ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող
Հայոց ցեղասպանության ոգեկոչման ապրիլքսանչորսյան միջոցառումները հիմնականում ուղղված էին ցեղասպանության 100-ամյա տարելիցի 4 հիմնականՙ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում եւ վերածնունդ խորհուրդները մատնանշելուն եւ ի ցույց դնելուն: Հայաստանում եւ Սփյուռքում, աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպված լայնամասշտաբ միջոցառումները գրավեցին մարդկանց, միջազգային հանրության ուշադրությունը, եւս մեկ անգամ կարեւորվեց միջազգային բոլոր տիպի հարաբերություններում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գործընթացը, որի ամենակարճ եւ օբյեկտիվ ճանապարհն է դրանց պաշտոնապես ճանաչումն ու դատապարտումը: Հայ ժողովրդի երախտագիտության խոսքը եւս մեկ անգամ ուղղվեց բոլոր նրանց, ովքեր այս տարիներին աջակցել են եւ կանգնել հայ ժողովրդի արդար դատի ու պահանջների կողքին: Կարծում եմ, որ եւս մեկ անգամ հայկական ինքնությանը վերածննդի հնարավորություն տրվեց: Ինչպես նաեւ` վերաարժեւորվեց մեր անցած ճանապարհը եւ ապագայի համար ավելի ինքնավստահ, ամուր հիմքերով եւ արդեն սեփական պետության դեմքով աշխարհին ներկայանալու առիթ տրվեց: Ոչ թե աշխարհով մեկ սփռված տարագիր ժողովրդի նման, այլ հավաքական մեկ միավոր` Հայաստանի Հանրապետություն անունով, որն ունի իր արդար պահանջը եւ այդ պահանջը նաեւ միջազգային հանրության պահանջն է: Հայ ժողովուրդն իր պետական ու հասարակական բոլոր մեխանիզմներով պայքարելու է բոլոր տիպի ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման համար:
Պաշտոնական ու մասնավոր կարգավիճաներում աշխարհի շատ երկրներից էին եկել: Բոլորը մտահոգ էին, տխուր, սակայն իրենց այցի ու անելիքի կարեւորության գիտակցումով: Շատ հուզիչ, ջերմ ու ցավակցող ելույթներ եղան, հուսադրող արձագանքներ: Մենք` հայերս էլ, աշխարհի բոլոր անկյուններում շունչներս պահած հետեւում էինք, թե որ նախագահն ու շարքային գործիչն ինչ հայանպաստ արտահայտություն արեց ու դրանից ջերմանում էր մեր հոգին: Եղան նաեւ զայրացկոտ ելույթներ Օբամայի եւ բոլոր նրանց հասցեին, ովքեր համառորեն չարտաբերեցին ցանկալի բառը: Համացանցում ու տպագիր ԶԼՄ-ներում էլ մի տեսակ տոնական, անթաքույց հաղթական հրապարակումներ եղան Գալիպոլիի տապալված միջոցառումների մասին: Հետո՞: Ի՞նչ է լինելու հետո…
Վկայակոչելով ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերը` միաբերան հայտարարում ենք, որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն, բայց ինքներս մեզ չենք հարցնում` հետո ի՞նչ է լինելու: Ահա այս կարեւոր հարցի պատասխանի փնտրտուքն էլ դարձավ սույն հոդվածի հենքն ու մի քանի դիտարկումների մասին մտորումներս թղթին հանձնելու առիթը:
Նախ նշեմ, որ այս ամբողջ եռուզեռի ընթացքում եւ դրան հաջորդած օրերին հնչած կարծիքները պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական խմբի` լավատեսների, հոռետեսների եւ անտարբերների:
ա) Այս խմբում հիմնականում իշխանամետ անձինք են եւ նրանց սատարող էլեկտրոնային ու տպագիր ԶԼՄ-ները: Միաբերան բարձր գնահատելով մասնակիցների ներկայանալի մակարդակը, առանձնապես շեշտելովչորս` մասնավորապես, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահների, խորհրդարանների խոսնակների ու եկեղեցական առաջին դեմքերի ներկայությունը, երբեմն անթաքույց, երբեմն կիսաբերան ներկայացնում էին դա որպես մեր իշխանությունների փայլուն աշխատանքի արդյունք: Հեռուստաէկրաններից շարունակ հնչող հայանպաստ ելույթները հույս էին ներշնչում, որ աշխարհը «խելքի է եկել» եւ դրանց կրկնությունը թույլ չի տա: Որպես իրենց լավ աշխատանքի արդյունք ու հաղթանակի ապացույց պաշտոնական հեռուստաալիքներով կիսաբերան հանրությանն էին ներկայանում Թուրքիայից ու աշխարհի այլ մասերից եկած թուրք գործիչները: Նրանց մեծ մասն ընդունում էր հայերի ցեղասպանության փաստը, շատերը ներողություն էին խնդրում եւ գրեթե բոլորը հաշտվելու կոչեր էին հղում երկու ժողովուրդներին: Իսկ Գերմանիայից ժամանած մի թուրք գործիչ էլ էկրանների առջեւ արտասվում էր, որ տարիներ առաջ իր ներողությանը չէինք հավատացել: Թող Աստված ինձ ների, ես հիմա էլ չհավատացի նրան ու նրանցից շատերին, որովհետեւ Սումգայիթն ու Բուդապեշտը «թույլ չէին տալիս»: Հավանաբար ինձ խանգարում է պատմաբանիս հիշողությունը:
բ) Երկրորդ խմբի ներկայացուցիչները հիմնականում ընդդիմադիր կեցվածք ունեցողներն են:Նրանք չընդունելով ներկայիս իշխանությունների ծրագրերն ու մոտեցումները եւ վկայակոչելով ժողովրդի շարունակական ունեզրկումն ու օլիգոպոլիայի ամենօրյա հզորացման տեմպերը եւ, վերջապես` ազգասպան արտագաղթը, այս ամենը համարեցին չհաջողված միջոցառումների շարան եւ ամենուրեք փնտրում, գտնում ու հասարակության ականջալուր էին դարձնում քննադատական կամ ղեկավարության հասցեին ասված ավելի խիստ խոսքեր:
Այդ հրապարակումներում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ մենք թույլ պետություն ենք, բայց հզոր ազգ: Որ ապրիլի 24-ին եւ դրան նախորդած օրերին դրսեւորվեց աշխարհի հայության հզորությունը եւ Հայաստանի քաղաքացիների անկոտրում կամքն ու ազգայնական հզոր ոգին: Սակայն անընդհատ հրամցնում էին այն միտքը, թե ինչպես այսքան հզոր ազգը կարող է սեփական երկրում ապրել աղքատության ու անարդարության պայմաններում: Ապրիլի 24-ը, թեկուզ ձեւական, բացահայտեց, թե ովքեր են մեր ազգի եւ մեր պետության դաշնակիցները:
Ռուսաստանի նախագահն այցելեց Երեւան, քանի որ հակառակ պարագայում ընդմիշտ կկորցներ Հայաստանին որպես դաշնակից, որովհետեւ ծայրահեղ զգայուն ենք ցեղասպանության զոհերի հիշատակի առումով: Հետո էլ, քանի որ Վատիկանը, Եվրոպական միությունը, տարբեր պետություններ ու կազմակերպություններ հայկական խնդիրը հռչակել էին համամարդկային երեւույթ, Երեւան գալով Պուտինը կանգնեց այդ յուրատեսակ սահմանագծի քաղաքակրթական բեւեռում: Նրա ելույթը շատերին անակնկալի բերեց, շատերն էլ այն համարեցին տրամաբանական: Ոմանք այն որակեցին լղոզված ու ոչ լիարժեք, շատերին զայրացրեց, որ Պուտինը հստակորեն չարտասանեց ցեղասպանություն եզրույթը` հայերին բնաջնջելու դիտանկյունից, այլ խոսեց ընդհանրական` ցեղասպանությունները կանխելու մասին: Կարծում եմ, նրա այցն արդեն ինքնին խոսում էր այդ ամենի մասին:
ԵՏՄ անդամ եւ մեր սրտամոտ գործընկերներից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ապրիլի 24-ին ժամանեց Վրաստան, սակայն «ալարեց» 300 կմ ավելին գալ եւ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: Ղազախստանի նախագահ Նազարբաեւը մնաց տանըՙ նախագահական ընտրությունների նախօրեին, իսկ Ղազախստանը Ծիծեռնակաբերդի հիշատակի արարողությանը եւ Գալիոպոլիի կեղծ միջոցառումներին մասնակցեց դեսպանների մակարդակով` անուղղակիորեն հավասարության նշան դնելով դրանց միջեւ:
Եկավ Ֆրանսիայի նախագահը: Անկախ նրանից, թե ինչ էր դրդել Օլանդին անպայման այդ օրը գալ Երեւան, Ֆրանսիան միշտ մեր սրտերում է: Օլանդը,Պուտինը եւ այլ պատվավոր հյուրեր ապրիլի 24-ին ժամանեցին Հայաստան ոչ թե նրա համար, որ ուժեղ ու կազմակերպված պետություն ենք, այլ նրա համար, որ աշխարհի ազդեցիկ ու ներկայանալի ազգերից մեկն ենք: Անմիջապես էլ ավելացնում են, որ կան պետություններ, որոնց համար կարեւոր է ոչ միայն ուժեղ ազգը` Սփյուռքով հանդերձ, այլ նաեւ ուժեղ պետականությունը: Եթե մենք ուժեղ պետականություն ունենայինք, ապա ապրիլի 24-ին Լուկաշենկոն եւ Նազարբաեւը զգաստ կանգնած կլինեին Պուտինի կողքին` Ծիծեռնակաբերդում: Ոչ այնքան իշխանամետ ոգով շարունակելով, այս խմբի տեսաբանները եզրակացնում են, որ չի կարելի լինել հզոր` ազգությամբ եւ մուրացիկ` պետականությամբ: Նշանակում է ինչ-որ բան այն չէ եւ ինչ-որ բան այնպես չի ընթանում:
Ակամա այս խմբում է հայտնվել նաեւ աշխարահռչակ Շառլ Ազնավուրը, ով «Nouvelles dArmenie» թերթին տված հարցազրույցում ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, թե Հայաստանը ղեկավարում են մաֆիոզները: Որ երկիրն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, եւ մոտ ապագայում կվերածվի խխունջի դատարկ պատյանի: Այդ տխուր իրավիճակից մտահոգված երգիչը հարց է տալիս. «Ում է դա ձեռնտու: Ընդամենը 3 հարուստ խուլիգանի: Երեք մաֆիոզի: Իսկ ուր մնացին ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ… Այդ ամենն ինձ անհանգստացնում է: Եվ այդ ամենից հետո որոշները դեռ կպչում են «ցեղասպանություն» տերմինից, որը հերքում է Թուրքիան… Հայաստանը լուրջ վտանգի մեջ է գտնվում»: Շանսոնյեն ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ ու քիչ բան է հասկանում այդ ամենից, սակայն կարծում է, որ «դժբախտ երկրից մնացել է միայն փոքրիկ մի կտոր, որը երկրորդ անգամ է մահանում»: Խոսելով ՀՀ բնակչության թվաքանակի մասին, Ազնավուրն ասում է. «Ինձ ասում են` 2.3 միլիոն, իշխանությունները պնդում ենՙ 3.6 միլիոն, սակայն դա սուտ է: Կարճ ժամանակ անց այդ թիվը կհասնի 1.8 միլիոնի, այնուհետեւ 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ում վրա ենք մենք հույս դնելու մեր երկրի բարեկեցության համար, չինացիների: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ հարցադրի ինքն իրեն, թե ինչ է նա անում իր պապերի հողի համար»: Ազնավուրը կարծում է, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը երկրում առկա համակարգն է եւ այն, որ «ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար»:
գ) Անտարբերների խումբը, որն ի դեպ ամենամարդաշատն է, հետաքրքրված չէ համամարդկային երեւույթներով եւ իրեն նեղություն չի պատճառում զբաղվել ոչ շահութաբեր գործերով, առանց գիտակցելու, որ Երկիր մոլորակն այս գիտատեխնիկական ամենժամյա վերափոխումների ժամանակաշրջանում շատ փոքր է որեւէ մեկին համամարդկային գործընթացներից դուրս թողնելու համար: 100-ամյա տարելիցի միջոցառումների ամենամեծ օգուտը թերեւս անտարբերների թվաքանակի աննախադեպ նվազումն էր, սակայն նրանք կան եւ նրանց թիվը փոքր չէ:
Արդ, ի՞նչ է լինելու այսուհետ: Հարց, որն համոզված եմ, հետաքրքրում է շատերին: Հստակ պատասխան ինքս էլ չունեմ, բայց կարծում եմ, որ չնայած թուրքերի թափած ջանքերն, Գալիպոլիի անհաջող շղարշին ու արհեստական տոնահանդեսին, աշխարհի ուշադրությունն այս ամբողջ տարվա ընթացքում լինելու է Հայաստանը եւ հայ ժողովուրդը, Հայաստանի միջոցով նաեւ` համամարդկային ցավն ու սպառնալիքները: Եթե քաղաքականությունը, բարոյականությունը եւ միջազգային իրավունքը ճիշտ համադրվեն, ապա դրանից մարդկությունը միայն կշահի: Այն տեղաշարժերը, որոնք նկատելի են արդեն, հույս են ներշնչում, որ համաշխարհային հանրությունը սթափվել, խելքի եկել: Ուրախ եմ, որ, օրինակ` Գերմանիան Հոլոքոսթն ընդունելուց հետո կարողանում է իր մեջ երկրորդ անգամ ուժ գտնել ու խոսել պատմության ընթացքում գործած չարիքի մասին: Բոլիվիայի, Ավստրիայի եւ մյուսների ճանաչումն ու դատապարտումը հույս է ներշնչում, որ գործընթացը կշարունակվի եւ Թուրքիան մեկուսացման անհերքելի փաստի առջեւ կկանգնի: Մեր մոլորակն անչափ փոքրացրած մեծն համացանցը իր նպաստն է բերում եւ մեծ հնարավորություններ ընձեռում:
Ի՞նչ պետք անենք մենք: Քանի որ հստակ է, թե միշտ էլ ուժն է ծնել իրավունքը, հետեւաբար` առաջին հերթին մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք Հայաստանի Հանրապետության վրա եւ մեր պետության ինստիտուտների, մեր ժողովրդի, մեր ներքին հիմնախնդիրների լուծման վրա: Հզորանանք մտքով, ինտելեկտով, միասնությամբ: Միջոցներ չխնայենք (գուցե առժամանակ եկեղեցիներ կառուցելու փոխարեն այդ միջոցներն ուղղենք մատաղ սերնդին որակյալ եւ բարձրակարգ կրթություն ապահովելու գործին), գտնենք շնորհալի եւ խոստումնալից երիտասարդների, նրանց ուսման ուղարկենք աշխարհի կրթական լավագույն կենտրոններ եւ նրանց միջոցով իրականացնենք երկրի զարգացման նոր ու նորովի ուղղություններ:
Հստակ է, որ ինչ-որ բան տալիս են պահանջողին եւ ոչ արտասվողին: Միջազգային իրավունքը շատ է առաձգական, հետեւապես արտաքին քաղաքականության մեջ ավելի համարձակ գործենք, զարգացնենք մեր բոլոր ձեռքբերումները եւ կարողանանք հետեւողական լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի բոլոր հարցերի նկատմամբ: Իսկ դրա համար այսօր ունենք բավարար հիմք եւ քաղաքական մեծ պոտենցիալ: Չմոռանանք դրական էմոցիաների ու հպարտության այն հսկայական լիցքը, որը ստացանք միջոցառումների ընթացքից ու եզրահանգումից: