ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Արա Աբրահամյանը երեկ, այսօր եւ վաղը…
Այս օրերին Ռուսաստանի Դաշնության հայկական համայնքներում մեծ թափով շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Ռուսաստանի Հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի մասնակցությամբ գրեթե ամեն օր մոսկովյան հեղինակավոր դահլիճներում նմանօրինակ միջոցառումներ են անցկացվում: Հերթականը ապրիլի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսն էր, որին մասնակցում էր նաեւ Խորհրդային Միության եւ Ռուսաստանի Դաշնության հերոս, լեգենդար բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը:
«Հայոց Ցեղասպանությունն արդեն ճանաչել են աշխարհի ավելի քան 40 երկրների խորհրդարաններ եւ միջազգային մի շարք կազմակերպություններ, 20-րդ դարում տեղի ունեցած առաջին հրեշավոր եղեռնագործության ժխտումը մի շարք երկրներում քրեորեն պատժելի արարք է համարվում,- լրագրողներին տեղեկացրեց Արա Աբրահամյանը:
Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր գործունեությամբ Ռուսաստանում նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը առավել հնչեղություն տալուն»:
Ըստ Արա Աբրահամյանի` մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձեւը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է:
Ռուսաստանի Հայերի միության նախագահն այնուհետեւ ներկայացրեց Ռուսաստանում անցկացվելիք միջոցառումների ծավալուն ժամանակացույցը, ըստ որի` ՌԴ տարածքում կանցկացվեն ամենատարբեր ակցիաներ եւ հիշատակի միջոցառումներ: «Ռուսաստանի 640 քաղաքներում տեղի կունենա շուրջ երկու հազար միջոցառում, ներառյալՙ հիշատակի համերգը Կրեմլի Սյունազարդ դահլիճում, կլոր սեղաններՙ քաղաքական գործիչների, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հանրային պալատի, Պետդումայի անդամների մասնակցությամբ»:
Ապրիլի 22-ին Մոսկայում, Կրեմլի Սյունազարդ դահլիճում կկայանա «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոն, իսկ ապրիլի 19-ին հայ համայնքը կներկայացնի Պերճ Զեյթունցյանի պիեսի հիման վրա «Ոտքիՙ դատարանն Է գալիս» բեմադրություն-ակցիանՙ Արմեն Ջիգարխանյանի, Դմիտրի Խառատյանի, Օլգա Կաբոյի եւ հայտնի այլ արտիստների մասնակցությամբ:
Բացի այդ, ապրիլին Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Ցեղասպանությունը 20-րդ դարի պատմության մեջ» ընդգրկուն գիտական խորհրդաժողովը: Մոսկվայում կկազմակերպվեն նաեւ լուսանկարների ցուցահանդեսներ, հիշատակի համերգներ եւ ողբերգությանը նվիրված կինոցուցադրություններ:
Արա Աբրահամյանի բնորոշմամբՙ Ռուսաստանում այս օրերին անցկացվող եւ առաջիկայում անցկացվելիք աննախադեպ եւ ընդգրկուն միջոցառումները, վերջին հաշվով, մեկ ընդհանուր իմաստ են արտահայտում` «մեզ հետ մեր ցավը կիսում է նաեւ ռուս ժողովուրդը»:
Աբրահամյանը նաեւ ընդգծեց, որ Ռուսաստանը միշտ էլ հստակ է արտահայտել իր տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, եւ ինչպես սպասվում էրՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին մասնակցելու է Հայաստանում կայանալիք ձեռնարկներին:
Միջոցառման ավարտին Ռուսաստանի Հայերի միության նախագահը հայտարարեց, որ հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչումը, այդ թվումՙ Թուրքիայի կողմից, անխուսափելի պատմական գործընթաց Է: «Հայերն այսօր ատելություն չեն տածում թուրք ժողովրդի նկատմամբ, մենք բոլորս հասկանում ենք, որ ցեղասպանությունը նախաձեռնել են քաղաքական գործիչները, եւ պաշտոնական Անկարան, շարունակելով տխուր ու ցավալի ավանդույթը, նոր եւ պայթունավտանգ քայլեր է անումՙ փորձելով ամեն կերպ խեղաթյուրել պատմությունը, մինչդեռ անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունըՙ Հայոց ցեղասպանության ճանաչումն է»:
Ապրիլի 8-ին Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասնակցությամբ հերթական միջոցառումը ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահական դահլիճում էր: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ գիտության ամենատարբեր բնագավառների անվանի ներկայացուցիչներ, Արա Աբրահամյանը հստակեցրեց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումերի գործողությունների ժամանակացույցը եւ ռազմավարությունըՙ թվարկելով Ռուսաստանի հայերի միության կողմից կատարված եւ կատարվելք աշխատանքները, որոնք մեծ հավանության արժանացան ներկաների կողմից: Իսկ մի շարք ռուս գիտնականներ էլ Արա Աբրահամյանին հավաստիացրեցին, որ ՌԴ գիտությունների ազգային ակադեմիան այս ընթացքում «ձեռքերը ծալած» չի նստել եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել եւ փուլ առ փուլ կյանքի է կոչում մի շարք լրջագույն միջոցառումներ, որոնց մասին հանրությունը կտեղեկանա մոտ առաջիկայում:
Միջոցառման ավարտին, անկեղծ ասած, մտադիր չէի մոտենալ եւ ինձ հետաքրքրող մի շարք հարցերով անհանգստացնել առավոտից երեկո բառացիորեն բազմազբաղ Արա Աբրահամյանին: Մանավանդ այս օրերին, երբ հայ հանրության ուշադրության կիզակետում Մեծ եղեռնի թեման է, հարցերս կարող էին տեղին չհնչել, սակայն վերջին շրջանում մամուլի ամենատարբեր հրապարակումներում շրջանառվող ոչ օբյեկտիվ, ապատեղեկատու եւ ճշմարտությունից հեռու տեղեկությունները ստիպեցին ինձ անելու այդ քայլը: Զրուցակցիս անակնկալի չբերեցին իմ հարցերը: Նա անվրդով ու համբերատար լսեց այդ ամենն ու ի զարմանս ինձՙ լայն ժպտաց: Ինչպես պարզվեցՙ մամուլում իր անվան շուրջ պտտվող անվերջանալի բամբասանքներին, ասեկոսեներին, անգամ նաեւ զրպարտություններին եւ չարախոսություններին Արա Աբրահամյանը հումորով է վերաբերվում, քանի որ այդ ամենում բացակայում է ամենակարեւորըՙ ճշմարտության հատիկը: Իսկ ճշմարտությունը, ինչպես համոզվել եմ Մոսկվայում ապրելու տարիներին, եւ մասնակցել Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած հարյուրավոր միջոցառումներին, հետեւյալն էՙ Ռուսաստանում 2001, 2003 թվականներին «Տարվա մարդ» ճանաչված, «Խաղաղության դեսպան» պատվավոր կոչմանն արժանացած, Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» եւ Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանների դափնեկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը (մյուս կոչումներն եւ պարգեւները չթվարկելու համար ներողությում եմ խնդրում) շարունակում է իր մեծ եւ կարեւոր առաքելությունըՙ հանուն մեր ժողովրդի համախմբման եւ Հայաստան աշխարհի շենացման: Եվ այդ ամենը նա անում է, ինչպես մեր ժողովուրդն է ասումՙ գլուխը կախ, սրտի կանչով ու մեծագույն սիրով, անում է անաղմուկ, առանց ավելորդ թմբկահարումների: Ասվածի խոսուն վկայությունն այդ օրվա մեր զրույցի շարունակությունն էր: Պարզվեց, որ Արա Աբրահամյանը, իր իսկ նախաձեռնությամբ, ծրագրել է մոտ առաջիկայում կյանքի կոչել մի աննախադեպ մտահղացում, որի արդյունքումՙ Թուրքիան կկանգնի միջազգային դատարանի առաջՙ ինչպես Ցեղասպանության փաստը շարունակաբար ժխտելու, տեղի ունեցածը նենգափոխելու, այնպես էլ Մեծ եղեռնի անմեղ զոհերի համար Թուրքիայի կառավարությունից թե ֆինանսական եւ թե բարոյական փոխհատուցումներ պահանջելու հայցերով: «Ըստ սահմանված կարգի կհայտարարվի պրոֆեսիոնալ եւ գործի գիտակ իրավաբանների մրցույթ: Կմասնակցեն ամբողջ աշխարհում անուն հանած եւ վաստակ ունեցող իրավաբաններ: Հաղթող ճանաչված խմբին սպասվելու է մեծ եւ անչափ պատասխանատու առաքելություն: Գաղափարը կյանքի կոչելու համար առաջին մեծ նվիրաբերությունը կլինի իմ անձնական միջոցներից: Բայց մինչ այդՙ հարցը պետք է ներկայացվի Հայաստանի իշխանություններին, անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Չէ որ պահանջատերը Հայաստանի Հանրապետությունն է: Աստված մեզ բոլորիս պահապան…»: