված Մայր աթոռի, Անթիլիասի ու Պոլսո Հայոց պատրիարքության եկեղեցականներով, հայացքն ուղղելով դեպի Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի Նահատակների հուշարձանը եւ առաջն ունենալով օրհնված սուրբ մյուռոնը, աղոթք հղեց առ Աստված` ի հիշատակ Հայոց ցեղասպանության մանուկների, ովքեր ընկան 1915-ի մահվան ճանապարհին:

«Ո՜վ Աստված, քու ներկայությամբդ օրհնե այս մյուռոնը, որպեսզի այս մյուռոնը մեր ժողովուրդին համար դառնա բալասան վերքերու, առողջություն շնորհե հիվանդներուն, լուսավորե ճամփաները մեր խավար կյանքին, հաջողություն պարգեւե մեր բարի գործերուն: Ո՜վ Աստված, այնպես ըրե, որ մեր զավակները, մեր մանուկները, որոնք 1915-ին առանց մյուռոն տեսնելու խեղդամահ եղան Եփրատի ջուրերուն մեջ, մահացան Տեր Զորի ավազներուն վրա, ո՜վ Աստված, այս մյուռոնով բժշկե անմյուռոն մնացած եւ կյանքեն հեռացած մեր հազարավոր մանուկները»,- Բիքֆայայի վերանորոգված Նահատակների հրապարակում հավաքված բազմությանը դիմեց Արամ Ա-ն:

Նույն օրը` հուլիսի 18-ի առավոտյան, Միջերկրականին նայող «Թռչնոց բույն» անունը կրող նախկին որբանոցի տարածքում Արամ Ա-ն բացումն էր կատարել Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Դա այն շենքերից մեկն էր, որտեղ ապաստան էին գտել հայ որբերը:

Տառապանքի, բայց նաեւ վերապրումի պատմությունը` Հայոց ցեղասպանության որբերի թանգարանում

«Այս թանգարանը ամբողջ ժողովուրդի մը սպանության մասին հիշեցում է, բայց նաեւ հայ ժողովուրդի վերապրումի ու վերածնունդի հիշեցում է»,- դիմելով ներկաներին, որոնց թվում` Արեւելյան ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների պատրիարքներ, հույն եւ ռուս ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Լիբանանի եւ Հայաստանի նախարարներ ու պատգամավորներ, աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած հարյուրավոր հայեր ու լիբանանահայեր, ասաց Արամ Ա կաթողիկոսը:

Ավելի քան տասը տարի առաջ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը միտք հղացավ Լիբանանի ծովեզերյա Ջբեյլ քաղաքի «Թռչնոց բույն» որբանոցի շենքերից մեկը` ամենահինը, վերածել Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Այսօր` 2015-ի հուլիսի 18-ին, կատարվեց թանգարանի բացումը: Այդ միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի բազմաթիվ ձեռնարկների շարքում կունենա յուրահատուկ իմաստ ու նշանակություն եւ յուրահատուկ ուղերձ կլինի համաշխարհային հանրությանը:

«Ասիկա սովորական թանգարան չէ այդ բառին ընդունված իմաստով: Այս թանգարանը հիշեցում է, որ սպանվեր են մեկուկես միլիոն հայեր: Այս թանգարանը կենդանի հիշեցում է, որ Հայոց ցեղասպանության հազարավոր որբեր, հասեր են այս հողը, այստեղ գուրգուրվեր, կերակրվեր ու կրթություն ստացեր օտար` դանիացի, ամերիկացի, զվիցերիացի միսիոնարներու կողմե»,- ասաց Արամ Ա-ն:

«Թռչնոց բույնը» սպանվեցավ Արեւմտյան Հայաստանի մեջ, հայերը «Թռչնոց բույն» կառուցեցին Լիբանանի հողին վրա»,- շարունակեց նա, ապա հայացքն ուղղելով բազմության առաջին շարքերին` կրոնական ու աշխարհիկ առաջնորդների, շեշտեց. «Ձեր նահատակները մեր նահատակներն են, իսկ մեր նահատակները` ձեր նահատակները»:

«Թռչնոց բույնի» տարածքում գտնվող որբանոցի շենքերից ամենահինը վերածվեց Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Այս աշխատանքի ֆինանսական մասը ստանձնել են Ալեքքո եւ Անի Պէզիկեան ամուսինները: Ալեքքոյի հայրը` Արամը, Հայոց ցեղասպանության հազարավոր այլ որբերի պես, տարիներ է անցկացրել «Թռչնոց բույն»-ում: Թանգարանը կրում է հենց նրա անունը:

Բարերար Ալեքքո Պէզիքեանը հիշեցրեց ներկաներին, որ իր հայրը 1915-ի արհավիրքից ճողոպրած հայ որբ էր, ով իր տունը գտավ «Թռչնոց բույնում», հետեւաբար` իր համար բարոյական պարտավորություն էր այս թանգարանի կերտումը:

Վերապրումի սիմֆոնիա. «Հրաժեշտ Մարիային»

Այս որբանոցը տվել է Լոնդոնում բնակվող կոմպոզիտոր Վարդան Մելքոնյանին: 2014-ին նա Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ ձայնագրեց «Հրաժեշտ Մարիային» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որի վրա կոմպոզիտորը աշխատել էր երկար տարիներ: Իր կյանքի առաջին քառորդ դարը մանկատներում ու Բեյրութի փողոցներում անցկացրած կոմպոզիտորի սիմֆոնիան նվիրվել էր հազարավոր հայ որբերի մորը` դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին, սակայն իրականության մեջ դա իր եւ «Թռչնոց բույն»-ում վերապրած բազմաթիվ հայերի հավաքական կյանքի պատմությունն է:

Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի մուտքին Մարիա Յակոբսենի դամբարանն է: Դու կարող ես կանգնել դանիացի այս կնոջ գերեզմանի դիմաց, անդադար նայել նրա նկարին, բայց վերջիվերջո չհասկանալ ու չըմբռնել, թե ինչն է ստիպել այդ մարդուն թողնել իր երկիրը, տունը, ծնողներին ու օգնության շտապել հայ որբերին:

Թանգարանը ունի երեք բաժին` նվիրված Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին եւ հայ ժողովրդի վերածննդին:

Թանգարանում զետեղվել են նկարներ, տեղեկություններ եւ իրեր:

Սա աշխարհի այն թանգարաններից է, որի ներսը` պատերը, բառերով դժվար է նկարագրել:

Սա աննկարագրելի թանգարան է, ուրեմն` զգալու եւ 1915-ն ու հետագա տարիները մտովի անցնելու համար պետք է այցելել:

Սա այն թանգարանն է, որտեղից մարդ հեռանում է տարօրինակ զգացումով:

Սա Հայոց ցեղասպանության որբերի թանգարանն է:

Բացման ելույթում «Թռչնոց բոյն»-ի խնամակալութեան ատենապետ Սեդա Խտըշեանն ասաց, որ այս թանգարանում ամփոփված է տառապանքի, բայց նաեւ վերապրումի ու վերածնունդի պատմությունը:

«Այս թանգարանը նաեւ հարցադրում է աշխարհին առ այն, որ Թուրքիան կշարունակե անպատիժ մնալ: Այս թանգարանը նաեւ պիտի պատասխանե հարցին, թե ինչպես հայերը վերապրեցան»,- ասաց Խտըշեանը:

Ելույթներ ունեցան նաեւ թանգարանի աշխատանքների ֆինանսավորումը ստանձնած Ալեքքո Պէզիկեանը, ՀՀ Սփյուռքի նախարարը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի մշակույթի նախարարն ու մարոնիտների Պշարա Ռայի պատրիարքը:

«Նման թանգարանի կառուցումը ապացույցն է հայության զարթոնքին եւ ցեղասպանությունից ավելի հզոր լինելուն: Աշխարհի համար փաստ է, որ հայ ժողովուրդը ցեղասպանությունից ուժեղ է, քանի որ Հայոց ցեղասպանությունից ճողոպրվածներով հայ ազգը կարողացավ կերտել եկեղեցի ու պետություն»,- ասաց Ռայի պատրիարքը:

Արամ Ա. «Այս հուշարձանը մեզ համար անլռելի զանգակատուն է»

Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի բացումից հետո, երեկոյան, Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի շրջափակից ներս, նորոգված եւ ընդարձակված Նահատակների հրապարակում հայ հոգեւորականները Արամ Ա Վեհափառի նախագահությամբ կատարեցին Սրբալույս մյուռոնի օրհնության արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նրանց շարքում այն մանուկների, ովքեր ընկան մահվան ճանապարհին:

«Սովորական պահ չէ այս պահը,- դիմելով բազմությանը ասաց Արամ Ա-ն: Այս հուշարձանը մեզի համար անլռելի զանգակատուն է: Մեր ժողովուրդի զավակները ուր որ ալ գտնվին, միշտ պետք է պահանջեն մեր ազգային իրավունքները»:

Արարողությունը ընթացավ Արամ Ա-ի ու մասնակից եպիսկոպոսների` Աստվածաշնչի ու աղոթքների ընթերցումներով, որով հայ հոգեւորականները աղերսում էին աստվածային օրհնությունն ու Սուրբ Հոգու ներգործությունը: Բացվեց սրբալույս մյուռոնի կաթսայի կափարիչը եւ արարողապետ Թորգոմ վրդ. Տոնոյանի հրավերով եպիսկոպոսները մատուցեցին անուշաբույր վարդի յուղն ու բալասանը, որ հատուկ աղոթքների ընթերցումով Նորին Սրբությունը խառնեց նոր մյուռոնին: Ապա Արամ Ա-ն մյուռոնին խառնեց Սուրբ Էջմիածնի մեջ օրհնված մյուռոնը` ի նշան Հայ եկեղեցու անքակտելի միության:

Արամ Ա-ն մյուռոնն օրհնեց Սուրբ Լուսավորչի աջով` իր շուրջն ունենալով 12 եպիսկոպոսների: Մայր Աթոռի միաբաններից Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ընթերցեց Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ի գիրը` եղբայրական սերը առ Արամ Ա:

Աղոթք ու երգ 1915-ի զոհերի հիշատակին

Մյուռոնօրհնեքի հաջորդ օրը` հուլիսի 19-ի առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, նախագահությամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետի, մատուցվեց Սուրբ եւ Անմահ պատարագ, որի ավարտին նոր օրհնված սրբալույս մյուռոնով կատարվեց ջրօրհնեքի արարողություն:

Նույն օրը երեկոյան հոգեւոր պետերը, պաշտոնյաներ ու բազմաթիվ լիբանանահայեր կրկին բարձրացան Բիքֆայա, բաց երկնքի տակ լսելու հայ ժողովրդի ձայնը:

Սոպրանո Հասմիկ Պապյանի եւ բաս Բարսեղ Թումանյանի հոգեթով ձայնը լիբանանահայ երաժշտասեր հասարակությանը ստիպեց երկարատեւ ծափահարություններ ու «բրավո»-ներ: Հաճախ չէ լիբանանահայ համայնքը հնարավորություն ունենում կենդանի ունկնդրել համաշխարհային բեմեր նվաճած նման բարձրակարգ երգիչների կատարումներ:

Երաժշտական երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ներառել էր ամենատարբեր կատարումներ Կոմիտասից, Սայաթ-Նովայից, Էդգար Հովհաննիսյանից, Առնո Բաբաջանյանից, Տիգրան Չուխաջյանից եւ Արամ Խաչատրյանից:

Երգացանկում ներառվել էին «Հայրենիքիս հետ», «Երեւան-Էրեբունի« (դուետ), ինչպես նաեւ մեներգեր` «Իմ չքնաղ հայրենիք», «Ես կցանկամ», «Իմ հայրենիք», «Սարդարապատ» (Բարսեղ Թումանյան), «Քելե քելե, հոյ նազան», «Ես քո ղիմեթն», «Հայաստան», «Կիլիկիա» (Հասմիկ Պապյան):

Վերջին երգը Պապյանը կատարեց երեկոյին ներկա հանդիսատեսների մի մասի ընկերակցությամբ, որոնց թվում` Արամ Ա-ն:

Համերգը կայացավ Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի պատերից ներս` բաց երկնքի տակ, մասնակցությամբ Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի եւ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հարութ Ֆազլյանի:

Բեյրութ

Նկար 2. Հայ որբերի լուսանկարներ` թանգարանի ցուցասրահում

Նկար 3. Թանգարանի վերածված շենքը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԵԾԱՆԻՎ ՎԱՐԵԼԸ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՊ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՊ ՊԱՇՏՈՆՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական