Ցեղասպանության 100-ամյա տարելիցի եւ մեր բթացած ազգային ինքնասիրության մասին
Ասում ենք, թե ապրիլի 24-ին հայ ժողովուրդը դառնում է միասնական, հարյուր-հազարներով այցելելով Ծիծեռնակաբերդ` 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Գուցե իսկապես դա այդպես է, եւ այդ օրը մենք, միասնաբար, մեր մտքերով եւ սրտերովՙ անմարդկային դաժանությամբ սպանված մեր հայրենակիցների հետ ենք: Ծաղիկներ դնելով եւ հերթական անգամ ցնցվելով Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի անմար կրակի առջեւ, մենք մի պահ մոռանում ենք իրական աշխարհը, մեր ուրախություններն ու տխրությունները, հույզերն ու հույսերը, հաջողություններն ու անհաջողությունները, սոցիալական, կենցաղային, աշխատանքային եւ գործնական խնդիրները: Այդ պահին, այդ օրը մենք բոլորս ունենում ենք նույն զգացումները: Սակայն, մեծագույն ցավով պետք է փաստենք, որ դուրս գալով հուշարձանի տարածքից, շրջելով ապրիլի 24-ի ամսաթիվը, մենք մոռանում ենք մեր զոհերի մասին , մոռանում ենք առանց հասկանալու կամ հասկանալով, խղճի խայթ զգալով կամ չզգալով, մենք մոռանում ենք, թե ո՞ր պետությունն ու ժողովուրդն է մեզ ենթարկել ցեղասպանության, տիրացել մեր պատմական հայրենիքին, սպանվածների գույքին եւ ունեցվածքին, շարունակում թշնամանքն ու ատելությունը մեր նկատմամբ, շրջափակման ենթարկում Հայաստանն ու բացահայտ աջակցում մեր դեմ պատերազմող Ադրբեջանին:
Ապրիլի 24-ին ցեղասպանության հուշարձան այցելողներից, դրան նախորդող օրերին անմոռուկներ պատրաստողներից, գնողներից եւ վաճառողներից, ցեղասպանության մասին ֆիլմեր, հոլովակներ պատրաստողներից, զեկույցներով հանդես եկողներից, պետական պաշտոնյաներից, գործարարներից, մտավորականներից, աշխատանքով ապահովվածներից կամ գործազուրկներից, տարեցներից եւ երիտասարդներից քանի՞սն է հաջորդ օրվանից որոշում հրաժարվել թուրքական ամեն ինչից ` սկսած մուղամանման երաժշտությունից եւ վերջացրած թուրքական հանգստավայրերում հանգստանալուց:
Ինչպե՞ս կարելի է սգալ սրի քաշված, կախված, բռնաբարված, գլխատված մեր հայրենակիցների համար, բայց առանց որեւէ բարդույթի գնել եւ կրել թուրքական արտադրության հագուստ: Բացարձակապես անընդունելի է սոցիալական վիճակի մասին որեւէ հիշատակում, ապրանքի էժան կամ թանկ լինելու մասին որեւէ արդարացում: Ցանկության դեպքում կարելի է գտնել համանման ոչ թուրքական ապրանք: Պետք է պարզապես փոքր-ինչ կարեւորել սեփական ու նաեւ ազգային արժանապատվությունը: Եվ դա անել ոչ միայն եւ ոչ այնքան ծաղիկներ դնելով, սրտակեղեք խոսքեր ասելով, այլ մեկ անգամ եւ վերջնականապես որոշելով` այլեւս չեմ գնի այն երկրի հագուստը կամ այլ ապրանքը, որը ժամանակին ցանկանում էր բնաջնջել մեզ եւ հիմա էլ դրանից չի հրաժարվել:
Ինչպե՞ս են մեր տոնավաճառները եւ խանութները թուրքական հագուստներով հեղեղած առեւտրականները առանց խղճի խայթ զգալու շարունակում այդ երկրից ապրանքը ներմուծել: Առեւտրով զբաղվողները սոցիալապես ապահովված մարդիկ են: Եվ եթե փողը նրանցից վերջնականապես չի խլել ազգային ինքնասիրության զգացումը, ապա կարող են նմանատիպ ապրանքներ ներկրել ցանկացած այլ երկրից, բայց ոչ Թուրքիայից: Սակայն, նրանց գերակշիռ մասի մոտ պարզապես բացակայում է այդ զգացումը, անհնար է առանց զզվանքի լսել նրանց` «թուրքականն է, լավն է» ապրանքը գովազդող արտահայտությունը: Եվ այդ մարդիկ նույնպե՞ս գնալու են ցեղասպանության զոհերի հուշարձան, անմոռուկ են փակցնելու իրենց կրծքին եւ մեծ-մեծ խոսելու հայրենասիրության մասին , ապա փնովելու սեփական պետությունը, հայտարարելու, որ Թուրքիայում իրենց նկատմամբ լավ են վերաբերվում:
Այս տարի նույնպե՞ս 50-70 հազար հայ գնալու է թուրքական Անթալիա եւ այլ ծովափնյա հանգստավայրերում անցակացնելու իր հանգիստը: Թե՞ ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում գուցե չգնան, բայց հաջորդ տարվանից սկսած նորից գնան: Ինչպե՞ս է այդ, դարձյալ ապահովված խավը, իր ավտոմեքենայի ապակիներին «Հիշում եմ եւ պահանջում» գրությամբ անմոռուկ փակցնելու, ապա գնալու Թուրքիա հանգստանալու: Արդյո՞ք ծավափնյա ավազին պառկելուց, այդ մարդիկ կարող են մոռանալ ցեղասպանության 100-ամյա տարելիցը, անմոռուկը, Ծիծեռնակաբերդի հուշարձանում ծաղիկների սարերը, մոռանալո՞ւ են, որ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ անթաղ մնացին անապատի ավազների վրա, արյան մեջ պառկած: Այդ ամենը նրանք դարձյա՞լ փոխարինելու են երկու հարյուր դոլարով ավելի էժան հանգիստ անցկացնելուն դիմաց:
Հապա ռեստորան, հյուրանոց, արտադրություն, խանութ, առանձնատուն կառուցողները: Բարձր պաշտոններ, խոշոր կամ միջին բիզնես ունեցող այդ խավը, որը, հավանաբար, ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին հյուրեր է ընդունում եւ ճանապարհում, արդյո՞ք հաջորդ տարվանից սկսած իր օբյեկտները կառուցելիս կհրաժարվի թուրքական շինանյութերից, իսկ կառուցելուց հետո` թուրքական ապրանքներ գործածելուց կամ վաճառելուց :
Չգիտես ինչ անուն տաս այս երեւույթներին, որոնք երբեմն աղաղակող այլանդակությունների են հասնում կամ հասել են: Ցեղասպանության հուշարձանի նորոգումը մի քանի տարի առաջ իրականացվում էր թուրքական շինանյութերով, «Արմենիա» գրությամբ վաճառվող մարզահագուստները արտադրվում են Թուրքիայում, վաղ գարնանը թուրքական բանջարեղենն ու մրգերն ենք անգամ ներկրում, առանց վախենալու Հայաստան ուղարկվող խմբաքանակում հնարավոր վտանգներից: Չգիտես մեր մեջ արմատավորված ապազգայնության, ազգային ինքնասիրության, մտածողության բացակայության որ օրինակը բերես, որը` թողնես:
Ցավալի վիճակագրություն` 2014-ին Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 232 մլն դոլարի արտադրանք` շուրջ 10 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Եթե սրան էլ գումարենք տարեկան 50-70 հազար (միջին վիճակագրական տվյալներ) Հայաստանի քաղաքացիների հանգիստը Թուրքիայում, ապա կստացվի մոտ 300 մլն դոլար ենք տարեկան տալիս մեր թշնամի պետությանը: Այն պետությանը, որտեղ տեղի ունեցած հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցն ենք նշում այս տարի, այն երկրին, որի տնտեսությունը հզորացնելով ու եկամուտները հարստացնելով ոչ միայն ոտնատակ ենք տալիս ցեղասպանվածների հիշատակը, այլեւ վտանգի ենք ենթարկում մեզ` ապրողներիս, մեր պետությունը, մեր երեխաներին ու սերունդներին: Մի՞թե այդքան բթացել ենք, մի՞թե վերջնականապես դադարել ենք դատել, մտածել, եզրակացություններ անել, մի՞թե իր թշնամուն հեռվից զգացող կենդանիների բնազդից ցածր վիճակում է հայտնվել մեր մարդկային մտածողությունը :
Հազիվ թե թուրքական ապրանքներ ներմուծողները գիտակցեն այս ամենը: Մնում է մնացած բոլորս, գիտակցաբար կամ բնազդաբար զգանք վտանգը, իրապես հարգենք մեր սրբադասված զոհերի հիշատակը եւ մեր մտքում ամրագրենք Made in Turkey գրությունը կամ 8 69 գծիկային կոդը ու հիշենք մեկընդմիշտ` դա չպետք է գնենք: Առնվազն գոնե այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչում եւ ներողամտություն չի հայցում միլիոնավոր հայերի բնաջնջման համար, քանի դեռ պատրաստակամություն չի հայտնում քննարկելու ցեղասպանության հետեւանքների փոխհատուցման հարցերը, քանի դեռ մնում է Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված, շրջափակում եւ դեռ մի բան էլ նախապայմաններ թելադրում մեզ։ Եկեք հիշենք եւ պահանջենք սա նախեւառաջ ինքներս մեզանից: Գիտակցենք, որ սա իրական, ազդեցիկ միջոց է ցեղասպանություն գործած եւ այն ժխտող, թշնամի Թուրքիային վնասելու կամ գոնե ինքներս չաջակցելու համար, քան թե դատարկ հայհոյանքն ու անեծքները, ողբն ու լացուկոծը: