Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, ըստ ռուսական աղբյուրների, սպառնում է ցմահ ազատազրկում: Պերմյակովի հոգեբուժական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ռուս զինծառայողը մեղսունակ է: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունըՙ վկայակոչելով իր աղբյուրները: «Փորձաքննությամբ Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ: Նա այդ օրը գործել է գիտակից վիճակում: Փորձաքննության ընթացքում ի հայտ են եկել հոգեկան որոշ շեղումներ, բայց ընդհանուր առմամբ նա մտավոր առողջ է»,- իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերն է փոխանցում գործակալությունըՙ հավելելով, որ քննությունը տեղի է ունեցել Գյումրիում, ռուսական ռազմակայանի տարածքում: Պարբերականը նշում է Պերմյակովին ներկայացրած մեղադրանքներըՙ ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածովՙ սպանություն (105 հոդվածի 2-րդ մասի «ա» պարագրաֆ) եւ դասալքություն ամրակցված զենքով (338 հոդվածի 2-րդ մասով): Այժմ 105 հոդվածին է ավելացել «բ» կետը` մանկահասակ անձի կամ անօգնական վիճակում գտնվող այլ անձի սպանություն: