Ս.թ. ապրիլի 14-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նշվեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Ծրագրի ավարտական միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը, ինչպես նաեւ համայնքի ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին գյուղով, որի ընթացքում նրանց ներկայացվեց ջրամատակարարման նոր համակարգը եւ նոր սանգոտին:
Արազափ գյուղի ջրամատակարարման ցանցի վերականգնման նպատակով իրականացվեցին հետեւյալ աշխատանքները. 18,2 կմ երկարությամբ խողովակաշարի փոխարինում ավելի հուսալի պոլիէթիլենային խողովակաշարով, նոր պոմպի տեղադրում, ինչպես նաեւ ջրամատակարարման ծառայությունների կառավարման նպատակով համակարգչային ծրագրի ներդրում: Ծրագրի արդյունքում կբարձրանա ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը, կնվազեն հոսակորուստները եւ աղտոտման ռիսկերը, կգրանցվեն ջրի եւ էներգիայի էական խնայողություններ: Արազափի բնակիչներն այժմ ունեն շուրջօրյա որակյալ ջրամատակարարում` նախկինում ունեցած օրական երեք ժամի փոխարեն: Այսպիսով, նախնական հաշվարկների համաձայն, համայնքում կապահովվի տարեկան մոտ 72,000 մ3 ջրի եւ 30 Մվտժ հոսանքի խնայողություն:
«Մեր հայրենիքի սահմանների ամրությունը եւ սահմանը հսկող զինվորներին թիկունք ապահովողները սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են: Տարրական հարմարությունների բացակայությունը ստիպում է մարդկանց հեռանալ հայրենի հողից: Մեր պարտքն է նրանց կողքին լինել, աջակցել ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ կյանքի պայմանները բարելավելու առումով: Այս համատեքստում ավելորդ է նշել մաքուր ջրի կենսական նշանակությունը: Այս գիտակցումով է առաջնորդվում ՎիվաՍել-ՄՏՍ-ըՙ իրականացնելով ջրամատակարարման նախագիծը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ FPWC-ի համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Արազափ եւ Լուկաշին, ինչպես նաեւ Տավուշի մարզի Արծվաբերդ եւ Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրերՙ բնակչությանը խմելու ջրով ապահովելու եւ կենսապայմաններ լավացնելու նպատակով: Վերոնշյալ ծրագրերի շահառուների թիվը կազմում է շուրջ 7000 մարդ: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-նՙ 60 մլն դրամ: