Առաջին համաշխարհայինից հրաշքով փրկված, հայրենի Բասենից հոր ու քրոջ հետ նախՙ Կարս, հետոՙ Գյումրի, իսկ 1941-ինՙ երկրորդ համաշխարհայինին, ավելի շուտՙ Մեծ հայրենականին քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի հանդերձը կամավոր զինվորական շինելով փոխարինած, այնուհետ անհայտ զինվոր դարձած Գեւորգ Վարդանյան պապիս լուսանկարը սրտումս, նրա լուսանկար չունեցող մորՙ գեղեցկուհի լինելու, թուրքին կնության չհանձնվելու ի գին ողջակիզվելու պատմությունը լուսանկարի նման հիշողությանս պատին որմնանկար դարձած, ինձ ժառանգություն տրված այս հարստությունը մտքիս մեջՙ ապրիլի 23-ին Բեռլին մեկնեցի: Գնում էի իմ մեջ կողպված մի համոզումով, որ գերմանական մշակույթի ու լեզվի հանդեպ մասնագիտական սեր տածող, հորը չտեսած-չգրկած մորս Գերմանիայի նախագահ Գաուքը հուսախաբ չէր անելուՙ գիտելիքից առավել խիղճը պիտի պարտադրեր նրան Բեռլինի Մայր տաճարում արտասանել Բառը, որ ցեղասպանության ականատես պապս չէր հասցրել շշնջալ մորս ականջին:
Բեռլինի Մայր տաճարի մուտքի առջեւ թեթեւակի ստուգեցին պայուսակս, ներկա լեփ լեցուն հանրության տվյալներն արդեն վաղուց էին ստուգելՙ նախագահի անվտանգության պահապանները: Չկրկնեմ, ինչ առցանց «Ազգ»-ում արդեն գրել եմ, պարզապես հավելեմ, որ շքեղ եկեղեցին այնքան էր սպասում կաթոլիկ ու ավետարանական գործիչներիՙ«գենոցիդ» հստակ ձեւակերպմանը, հայ, ասորի, հույն բարձրաստիճան հոգեւոր այրերի հոգեհանգիստ մատուցող էկումենիկ արարողությանը, «Գեղարդ» երգչախմբի շարականներիՙ մեր բաց վերքին սպեղանի դնող մաքուր հնչյունին, ասորի երգչուհուՙ Մարիա Կապլանի սրտամաշ ողբին, բուրվառի խունկին, մեր աղոթքներին, որ թվում էր, թե հիմա երկնքի դռները բացվելու են ու անմեղ զոհերն են հրամայելուՙ վե՛րջ Սիրիայում հենց հիմա ծավալվող սպանդին, 100 տարի անց նույն նախճիրին…
Նախագահ Գաուքը «ցեղասպանություն» սահմանման բոլոր հատկանիշները ձեւակերպեց, մի քիչ բարդ, մի քիչ երկարաշունչ, ստորակետից առաջ, հետո…
Ելույթն ավարտեց, լրագրողներիս շարքերի մոտով անցնելու պահին վայրկենական հապաղեց, նրա աչքերից երեւի չէր վրիպել իմ աչքերում պապիս քարացած հայացքը, գլուխ խոնարհեց, գլուխ խոնարհեցի… նրա խնամված գերմաներեն տեքստը ինչքան կարդում, այնքան համոզվում եմ, որ նույն օրը հանիրավի, նրա ելույթը, խուսանավելու բոլոր փորձերը հաղթահարածՙ պարզ բանաձեւի մեջ էի ուզում գտնել… թուրքերին հասկանալի:
Հետո գլխի ընկաՙ անվտանգության մարմինները միայն Դաշնային նախագահին չէին ստուգել ՙ նրա Բառն էր ռումբը: Թուրքիան արագ ընկալեց սաՙ ապրիլի 24-ին հայտարարեցՙ չի մոռանա, չի ների:
Նույն այդ օրը Թուրքիայի հասցեին Բունդեսթագի ապրիլ 24-յան նիստում այնքան առարկայական հորդոր հնչեց, որ թվում էՙ հայերս էլ անելիք չունենք, մանավանդ պառլամենտի նախագահ Լամերտիՙ շատ հատու խոսքից հետոՙ«ցեղասպանություն էր»: Բայց հիշյալ նիստում, որի մանրամասն արձանագրությունը ներկայացրել ենք առցանց «Ազգում», քննարկումից հետո դեռ պիտի երեք կուսակցություններիՙ Ձախերի, Կանաչների, իշխող կոալիցիայիՙ ՔԴ-ՔՍ միության եւ ՍԴԿ ներկայացրած հայցադիմումի տարբերակները արտաքին հարաբերությունների եւ այլ հանձնաժողովներում լրամշակվեն, այնուհետ վերադառնան Բունդեսթագ: Մայիսի 6-ին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դռնփակ նիստում, շատերի համար անակնկալ արագ, ի թիվս այլ հարցերի ընդգրկվեցին նաեւ հիշյալ 3 հայցադիմումները: Առայժմ հայտնի չէ, թե նիստում ինչ վճռվեց, բայց 37 անդամ ունեցող հանձնաժողովը, որի 18 անդամները ՔԴ-ՔՍ միությունն են ներկայացնում, 11-ըՙ ՍԴ կուսակցությունը, 4-ական անդամ ունեն Ձախերը, նույնքանՙ Կանաչները, ղեկավարում է Նորբերտ Ռյոթթգենը (ՔԴ-ՔՍ միություն), որի ելույթը ապրիլի 24-ի նիստին հստակ էր, ցեղասպանություն բառեզրը աներկբա ընդգծող:
Հայկական լրատվամիջոցներում մինչ օրս էլ, առանց որեւէ աղբյուրի հղում անելու, տեղ են գտնում «ապրիլի 30-ին նախատեսված», «2 անգամ հետաձգված նիստ» արտահայտությունները, որոնց վերաբերյալ վերլուծաբաններն ու փորձագետները սխալ ենթադրություններ են կառուցում: Այդպես էլ չկարողացա պարզելՙ Բունդեսթագի նիստին քանի՞ հայ լրագրող է տեղում հետեւել, բայց այն խառնաշփոթը, որ արձանագրվեց մեր լրատվամիջոցներում, առիթ տվեց մտածել, որ այսօր լուր գրողը չկա, իսկ վերլուծաբաններ ու փորձագետներՙ ինչքան ասես: Մինչ օրս որեւէ լրատվամիջոց հերքում չտպագրեց իր մատուցած ապատեղեկատվության համար: Այնինչՙ որեւէ նիստ ապրիլի 30-ին նախատեսված չի էլ եղել, էլ ուր մնացՙ հետաձգվի:
Բունդեսթագի նիստից առաջ եւ հետո արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին ուղղված քննադատություն շատ եղավ գերմանական լրատվամիջոցներում: Ցեղասպանությունը բառեզրով չսահմանափակելու, հրեաների Ողջակիզմանՙ Հոլոքոսթի եզակիությունը չմոռանալու արտգործնախարարի հավաստիացումներն այժմ չեն լսվում, ի՞նչ է ակնարկում այս լռությունը:Բունդեսթագի նիստում սոցիալ դեմոկրատ Շթայնմայերն ու քրիստոնյա դեմոկրատ Մերկելն ակնհայտ ուրախ չէին, երբ նաեւ իրենց կուսակիցների ելույթներում ընդգծվում էր ցեղասպանություն բառեզրի պարտադիր կիրառությունը:
Թվում էր, թե թուրքական մեծ համայնք ունեցող Բեռլինում նրանք Բունդեսթագի առջեւ նիստի օրն անպայման կանգնած կլինեին: Չկային: Սպասել էին ապրիլի 25-ի հանրահավաքին: Շաբաթ օրը Բեռլինում մի քանի ցույց էր արտոնված: Դրանցից ամենամեծը, ըստ տեղի ոստիկանության տվյալների, 3000- 4000 հայերին միախմբած ցույցը նախ կանցլերի գրասենյակի առջեւ կայացավ, իսկ հետո երթով շարժվեց Բեռլինի կենտրոնական փողոցներովՙ ներառելով Լայպցիգի համեմատաբար նոր հրապարակը, եւ մի քանի ժամ հետո կանգ առավ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ, ուր երիտասարդ բանախոսները փորձեցին իրենց հռետորական ունակությունները: Այդքան մեծ ու լավ կազմակերպված ցույցի առաջին փորձառությունը, հուսանք, հաջորդ անգամ կպարտադրի երիտասարդներին գրավոր ելույթներ, ճառեր պատրաստել:
Բրանդենբուրգյան դարպասների մյուս կողմում, լայնահուն փողոցն ի վար 3000 թուրքեր (ոստիկանության տվյալն է) իրենց բողոքի ցույցն էին անցկացնումՙ ընդդեմ Հայոց ցեղասպանության «պնդումների», ընդդեմ դաշնային նախագահ Գաուքի, որ Գերմանիայում ըստ էության սկիզբ էր դրել այդ բառեզրի այլեւս չվիճարկվող կիրառությանը: Մինչ նրա ելույթը, մամուլում «զանգվածային ոչնչացում, ջարդ, բնաջնջում, աքսոր, մահվան քայլերթ» ձեւերն էին շրջանառվում, իսկ հիմա դրանք կիրառվում են, երբ ցեղասպանություն եզրը անընդհատ չկրկնելու համար հոմանիշ են փնտրում:
Մամուլում, հանրային գիտակցության մեջ նոր փուլ է, հուսանքՙ անշրջելի: Բեռլինում ցույցից հետո տաքսի նստեցինք: Միջին տարիքի գերմանացի վարորդին հարցրեցինքՙ թուրքերի ցույցից ի՞նչ տպավորություն ունի: «Եթե ամբողջ աշխարհը մի բան է ասումՙ ցեղասպանություն է, միայն թուրքերը չեն համաձայնում, արդեն պարզ է. բոլորը սխալ չեն կարող լինել», հիմնավորեց վարորդը: Նրա համար միայն մի համեմատություն ընկալելի չէրՙ թուրք ոճրագործների հետ Հիտլերի համեմատությունը: Սա գերմանացիները դեռեւս չեն հաղթահարել:
Թուրքերնՙ ընտրարշավին ընդառաջ
Թուրք գործիչները Գերմանիա են գալիսՙ հունիսի 7-ին ընդառաջ իրենց ընտրարշավի կարթին «հայոց ցեղասպանությունը սուտ է» խայծն ամրացնելով: Բայց այս խայծը գերմանացիների համար ոչ միայն ժամկետանց է, այլեւՙ արդեն մերժելի: Բոլորն են իրազեկ:Համբուրգի ազգագրական թանգարանը վերջին պահինՙ երեքշաբթիՙ ապրիլի 28-ին, սրահ չի տրամադրել հինգշաբթիՙ ապրիլի 30-ին կայանալիք միջոցառմանը, իրազեկում է գերմանական taz-ը, մանրամասնելով, թե դրանով ի չիք է դարձել թուրք ազգայնակայններիՙ Հայոց ցեղասպանությունը ժխտելու մտադրությունը: Ապրիլի 17-ին թանգարանի ղեկավարությանը դիմել է թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներից մեկըՙ խնդրելով սրահ տրամադրել «Հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ հանրային քննարկմանը»: Թանգարանի տնօրենությանն այնուհետ հայտնի է դարձել, որ իրենց հետ հեռախոսային կապ հաստատած պարոնը ոչ թե դիվանագետ, այլ գերմանաթուրք աջծայրահեղական երիտասարդական խմբավորման ներկայացուցիչներից մեկն է, որ վերջին օրերին ակտիվորեն հանրահավաքներ է կազմակերպումՙ քարոզելովՙ «Հայոց ցեղասպանությունը սուտ է»: Ֆեյսբուք, թվիթթեր սոցիալական ցանցերում միջոցառումը ակտիվ քննարկման նյութ է դարձելՙ առիթ տալով թանգարանի ղեկավարությանը հասկանալ, թե իր տարածքն իրականում ինչի՛ն են ուզում ծառայեցնել: Որպես բանախոս հրավիրել են բրիտանացի պատմաբան Նորման Սթոունին, որ արդեն «Վելթվոխե» պարբերականում գրել էրՙ «Դա ցեղասպանություն չէր»: Թանգարանը ուշ է մերժել է իր տարածքը տրամադրել ժխտողներին: Համբուրգցի Ձախ պատգամավոր Քրիստիանե Շնայդերը քննադատել էր թանգարանի ղեկավարությանըՙ նկատել տալով, թե Սթոունը անհայտ մեկը չէ, հենց նա է հայ համայնքների հանդեպ ատելություն հրահրողներից մեկը:
«Թուրքական ընտրարշավ» խորագրի տակ գերմանական «Դեր վեսթեն»-ը իրազեկում է, թե ապրիլի 26-ին հայտարարվածի համաձայն, թուրք աջծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության 10 000 անդամներՙ ահել ու ջահել, երեխաներ, դրոշներով, ձեռքերը վեր պարզած, մատներըՙ ցուցամատ, միջնամատ, բութ մատ իրար հպածՙ գայլի խորհրդանշական ողջույնով են Օբերհաուզենում ընդունել իրենցՙ 1997-ից առաջնորդ Դեվլեթ Բահչելիի ելույթը: Մեծ սրահ, մեծ հեռուստաէկրաններ, որ առավել տպավորիչ են դարձրել կուսակցության առաջնորդի հուժկու խոսքը, ժեստը, եւ որը գերմանական լրատուի կարծիքով, Գերմանիայում անծանոթ է ունկերին, իսկ Թուրքիայում ընտրարշավի ծանոթ բաղադրիչ է: Օբերհաուզենում Գորշ գայլերին սրահ տրամադրելու առիթով խիստ քննադատություն հնչել էր, նույնիսկ դրանից առաջ քաղաքի բնակիչները, տեսնելով պատերին թուրք աջծայրահեղականների նկարած կիսալուսնի խորհրդանիշը, իրենց անհանգստությունն էին հայտնել, բայց հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին անցկացված հիշյալ հանդիպումն, այնուհանդերձ, կայացել էր: Բահչելին գովել է գերմանաբնակ հայրենակիցներին, որ ինքնությանը հավատարիմ են մնացել: Հպարտ եմ, ասել է: Նա քննադատել է քաղաքական ընդդիմադիրներին, մասնավորապեսՙ Էրդողանի կառավարող «Արդարություն եւ միասնություն» դաշինքըՙ նկատելով, որ նրանք եվրոպաբնակ թուրքերով չեն զբաղվում: Գերմանիայի հասցեին էլ ասել էՙ «քրդերը, արամեացիները, հայերը, բոլորը բողոքում են մեզանից, բոլորը ներողություն են ուզում մեզանից լսել, ուզում են Թուրքիային վարկաբեկել: Ինչպե՞ս կարող է Գերմանիան սրան մասնակից լինել, չէ՞ որ մենք առաջին համաշխարհայինի ժամանակ ճակատագրով եղբայրներ ենք եղել: Գերմանացիները պիտի իրենց անցյալով զբաղվեն, մենք Հիտլերը չենք, ոչ մեկին գազախցիկ չենք ուղարկել, Թուրքիան որեւէ անգամ ցեղասպանություն չի արել»: Ամբոխի բարձր ձայնն առավել հուժկու պոռթկացել է, երբ ցեղասպանություն բառն է հնչել:
Դյուսսելդորֆի կենտրոնական փողոցներով նույն կազմակերպության թուրքական տարազներով երթը բազմաթիվ գերմանացիների զարմանքն է արձանագրել կիրակիՙ մայիսի 3-ին: Նույն օրվա մի հանդիպման մասին ծանուցում է «Յունգե ֆրայհայթ» անվանյալ դեբատների շաբաթաթերթըՙ հղում անելով «Վելթ»-ին: Ըստ թերթի, Ահմեդ Դավութօղլուն Դորտմունդում կայացած հանդիպման ժամանակ Գերմանիայում բնակվող թուրքերին հորդորել է խոչընդոտել դպրոցական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու նախաձեռնությանը: «Մեր երեխաներին որեւէ մեկը չի կարող անհանգստություն պատճառելՙ ուսծրագրում մեր պատմությունը վիրավորելով: Եթե մեկնումեկը փորձի դա անել, եղբայրնե՛ր ու քույրե՛ր, ձե՛ր պարտականությունն է այդ ուսումնական ծրագրերին խոչընդոտելը», ասել է Թուրքիայի վարչապետը կիրակի օրըՙ մայիսի 3-ին Դորտմունդում: Թուրքիան թույլ չի տա, որ իր պատմությունն ու պատիվը հարցականի տակ դնեն, իրեն ուսուցանեն այն մարդիկ, որոնք վերաբերվել չեն կարողանում սեփական պատմությանը: Թուրքիայի վարչապետը խոստովանել է, թե նույնը հաղորդել է կանցլեր Մերկելին: Իսկ «ցեղասպանություն» բառեզրը շրջանառող Բունդեսթագի պատգամավորներին խոսքն ուղղելով ասել էՙ «երբ մեկը փորձում է այսպես կոչված ցեղասպանության առիթով մեզ պատմության դաս տալ, մեր պատասխանը հետեւյալն էՙ մենք հայերի եւ Անատոլիայի մյուս ժողովուրդների հետ համատեղ ապրել ենք, հետեւաբար գիտենքՙ ինչպես նրանց հետ խոսենք եւ ինչպես պատմությանը մերձեցնենք»:
Հիշեցնենք, որ տարիներ ի վեր թուրքական կազմակերպությունները խոչընդոտում են Գերմանիայի դպրոցական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու նախաձեռնությանը: 2009-ին Գերմանիայում թուրքական համայնքի նախագահ Քենան Քոլաթը իր վրդովմունքն էր հայտնել Բրանդենբուրգ երկրամասինՙ նմանօրինակ ցանկության համարՙ պատճառաբանելով, թե նման ծրագիրը թուրք աշակերտների «ներքին խաղաղությունը կխաթարի, հոգեբանական ճնշում կգործադրի»: Մեր ընթերցողները տեղյակ են, որ Բրանդենբուրգը Գերմանիայում առայժմ միակ երկրամասն է, որը ուսուցման ծրագրում ներառել է Բրանդենբուրգի դպրոցների եւ մեդիայի երկրամասային ինստիտուտի եւ Բոխումի Ռուր համալսարանի «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտի համատեղ կազմած 18 էջանոց ուսումնական նյութըՙ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կարծում ենք Բունդեսթագի առաջիկա որոշումն է պայմանավորելու նաեւ մնացած երկրամասերում հիշյալ ուսծրագրի պարտադիր ներառումը: Գալիք օրերին ընտրություններին ընդառաջ թուրք քաղաքական գործիչների այցերն ու հռետորաբանությունը շարունակություն է գտնելու Գերմանիայում: Հարցն այն էՙ գերմանացիները որքա՞ն են հանդուրժելու: Միգուցե այս հանգամանքով էլ պայմանավորվածՙ Բունդեսթագը, ԳԴՀ կառավարությունը ճշտում է Հայոց ցեղասպանության ճանաչման իր օրակարգն ու ժամանակացույցը: