Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանի 2011թ. լույս տեսած «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» ծավալուն մենագրությունը մասնագետների կողմից գնահատվեց որպես նոր խոսք պատմագիտության բնագավառում: Հեղինակի նախընթաց աշխատությունները հիմնականում հայատառ թուրքերեն մշակույթին (ձեռագիր, տպագիր գրականություն, պարբերական մամուլ) վերաբերող, տարիների լրջագույն ուսումնասիրությունների արդյունք են, եւ կարելի է ասել, որոշակիորեն նախապատրաստել են վերոնշյալ մենագրության ծնունդը: Աշխատությունը նվիրված է հայության համար կարեւորագույն խնդրիՙ պատմական դեպքերի բերումով Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայտնված հայության դերին այդ երկրի պալատական, դիվանագիտական, վարչական, դատական, զինվորական բնագավառներում, բժշկության, քաղաքաշինության, արհեստների, առեւտրի, գիտության, մշակույթի տարբեր ոլորտներում: Հայտնի է, թե հայերը ինչպիսի կարեւոր նշանակություն են ունեցել Թուրքիայի տնտեսական, հասարակական կյանքի առաջընթացներն ապահովելու գործում, թե ինչպիսի ազդեցություն է թողել հայկական մշակույթն այնտեղ առհասարակ, սակայն համահավաք, նյութի ընդգրկման ծավալով, սկզնաղբյուրային ճշգրտությամբ, լուսանկարների քանակությամբ նման աշխատությունն այդ անցյալի պատմությունը հիրավի արժեւորող կարեւոր իրագործում է: Իր հարցազրույցներից մեկում հեղինակն ասում է. «Տաղանդավոր, նաեւ հանճարեղ շատ հայորդիների մեծագույն ներդրումները, նրանց գործունեությունն ու պատմությունը կարծես թե մնացել էին պատմության քողի ներքո` քիչ կամ համարյա չուսումնասիրված, մոռացված: Ահավոր անարդարություն, որի վկաները քչերն են: Մինչդեռ նրանք փոխել են պատմության հունը, փրկել կայսրությունը ծայրահեղ ծանր իրավիճակներից, փառավորապես ներկայացրել երկիրը միջազգային ասպարեզում, զարգացրել տնտեսական, մշակութային կյանքը: Մոռանալով այս մասին` մենք նրանց գործն ենք մոռանում եւ հաջողությունները վերագրում թուրքերին»:
Աշխատությունը նվիրված է Կ. Պոլսի Հայոց պատրիարքության 550-ամյակին: Ունեցել է հայերեն երկու հրատարակություն. առաջինըՙ այն ժամանակ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի, երկրորդըՙ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ, վերջինիս հովանավորությամբ լույս է տեսել նաեւ գրքի թուրքերեն թարգմանությունը, իսկ մինչ այդ ռուսերեն թարգմանությունըՙ աջակցությամբ նախկին վարչապետիՙ Տիգրան Սարգսյանի: Այս ամենով հանդերձ, գրքիՙ շատ կարեւոր նկատվող անգլերեն հրատարակությունը մնում է չիրագործված, առայժմՙ խոստումների ծիրում:
Գիրքը արժանացել է ՀՀ նախագահի 2011թ. մրցանակին:
Իր 40-ամյա աշխատանքային կենսագրությամբ եւ վաստակով հեղինակը բնագավառի լավագույն մասնագետներից մեկի համարումն ունի, նաեւ շնորհիվ ակտիվ մասնակցությամբ միջազգային բազմաթիվ գիտաժողովների եւ սիմպոզիումների, որոնցից կարեւոր նշանակությամբ հիշատակենք Թուրքիայում անցկացված մի քանիսըՙ ԻԿԱՆԱՍ -2007թ., Անկարա, 2009թ.-Իզմիր, 2010թ.- Կեսարիա (Սելջուկյան միջազգային առաջին սիմպոզիում): Կեսարիայի նշանավոր ԷՐՋԻԱՍ համալսարանում նա առիթ է ունեցել պաշտոնական բացումը կատարելու հայկական դասաժամերի, միջոցառման տեսագրությունը հեռարձակվել է թուրքական հեռուստակայաններով: Այս գիտաժողովներին Հայաստանը ներկայացվել է միայն մեկ անձի կողմից, ի տարբերություն ադրբեջանցի մասնագետների բազմաքանակ ներկայության, որոնցՙ շատ դեպքերում հայերի հասցեին արված սադրիչ գործողությունները ըստ էության հեղինակազրկել են բարձր մակարդակով անցկացվող գիտաժողովները, ինչպես Անկարայում դա պատահեց, եւ Հասմիկ Ստեփանյանը ստիպված եղավ դիմել Մոսկվայի ԻԿԱՆԱՍ-ի համանախագահ, Մոսկվայի արեւելագիտության ինստիտուտի ղեկավարինՙ գիտաժողովը քաղաքական հաշվեհարդարի չվերածելու պահանջով: Դրան հետեւել է թուրքական կողմի առավել ուշադրությունըՙ ապահովելու գիտաժողովի հայ մասնակցի անվտանգությունը:
Հասմիկ Ստեփանյանի վերջինՙ «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» աշխատությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն հայկական շրջանակներում, այլեւ թուրք պատմաբանների, մտավորականների, քաղաքական գործիչների միջավայրում, որի արձագանքներից մեկը անցած սեպտեմբերին Ստամբուլից ստացված անհատական հրավերն էր, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, «Անադոլու Քյուլթուր» մշակութային կազմակերպության ղեկավար Օսման Կավալայի կողմից: Ստամբուլի «Ջեզայիր» սրահում տեղի ունեցավ գրքի թուրքերեն հրատարակության շնորհանդեսը:
Այս այցելությունը համապատասխանել է հայ ականավոր երգիչ, Երեւանի օպերային թատրոնի սյուներից Ավագ Պետրոսյանի 100-ամյա հոբելյանի սփյուռքյան արձագանքներին, որոնց բավական հանգամանալի անդրադարձավ երգչի որդինՙ դիրիժոր, դաշնակահար Արա Պետրոսյանըՙ «Ազգ»-ի խմբագրատանը մեր հանդիպման ընթացքում: Նա 37 տարի եղել է Ավագ Պետրոսյանի նվագակցողը, 1990-ին հիմնադրել է «Արմենիա» սիմֆոնիկ նվագախումբը: 1991-ին կազմակերպել է հայ մշակույթի առաջին տասնօրյակը Ֆրանսիայումՙ Փարիզում, Լիոնում եւ Վալանսում, որի պատվավոր նախագահը Անրի Վերնոյն է եղել: Երեք տարի անց մեկնել է Եվրոպա, վերադարձել 1998-ին: Երաժշտական կրթությունըՙ օպերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորի եւ դաշնակահարի մասնագիտությամբ ստացել է Երեւանի, Մոսկվայի, Լենինգրադի, Ժնեւի կոնսերվատորիաներում եւ ասպիրանտուրաներում, Ֆրանսիայում սովորել է Դիրիժորական արվեստի բարձրագույն ակադեմիայում:
Ավագ Պետրոսյանի 100-ամյակին նվիրված տպավորիչ համերգային հանդիպումներ կազմակերպվել են Թուրքիայում, Գերմանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Անցած սեպտեմբերին երգչի հոբելյանը շուքով նշվեց Ստամբուլի «Էսայան» վարժարանի եւ սանուց միության սրահում, որտեղ համերգային ծրագրով հանդես եկան Արա Պետրոսյանը եւ Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ մեներգիչ Սարգիս Բաժբեուկ- Մելիքյանը: Համերգին ներկա էին Մաշալյան Սրբազանը, Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ, հայագետ Լեւոն արք. Զեքյանը, Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարնըմը, մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Երկու ամիս անց Ավագ Պետրոսյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգներ կազմակերպվեցին Քյոլնում եւ Համբուրգում: Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ գերշ. Տ. Գարեգին արք. Բեքչյանի հրավերով Գերմանիա մեկնեցին Արա Պետրոսյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը եւ Հասմիկ Ստեփանյանը: Քյոլնի համերգը կայացավ Բելգիայի հյուպատոսարանի դահլիճումՙ հայ եւ օտար հանդիսականների ներկայությամբՙ հովանավորությամբ եւ նախագահությամբ Գարեգին արք. Բեքչյանի, կազմակերպությամբՙ Սենտի Զուրիկյանի: Հայտագիրը բացվեց Ավագ Պետրոսյանին նվիրված գերմաներեն թարգմանված ֆիլմի ցուցադրությամբ, որին հետեւեցին հայաստանցի երաժիշտների համերգային գեղեցիկ կատարումները. մեներգերՙ հայկական, ռուսական, իտալական օպերաներից, նեապոլիտանական հայտնի մեղեդիներ, հայկական սիրված երգեր: Համերգին հանդես եկավ նաեւ Բրեմենի օպերային թատրոնի մենակատարուհի Լուսինե Ղազարյանըՙ դաշնակահարուհի Ժաննա Մինասյանի նվագակցությամբ: Ընդմիջմանը տեղի ունեցավ Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսը: Հաջորդ օրը համերգային նույն ծրագրով հյուրերը հանդես եկան Համբուրգում:
Անմոռանալի էր տպավորությունը այս տարվա մայիսին Դուբայում կայացած երկու հանդիպումներից: Տեղի «Արենա» խոշորՙ 2000 տեղանոց դահլիճում շուքով կազմակերպված համերգը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների, Դուբայի շեյխի, մտավորականների, դիվանագետների, քաղաքական գործիչների ներկայությամբ: Հայկական կողմի հրավերը կատարվել էր ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի կողմից: Նորայր Մեհրաբյանի «Բարեկամություն» պարային համույթի «Քոչարին» ու նրա խրոխտ հնչյուններն ու ռիթմըՙ ավարտին հայկական դրոշի ծածանումով, ազդեցիկ տպավորություն են գործել հանդիսատեսի վրա, իսկ հանրահռչակ ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայից հետո բեմ ելած հայ երգիչ Սարգիս Բաժբեուկ- Մելիքյանի եւ Արա Պետրոսյանիՙ Մ. Թարիվերդիեւիՙ «Ակնթարթ» եւ Առնո Բաբաջանյանի «Երախտապարտ եմ քեզ» երգերի փայլուն կատարումները հանդիսականների բուռն ծափողջյուններին են արժանացել:
Մայիսի 10-ին ԱՄԷ Հայաստանի դեսպանատան դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական համերգՙ նվիրված Ավագ Պետրոսյանի 100-ամյակին: Մինչ համերգային ծրագիրը դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր բացման խոսքում ներկայացրել է մեծանուն երգչին, նրա կենսագրությունը, հայ օպերային երաժշտության պատմության մեջ նրա մեծ վաստակն ու դերը, որին հաջորդել է ֆիլմի ցուցադրությունը: Հանդիպմանը ներկայացված էր Գերմանիայում թողարկված Ավագ Պետրոսյանի հեղինակայինՙ երեք եւ Գոհար Գասպարյանի եւ Ավագ Պետրոսյանի անկրկնելի կատարմամբ «Անուշ» օպերայի CD – ները: Ձայնագրությունները երգչի որդին ձեռք էր բերել Մոսկվայի «Մելոդիա» ֆիրմայի ոսկե ֆոնդից: Հանդիպման երկրորդ մասում կայացել է Հասմիկ Ստեփանյանի գրքի շնորհանդեսը:
Անցած տարվա աշնանը սկիզբ առած ծրագրային այս հարուստ շրջագայություն -հյուրախաղերը, որ արդյունավետ համադրություն են արվեստի եւ գիտության, գեղեցիկ վերջաբան ունեցան հունիսինՙ Ստամբուլի Ֆաթիհ համալսարանում Հասմիկ Ստեփանյանի հետ կազմակերպված հանդիպումով, եւ ապա Ֆերիգյուղի սբ. Վարդանանց եկեղեցու սրահում տեղի ունեցած հրաշալի համերգով: Պոլսահայ մամուլը, մասնավորապես «Մարմարան», «Ժամանակը», «Փարոսը», անդրադարձել են վերոնշյալ բոլոր համերգներին, առավել մանրամասն Ֆաթիհ համալսարանի հանդիպմանը եւ Ֆերիգյուղի համերգին: Ստամբուլի Ֆաթիհ համալսարանում Հասմիկ Ստեփանյանին սպասում էր շուրջ 400 ուսանողների եւ դասախոսների հետաքրքրված լսարանը: Ներկայացնելով իր գիրքըՙ հեղինակը բազմաթիվ օրինակներով փաստել է Օսմանյան կայսրության հասարակական կյանքի, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում հայերի կատարած ներդրումները, ինչպեսՙ Թուրքիայի անկախության օրհներգի երաժշտության ստեղծումը, Տիգրան Չուխաջյանի թուրքերեն առաջին օպերայի հիմնումը, Լեմոնճյան խազային ձայնանիշերը, հայատառ թրքերեն թատերախաղերը, թատրոնում հայերի նորարարությունները, նույնըՙ ճարտարապետության, գիտությունների եւ արհեստագործության մեջ: Դասախոսությանը հետեւած բոլոր հարցադրումները ստացել են սպառիչ պատասխաններ, հրավիրյալները տպավորված են եղել լսարանի ուշադրությունից, ընդգծված հարգանքից: Այս այցելության շրջանակում Հ. Ստեփանյանը Սամաթիայի ս.Կոստանդինոս եկեղեցում հանդիպում է ունեցել հունաց Տիեզերական պատրիարք Բարթոլոմեոսի հետ, նրան նվիրել իր «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գիրքը եւ անթաքույց հետաքրքրության ու շնորհակալության արժանացել Պատրիարքի կողմից:
Ստամբուլահայ երաժշտասեր հանրությունը արդեն ծանոթ էր Սարգիս Բաժբեուկ- Մելիքյանի եւ Արա Պետրոսյանի համերգային կատարումներին, իսկ Ֆերիգյուղի մայիսյան համերգի մասին «Մարմարան» մի քանի անգամ նախապես ծանուցել էր: Համերգն անցել է աննախադեպ հաջողությամբ, ոգեշնչված դահլիճի ցնծության մեջ: Համերգային հայտագրի առաջին մասում Սարգիս Մելիքյանի կատարմամբ հնչել են Ալ. Սպենդիարյանի «Այ Վարդ», «Մայր Արաքսի ափերով»,Կոմիտասի «Կռունկ», «Հայաստան», գործերը, Վերդիի Ֆիեսկոյի արիան, նիապոլիտանականՙ «Մի լար», «Ասացեք աղջիկներ» երգերը, երկրորդ մասումՙ Շառլ Գունո, Մոցարտ, Տիգրան Չուխաջյան, Խաչատրյան, Խրեննիկով, Վալենտե եւ Տագլիաֆերի: «Երգիչը իր սքանչելի հագագով, հին օրերէն մելամաղձոտ ապրումներ կը վերակենդանացնէր Պերճ Ափրիկեանի «Մայր Արաքսի ափերով» երգով: Շատ ցնցիչ էր այն պահը, երբ երգիչը իր թաւ եւ կախարդիչ ձայնով ներկայացուց Կոմիտասէն երկու կտորներՙ «Հայաստան» եւ «Կռունկ»: Ազգային բնույթով երկու երգեր, որոնք արձագանքներ կը բերէին դարերէն», -գրում է «Մարմարան»: Ֆերիգյուղի «Շիրինօղլի» ընդարձակ դահլիճը լեփ-լեցուն է եղել, մթնոլորտը ներկայացվում է խիստ երաժշտական, հանդիսատեսըՙ մագնիսացած, հմայված: Այս գեղեցիկ, հուզական մթնոլորտը չընդհատելու, տպավորությունները չցրելու համար որպես համերգի երկու մասերի միջնարար, տեղի է ունեցել գրքի շնորհանդեսային ներկայացում. Հասմիկ Ստեփանյանը ներկայացրել է իր մենագրությունըՙ խոսքն ուղեկցելով հանգամանալի մեկնաբանություններով եւ հետքրքրական տեղեկություններով: Հանդիսականների վկայությամբՙ այս փայլուն երեկոն շատ երկար կմնա նրանց հիշողություններում։
Նկար 1. Դուբայի «Արենա» դահլիճում, ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ
Նկար 2. Հասմիկ Ստեփանյանը Ստամբուլի Ֆաթիհ համալսարանում ուսանողների հետ