ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
Հայ մամուլի 220-ամյա պատմության ընթացքում հայալեզուների կողքին իրենց ուրույն դերակատարությունն են ունեցել նաեւ օտարալեզուները: Օտար ափերում ծնված նոր սերնդին հայ պահելու ու հայեցի դաստիարակելու համար դրանք անփոխարինելի դերակատարություն ունեն:
Մինչեւ վերջին տարիների ցավալի դեպքերը, արաբալեզու երկրներում` առավելաբար Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում ապրող սփյուռքահայերը հրատարակում էին պարբերականներ, որոնց մի մասը` արաբերեն: Դրանց պատվավոր շարքը 1998 թ. հունվարին լրացնելու եկավ եգիպտահայ մամուլի երեցներիցՙ ՌԱԿ «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածը [*], որը կոչված էր կամրջելու հայ-եգիպտական բարեկամությունը, իրենց մայրենիով Եգիպտոսի ժողովրդին ծանոթացնելու հայերի հերոսական անցյալին ու ներկա օրերում մտահոգող հիմնախնդիրներին: Եգիպտահայ մամուլում եզակի այս հավելվածի առաքելությունը ազգօգուտ գործ կատարելն էր, երկու ժողովուրդների միջեւ սիրո եւ եղբայրության կամուրջներ ձգելը, նրանց առավել մերձեցնելը, հայ ժողովրդի էությանը ծանոթանալու եգիպտացիների համար կարելիություն ընծայելը:
Մինչեւ 2009 թ. մայիսը հավելվածի պատասխանատու, եգիպտահայերի պատմության մասնագետ, ավելի շատ նյութերի բովանդակությամբ, քան դրանց ձեւերով հետաքրքրվող Մոհամեդ Ռիֆաթ Էլ Իմամը , ողջ խմբագրակազմը եւ եգիպտահայ նշանավոր մտավորական Պերճ Թերզյանն այդ պատվաբեր առաքելությունը հիանալի կատարեցին, մշտապես վայելելով եգիպտական իշխանությունների եւ մտավորականության բարեհաճությունը` առաքելություն ունենալով կարելիություն ստեղծել եգիպտացիներին լավ «ճանչնալու հայ ժողովուրդին էութիւնը իր տարբեր երեսակներով»:
Հավելվածը գոյատեց 11 տարի` 1998թ. հունվարից-2009թ.: Այդ ընթացքում լույս տեսավ 137 համար, որոնք պարունակում էին 16 եգիպտահայ եւ օտար հեղինակների հրապարակումներ: Դրանց պատմությանն ու բովանդակության վերլուծությանն է նվիրված Պ. Թերզյանի տեղեկագրական բնույթ ունեցող այս ուսումնասիրությունը, որը բաղկացած է հայ մամուլի պատմության խորագիտակ պրոֆեսոր Ա. Խառատյանի հեղինակած Առաջաբանից, երեք գլուխներից, Հավելվածից եւ մի քանի գրություններից, որոնք «կրնան սատարել ներկայցուող հարցերուն առաւել ճիշդ եւ հստակ ընկալումին»:
Առաջին` «Ծագում» գլխում հեղինակն իրեն հատուկ մանրակրկիտ ու բարեխիղճ մոտեցմամբ ներկայացնում է Հավելվածի ստեղծման պատմությունը: Հեղինակը նշում է, որ եգիպտահայության անցած ուղին ու դրական փորձը` որպես երկու ժողովուրդների լիակատար համագործակցության ու ներդաշնակության, մեծամասնության մեծահոգության եւ փոքրամասնության հպարտ կեցվացքի լավագույն դրսեւորվման վառ օրինակ, արժանի է ակադեմիական ուսումնասիրության: Եգիպտոսում լույս տեսած թերթերի կողքին, արաբերեն սույն Հավելվածի երեւումի պատմության ներկայացումը կարեւոր էր ու անհրաժեշտ, ինչն էլ նյութի խորը իմացությամբ եւ ձեռնահասությամբ է կատարել այդ գործի ոչ շարքային մասնակից հեղինակը:
Երկրորդ` «Ճառագայթում» գլխում հեղինակը ձգտում է առավելագույն տեղեկություններ տալ եգիպտահայ մամուլի պատմության մեջ եզակի այս պարբերականի մասին, ներկայացնում դրա բովանդակությունը, քննարկված խնդիրներն ու դրանց տրված լուսաբանությունները, ինչպես նաեւ` դիմակայած դժվարությունները:
16 էջով հրատարակվող Հավելվածի առաջին համարը բացվում է «Երկունքի Ցաւերը… եւ Ծնունդը» խմբագրականով, որտեղ փոքրիկ պատմական էքսկուրս կատարելուց հետո, ներկայացվում են պարբերականի գոյառման դրդապատճառներն ու նախանշվող ուղին: Իսկ Պ. Թերզյանի առաջին` «Եւ ժպտեցաւ Լուքսորը» հոդվածը տեղ է գտնում երկրորդ համարում: Դրանով էլ սկսվում է երկու հավասարակշռված, կիրթ ու գործին անշահախնդիր նվիրյալների թերթային 11-ամյա շահեկան բարեկամությունը: Հետագայում թերթի լավ ընդունելությունն ու նրա նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը թելադրում են, որ պարբերաբար ներկայացվեն մամուլի տարբեր հրապարակումներում եղած հայկական խնդիրների վերաբերյալ հայության ու օտարների տեսակետներն ու անդրադարձները:
Մեկ տասնամյակից ավելի գոյավորման ընթացքում Հավելվածին հաջողվում է իր շուրջը համախմբել տարբեր սերնդի պատկանող ու տարբեր մասնագիտությունների տեր արաբ եւ հայ մեծաքանակ մտավորականների, որոնց շնորհիվ «իրագործուած է յաւելուածին բազմաբնոյթ բովանդակութիւնը»:
Գրքի ամենացավառատը «Շիջում» գլուխն է, որտեղ ներկայացված են Հավելվածի դադարեցման համար ստեղծված աննպաստ իրավիճակն ու արհեստածին պատճառները: Արձանագրենք, որ այդտեսակ դրսեւորումների շատ օրինակներ ունենք հայ եւ հատկապես սփյուռքահայ մամուլի պատմության մեջ: Դրանց արդյունքում փակվել են հրաշալի պարբերականներ, հալածվել ազգին ու իրենց գործին նվիրյալ մտավորականներ: Հավելվածը դադարեցնելու մասին հեղինակի այս շարադրանքը հօգուտ իր պաշտպանյալի պատճառաբանված, փաստերով հարուստ, խելացի ու գրագետ իրավագետի փաստաբանական ելույթ է հիշեցնում: Միայն, ցավոք, արդարացման դատավճիռ չի հնչել եւ Հավելվածի հրատարակությունը չի վերսկսվել: Ինչեւէ, Հավելվածը, որը գործում էր սփյուռքահայ մամուլին հատուկ լայնախությամբ, դրսեւորելով հարգանք հյուրընկալ երկրի ու նրա ժողովրդի նկատմամբ, օրինապաշտ եւ նվիրյալ քաղաքացու կեցվածք, դադարեց լույս տեսնելուց:
Ամփոփելով նշենք, որ սույն ուսումնասիրությունը բազմաէջ ու հաստափոր չէ, սակայն լուրջ խնդիրներ է բարձրացնում: Առաջին հայացքից անաչառ փաստագրողի դիրքերից Պ. Թերզյանը արձանագրում է կատարված մի իրողության պատմություն: Սակայն զգացվում է, որ նա կորստյան ցավ ու մորմոք ունի հոգում թաքցրած, տագնապ ու անհանգստություն նման դրսեւորումների նկատմամբ: Դրսեւորումներ, որոնք աղքատացնելով մշակութային, հոգեւոր ու կրթական ասպարեզները, վտանգում են հայապահպանության կարեւորագույն գործառույթները եւ, վերջապես, Սփյուռքի գոյությունն ընդհանրապես:
Համենայնդեպս, մխիթարականն ու ուրախառիթն այն է, որ Հավելվածը այժմ շարունակում է լույս տեսնել, «Արեգ« անունով, նույն խմբագրի գլխավորությամբ:
Հոդվածը լույս է տեսնում կրճատումներով
* Թերզեան Պերճ, «Արեւ»ի արաբերէն ամսօրեայ յաւելուածը, Գահիրէ, 2014, ուսումնասիրությանն է նվիված մեր սույն գրախոսությունը: