Լոնդոնում այսօր` ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված քայլերթ է լինելու, Լիբանանում, ինչպես միշտ, փակվելու են բոլոր դպրոցները, Մոսկվայում թուրքական դեսպանատան առջեւ քաղաքային իշխանություններն արգելել են «մասսայական հավաքները», չնայած նախագահ Պուտինը Երեւանում է մասնակցելու, փաստորեն, «մասսայական հավաքների», իսկ Երեւանի օդանավակայանում հերթով վայրէջք կկատարեն զանազան երկրների պատվիրակություններին այստեղ բերող ինքնաթիռներ: Այդ թվում` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Սերբիայի թիվ մեկ ինքնաթիռները: Այո, Սերբիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն այսօր Երեւանում է: Սա նշանակում է, որ այսօր Երեւանում լինելու համար պարտադիր չէ` Ցեղասպանությունը ճանաչած լինել, բայց սա էլ իր հերթին նշանակում է, որ նրանք, ովքեր Երեւանում չեն այսօր, չի նշանակում, որ չեն ճանաչում Ցեղասպանությունը:
Երեւանում է նաեւ Շառլ Ազնավուրը: Աշխարհահռչակ երգիչը Երեւան է ժամանել Մոսկվայից, որտեղ անցյալ երկուշաբթի Վլադիմիր Պոզների հյուրն էր` «Պոզներ» հաղորդման ընթացքում: Լավ է, որ այդ հաղորդումը եւ այդ հաղորդման ընթացքում Ազնավուրի արած մեկ հայտարարությունը տեղի ունեցավ նախքան ապրիլի 24-ը, որովհետեւ հիմա մենք գիտենք, թե ինչ պետք է անենք` ապրիլքսանչորսից հետո: Առաջ` չգիտեինք, Ազնավուրը ասաց: Պատասխանելով Պոզների հարցին, թե խոսո՞ւմ էիք արդյոք ձեր հայկական ընտանիքում Հայոց ցեղասպանությունից, Ազնավուրն ասել է` «Ոչ: Մենք առհասարակ այդ թեմայի շուրջ չէինք խոսում, թուրքերին էլ չէինք ատում: Մայրս եւ հայրս ուղղակի ասում էին մեզ, որ պետք չէ ստել, խաբել…»:
Ահա եւ` հետապրիլքսանչորսյան շրջանում մեր ինչ անելու բանաձեւը: Նախ` «այդ թեմայի շուրջ առհասարակ չխոսել»: Մտավախությունը, որ սրա հետեւանքով սերունդները չեն հիշի եւ չեն պահանջի, ամբողջովին ցրում է Ազնավուրը. մարդու ընտանիքում երբեք չեն խոսել այդ թեմայի շուրջը, եւ ահա արդյունքը: Բայց այստեղ մեկ այլ իմաստ կա, եթե ոչ` իմաստություն: Երբեք չխոսել չի նշանակում` ոչինչ չանել, հաճախ նշանակում է ճիշտ հակառակը: Այսինքն պետք է Երեւան ժամանող հյուրերին ոչ թե հարցնել` ճանաչո՞ւմ եք Ցեղասպանությունը, այլ պետք է այնպես անել (աշխատել), որ նա ճանաչած գա եւ ինքը ցանկություն հայտնի` խոսել այդ մասին: Այսինքն պետք է ոչ թե բանուկ փողոցի ասֆալտ դարձնել այս թեման, որ ով ասես, երբ ասես, ինչպես ասես քայլում-անցնում է վրայով, այլ այնպես անել (աշխատել), որ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը «ցեղասպանություն» բառն ասի ու այդ թեմայով խոսի, դրան հետեւի արդյունք: Այսինքն պետք է լուռ գործել, որովհետեւ եթե Ցեղասպանության հարցը վերջնականապես լուծված լիներ մեր ամեն օր, օրը մի քանի անգամ ցեղասպանություն բառն ասելու արդյունքում, ապա Թուրքիան վաղուց ճանաչած կլիներ Ցեղասպանությունը, իսկ ես այդ հոդվածը կգրեի մեր թերթի` Վանի մասնաճուղի շքեղ գրասենյակից, ճիշտ Վանա ծովի լազուրին նայելով:
Եւ «թուրքերին չատել»: Սա նույնքան կարեւոր է, թեկուզ միայն այն պատճառով,որ բազմաթիվ թուրքեր ոչ միայն ցեղասպան չեն, ոչ միայն ճանաչում ու ներողություն են խնդրում մեզանից, այլեւ փրկել են մեր նախնիներից շատերին ցեղասպանվելուց: Բացի սրանից եւ ամենակարեւորը, գուցե ատելությունը ուժ է տալիս` առաջ գնալու, բայց այն կուրացնում է մեզ` առաջ գնալու ճանապարհին: Հետեւաբար այն թուրքերը, օրինակ Հասան Ջեմալի թոռը, որոնք գալիս կամ չեն գալիս Երեւան ու հայտարարում են, թե այո` դա ցեղասպանություն էր, բայց եւ պատմություն, չպիտի մեղադրենք, որովհետեւ այդ թուրքերը Թուրքիայի այն քաղաքացիներն են, որոնց հետ մենք պետք է աշխատենք: Մեղադրելով նրանց, մենք նրանց վանում ենք մեզանից, զրկում` ավելի լայն եւ բաց տեսնելու իրենց ստացած հնարավորությունից: Ցեղասպանությունն ընդունած եւ այն պատմական իրադարձություն համարող թուրքը վաղը մեզ հետ աշխատելուց մոռանալու է պատմության մասին` ընդգծելով, որ ցեղասպանության հետեւանքները այսօր էլ առկա են:
Եւ վերջապես` ազնավուրյան պատգամի ամենակարեւոր հատվածը` «Չստել, չխաբել»: Ազնիվ լինենք, սա միայն Ցեղասպանության հարցով չէ ասված, եւ միայն թուրքերին չի ուղղված, անգամ այսօրվա չանաքքալեիստներին:
Այլ նախ եւ առաջ` մեզ. ամեն դեպքում, եթե ցանկություն կա` կրկնել Ազնավուրի հաջողության ուղին եւ հասնել նրան, ինչին հասել է Շառլը` կոնկրետ ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ապա պետք է չստենք, չխաբենք, այդ մասին չխոսենք (շատ) եւ թուրքերին չատենք:
Վաղվանից…