«Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի որպես քաղաքական կապիտալ` դաշնակցին հանդարտեցնելու համար, դա բարոյապես դատապարտելի է եւ Թուրքայում ծառայում է ցեղասպանության եւ այլ խնդիրների դեմ համարձակ արդարության կոչ անող ձայները լռեցնելու համար, սրա դեմ ենք մենք պայքարում», ասել է աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը Spin ամսագրին տված հարցազրույցում: Նա նշել է այն տխուր ճշմարտության մասին, որ Թուրքիայի ղեկավարները իրենց ազդեցությունն ու փողն օգտագործում են ամոթալի ժխտողական քաղաքականության իրականացման եւ պատասխանատվությունից խուսափելու համար` զոհերին փոխհատուցում չտալու համար: Այո, հավանաբար եթե Թուրքան ուրացումը չդարձներ իր քաղաքականությունը եւ աշխարհի մեծերին կաշառելու փոխարեն`ընդուներ իր սխալներն ու մտածեր նույն գումարները փոխհատուցումներին տրամադրելու մասին, միգուցե ավելի քիչ գումար ծախսեր, քան ծախսել է մինչեւ հիմա ժխտումը ֆինանսավորելով ողջ աշխարհում: Այս իմաստով միգուցե մենք եւս մտածելու բան ունենք` ապրիլի 24-ից հետո մեր պահվածքի մասին մտորելով:
Եթե անգամ Թուրքիան աշխարհի ամենահզոր ու հարուստ պետությունը լիներ` բոլորին եւ ամեն ինչ գնել նրան չի հաջողվի նախ նյութապես, ապա եւ հակադարձ տարբեր շահերի բախման արդյունքում, բացի այդ` մարդկային խղճմտանքը մինչեւ վերջ երբեք չի անհետանում, որի նորօրյա դրսեւորումներից մեկը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտնի վարքագիծն ու հայտարարությունն էին ապրիլի 12-ին, իսկ ով-ով` հայերս գոնե խճմտանքի բազում օրինակներ կարող ենք բերել հենց Հայոց ցեղասպանության տարիներին հայերիս հանդեպ գթասիրտ վերաբերմունքի առումով: Իսկ շահերի համադրման օրինակ կարելի է Եվրոպական խորհրդարանի նոր բանաձեւը համարել` Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն շատ ենթատեքստեր ունի ստեղծման շարժառիթների, պահի եւ հեռանկարի առումով:
Հասկանալի է նաեւ Հռոմի Պապի ասածների կամ Եվրոպական խորհրդարանի բանաձեւի հետ կապված Թուրքիայում սկսված հիսթերիան, երբ Էրդողանն ու մյուսները չհասցրին մտածել իրենց սովորական կեղծ-մարդասիրական դիմակները հագնելու մասին, այլ մեքենայական արձագանքով ի ցույց դրեցին իրենց բուն էությունը` սպառնալից ակնարկներ Թուրքիայում գտնվող հայաստանցիների հասցեին, Եվրոպայի անցյալի հիշեցում, սովորական շանտաժ եւ սպառնալիքներ` եվրոպացիներին, Պապին, հայերին, բոլորին, ով թուքերին բնածին հրեշտակ չի համարի եւ կհիշեցնի նրանց իրենց արյունոտ անցյալը: Խուճապը հուշում է, որ որքան էլ Թուրքիան չուզենա` մի օր ստիպվելու է խոստովանել իր արյունարբու անցյալն ու հայերի հետ փոխհատուցումների վերաբերյալ բանակցություններ սկսել: Դա կլինի ոչ միայն տարբեր շահերի զուգորդական ճնշման տակ, այլ նախ սեփական շահերը հետապնդելու արդյունքում, միգուցե հայերիս համար եւս բարենպաստ կդասավորվեն հանգամանքները, աշխարհի մեծ պետությունների շահերը մի պահ կհամընկնեն: Իսկ առայժմ Եվրոխորհրդարանի ապրիլի 15-ի լիագումար նիստում լայն քննարկումից հետո ձայների մեծանասնությամբ ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին կատաղած Էրդողանն արձագանքում է առանց դիվանագիտության` թե այն իրենց համար նշանակություն չունի, իսկ արտգործնախարարության արձագանքն էլ այն է, թե բանաձեւով խոչընդոտվում են ԵՄ-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Թուրքիան այդպես էլ չի կարողանում հեռանալ ժխտողականության ավանդական կերպարից, այլապես գոնե ձեւականորեն կհրաժարվեր աշխատանքից հեռացնել Ցեղասպանության փաստը Հռոմի պապի ասածների առիթով վերակրկնող վարչապետ Դավութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուպյանին:
Եվրոխորհրդարանը, բանաձեւի տեքստում, հաշվի առնելով ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան, 1987 թվականի` հայկական հարցի քաղաքական լուծման մասին իր իսկ բանաձեւը եւ մի շարք այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ` Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ապրիլի 12-ի հայտարարությունը, ելնելով մի շարք իրողություններից, այդ թվում` Ցեղասպանության 100-րդ տարելիցի, միանում է Տարելիցի միջոցառումներին, դատապարտում է ցեղասպանություններն ու դրանք ժխտելու յուրաքանչյուր փորձ, առաջարկում է ապրիլի 24-ը սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր` կանխումն ու պատժումը ԵՄ առաջնահերթություններում դիտարկելով: Եվ, ուշադրություն, կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դրանով հայ ու թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթել: Միաժամանակ կոչ է արվում Հայաստանին ու Թուրքիային` ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների արձանագրությունները վավերացնելով, դիվանագիտական հարաբերություններ հաստատելով եւ բացելով սահմանը:
Իհարկե, Եվրոպական խորհրդարանի բանաձեւը, որ Եվրոմիության ձայնն է, շատ կարեւոր է հայերիս համար, մանավանդ` այս կառույցն շատ ավելի վաղ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, սակայն չպետք է մոռանալ, որ այն նույն ԵՄ անդամ Գերմանիան կամ Մեծ Բրիտանիան Թուրքիայի դաշնակիցներն են ու չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այնպես որ` ԵՄ-ն դեռ իր անդամ պետություններին ասելիք ունի: Սակայն ասելիքի ձեւերից մեկն էլ կարելի է այս բանաձեւը համարել, որ մի տեսակ հիշեցման, կարմիր թեւկապի, զգոնության դեր կարող է ստանձնել հետագայի առումով, ինչու չէ` Թուրքիայի կողմից ճանաչումը մոտեցնելու, ԵՄ ձգտող Թուրքիայի ճանապարհին որպես հաղթահարման նոր խոչընդոտ դնելու առումով էլ, չնայած` Էրդողանն ասում է` մի ականջիցս մտնում-մյուսից դուրս են գալիս այս տեսակ ուղերձները: Հուսանք` մի օր էլ կմտնեն ու դուրս չեն գա: Մանավանդ` հայերն ու նրանց բարեկամները շարունակելու են աշխատանքը միջազգային ատյաններում:
Վերադառնանք Հայաստան ու փաստենք, որ վերջին շրջանում երկիրը մոռացել է իր սովորական հոգսառատ առօրյան ու գլխովին նետվել Ցեղասպանության թեմայի մեջ: Սկսած անմոռուկացավից (կրծքանշաններն ում համար բիզնես են, ում համար` մոլություն, տորթ ու ճաշատեսակ` անմոռուկի կերպով), մինչեւ ավելի ըստ էության երեւույթներ: Թեման մթնեցրել է բոլոր մյուս թեմաները, ԶԼՄ-ները թաղվել են դրա մեջ` ամեն օր շռնդալից նորություններ են գալիս տարբեր երկրներից, Եվրոպայի սրտից: Ամեն օր աշխարհաճանաչ հայեր, հայամերձ այլազգիք մեր համերգասրահներում, հանրային հանդիպումներում խոսում են ճանաչումից, Թուրքիայի ապաշխարումից, նրանց խոսքը տարածվում է աշխարհով մեկ: Մինչեւ ապրիլի 24-ն ու բուն այդ օրը միաժամանակ այնքան մեծություններ կլինեն Երեւանում ու նույն թեմայի տարբեր ինտերպրետացիաներով այնքան կխոսեն, այդ մասին մի այնպիս արձագանք կլինի ողջ աշխարհում, որ կմնա ափսոսալ, միգուցե խնայողաբար չե՞նք օգտագործում այդ ռեսուրսն ավելի ընդգրկուն ժամանակ` մեկ-երկու օրում քամուն չտալով ունեցած ոսկին, դա ցանկալի ծավալով ներկայացնելու անհնարինության պատճառով:
Բոլոր դեպքերում, այն, ինչ կուզեինք ունենալ Տարելիցին` միջազգային լսելիություն, փաստի ընկալում եւ ճանաչում, ողջ աշխարհով մեկ թեմայի արծարծում` ամեն ինչից երեւում է, որ ունենալու ենք:
Բայց մի՞թե գիտենք, թե դրանց հետո ինչ ենք անելու կամ ինչ ենք ուզում: Խոսքն առանձին կուսակցությունների մասին չէ, որոնք այս հարցում միգուցե գործողությունների ծրագիր ունեն, խոսքը պետական մոտեցումների, հստակ ամրագրված քայլերի, ժամանակ չկորցնելու եւ հաջորդող շարժընթաց հայտարարելու մասին է, որպեսզի չկանգնենք ու մի տասնամյակ էլ հիշողությունների գիրկն ընկնենք, թե ինչ լավ ասաց այսինչը կամ այնինչը Տարելիցին կամ Տարելիցի միջոցառումները նշենք մեր դիվանագիտական հաջողությունների թվում: Ասենք` շատերի համար է անհասկանալի` ի՞նչ է լինելու մեր մոտեցումը 100-րդ տարելիցից հետո:
Հռչակագիր կա, կասեք: Հռչակագիրը, այո, մեկ անգամ էլ կնայենք ու կտեսնենք, որ հետագայի առումով համարյա ոչ մի բան չի ուրվագծված այնտեղ:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մի հետաքրքրական միտք էր հնչեցրել օրերս, թե մինչեւ այժմ եւ հատկապես վերջին շրջանում արած հայերիս քայլերը արդյունավետության առումով վերջակետ են դնում ճանաչման գործընթացին, այսուհետ ճանաչման գործընթացը կարելի է անգամ փակված համարել, քանի որ եթե 1,2 միլիարդ հետեւորդ ունեցող կաթոլիկ հանրության հոգեւոր առաջնորդն է ասում` եղել է ցեղասպանություն, դրանից հետո ճանաչման գործընթաց շարունակելը հեռանկարային չէ, այլ պետք է սկսվի պահանջատիրության գործընթացը: Համահայկական հռչակագրում այդ իմաստով փաստորեն ոչինչ ասված չէ` ընթացիկ քայլերն են ֆիքսվել ընդամենը` «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի շարունակմամբ, մեկ էլ` սփյուռքի համախմբման եւ հայության դարավոր նպատակների իրագործման ինչ-որ մշուշոտ հեռանկարով: Արժե մտածել եւ ամրագրել հաջորդ քայլերը:
Իսկ առայժմ մենք քննարկում ենք, թե աշխարհի հզոր պետությունների ղեկավարներից կամ աշխարհի հայտնի մարդկանցից ո՞վ կգա Հայաստան, ով չի գա ապրիլի 24-ին: Դարդ ենք անում` Պուտինը կգա՞, թե՞ կգնա Անկարա` վերջինը մեզ համար խայտառակություն համարելով (Նարիշկինին որ ուղարկել է Անկարա` միգուցե ինքն այստեղ գա՞, չնայած` ռազմավարական գործընկերոջ` Դումայի նախագահի մակարդակով հակառակորդի Չանաքքալեին ներկա լինելը նույնպես խայտառակություն է), նամակ ենք գրում Ուելսի արքայազնին` թե ո՞ւր ես գնում հորինված Չանաքքալեին, էպիստոլյար ժանրը Իսրայել Օրիի ժամանակից է սիրված հայերիս մոտ, պատրանքներ ենք փայփայում` միգուցե Օբաման կասի այդ ցանկալի բառն ի վերջո, Օլանդի ժպտուն դեմքը Մասիսների ֆոնին մեզ քիչ է: Սուրբ միամտություն` ոչ նավթային, ոչ միջուկային, ոչ գազային «վինտիլներն» են Հայաստանից բացվում, հանգիստ ու արժանապատիվ տանտիրոջ պես ջերմ ընդունեք եկողին, սառն ու հավասարակշիռ նայեք չեկողի չգալուն: Ամեն ինչ այդքան կատաստրոֆիկ մի ընդունեք, թե կտեսնենք, ովքե՞ր են Հայաստանի իսկական բարեկամները: Բարեկամներ ունենալու համար էլ արժանապատվություն է պետք:
Եւ մի մոռացեք` ապրիլի 25-ի առավոտյան սկսվելու է Հայաստանի հոգսաշատ առօրյան: